Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում… Որքան էլ՝ փրկագոտիով, որքան էլ՝ ներշնչված-համոզված-սաստված, Դավիթը տոնուս է ստանում Դպրոց-պարտեզի ճանապարհին՝ Ադրիանային-Ալեքսին-Օթարիկին մոտենալիս, մի ձեռքում՝ լողի պայուսակը, մյուսում՝ իր ընկերների անուշեղենը: Կապիկություններ է անում այնպես, որ անհանգստացնում է ղեկին լարված, Բ-4 թաղամաս մտնող մայր-հեղինակությանը.
— Դե՜, տեղդ հանգիստ վե՛ր ընկի, նստի…
Դավիթ Բլեյանը՝ հումորը տեղը, հումորով-Թումանյանով պաշտպանված կանացի մայրական բռնությունից.
— Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։
Հ. Թումանյանի «Քաջ Նազարի» հայտնի կտորը՝ առանց ստորակետի-դադարի, առանց սխալի արտաբերում է Դավիթը: Ինձ, իր տղայով հիացած, հրճվանքով, պատմում է Արմինեն ու խնդրում՝ զետեղեմ օրագրում, ընթերցո՛ղ:
Նոր դպրոցի 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Աննա Ստեփանյանի:
Մայիսյան հավաքը` սովորող-ուսուցչի թիթիզության հարթակ…
Ես այս մասին պատմում եմ մանկավարժական հավաքի օրերին, ամեն օր, Գեղարվեստում՝ Կարինե Բաբուջյանի «Բզեզի դպրոցը» թիթիզ խաղ-հավաքին, բո՜լ ուրախացանք Գեղարվեստի թատերական լաբորատորիայում, Նոր դպրոցում՝ Աննա Ստեփանյանի առաջին դասարանի հետ բակի «հավեսի անկյունում», թե Արմինե Գյոնջյանի վեց տարեկանների հետ՝ խոհանոցում՝ ուրախ ճաշկերույթին, Քոլեջում՝ մանկավարժական հոդվածների հեղինակ-ուսանողների ներկայացմանը… Երեկ՝ ամբողջ օրը և իհարկե, այսօր կցուցադրենք թիթիզության գլխավոր բացօթյա հարթակում՝ Կրթական պարտեզի սարալանջում. «99 աստիճան կանաչ fashion» նախագիծը մտածված է հենց որպես թիթիզության պոդիում-խրախճանք՝ մեծով-պստիկով, ծանոթ-անծանոթով: Ու իմ օրագիրը՝ անընդհատ ու թվով վեց հարյուր վաթսուներեքերորդը, որպես թիթիզ մանկավարժության օրինական հարթակ, ուզում եմ շարունակել՝ թիթիզանալով, տեսե՜ք-տեսեք ո՜նց եմ հասցնում, ինչքան լա՜վն եմ… նախանձից տրաքե՜ք…
Հայրենագիտության դասը կրթահամալիրի բրուտանոցում:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:
Իմ երեկվա օրը սկսվեց 02.30, մինչև 07.30 տանը՝ Չայկովսկի 30-ում. իմ անկյունում անընդհատ կարդում եմ… գրում: Հատկապես ինձ համար հետաքրքիր է կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցի Մայիսյան հավաքի ամեն մի օրվա յուրաքանչյուր հղում. ո՛ր խումբը, ո՛ր ուսուցիչը, ո՛ր սովորողը Մայիսյան հավաքին թիթիզանալու այս մոբիլ-ստեղծական հնարավորության հարթակն ինչպիսի խնամքով ու կոնկրետությամբ է օգտագործել…
7.30-8.30 Դավիթը ոչ միայն լողում-պատրաստվում է, այլև տանն ինչ կա-չկա հետը պարտեզ է տանում. ոգևորված է մեր հերոսը՝ հեծանիվ-ինքնագլոր մեխանիզմներ, մրգեր-կոնֆետներ, լողազգեստ, բոլորն էլ՝ իր նման լվացած-մաքուր, ճանապարհ ընկանք, միայն Արմինե մայրիկի մեքենան է կեղտոտ…
9.00 իմ օրը սկսում եմ Մայր դպրոցում (օ՞րը, ես վեց ու կես ժամ ո՞ւր էի). Մարմարյա սրահն իմպրովիզի-ազատ ինքնաբուխ-ստեղծական թիթիզանալու լավագույն հարթակն է… Կներեք, ես շա՜տ շատերիդ չեմ հասկանում… Լա՜վ, մեծ էկրանն օգտագործե՛ք. այսպիսի հանդիսատես կա. երեկվա ձեր թիթիզության նմուշները բերեք, պատմեք… Մե՜կ է, ամեն Աստծո առավոտ ես գլխավոր թիթիզության նմուշները տարբեր կերպ եմ ընկալում…
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկից, Թուր-Կեծակից…
Թա՛փ տվեք ձեզ, գործընկերնե՛ր, բոլոր տարիքի սեբաստացինե՛ր, մայիս-հունիսն՝ ավելի թեթև, թռիչքային՝ բարձունքն ի վեր…
Իմ շրջայց-միջամտությունը Մայր դպրոցով, ներսով-դրսով, «99 աստիճան կանաչ fashion»-ով, «Ցտեսություն» նախագծի ընթացքով… Այնքա՜ն արագ է փոխվում գրավչության-թիթիզության աշխարհ «Մայր»-ը մեր, դառնում հարմարավետ: Հետո ոտքով, ճեմելով հասա Քոլեջ. դրախտը ստեղծող Քոլեջի երկրագործ տղաների, Էլյայի ու Անահիտ Մելքոնյանի հետ… արանքում ես զայրանում եմ. Նոր դպրոցի արշավախմբային-հեծանվային կայանը 14.00-ին ասված էր, պիտի բացվեր, իսկ հետաձգելն այնքա՜ն հեշտ ու մերժելի ճանապարհ է… Չե՛մ թողնի ու ճիշտ կանեմ… Քոլեջի սովորողները, ինչպես միշտ, հասան օգնության…
Այստեղով անցնում է թիթիզանալու օրվա գլխավոր շքերթը. ես՝ իմ նժույգով, ետևում՝ մեկ դյուժին նոր-կռասավեց զամբիկներ… Այսպիսի թիթիզ երթի՝ մանկավարժության խրախճանքի համար ես պատրաստ եմ անդադրում շաբաթներ, ամիսներ՝ հավաքից հավաք բանել… Մինչ այս եղել էի Քոլեջի ուսանողների՝ Սոֆյա Այվազյանի հավաքին…
Որքա՜ն էլ ջանամ, որքան էլ կարճ պատմեմ, իմ՝ օրվա մասին թիթիզանալը, չի տեղավորվում մի գրի մեջ…
Ռոդարիական սելֆիաշար:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Գլխավոր թիթիզության խրախճանքը, իհարկե, Բ-4-ում էր՝ Դպրոց-պարտեզում, ուր մենք հասանք ժամը 13.00-ին քայլարշավով Գեղարվեստի ղեկավար Քնարիկի ու իր ընտրած մի խմբի՝ սովորողների ու ծնողների հետ մեզ թև տված «Թևավոր Արարատ» հավաքից հետո… Զառա Ոսկանյանի ցուցահանդես-լաբորատորիան պիտի այսպես նայվեր…
Գյոնջյան Արմինեի դասարանի հետ իմ սելֆին՝ ճաշարանում… Վերջն է թիթիզության սելֆի հենց նոր կերած-լպստած-պլպլացրած գդալ ափսեով… այնքա՜ն համեղ էր փլավը, լավ է մատներն էլ, ափսե-գդլաներն էլ հետը չկերանք…
Մտնում եմ տուն իրիկունը ժամը 9.10 հյուրանոցից՝ «Երևանի Ռոտարի ակումբ»-ի շաբաթական հանդիպումից, որտեղ ես, պարզվեց, հյուր-խոսնակ եմ… Զոհվում եմ 11-12-ի արանքում..
Առավոտ հինգն է, ու ես, ահա, սկսում եմ իմ պատումն ու խաղաղ մանկավարժի կյանքը, օրը… Ունեմ վրիպումներ երեկ. իմն են, չեմ ների, ինքս ինձ կպատժեմ այնքան, մինչև ձև գտնեմ այսօր դրանց անդրադառնալու, քավելու իմ գործած չարիքները… Ստուգաբանի՛ր, Սուսան Մարկոսյան, այս բառը…
1. Չար գործ, չարագործություն:
2. Աղետ, դժբախտություն:
3. Վնասակար հանգամանք, պատուհաս, փորձանք:
4. (փոխաբերական) Շատ անհանգստություններ պատճառող՝ շարունակ անախորժություններ ու հոգս պատճառող մարդ:
Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 663