Այդպիսի շրջան 1991-ին եղավ։ 1991-ին Աշոտ Մանուչարյանը Հայաստանի Ներքին գործոց նախարարն էր՝ մեր շատ սիրելի Կարապետ Սիմիդյանի թիկնապահ հովանու ներքո, Աշոտ Դաբաղյանը՝ Հայաստանի Լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանի 1-ին տեղակալը, Աշոտ Բլեյանը՝ Երևանի փոխքաղաքապետ: Ի դեպ, «Պոլիտեխնիկի» պրոռեկտոր, դասախոս, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը կրթահամալիրի խորհրդի անդամ է, մեր 4-րդ, 5-րդ դասարանցիներ Վիկտորյա Անի և Մարկ Միկաիլիների պապիկը… Գևորգ Հակոբյանն ընտրվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն և պայման դրեց, որ աշխատելու է մինչև իմ վերադարձը։ Որոշում կայացնողները քաղաքապետարանում իմ աշխատանքը դիտում էին որպես գործուղում և մաղթեցին շուտափույթ և բարեհաջող վերադարձ։
Իսկ տեղն եկել է, ասենք: Աշոտ Մանուչարյանը շատ կարճ աշխատեց Ներքին գործոց նախարարի պաշտոնում… Այս մի Աշոտը, գիտեք, հայտնի էր իր բացառիկ օրինավորությամբ՝ և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում. չէր ծխում երբեք, չէր խմում, կանանց հետ սիլի-բիլի չէր անում, չէր հայհոյում երբեք։ Միակ «խուլիգանական» խոսքը, կասեր Դավիթը, որ լսել եմ Աշոտից, իսկ ես նրան հանդիպել եմ 1972-ից՝ ֆիզիկայի ֆակուլտետում.
— Դաբաղյան, դու սրիկա ես…
Դաբաղյանի և Մանուչարյանի՝ երկու հարազատ, իրար համար կյանք տված ընկերների մշտական վեճը կողքից նայողի համար զվարճալի զբաղմունք էր։
Սիմիդյան Կարապետը հաճույքով պատմում էր, թե նախարար եղած շրջանում Մանուչարյանը մի անգամ ինչպես այնքան է զայրացել, որ հանգստանալու համար ասել է Կարապետին.
— Սիմիդ, մի հատ հայհոյի…
Մանուչարյանը շուտով նշանակվեց ՀՀ նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության գծով գլխավոր խորհրդական, ու ցավոք ցայսօր նրա այցը կրթահամալիր եղել է թռուցիկ… Որքան էլ՝ վստահ եմ, հետևել-ցավել է կրթահամալիրի ողջ գործունեության համար… Աշոտը, գիտեք, ամուսնացավ դպրոցում մեր ռուսերենի սքանչելի ուսուցչուհի Աիդայի հետ, երեք՝ մեկը մյուսից «Մանուչար» տղա ունի. Լևոնը կարճ շրջան աշխատեց կրթահամալիրում, իսկ Վարդանն ավարտեց Գեղարվեստի ավագ դպրոցը 2014-ին:
Աշոտ Դաբաղյանը 1992-ին նշանակվեց ՀՀ Անվտանգության ծառայության պետի տեղակալ, հետո հայտնվեց «բիզնես աշխարհում»՝ Ուկրաինայում: Աշոտի տիկինը՝ Գոհար Դարբինյանը, մեր սովորողների ամենասիրելի ուսուցիչներից էր, քիմիայի հայտնի մասնագետ, նրանց տղան՝ մեր Բագրատը, յուրահատուկ էր առաջին դասարանից, հայտնի հետազոտող-փորձարար։ Նա հիմա հաջողությամբ գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Վստահ եմ, որ նոյեմբերյան մեր տոնին կհանդիպենք կրթահամալիրում երեք Աշոտներով՝ մեծով-պստիկով, ու 2014-ի նոյեմբերի 14-ին տոնի կրթական շքերթը միասին կընդունենք:
Որպես Երևանի փոխքաղաքապետ՝ պետական պատվիրակության կազմում իմ առաջին այցելությունը արտասահման՝ Մոսկվա-Հռոմ-Վենետիկ-Սուրբ Ղազար էր. ես ուղեկցում էի Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա օգնական Ալեքսանդր Արզումանյանի հետ: Տեր-Պետրոսյանի հետ հեշտ է, թեթև է ճամփորդելը. նա մարդ է, ով իր մտավորական (Մատենադարանի գիտնական-քարտուղարի, գիտաշխատողի) կենցաղը չփոխեց այդպես էլ, ինչքից, ուտուշ-խմուշից հեռու, ինքն է ու իր սուրճ ու ծխախոտը, բացառիկ հումորով, ընկերների նկատմամբ ուշադիր… Տեր-Պետրոսյանի առաջարկով Սուրբ Ղազարում՝ Մխիթարյանների հարկի ներքո, ես մնացի մի քանի օր… Երբեք չեմ մոռանա, որ միաբանությունում ես ապրել եմ, գիշերել Ղևոնդ Ալիշանի առանձնասենյակում, իսկ ինձ մշտապես ուղեկցում էր վաղամեռիկ տաղանդավոր գրող-թարգմանիչ-խմբագիր Զուլալ Գազանչյանը:
Գիտեի, որ փոխքաղաքապետի պաշտոնում կարճ, շատ կարճ եմ աշխատելու. ես ինձ գիտեի, Համբարձում Գալստյանին… Որքան սիրելի՝ շատ էին տարբեր մեր պատկերացումները՝ քաղաքի և ինձ վստահված ոլորտի զարգացման, դրա կառավարման, Հայաստանի կառավարության ու նրա գերատեսչությունների հետ հարաբերությունների մասին… Ահա ինչու՝ չարեցի ոչինչ, որ կիսատ կմնար՝ վստահ, որ շատ շուտով ինձնից հետո գալու են մարդիկ, որ հակառակն են անելու… Ես չփոխեցի անգամ իմ ծառայական մեքենան, վարորդին, օգնականին, քարտուղարին… Ես բաց էի, մատչելի յուրաքանչյուր քաղաքացու, մշակութային, կրթական, մարզական հաստատության աշխատողի համար… Համբարձումը սիրելի է եղել, մարդկային, ուշադիր իմ նկատմամբ միշտ, մինչև մեր համատեղ աշխատանքի վերջին օրը. վստահ եմ, որ իմ հեռացումն անակնկալ էր ոչ միայն քաղաքապետարանի աշխատողների, այլև նրա համար… Համբարձումի՝ 1994թ. դեկտեմբերի 19-ի սպանությունը ինձ համար եղբոր կորուստ էր…
1991թ. սեպտեմբերի 4-ին՝ իմ ծննդյան օրը, քաղաքապետի ավանդական մեծ խորհրդակցության ժամանակ շնորհակալություն հայտնեցի, հրաժարական ներկայացրի և հայտարարեցի կրթահամալիր վերադառնալու իմ որոշման մասին՝ նվեր ինձ, իմ ընկերներին, սաներին… Ժամեր հետո ես կրթահամալիրում էի. ինձ առաջին դիմավորողը Գևորգ Հակոբյանը եղավ…
— Արի, քավոր ջան, կրթահամալիրդ սաղ-սալամաթ հանձնում եմ… Կրթահամալիրում տոն էր, այնպիսին, որ միշտ քեզ հետ է լինում:
Այսպիսի տոն եղել է և 2001թ.-ի հուլիսյան օրը, երբ ես Սովետաշենի կլոր բերդից հետո մտա Մայր դպրոց… Շնորհակալ եմ, ինչպես շնորհակալ եմ երեկվա լիքը-թեթև ուրբաթ օրվա համար…
Արդեն երեք տարի ուսումնական շաբաթվա ուրբաթներն ուղեկցվում են Մեդիաուրբաթի համերգով. բացառիկ է անգամ սեբաստացիների համար՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15.15, Մարմարյա սրահում մենք բաց, համերաշխ-ստեղծական հավաքում ի մի ենք բերում մեր շաբաթվա համատեղ կյանքը: Գրիգոր Խաչատրյանը հիմա մշակութային առաքելությամբ Թուրքիայում է, բայց հո նրա խոսքերը կան, մեզ հետ են՝ մենք չենք աշխատում կամ սովորում կրթահամալիրում, մենք ապրում ենք. ահա և առանձնահատուկը մեր մասին մեկ նախադասությամբ: Միասին ապրած ուրբաթ օր, որ սկսվեց Գեղարվեստի տանիքով. ի՜նչ տպավորիչ-խիզախ էր Քնարիկ Ներսիսյանի ու սաների ելույթը, տանիքի բացումը, որին ես կիրակի պիտի անդրադառնամ, հետո Գեղարվեստի ցուցասրահում գերմանացի նկարիչ Գագիկ Բաբայանի եռօրյա վարպետության դասի ցուցադրումը… Խոսեցի մեր նոր բարեկամի հետ. հիացած էր Գեղարվեստով, կրթական միջավայրով, սովորողների, ուսուցիչների շնորհքով… Թատրոնի խմբում վարպետության դաս էին անցկացնում Էդգար Էլբակյանի թատրոնի դերասանները։
Ես սիրով դիմավորեցի, ուղեկցեցի կրթահամալիրով Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի սովորողների և ուսուցիչների մեծ խմբին՝ մեր աշնանային ստեղծագործական հավաքի 5-րդ օրվա ոգևորված մասնակիցներին։ Հետո ընդունեցի Բուենոս Այրեսի մխիթարյաններին. սա ավանդական, տոնական սպասված հանդիպում է: Տեսնում եք՝ թե կրթահամալիրում ինչքան ճանապարհներ են խաչվում։ Իսկ բոլոր մխիթարյանների, բոլոր սեբաստահայերի, մեր բոլոր հայրենակիցների համար մենք կենտրոն ենք դառնում. և 1991-ին Սուրբ Ղազարում ես այսօրվա մասին էի պատմում։ Այն ժամանակ էլ, հիմա էլ, անհավատալի է թվում, բայց, ահա, փաստ է…