Հատկապես որ ինչպես փիլիսոփա Հեգելն է հաստատում` «Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ ժողովուրդներն ու պետությունները ոչ մի դաս չեն քաղում պատմությունից և ոչինչ չեն սովորում»։ 

Պապիկությունը, երևի, նոր վիճակ է կյանք կոչված «տանջանք, մաքրություն, հասունություն» եռաստիճանի, Արշիլ Գորկու հասունության հանգրվանը, որ շնորհիվ հինգ տարեկան Սոնա-թոռնուհու, սկսում եմ զգալ, ապրել: Սոնան զգալ-ապրել է տալիս: Սոնայից հետո եկող իմ թոռնիկները հաստատ շահելու են. հա՛մ նշանավոր, համ էլ գործող պապ կունենան… Երեկ Սոնան այնքան ջերմ-խանդավառ ընդունեց ինձ, որ Դավիթը շվարել, մնացել էր, անելիքը չգիտեր շարունակ, ես էլ… Թակարդը խորամանկորեն-ճշգրիտ լարված էր, ու ես անդիմադիր-սիրով հայտնվեցի նրանում: Սոնան ինձ ու Դավթին տարավ իրիկնային Երևան, զբոսանքի…

Լավ էր, որ դուրս գալիս բավարարվեցին ընդամենը երկու գնդակով, վերջին պահին տանը թողեցին շատ մեծ դեղին գնդակն ու հեծանիվը… Հրապարակ չհասած, գլխավոր պողոտայի սկզբնամասը, մինչև կառավարության 3-րդ շենքի հրապարակ. վերջապես բարեկարգվել է՝ նվեր երևանցիներին, տոնի առիթով, ու ես շտապում եմ ցույց տալ քաղաքը իրական-իրավական ժառանգորդներին՝ Սոնային ու Դավթին: Հետո բարձրանում, իջնում ենք մետրոյի, հրապարակի կանգառի քարե աստիճաններով, ստորգետնյա անցումներով:
— Ոնց որ սպիտակ, երկար թրթուր լինի,- նկատեց Դավիթը:

Մտանք Հանրապետության հրապարակ… Սոնային դուր եկավ մեր այս վիճակը. հրապարակի կենտրոնում, տրավերտինե խճանկարի վրա միայն մենք ենք՝ երեքով, աջ ու ձախ մեքենաներ են, ինձ ու մեզ ճանաչում են, բարեհամբույր ողջունում, իսկ մենք երկու գնդակով խաղում ենք, հրապարակի ճիշտ կենտրոնում,  դեմ-դիմաց՝  որպես դարպաս, երկու բեմահարթակներ…
— Հաղթանա՜կ,- կրկնում են Դավիթն ու Սոնան. ճանապարհին հանդիպած ֆուտբոլասեր-ֆանատների գունեղ և ձայնեղ թափորը ոգևորել է գնդակով երևանյան զբոսանք կատարողներին…

Հեշտ գործ չէի կամավոր-պարտադիր ստանձնել ես. ինչ Սոնան հուշում է, Դավիթը նվնվոցով պահանջում է: Այսպես քայլելով` հրապարակից Տիգրան Մեծի պողոտայով իջնում ենք «Լուսնայգի»:
— Դու խոստացել ես կարուսելներով տուն հասնենք,.- ուղղակի իմաստն իմ խոսքերի, որպես երթևեկության նոր միջոց՝ իր նշանավոր խնդիկով հրամցնում է Սոնան…

Կարուսելից կարուսել քայլելով, խաղաղված նստելով, վերգետնյա «ուղտին» բարձրանալով, Դավթին երկուսով գժվացնելով, հասնում ենք տուն: Ես վաղուց այսպես չէի նշել, վերջին անգամ` անցյալ տարի, Դավթի հետ… պատմել եմ: Ինձ թվում է, միշտ օրագիր եմ վարել, ու իմ ամեն օրը ձեզ հայտնի է… զզվացնելու աստիճան:

Լիլիթ Բլեյանը պատրաստվում է իր հոկտեմբեր 25-ի համերգին, գիտեք, այս անգամ իտալերեն նոր երգերի կատարումով, բայց իր նման՝ ուրախ, բարեխիղճ, իմաստնացած…

Սոնան գնում է դաշնամուրի Դպրոց-պարտեզում ու սիրով Դավթի համար նվագում է, երգում «Փայտե ձիուկը»: Մենք միասին նայում ենք Սոնայենց mskh.am էջի բոլոր տեսանյութերը… Սոնան առաջարկում է թատերախաղեր՝ ըստ Թումանյան պապիկի… «Իրիկունը», հետո «Երկինքը փուլ է գալիս», հետո… «Ճամփորդները»: Զվարճանում ենք. ահա՝ ինչպես է մշակույթ-մանկավարժությունը միավորում, հարազատացնում, մեկ դարձնում պապին ու թոռնիկին. այսպիսի նշանավոր գործ, կարծեմ, Խրիմյան Հայրիկն ունի, որն այդպես էլ կոչվում է «Պապն ու թոռնիկը»:

Հետո Սոնան եզրափակում է օրը, երբ Դավիթը գետնի վրա հանգել էր քույրիկի ոտքերի տակ:
— Ես էլ Դավթի կողքին քնեմ, պապիկի տանը: Վաղը կիրակի է, շարունակենք մեզ համար զբոսնել, խաղալ, թող մայրիկը համերգին պատրաստվի, իսկ երկուշբթի առավոտյան, միասին գնանք դպրոց…
— Շուտով, բայց ո՛չ այս անգամ…,- հաստատում է Լիլիթը: Մեր դպրոցը Սոնային ձգում է, սա ուրիշ սովորող կլինի, իր մորը կգերազանցի…

Արաքսիկն ու իր պատգամավոր Վահե Հովհաննիսյան հայրիկը ֆուտբոլի մարզադաշտում են դեռ. երկուսն էլ՝ մոլի ֆուտբոլասեր: Մենք հեռուստացույցով վերջին տասնհինգ րոպեն ցավում ենք, մեզ մեղավոր զգում նրանց համար ու գոլի, որ բաց թողնվեց վերջին րոպեին…

Ինձ հարցնում են՝ ժամանակը, շրջանը,  որ ազդեցություն է թողել, որպես ամենապատմական…  Ես այն մարդկանցից եմ, ովքեր պատմությամբ հետ գնալու ժամանակ ու հավես չունեն: Իմ կյանքում պատմությունն ու պատմականը արթմնի են՝ կան, զգացնում են, օգնում ինձ հասկանալ, գնահատել կատարվածը հարյուրավոր տարիներ էն կողմ… Բլոգի իմ ընթերցարանը շրջանցել չենք կարող, եթե հերթապահ չեն ինձ ուղղված այս տիպի հարցերը… Ախր դրանք հա՛մ պատմական են, հա´մ իմ կյանքը…

Մեր նորագույն շրջանի բռնագաղթը, իրական հայրենիքի կորուստը, չեն կարող մխիթարել ոչ մի հաղթանակ նորագույն շրջանի, ո´չ իմ սքանչելի Շուշիի ազատումը, ո´չ Թարթառի հովտի բացումը… Շարունակ խոսում ենք 1988-ի փետրվարի 28-ի Սումգայիթից, որը պատմական հայրենիք չէ, Սումագայիթի հայոց եղեռնից: 1988-ի աշնանը` նոյեմբերից սկսեցինք բնագաղթել  Գանձակից (Գյանջա), և 1989-ին ամբողջովին դատարկվեց հայոց Գանձակը, Դաշքեսանը, Խորասանը, Վարդաշենը, Շեքին, Մինգեչաուրը… 1990թ. հունվարին եղավ Բաքվի հայաթափումը, հայոց ամենամեծ քաղաքային համայնքի դատարկումը, Հյուսիսային կամ Դաշտային Արցախի՝ որպես իմ իրական հայրենիքի բնաջնջումը, նրա բնիկ ժողովրդից դատարկումը` 1990-92թթ, Ազատ-Կամոյով, Գետաշեն-Մարտունաշենով, Շահումյանի շրջանով ավարտված: Նախիջևանի Ջուղայի հուշարձանի (հին գերեզմանի) ոչնչացումը, վերջնական թաղումը…

Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

Գիտե՞ք` Թումանյանի այս «Հոգեհանգիստ»-ը քանի՜ անգամ եմ կարդացել 1988-ից սկսած, մինչև….. 1991-ի մարտին, «Կոլցո» օպերացիայի օրերին հերթապահում էի Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության շենքում, որպես վարչության անդամ… Գետաշենի անկման, դատարկման լուրը ինձ խոցեց հեկեկալու աստիճան. այսպես ենք, հա՞, Հովհաննես Քաջազնունի, Հայրենիք կորցրել` Գանձակ, Խանլար, Դաշքեսան, Ազատ, Կամո, Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան…

Հանգե՜ք, իմ որբե՜ր…իզո՜ւր են հուզմունք…

Ես քաղաքականություն մտել եմ այս ամենը՝ կորուստը կանխելու, իրական հայրենիքին պաշտպան կանգնելու… իսկ հայրենիքն իրական է իր ծննդավայրում բնիկ ապրող մարդկանց հավաքանիով… Ես պատմագիր-վավերագիր չեմ, բայց ցույց տվեք այն արձանագրությունները, առանց միջամտության, որ կարելի է թերթել, սկսած ՀՀ Գերագույն խորհրդի նիստերի արձանագրություններից՝ 1991-ի սեպտեմբերի 23-ի անկախության հռչակումով, մինչև 1992թ. Շուշիի գրավումը, Գետաշեն-Շահումյանի անկումը, Արծվաշենի, կորուստը…

Որպես անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ արեցինք, որ հարևան նորանկախ Ադրբեջանի հանրապետության հետ խորհրդային շրջանում` 1988թ. փետրվարին սկիզբ առած վեճը ռազմական հակամարտության, հետո նաև պատերազմի չվերածվի: Չգիտեի՞նք, որ սրա հետևանքով հայրենիք ենք դատարկելու, գաղթական ենք դառնալու, թե՞ նորից, ինչպես 1920-ի գաղթականները, խաբված կանչելու են.` մեզի ըսին տերիտորիան է կարևոր: Սա՞ էր մեր նվաճումը. կորցինք ինչպիսի̴ հայրենիք` իր բնիկ ժողովրդով և ձեռք բերեցինք տերիտորիա` առանց ժողովրդի՞: Ես խնդրեցի այդպիսի մի տեղեկագիր կազմել մեր պատմության ուսուցիչ Աշոտ Տիգրանյանին՝ մեր մեծ վկային հայոց պատմության… Դեռ կանդրադառնամ դրան:

Երգելով ու երգերով չէ… Ավա՜ղ, անվերադարձ կորուստ ունենք, քանզի մարդու կորուստը անդարձ է: Տարագիր հայը արմատ է գցում իր նոր հանգրվանում, բնակվում, ապրում, էլ հետ դարձող չէ… Որտե՞ղ են հիմա Դաշտային Արցախի, Գետաշենի, Շահումյանի բնիկները, Բաքվի հայերը, Թարթառի հովտո՞ւմ են, Հայկական հռչակված Աղդամի տարածքո՞ւմ, Քաշաթաղի, Զանգելան-Ջեբրայելի տարածքո՞ւմ…թե՞ աշխարհով մեկ, աշխարհասփյուռ ու անվերադարձ…

Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: Իմ օրվա գրի տոնական էջը դուրս եկավ որպես ուղերձ, սրտի խոսք-ասելիք՝ ինձ, Դավթին, ձեզ ու մեր քաղաքին՝ ծննդյան օրվա առիթով: Քաղաքապետարանը հոկտեմբերի 11,12-ին բովանդակ տոնական ծրագիր է առաջարկել: Ընտրություն կա: Տոնը տոն է դարձնում երևանցին՝ իր տոնական մասնակցությամբ:

Ավագ երևանցիներիս մեջ թարմ է Էրեբունի –Երևանի 2750 ամյակին նվիրված տոնախմբությունը: 13 տարեկան «Ես»-ը չի մոռացել երևանյան սեղանները բոլոր թաղերում, փողոցներում, հրապարակներում մարդկային սրտաբուխ ուրախությունը: Երևանցիներն էին, որ իրենց տոնական սրտերը բացել էին յուրաքանչյուրի համար:

Ես երևանցի եմ, ինչպես իմ ընտանիքը, դուք. ու ես ասում եմ՝ աչքներս լո՜ւյս, քաղաք, տոնական կիրակի: Դուրս գանք փողոց, օրվա մի ժամի լինենք միասին մեր Երևանում, իսկ իմ՝ տոնի առիթով առաջարկած ուսումնական նախագծերը, «Երևանը բլուրներից»,  «Արարատին, Արագածին  նայող  դիտակներ»«Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» հենց դրանով էլ ուսումնական են, որ շարունակական են, անընդհատ, պարբերական: Ով սկսել է, նրան ուշադիր հետևում եմ, հաջողություններ ցանկանում և աջակցում, մյուսներին էլ այս օրը, այս տոնը կոգևորի սկսել նախագծերից մեկի, երկուսի, երեքի իրականացումը:

Քաղաքը նշանավոր դարձնում են նրա բնակիչները:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շարժվիր, որ շարժես, Անդրանիկ փաշա

Մետրո շատ ենք սիրում՝ ես էլ, Դավիթ Բլեյանն էլ, որ մոտենում, ավելի է մոտենում չորս տարեկանին՝ ավելի ու ավելի հեռանալով 3 տարեկանից. — Ամեն օր մոտենում եմ, ամեն օր հեռանո՞ւմ,- հարցնում

Քո անցած ամեն մի ճամփին, ասա` սա ուրիշ է արդեն…

Ես օրվա իմ գիրը անխախտ ավարտում եմ մինչև տանից դուրս գալը՝ առավոտյան 7-8-ի միջև, ու անկախ օրվա իրադարձություններից, չեմ միջամտում, չնայած այն թողարկվում է օրվա վերջում՝ ժամը 4-5-ի արանքում, դառնում

Ապրել ապրեցնելով, Արցախ-Հայաստան. ահա իմ հեշթեգը

Սեբաստացի 5-րդ դասարանցի Աննա Թադևոսյանի բլոգում այս հրապարակումը «Հաղթելու ենք» հեշթեգն ունի որպես խորագիր։ Ինձ լավ եմ զգում նրանից, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհին, ուզում եմ հավատալ՝ սեբաստացիները բոլոր, իրենց դպրոցի ընտրությունը, իրենց