Մենք ընկերնե՞ր ենք, հարցնում եմ՝ ես, Դավիթ Բլեյանը, Կարինե Խառատյանը, Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթն ու Նելլին, Աշխեն Թադևոսյանն ու իր 5 տարեկանները, տիկին Աիդան ու 5 տարեկան սեպտեմբերիկները, Սուսան Ամուջանյանն ու Գեղարվեստի կրտսեր դպրոցի Ռոզա Խաչատրյանը, Լիլիթը Մեղրյանն ու քոլեջի սեբաստացիկները… Գրիգոր Խաչատրյանը

Մերը ընկերավարության մի տեսակ է. հավասարություն՝ անպայման, համերաշխություն՝ իհարկե, փոխօգնություն՝ անշուշտ, փոխվստահություն՝ առանց դրա ո՞նց… «Ստեղծական ու մոբիլն» էլ այս ամենի բրենդային (ապրանքային) ցուցանակն է 2014-2015 ուսումնական հոբելյանական տարում:

Ընկերները, ինչպես գիտեք, վիճում են. էլ ո՞ւմ հետ իմաստ ունի վիճելը, եթե ոչ քո ընկերոջ: Նեղանում են, խռովում են ընկերներով… Ինձնից նեղանալ, խռովել չի կարելի. ոչ թե որովհետև ձեր ընկերը չեմ. հենց ես եմ ձեր ընկերը, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք… Ոչ թե որ ես գործատուն եմ, իհարկե, էնքա՜ն գործ թափեմ ձեր գլխին, որ մոլորված ման գաք, ինչպես Նառա Նիկողոսյանն այս օրերին, կամ տիկին Աիդան՝ կլոր տարին, կամ Առնոլդ Բլեյանը՝ վաղը չէ մյուս օրվանից սկսած… Ես առաջինն եմ ասում՝ ինձնից նեղանալ չի կարելի: Ես ձեր Տիարն եմ, դու ես ասում՝ ընկեր: Իսկական ընկերն էլ Սուսան Մարկոսյանի նման է լինում, բոլորս ենք ասում:

Մի քանի օր առաջ ես Ռոզա Խաչատրյանից ու իր մայրիկից նեղացել էի: Իմ ընկեր Արմինե Թոփչյանի պատմածից հասկացել էի, որ իմ ընկեր Ռոզան ու իր մայրիկը գործերն առել ու գնացել են… չգիտեմ՝ ինչի ետևից (իներցիայով ասում են՝ սովորելու) թիվ 181 դպրոց… Երեկ ես Ռոզային եմ հանդիպում Գեղարվեստի աստիճանների մոտ ու համարյա բարև չեմ տալիս… Հետո, Արմինեից պարզում եմ եղելությունը. չէ, շփոթել եմ… Պայծառանում եմ… Կորած ընկերոջ պատմություն է, ինչպես Կտակարանում. նրան գտնողի ուրախությունն աննկարագրելի է: Վա՜յ, էս ի՜նչ լավ օր ստացվեց, աշխարհ, կորցրել էի 8 տարեկան Ռոզա ընկերոջս ու գտա: Եվ քանի՜ անգամ զմայլանքով նայում եմ իմ ընկեր Ռոզայի 1-ին ֆոտոշարը mskh-ում:

Սուսան Ամուջանյանը հիացնում է, ու այն հաճույքը, որ ստանում է 4-րդ դասարանցու կամ 5-րդ դասարանցու հետ ֆոտոապարատով թափառելուց… թեթև, ուրախ, չըրխկ հա չըրխկ, թե չէ մեր Միջին դպրոցի 9-րդ դասարանն ավարտած Գրիգորյան Միխայելի կամ Բլեյան Հայկի նման… Մեկ էլ վերցրին ու գնացին չգիտեմ ինչ անունով ակադեմիա… Պահ-պա՛հ, զարմացրիք ձեր ակադեմիաներով. գիտեինք, թե ինը տարում չտեսություն եք հաղթհարել էս աշխարհի կենտրոն՝ մեր կրթահամալիրի Բանգլադեշում… Ի՜նչ են կորցնում մարդիկ ու ինչ են ման գալիս…

Ես խոստացել էի ու հրապարակում եմ նոր ուսումնական նախագիծ. «Արարատին, Արագածին նայող դիտակներ»… Սկսենք կրթահամալիրի մեր Բանգլադեշից: Հիմա դուք իմացաք ճշմարտությունը Գեղարվեստի դպրոցի տանիքի մասին. դպրոցն ունի Արարատին նայող ընդարձակ, հանրային (բաց) դիտարան… Պիտի մտածել հատուկ սարքերի՝ դիտակների, հեռադիտակների մասին… Պատկերացրի՞ք՝ ինչ ազնիվ շարժում է սկսվում քաղաքում… Գնանք Գեղարվեստի դիտարան, Արարատի հետ լինենք…

Հիմա դուք գիտեք՝ ինչու է քանդվում Դպրոց-պարտեզի մետաղե ցանկապատը. դիտարանի ճանապարհն ենք բացում… Մեր տանն էլ կար մի անկյուն, միակը, որ կարող էր լավ-վատ դիտարան ծառայել Արարատի համար՝ իմ աշխատանքային անկյունը… Դրա համար, տեսեք, քանի՜ պատ, դուռ ու լուսամուտ քանդվեց… Չնայած մեր շենքի տանիքին ի՞նչ է եղել, որ…

Այդպես էլ, ոչ այս տարի, երևի, կսկսվի Դպրոց-պարտեզի և մեր բնակելի շենքի հանրային դիտարանի կառուցումը…

Իսկ Մայր դպրոցի դիտարանի գործն էլ թող Առնոլդ Բլեյանը մտածի. ի՞նչ մարզամշակութային կենտրոն, ի՞նչ Մայր դպրոց (Առնոլդը սիրում է կարճել. «ես մայրում եմ»)՝ առանց հանրային դիտարանի… Տեսեք՝ ո՜նց կհարստանա, յուրահատուկ կդառնա իմ օրագրում հայտարարած ֆոտոպատում-ստուգատեսը՝ «Հայացք Արարատին, Արագածին իմ դիտարանից» ձեր ֆոտոշարքերով։

Հիշենք՝  վաղվա իմ գրում մի նախագիծ էլ եմ հրապարակելու… Չի կարելի ընդհատումներով կարդալ իմ օրագիրը, ասել է թե՝ չլսել, երբ խոսում եմ. մի՞թե դա ընկերության վարքի, կանոնի խախտում չէ, ամենաուշադիրը մի՞թե ընկերոջը չեն լսում…

«Մայրից» տուն հայրենապատում ճանապարհին «Հաղթանակի» կամրջից անց ստիպված ենք ոչ թե ուղիղ, այլ ձախ թեքվել. Մաշտոցի պողոտա տանող թունելն էլ է խցանված. ստիպված ենք Կոջոյանի դպրոցի փողոցը մտնել… Մինչ այդ կամրջից Դավթի հետ դիտում էինք Զանգվի բացվող կիրճը, մյուս ափին՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցին…

Պարզվեց, որ Դավիթը շարունակում է հետևել կիրճին, եկեղեցուն, հիմա, երբ թեքվեցինք կամրջից ձախ ու փողոցով առաջացանք, Դավիթը կանչեց բարձր. «Հայրիկ, եկեղեցին մտավ շենքի մեջ»: Այս երկար, աղեղի նման ձգվող բնակելի շենքը՝ Զանգվի կիրճի վրա, ինչպես Աբովյանի փողոցի վրա տնտեսագիտության ու լեզվի ինստիտուտի շենքն էր ժամանակին, հենց այդ նպատակով են սարքել՝ ծածկելու համար եկեղեցիները՝ Սուրբ Սարգիսն ու Սուրբ Կաթողիկեն… Իհարկե, ճիշտ էր բացելը, որքան էլ որ ակադեմիական շենքն Աբովյանի վրա պատահական շինություն չէր, կարելի էր բացվածքի հարցն այլ կերպ լուծել… Հետո պարզվեց, որ շինարարական հրապարակ են բացում Վեհափառի երևանյան նստավայրի համար, կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու համար… Եթե անգամ այդպիսի նստավայրի անհրաժեշտությունը կար, այն կարո՞ղ էր տեղադրվել Զանգվի կիրճի երկայնքով, դեպի Արարատ-Արագածը նայող որևէ հարթակի վրա…

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ վարպետ Ռաֆոն, ինչպես մեծարում էին ժամանակին շինարարները, Երևանի արագ կառուցապատման շրջանում՝ 60-70-ական թթ, քաղաքի բուռն կառուցապատման տարիներին հիշեցնում էր չմոռանալ դեպի Արարատ, Արագած դիտակների մասին, չզրկել երևանցուն իր գլխավոր դիրքային աստվածատուր առավելությունից, որ այս դեպքում կարող էր ու պիտի շնորհ դառնար… Եթե կառուցապատվող Երևանը նայեր դեպի Արարատ ու Արագած, եթե այն ձգվեր Զանգվի կիրճի աջ ու ձախ երկայնքով, աջ ու ձախ փեշերով, բլուրներով, Զանգվի աջ ու ձախ բազում կամուրջներով, մարդկային անցումներով, մենք այսօր ուրիշ քաղաքում կապրեինք… Փորձեք հիշել, թե վերջին անգամ երբ եք եղել Զանգվի կիրճում, ինչ առիթով, ու ամեն ինչ պարզ կլինի…

Հոր և աղջկա կապն ուրիշ է. Շուշան, Տաթև, Լիլիթ ջաներ, այլ է մեր կապը, այլ կերպ եմ զգում, հետևում, տագնապում… Բայց այլ է կարոտն իմ անհուն… Էս Դավիթը «ղզօղլան է», մոր տղան է… Տեսեք՝ մորը ո՜նց է սիրում… քիթ քթի՜, «մայրիկ ջա՜ն»՝ խոսքով, շուրթերով, մատներով…«Խորամանկ են քո ծիծիկները, մայրիկ»…

Պիտի լիներ Բլեյան ազգանունը կրող մի արու, ահա եղավ, լավա, որ ձեր սրտով եղավ՝ սիրուն, սիրվող, թե չէ իմ վեց գյոզալները՝ երեք աղջիկ ու երեք թոռնուհի, պիտի հիմա կեղծեին, ձևացնեին… Ուշքս գնում է իմ աղջիկների թվարկման համար։ Իմ բլոգում պաշտոնապես ներկայացնում եմ իմ սեբաստացի գյոզալներին. ձախից աջ՝ Արևիկ Տատինցյան (թոռնուհի), Տաթև Բլեյան (միջնեկ դուստր), Լիլիթ Բլեյան (ավագ դուստր), Արաքս Հովհաննիսյան (ավագ թոռնուհի), Սոնա Հովհաննիսյան (կրտսեր թոռնուհի), Շուշան Բլեյան (կրտսեր դուստր)։ Իսկ Դավթին չեմ ներկայացնում, որովհետև 2 օր է, մահանեն՝ հազը, առավոտյան չի լողանում։

Կրթության մեջ, հանրակրթական դպրոց՝ որպես աշխատանք, ես մտա ազգային դպրոց ստեղծելու որոշումով՝ «սովետում», նրա ծաղկուն շրջանում ազգային դպրոց… Այս դպրոցը, Բլեյանի դպրոցը, ստեղծողի մոբիլ դպրոցը, որ այսօր ունենք, ես հավանում եմ. մենք ուղիղ ճանապարհի վրա ենք, իմ համոզմամբ, զբաղված մանկավարժությամբ, որտեղ գլխավորը դիտարկող-հետազոտող անձն է, ու հարկ է, որ գոհ լինենք ունեցածով, օրվա հոգսով զբաղվելու համար:

Քաղաքականություն ես մուտք գործեցի 1989 թ. երկրորդ կեսից՝ պատերազմը կանխելու, հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման համար… Թույլ տվեք կրկնել իմ քաղաքական կենսագրությունը, որպես քաղվածք հրապարակված, անգլերեն, ռուսերեն, վրացերեն թարգմանված կենսագրությունից.

1989-1992 — ՀՀՇ վարչության անդամ
1990-1995 — ՀՀ ԳԽ պատգամավոր
1991 — Երևանի փոխքաղաքապետ
1992-2004 —  «Նոր ուղի» հասարակական քաղաքական կազմակերպության նախագահ
1994-1995 — ՀՀ լուսավորության նախարար
1995-1996 — ՀՀ կրթության և գիտության առաջին փոխնախարար
1998 — ՀՀ նախագահի թեկնածու
1999-2001 — Նուբարաշենի քննչական մեկուսարանի կալանավոր
2001-2003 — «Տանիք» իրավապաշտպան ՀԿ նախագահ
2003
 —
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու

Այո´, ես խաղաղարար եմ, խաղաղապաշտ եմ, ես չեմ արնոտել իմ ձեռքերը, չեմ պղծել իմ շուրթերն անեծքով՝ 15 տարի ամենատարբեր կարգավիճակով լինելով քաղաքականության մեջ: Գիտեք՝ ես մաշկով եմ զգում ողբերգականը, այն, ինչ Հովհաննես Թումանյանի այս խոսքերում կա. «Պատերազմն ինքնին մի վայրենի և բարբարոս երևույթ է։ Բայց եթե դա համարենք վիճելի, սակայն մեր՝ հայերիս և թաթարներիս, վերաբերմամբ կան անվիճելի ապացույցներ և՛ մեր վայրենության, և՛ մեր բարբարոսության մասին, երբ որ խաղաղ ժողովուրդները ծառանում են իրար դեմ և կողոպտում ու մորթոտում միմյանց ամենաանխնա կերպով։ Դա հայ-թաթարական ընդհարումն է։ Եվ այդ երևույթն ավելի սարսափելի է դառնում, երբ տեսնում ես, թե որպիսի անտարբերությամբ է նայում այդ ամենին երկու ժողովուրդների ինտելիգենցիան, որը շատ դեպքերում ինքն է առաջ բերում ընդհարում և ինքն էլ մասնակցում նրան»։

Կարդացեք հոդվածը իմ բլոգի ընթերցարանում։

Իսկ նկարաշարում Գեղարվեստի նախակրթարանի խաղահրապարակի ստեղծումն է։ Համեցեք կրթահամալիրի նորամուտի՝ 7 նորամուտի մեկ օրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անցած օրը՝ կիրակի, օրվա գիրը՝ նրա նման, անսպասելի ավարտով

Գրելը, օրագիր վարելը ինձ ավելի ու ավելի է դուր գալիս. գրում եմ հեշտացող թեթևությամբ, հաճույքով, առանց նեղելու ինձ, օրագրի վրա ծախսելով 60-80 րոպե, միշտ առավոտ կանուխ, իսկ իմ բլոգում, իմ

Մենք կրկին Ծաղկունք ենք գնում… Ի՜նչ է նշանակում Ծաղկունք

Ո՜նց է հիմա առավոտները և իրիկունները լողանում Դավիթ Բլեյանը՝ նկարելու բան է… Ուժեղ շիթով ցնցուղն իր բարձր ցուցումով պահել է տալիս մարմնի ամեն մի մասի վրա, սկսած ձեռքի ու ոտքի

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ