Ես երևանցի եմ։ Իմ հայրական շեն տունը, որտեղ ծնվել եմ ու ապրել եմ մինչև 1979թ.,  երբ արդեն ամուսնացած էի, Լիլիթ Բլեյանը 1 տարեկան էր, իրացվեց մեր թաղի հետ, և բոլոր ընտանիքավորները քաղաքի տարբեր մասերում բնակարաններ ստացան։ Մեր թաղը Գետառի ափին էր, կայարանի-«ուպռավլենու» և Կոմիտասի անվան այգու միջև՝ Սևանի փակուղիներից 3-րդում։ Մի կողմից՝ ամեն օր պիտի հատեի Գետառի կամուրջներից մեկը, հետո երկաթուղային գծերով ոչ անվտանգ անցում անեի Հոկտեմբերյան (այսօր՝ Տիգրան Մեծի) պողոտա՝ Վ. Տերյանի անվան թ. 60 դպրոցում, հետո Երևանի պետական համալսարանում սովորելու համար, մյուս կողմից՝ պիտի անցնեի հարևան փակուղով, հասնեի Օրջոնիկիձեի (այսօր՝ Արշակունյաց) պողոտա, հատեի այն ու հայտնվեի Կոմիտասի անվան, վայրի բարքերով հայտնի, մորս, ավագ եղբորս կողմից համարյա չվերահսկվող աշխարհում՝ այնքան մեծ, որ իմ անմիջական ավագ եղբայր Ստեփանին կարող էի և չհանդիպել. լող, ճոճանակներ, պաղպաղակ, կինո, ֆուտբոլ, արկածներ՝ իսկական խելահեղ աշխարհ, որտեղ կռիվ անելը, ծեծ ուտելը, գրպանները դատարկելը առօրյա էին… Ես միշտ ունեցել եմ իմ Ստեփան եղբոր և հայտնի ըմբշամարտիկ Մարսել հորեղբորորդու (ավա՜ղ, վաղամեռիկ) պաշտպանությունը…. Լողալ սովորել եմ Զանգվի ձորում, «կանալում», հետո՝ այգու մեծ լողավազանում (քաղաքակրթությունը այս ձևով էլ է մեզ հասել)։ Ի՜նչ վայելք էր…. Նորակառույց լողավազանը բարձր աշտարակ ուներ, և իմ մարմնամարզիկ Գագիկ եղբայրը սիրում էր ցուցադրական ելույթներ ունենալ…

Մայր դպրոցի «Սեբաստիա» մարզահամալիրում ցատկաշտարակով, 25 մետր երկարությամբ լողավազան ունենալու խնդիրն իմ օրակարգում է, որ հետապնդում է ինձ քանի՜ տարի… Արձակագիր Վարդգես Պետրոսյանից եմ լսել. «Տարիքից չեն ծերանում, այլ երբ հոգնում են ձգտումներից»….

Ջուրն ինձ վրա որպես մոգ է ազդում. ես ամեն առավոտ 10 րոպե ցնցուղ եմ ընդունում և՝ ոնց որ մորեն նոր ծնված… Հեռու չեն ժամանակները, երբ իմ ընկերների հետ լողում էի ամեն մի գետում, չռիկի տակ, լճակում, Սևանում, տարվա համարյա բոլոր եղանակներին…

Ես փնտրում եմ սիսեռի այն հատիկը, որ անցնող ամբողջ օրն ինձ նեղում էր, հանգիստ չէր տալիս։ Ու ահա, հիշեցի անմեղ թվացող հաղորդագրությունը. «Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 հանրային լողափերը» ….  ու  թվե՜ր, թվե՜ր, որոնք ցուցանի՞շ են։ Այո՞՝ հարցնում եմ։ Նախ՝ ինչո՞ւ  են հուլիսի 1-ից բացվում. մինչ այդ փա՞կ էին։ Ինչո՞ւ ոչ հունիսի 1-ից։ Թող միշտ բաց լինեն՝ խնամված, մաքուր զուգարաններով, ու թող մարդը որոշի՝ երբ լողա, հանգստանա, զմայլվի Սևանով, ընտանիքով պարզապես առանձնանա։

Ուշադիր. քաղաքական հայտարարություն եմ անում։ Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը ես պահանջում եմ բոլոր հնարավոր լողավազան-ջրավազանների համազգային ստուգատես անցկացնել։ Նոր քաղաքացիական տոն՝ յուրաքանչյուր հայ երեխա ջրում ու հոգատար ավագներով շրջապատված, խնամված։ Սեբաստացիներիս օրացույցով այդպես է. հունիսի 1-ին մեր բոլոր ութ դպրոցներում, հինգ  նախակրթարաններում մեկնարկում են բանգլադեշյան ուսումնական ճամբարներն ու պարտեզները՝ իրենց բաց ու փակ լողափերով։ Սկսում ենք «Անտիվիրուս Կոմիտաս»-ով, երբ հազարի չափ մեծ ու պուճուր սեբաստացիները սիրով ու միասին իրենց Կոմիտասն են երգում, խաղում, պարում… Ճամբարները հետո վերածվում են ստուգատեսային-ստեղծագործական հավաքների, հետո՝ էլի ճամբարների՝ բայց ցանկացող յուրաքանչյուրի համար՝ որպես մատչելի սեբաստացիական ծառայություն… Այո, ես ջրա…ծին եմ։   Իսկ ջրամոլ ու ջրապաշտ պիտի լինի, չի կարող չլինել, յուրաքանչյուր երևանցի, Արարատյան աշխարհի ամեն մի բնակիչ։ Նախ՝ որ ջրազուրկ ենք, հետո՝ ինչ անենք առանց կենարար ջրի այս շոգի-փոշու մեջ, այս մեծ արևի հետ, որ մեզ է բաժին ընկել։ Ես ջուրը, լողալը, պարզ, մատչելի լողափերը կհաստատեի որպես հանապազօր՝ յուրաքանչյուր երևանցու առօրյա՝ սկսած 2 տարեկանից։ Չէի թույլատրի մանկական հաստատության գոյություն՝ առանց պարզ լողափի ու լողավազանի… Ես պնդում եմ, որ քաղաքի 180-ի չափ համայնքային ու մասնավոր  բոլոր պարտեզներում մեկական հավաքովի լողավազան ու մեր լողափերի նման՝ արևով տաքացվող ցնցուղներով, մինչև 150 քառակուսի մետրանոց լողափեր լինեն։ Մանկան իրավունքի այս ապահովման ծախսերը լրիվ տեղավորում են 2014թ. համաքաղաքային ծրագրերի ծախսերի մեջ և քաղաքապետի կամքի շրջանակում են։ Ինչո՞ւ քաղաքապետը ձեռքը չի խփում խորհրդակցական սեղանին…

Ուշադիր. հունիսի 27-ին՝ ժամը 9.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնի մոտից (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց) կրթահամալիրի էկոլոգիական, հայրենագիտական, տնտեսագիտական, «Ասպետ» ակումբների ներկայացուցիչների խումբը մեկնում է Սևան՝ հանրային ափերի բացման հանրային հսկողություն իրականացնելու։

Ուշադիր. ես քաղաքական հրավեր եմ անում։ Հունիսի 27-ին համեցեք Բանգլադեշ, Բլեյանի դպրոց՝ ստուգատեսի

12.00 —  «Մենք ջրում ենք»՝ 2-5 տարեկանների

13.00 – «Մենք ջրից դուրս չենք գալիս»՝ ճամբարականների

15.00 – «Ջրից դուրս ենք եկել Մարմարյա սրահում համերգի»

Եվ այսպես կրկնում եմ իմ հրավերը երկու շաբաթը մեկ։ Արդարացման տեղ չեմ թողնում։

Իսկ հունիսի 30-ից մեր ճամբարների հաջորդ հերթափոխն է։ Ինձ սկսում են ավելի ու ավելի շատ զբաղեցնել կրթահամալիրի բանգլադեշյան ուսումնական ճամբարները, որ օրինական ծնունդն են մեր հեղինակային մանկավարժության, ինչպես ամառային պարտեզները, ինչպես շուրջտարյա չվերջացող ստուգատեսները։

IMG_4056IMG_3974IMG_3982IMG_399310410445_726264317432469_8278589913522185870_n10444536_726266674098900_8237822452532549887_n

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բաժանարար գիծ, որ պարտադրում է ընտրություն՝ բռնությո՞ւն, թե՞…

Օրագրի իմ ընթերցողի՝ էլ. փոստով հղած հարցին սիրով անդրադառնում եմ… Այս տարի ևս՝ դեկտեմբերի 29-ից՝  Սուրբ Ծննդյան պահոց Բարեկենդանից պահք եմ պահելու… Ամանորի սեղանն ինձ համար տոնականորեն գեղեցիկ է ու սպասված՝ հենց պահքով… Պահքն իմաստ,

Ես ասում եմ 30 տարի և ավելի՝ սովորել, սովորել, սովորել…

— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր: — Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր: — Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը… Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում,

Սուս-փուս, անընդհատ…

Սուս-փուս, անընդհատ, առցանց ու ֆիզիկական միջավայրում, ամենահաս՝ յուրաքանչյուր դեպքում՝ անհատական, թե՝ խմբով. հարմարվող, պատրաստակամ, նրբանկատ…Ո՞ւմ մայրենիի ուսուցիչը չէ Սուսան Մարկոսյանը, ո՞ւմ հետ համահեղինակ չէ, որպես մայրենիով մանկավարժության խմբագիր, գործըներ… բոլորիս