Համաձայնեք, որ մի տեսակ սովորական դարձած, բայց տարօրինակ վիճակ է. քո ողջ օրվա 14 ժամը ընկերներիդ հետ Բանգլադեշի արևի տակ, կրթահամալիրյան, հուլիսյան նախագծերին տրված՝ կառուցումի, ստեղծումի վաստակումով հանգչես, արթնանաս ու մեդիայով Խորենացի փողոցից քո աշխարհ ներխուժեն պատերազմ հիշեցնող տեսարաններ, լուրեր, ճիչեր, գուժկաններ… Գրիչը պիտի չընկնի ձեռքիցդ. ավելին, պիտի չշեղվես քո ճամփից, պիտի չշպրտես ամեն ինչ` գործերդ, ու թեքվես դեպի Խորենացի փողոց… որտեղից եկել ես… սկսած 1988-ից, որտեղ թվում է` անցկացրիր ողջ գիտակից կյանքդ…

«Իսկ մանկական երկաթուղում կենսունակության՝ ապրող ձայների, տրամադրության, կանաչի հոտի, խոնավության, ամենասովորական խմելու ջրի պակաս կա… Լքված է մի տեսակ…»:
Արմինե Թոփչյանն է արձանագրողը, հավաստի է: Պատկերացրի՞ք. Բանգլադեշյան մեր լողափնյա մանկական ճամբարների աշխույժ երթը Սեյրանի բարձունքով Երևանյան լճի, Հաղթանակի կամրջից վերև, Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից Հրազդանի կիրճով մինչև կիրճի` մանուկներին պարգև «Մանկական երկաթուղի» կոչվող այգի-ընդարձակ տարածքը… անկենդան, առանց ձայների՞… Ինչո՞ւ…

Ճամփորդները…:
Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի:

Մի խումբ սեբաստացի ուսուցիչներով մենք հաջորդ շաբաթ կանցնենք ողջ կիրճով Քանաքեռից՝ Հրազդան գետի Երևանի մուտքով մինչև Հրազդանի անկում Արաքս թափվելը… Կարևոր է այսօրվա վիճակի արձանագրումը հավաստի, որքան էլ որ թվում է` գիտենք, էլի… Ինչպես այսօր մի խումբ ուսուցիչներով — մկրտությամբ, ճամփորդությամբ կօղակենք Արայի լեռը, կանցնենք Քասաղի կիրճով… Իմ օգոստոսյան երթուղիների մեջ է Ախուրյան գետի ընթացքի արձանագրումը, Արփի լճից մինչև ջրաթափը Արաքսի, Արգիճի գետի ընթացքին հետևելը՝ առաջացումից, Մադինա Արմաղան-Գետաշենով մինչև Սևանա լիճ գետաթափը… Այնպես, որ իմ բլոգ-օրագրի ընթերցող-ծնողի անհանգստությունը՝ չե՞ք փակվում Բանգլադեշում, պարոն Բլեյան, ոչ մի եզր չունի իրականության հետ… Ավելին… Տարիներով մեր կրթահամալիրի դպրոցական տարածքները փակած փողոցից-Բանգլադեշից-ոչ սեբաստացիներից իբր պաշտպանած բոլոր պարիսպ-բաժանարարներն ենք հանում, ներառվում-ամբողջանում Բանգլադեշով, շարունակվում Հրազդանով-Արաքս-Քուռով-Կասպից ծովով…

Այս օրերին մեր Բ-4 թաղամասի Դպրոց-պարտեզի` այլոց նախանձ շարժող պարիսպների վերացումից երեկ անցանք Գեղարվեստի արևելյան Բեռլինի պատ հիշեցնողին… Երկար ժամանակ «ուրիշի-օտարի» առաջ մեր ֆիզիկական աշխարհի ծակ ու ծուկը փակված էր… Հիմա համեցե˜ք, զբոսնեք… ինչ մերն է, մեր խնամքինը, նաև ձերն է, որպես հանրային տարածք… Մենք ոչ միայն մեզ ընտրած, մեր հեղինակային մանկավարժության պատվիրատուինն ենք, այլև մեզ չընդունողներինը, մերժողինը… Այո, բաց ու մեկ, որտեղ գլխավորը հանդուրժողությունն է, միասին ապրելը… Ամենաբարդն է, չէ՞, որպես հասարակության այսօր միասին ապրելը…

Աշխատանքային աշխույժ կրթահամալիրի Բանգլադեշում:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Իսկ Սեյրանի բարձունքում օրվա վերջում, ժամը 7-ի 8-ի շրջանում, ես իմ քարի վրա եմ, իմ դիրքում… Սա իմ` երևանցի Աշոտ Բլեյանիս կիրճով-գետով, Մասիսի հեռանկարով ծովն է, ու ես իմ դիրքը, իմ վայելումը չեմ փոխարինի… Ես իմ ընթացքն ունեմ, հակառակ մեծամասնությանը, ինչպես այսօր, Խորենցու փողոցից հեռու, բայց իմ ընթացքը…
Ես չեմ հավատում, որ մեր հասարակական-քաղաքական կյանքում փոփոխություններ կլինեն առանց Հրազդանի կիրճում, լճում, մանկական այգիներում, բակերում մեր կյանքում կենդանության, մեր կենցաղավարության, մեր պարկեշտության փոփոխության: «Մի գրոհով» չի լինում, ավելին
մի զոռը կարող է ընդամենը մեկնարկ-կարևոր խթան լինել, բայց հետոն է որոշիչը, ամենակարևորը ընթացքն է, նրա անընդհատությունը, քո ջանքերի անդադրությունը, քո նպատակասլացությունը…
Խորենացի փողոցի այսօրն է կարևորը, նրա մասնակիցների հավատարմությունը, անընդհատությունը, իրենց հարազատությունը ինձ-մեզ, իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին… Եվ ինչ լավ է, որ այսօրվա, շաբաթվա օրվա մեր ընթացքից՝ մեր ուսանող, մեր դաստիարակ Օլյա Մանդալյանի մկրտության օրից ինձ՝ Մկրտության կնքահորը, չի շեղի Խորենացու գիշերը… Կներեք…
Կնքահայրն ու իր մկրտությունները. այդ մասին` իմ կիրակնօրյա գրում…
Մյուսը ո՞րն է՝ շարունակե՞լ աղճատումը, կտրտումը քո կյանքի ժամանակի, մեր իրականության-հայրենիքի կղզիացումը-լքումը՝ ճակատամարտերի միջոցո՞վ…

Օրագրի ընթերցարան

Ինչու են գիտնականները խորհուրդ տալիս ավելի հաճախ լինել արևի տակ:

#746

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքրվող ավերակների տոնական արձագանքը. լսո՞ւմ եք…

Պիտի դառնաս անանուն այցելո՞ւ, որ Նորոյի, Վիկայի, Դավթի, Գոհարի, … Նունե Մովսիսյանի պես հայտնի բլոգերները քեզ կարդան… Է՜, դարձե՛ք, որ …. անուն ձեռք բերեք: «Հա, ամեն ինչ փլվեց և ասես

Սեբաստացի ընթերցողի մասին ու նրա համար

Կրթահամալիրի հոմանիշներին ավելացնում եմ ութերորդը՝ կրթահամալիր-գրադարան-ընթերցարան, ու դնում եմ այն առաջին տեղում, որքան էլ այն բոլոր յոթի մեջ ներառված է… Տպագիր, մեդիա, խառը, սեբաստացին՝ մեծ ու պստիկ, ընթերցող պիտի լինի… Բոլոր ժամանակներում,

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը