Էհե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու…

Երեկ էլ, ինչպես ամռանը, առտու ժամը 08-ին իմ օրը սկսվեց մարզադաշտում. Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի և Մայր դպրոցի ավազե ծածկով մարզահրապարակներում անցնող մեկ օրում նկատելի աշխատանք է կատարված. սահմանափակ մեր նյութական միջոցները պարտադրում են մշտապես գտնել խելամիտ լուծումներ: Սևանից բերված լճի լվացած սպիտակ ավազը լավագույն լուծումն է մեր մարզահրապարակների համար: Հոկտեմբերի 6-ից, մենք սկսում ենք գործածել մեր մարզահրապարակները՝ շարունակելով դրանց բարելավման, ավելի ու ավելի գրավիչ-հարմար դարձնելու գործը, որպես ամենօրյա ուսումնական աշխատանք: Մեր ուսուցիչն ու սովորողը շարունակ պիտի ակտիվ լինեն իրենց շրջապատող նյութական միջավայրի նկատմամբ, փոխեն այն. անշարժ՝ ասել է պատրաստի ստացած, շահագործողի կրավորական (չմիջամտող) վերաբերմունքով: Բնակարաններում-առանձնատներում մեր վերաբերմունքը մեծ չափով այդպիսին չէ՝ ակտիվ է. ինչ-որ բան փոխում ենք շարունակ… Կրթահամալիրն էլ՝ իր դպրոցներով ու միջդպրոցական անցումներով, մեր տունն է. այստեղ ապրում ենք սեբաստացիներով, ոչ թե սպասում, որ ինչ-որ ժամանակ մեկը գա ու հարմարեցնի այն մեր կյանքին:

Հետո` նորից դաշտեր, այս անգամ՝ Հրազդանի ավազանի: Մի միկրոավտոբուս սովորողով և ուսուցչով մենք Չարենցավան-Արզական-Բջնիով՝ Հրազդան գետի ընթացքին հակառակ, շարժվում ենք Հրազդան գետի կիրճով, ընթացքի մեջ ենք, դեպի վեր, դեպի գետի ակունքներ…

Ինձ հարցնում են՝ ինչի՞ց եմ զզվում… Ոչնչից, բացի զզվանքից՝ այն զզվանքից, որ իբր թույլ չի տալիս, որ տեսնես, մոտենաս ու մաքրես աղբը` վանքից ներքև, վանքով մինչև մոտակա սարի պռնկից սկիզբ առնող աղբյուրը… Սոլակցիների Սրբի ուխտի՝ Սուրբ Աստվածածնի տոնի օրն եմ տեսել ու ձեզ պատմել եմ Սոլակից դեպի Սուրբ ձգվող ուխտավորների շարքի մասին… Ահա և վերջին ուխտի հետքերը… Մարդու սուրբն է, իր սարն ու ձորը, Աստվածարար է բնությունը, որպես իր աղբյուրը այս պարգև, և խոզությունը չունի բացատրություն… Մի´ թափիր, ձեռքդ կոտրվի, սա քո Սուրբը չէ՞, հավաքիր մի տոպրակի մեջ առաջացող աղբը, տեղափոխիր… Բայց ո՞ւր տանի… Սոլակ գյուղը բարձունքում է, ու Սուրբի ճամփից (շարունակ դու բարձրանում ես, ինքը քեզ տեսանելի է դառնում քո ափի մեջ) երևում են քարափներից իջնող աղբի շերտեր` կախված աղբանոցներ… Իսկ այս աղբը մաքրելուց մարդը զզվում է… Ինքը չի թափել, ուրիշի թափածը եսիմ ինչ է, քաք է, ինքը զզվում է… Մաքրի՛ր, եղբայր իմ, ի՞նչ կա զզվելու, ոգևորված մաքրիր, քեզ բաժին է ընկել բնության մի կտոր վերադարձնելու քեզ, արարի՛ր կամ վերարարի՛ր բնությունը քո, հետո այդ աղբրի ջրով լվացվի՛ր, մաքրվի՛ր, ա՜յ, հիմա իրավունք ունես, նստի՛ր, նայի՛ր ունեցածիդ-ստեղծածիդ ու վայելիր… Ջուր խմիր, մի կտոր հաց կեր, հիմա դու կարող ես, դու մարդ ես, անասուն չես… Ուզում եմ, չեմ ուզում, ի՞նչ ցանկություններ են, մաքրի՛ր ու վերջ, ծպտունդ չլսեմ, անընդհատ մաքրի՛ր, որ միշտ մաքուր լինի… մաքրի´ր մինչև կչքվի վերջին թափողը. քո գործը մաքրելն է: Այո՛, կան խոզեր, բայց դու խոզ չես, լսո՞ւմ ես… Մեզ հետ էր Գեղարվեստի ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների մի խումբ, շատերը այլ դպրոցներից եկած: Հետաքրքիր է` ի՞նչ ստացան նրանք իրենց հայրենագիտական-բնապահպանական առաջին մկրտությունից…

Իրիկունը ուշ Դավիթ Բլեյանն ինձ ողջունում է հեծանիվով, մի շնչով վրա տալով`
— Պուպուլիկը խաղալու համար չէ, չիշիկ անելու համար է, հայրի՜կ, մայրիկը կապույտ օճառ է բերել, ես ուզում եմ հիմա լողանամ…

Իմ օրագրում Հրազդան-Զանգուն ավելի ու ավելի կարևոր տեղ է զբաղեցնում. ոչ պատահական, ոչ էլ գրելու նյութս վերջացել է, նեյնիմ եմ անում: Հետևե՛ք իմ օրագրին ու կմասնակցեք Հրազդանի կիրճով , Սևանից մինչ Արաքս, Արաքսից մինչև Սևան յուրաքանչյուրիս ուսումնական նախագծի իրագործման ընթացքին: Ես առավելագույն հետևողական ջանքեր կգործադրեմ, որ ամեն մի սեբաստացի, որտեղ էլ որ լինի, ճանաչի մեր ջրի այս ավազանի-կասկադի խնդիրները, մասնակցի դրանց լուծմանը: Ախր այսպես, համոզվեցինք նորից, չի կարելի, սա տիրոջ վերաբերմունք չէ…

Մեր մեկօրյա այս ճամփորդությունը մի քայլ է Էկոտուր 2015-ի նախապատրաստության շրջանում: Ինձ հարցնում են` Էկոտուրը ապրիլին է, չէ՞… Էկոտուր 2015-ի մեկնարկը տրված է, ընկերնե՛ր, որքան էլ Էմանուել Ագջոյանը՝ Էկոտուր 2015-ի կազմակերպիչ տնօրենը, փութաջան հարսանյաց պատրաստությունների մեջ է… Առանց անձնական-խմբային հայտերի, առանց այդ հայտերով ուսումնահետազոտական-ճանաչողական նախապատրաստական աշխատանքների՝ ի՞նչ Էկոտուր, ի՞նչ ապրիլ…

Սոլակի Սուրբ տանող ճանապարհը, բարձունքի նվաճումը, մեր ուխտը դեպի Մայրավանք…. Եկեղեցի առանձին մի թև է մեր ճամփորդության մեջ. Կարինե Պետրոսյանից լավ, այս ճամփորդության մասին ո՞վ կպատմի՝ Սոֆյա Այվազյանը, Քնարիկը, Մարիետը, իհարկե՝ Տաթև Աբրահամյանը, որ տեսեք՝ ի՜նչ շնորհքով պատրաստել է այս ճամփորդությունը մինչև Քաղսի, իրենց գյուղ, իրենց տուն… Բոլորն էլ զինված, մոբիլ, հավեսը տեղը, աչքը սուր, ու բոլորն էլ, գումարած Գևորգ Հակոբյանն ու Բջնիի դպրոցի մեր բարեկամ տնօրեն Յաշա Սահակյանը, չեն անցել Սոլակի` ներքին Զանգվի հովտից մինչև Սոլակի Սուրբ ու աղբյուր տանող ճանապարհով, աղբյուր, որը որպես առվակ սնուցում է իր փայ Հրազդանը… Այսպիսի հայրենագետ ուսուցիչների-ընկերների հետ կարելի է Հայաստանի բոլոր բարձունքները նվաճել, լինել բոլոր խոնարհված վանքերում… Ձեռքի հետ էլ կլուծվի հանրապետության աղբահանության հարցը:

Փառավոր ճանապարհ էր հետիոտն, ու փառահեղ քայլեցինք. երկու ժամ վերելք ու մեկ ժամից ավելի իծու ճանապարհ, որ մենք անցանք իծու պես թեթև՝ խաղալով-խոսելով, սքանչացած, որպես մանուկներ: Հա, ես մանկանում եմ, երբ ընկնում եմ այս աշխարհը, նոր՝ նաև ինձ համար, երբ թոթափած մայրաքաղաք-բանգլադեշյան առօրյան, սիրահարի պես աչքդ չես կտրում քո ընտրյալից, քո հարս Հրազդանի կիրճից, ու շուրջ բոլորդ Գեղամա և Ծաղկունյաց լեռնաշղթաների գագաթներն ու գոգերն են… Երևանից ընդամենը 40 կմ այն կողմ դու այլ Հայաստանում ես, այլ աշխարհում…

Տաթև Աբրահամյանենց Քաղսի գյուղ տանող երկու կանչ կա: Մեկը ինքը՝ Տաթոն. գնալով բոլորս ավելի ու ավելի շատ ենք հավանում այս կրակոտ հայրենագետին, վայրի հմայքով խորոտիկին, որին վստահում են ավելի ու ավելի շատ ծնողներ… Տանը ինչո՞ւ չլինես ու Աբրահամյան հայրիկին ու մայրիկին սեղանի շուրջ չասես. «Շնորհակալ ենք Տաթևի համար ու բարի բախտ Տաթևին…»: Լի, սիրով գցված սեղան է: Երկու տասնյակ չէ, կրկնակի մարդ էլ գա՝ կհերիքի… կեր ու կեր. հո Հրազդան գետի ջո՞ւրը չէ, որ Քաղսուն մոտենալիս առու է դառնում, բարակում և շարունակ սքանչելի-չհոգնեցնող կիրճում դառնում ճահճուտ, կորչում այնպես, որ Քաղսի գյուղում միայն հունն է, աղբանոցի վերածած Հրազդանի հունը… Եվ այս գյուղում դպրոց կա` իր հանրակրթական չափորոշչով, էկո-կենսաբանական բաղկացուցիչով, դպրոց՝ իր ցուցանիշներով… այսքան մարդ ավարտել, այսքան մարդ ընդունվել, այսքանը՝ դարձել կրթության, տեխնիկայի գիտության վաստակավոր գործիչ ու չգիտեմ ինչ… Ահա այդ հարգելի գործիչներից մեկը՝ գրականագետ, Գավառի համալսարանի ամբիոնի վարիչ պարոն Գրիգորյանը, համակրելի ու իրոք՝ գրագետ անձնավորությունը, մեր սեղանի շուրջ է… Հայտնվեց և իր այնքա՜ն մեծ ջանքով ստեղծած գիրքը՝ «Քաղսի…» 1828-ից մինչև 1938 թթ.: Շարունակություն կունենա: Հարգելի գրականագետի հետ մեր սեղանի շուրջ ծավալած վեճ-զրույցի ասելիքը բոլոր նմանատիպ դեպքերի համար ձևակերպել է Հրանտ Մաթևոսյանը` այն գրողը, ում գրական կյանքին տարիներ շարունակ նվիրվել է հարգելի գրականագետ-ամբիոնի վարիչը, «Մենք պլանավորում ենք մեր անցյալն ու ապագան, իսկ մեր ներկան, որպես անվարգ ձի, փախչում է մեր ոտքերի տակից…»:

Քաղսու ներկայից ես, այո, փախչում եմ… ինձ հետ տանելով Սոլակի Սուրբը, նրա բարձունքից, լսեցի՞ք, նրա բարձունքից ինձ խոցած Հրազդանի կիրճը՝ իր գյուղական՝ Սոլակ, Բջնի, Քաղսի, Լեռնահովիտ հեռանկարով…, Տաթևի ընտանեկան միջավայրով… Ոչ՝ աջ, ոչ՝ ձախ: Ավտոբուսով փախուստ, դեպի բարեկարգ Սևան-Երևան մայրուղի, դեպի կրթահամալիրի Բանգլադեշ, որի «վարգումը» մեր կյանքի գործն ենք դարձրել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայր՝ ամենից առաջ՝ տանը, կրթահամալիրում, հանրային կյանքում

Ի՜նչ տպավորիչ-ճշգրիտ ավարտ-մեկնարկ՝ հին ու նոր տարվա. Շուշան Բլեյանը պիտի ժամաներ այսօր գիշերը, ժամը 2-ին ես իմ նշանավոր iPhone-ով պիտի ստանայի Տաթև քույրիկի ավետիսը՝ Վահանը կարոտակեզ գրկել  է իր սքանչելի

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման

Գարնան շեմին` չարքերը քշելու ժամանակ

Ճապոնացի յոթանասուն հազար մարդ բուդդայական համալիրում հավաքվել է չարքերը քշելու կախարդանքին մասնակցելու համար: Այդպիսի մի կախարդանք է մեր աշխարհում փետրվարի 6-ի Ղափամայի ծեսը՝ մեր աշխարհքից չարքերը քշելու կախարդանք… Մենք առավելագույն