Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է լինելու. լանջեր՝ երկու հարթակով, արևմուտք-արևելք հեծանվանցումով… որի հողային աշխատանքները երեկ սկսվել ու այսօր-վաղն ավարտվելու են… Կարո՞ղ եք արագացնել, ձեռք գցել՝ համեցե՛ք… Գեղարվեստի նոր միջավայրի ամբողջացումը՝ իր անմիջական շրջակա աշխարհով, դեկտեմբերի իմ՝ Ձմեռ պապի խնդիրն է, Գեղարվեստն առանց այսպիսի նվերի չենք թողնի. ինչպես Դավիթ Բլեյանը կասեր՝ ես ու իմ սանիկ Արեն Շահնազարյանը պայմանավորվել ենք….
Ամանորյա իրարանցում. Հյուսիսային դպրոց, 5 տարեկաններ։
Հայաստանում ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամ է, սուր է դեֆիցիտը ստեղծարարության՝ ոչնչից (անկարելիից)-էականի (կարելիի) ստեղծումը… Իմ օրը զարդարում են, իմ վարձքը Բանգլադեշում այդպիսի մարդկանց հետ առերեսումն է… Ինչպես երեկ, Գեղարվեստի նախկին նկուղներում, Էմանուել Ագջոյանի հաստատմամբ՝ Գեղարվեստի իսկական առաջին հարկում ի՜նչ աշխույժ էր, է՜լ Գրիգոր Խաչատրյան, Քրիստինե Շահբազյան ու չորրորդ-հինգերորդ դասարանցի սովորող նախագծողների մեծ խումբ, բանվորներ… Իսկական իրարանցում աշխատանքային, իսկական Նոր տարի… Իսկ օրվա վերջում Քնարիկ Ներսիսյանն ու տեխնոլոգ գործընկերները ներկայացնում էին «Ձմեռային հեքիաթ Գեղարվեստի պուրակներում» նախագիծը… Այնքա՜ն էի ոգևորվել, որ հեծանվաերթ արեցի չորս տարեկան Տարոնի և ութ տարեկան Սոնայի հետ… Ամեն օր համեցեք հեծանվային լրացուցիչ պարապմունքների. անձամբ եմ անցկացնում։
Ասել եմ՝ երեք բան 5-6-7-8 տարեկանների, սեբաստացիների մոտ ինքս եմ ստուգելու՝ մարդ առ մարդ, չեմ վստահելու։ Նախ՝ ի՛նչ ու ինչպե՛ս են ուտում. բա բրնձի շիլայից հետո աման-գդալն այնպես չպլպլա՞ն, որ սելֆի անելդ գա՜… Հեծանվի-լողի-քայլքի (սրանք բոլորն էլ ձմեռային մարզաձևեր են) հմտությունները. ու 2017-ի հունվարը՝ սեբաստացիական ճամբարային կազմակերպմամբ ու լրիվ նախագծերով ուսուցմամբ, հարմար է իմ մտածած ստուգատես-ստուգումների համար… Դասվարը, մանկավարժական աշխատողը, իհարկե, հեծանվով, լողի պարագաներով, խուրջինով, մարզական քայլքի հարմար միջոցներո՞վ են… Նույնը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրով բոլոր սեբաստացի 1-3-րդ դասարանցիները՝ սկսած 5 տարեկաններից։
Մայր դպրոցի, Արևմտյան, Հյուսիսային դպրոցների տեխնոլոգիական լաբորատորիաներում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Իսկ 2017-ի իմ քաղաքական ծրագիրը հայտնի է, հրապարակում եմ՝ անվտանգ-կանաչ-ներառական Բանգլադեշ… Անվտանգությունն առաջին տեղում… Երեկ իմ առաջարկով Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների ու Արենի հետ շարունակեցինք շրջակա միջավայրի զննումը, ու Գեղարվեստ-Քոլեջ-Նոր դպրոց մեր բացած սեբաստացի ուղիներով հասանք Նոր դպրոցի և թիվ 181 հիմնական դպրոցի սահմանով հյուսիսով ձգվող հենապատին… Որքան էլ հարավից կտրել ենք-փլուզել-կանաչ լանջերի վերածել, ընդարձակել-պատշաճ դարձրել Վահան Ասատրյան պուրակը, ամենաբարձր (չորս-հինգ մետր) և շուրջ հարյուր գծամետր երկարությամբ պատը մահաբեր է. ամեն րոպե կարող է մի բազալտե քար տակովն անի անցորդին… Այսպիսի հենապատեր, ավելի խայտառակ վիճակում, կան Ա-1, Ա-2, Ա-3, Բ-2 թաղամասերում… Բ-1-ով ու Բ-4-ով մեկ… Մխիթարա՞նք է… Մեր փորձը, մեր նախաձեռնությունը մի՞թե չի ոգևորի, չի առաջացնի շարժում՝ այս մահացու-անհեռանկար-անիմաստ պատերը վերածելու կանաչ-ներառական լանջերի, որ օդն ու լույսը խաղան, ծառն իր պուրակով երևա վերջապես… Իսկ Արեն Շահնազարյանը սա համարում է ընթացիկ գործ. ողջ ընթացքում մի քանի անգամ անում ենք, չէ՞, ավարտենք-խոսենք… Նա իր մտքերով-լուծումներով Գեղարվեստի ազբոշիֆր թեք տանիքների հետ է… Տեսա՞ք, ազատված-բացված նկուղներից իր նկարած ջրհորդան-խողովակներով բարձրացել է տանիքներ…
— Բա ե՞րբ ենք քանդելու, Տիար, այս տգեղ, խարխլված տանիքները. կարևոր ուսումնական հարթակներ են…
Շրջակա միջավայրին նկարչորեն-գեղագիտորեն լուծումներ տալու գաղափարը համակել է մասնագետին ու նրան հրեղեն-գործուն-անդադրում դարձրել… Արենը Շահնազարյան՝ Արթուրի տղան, մեր շրջանավարտը, իմ սանիկը, իմ ընկերը, ում հետ ինձ այնքա՜ն հետաքրքիր է…
Տոնական խառնաշփոթ. Հյուսիսային դպրոց, նախակրթարան։
— Հետո՞,- հարցնում եք…
Ախր, ամեն ինչ այնքա՜ն պարզ է՝ մաքրել բոլոր շենքերի-հաստատությունների բակերը բազմատեսակ աղբից-ցանցերից-զաբոռ-փալաս-փուլուսից, զուլալ-մաքուր հողակտորները խնամել որպես բակային բաց պուրակներ… Ներկել մետաղե ժանգոտած բոլոր խողովակներ-դռներ-սյուները, ու կմնան նկարչական միջամտությունները… մեկ էլ՝ դեպի Արարատ-Արագած-Արայի լեռ-Հատիս նայող հարթակները… Սրանք բոլորը, որքան էլ՝ քաղաքական, բայց կրթահամալիրի մեր Բանգլադեշում ընթացիկ-լուծվող խնդիրներ են: Սիրով ու հեշտությամբ։
Դժվարը, շատ դժվարը, ըստ Արմինե Աբրահամյանի՝ Դավթի մայրիկի, Դավթին ամեն առավոտ ուրիշ տաբատ հագցնելն է, կապույտից բացի… Իր համար կարևոր մեկն ասել է, որ կապույտն իրեն շա՜տ է սազում… Լա՜վ, բայց այդքան կապույտ տաբատ որտեղի՞ց. մեր պիժոնը՝ հինգ տարեկան դարձող, ամեն օր տաբատ է փոխում…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 860