Կարոտը զորեղ բան է. կարոտեցի Շուշանին առտու-գիշերվա ժամը 4-ի 5-ի արանքում։ Բա viber կապը հենց այս կարոտի՞ց չի ստեղծվել. Վիեննան, հրես, կապի մեջ է, ու Շուշանը՝ գծի մյուս ծայրին։ Աղջիկս էլ, պարզվում է, ինձ է սպասել… Խանգարող չկա, վայրի կատվազգիները ոտի տակ չեն ընկնում, չեն հոշոտում. իրիկունը հովազ-ընձառյուծ աշխատած մեր Դավիթն ու հոշոտված Արմինե մայրիկը խորը նինջի մեջ են… Երևանում՝ ես, Վիեննայում՝ Շուշոն. այսպես բոլ-բոլ զրուցեցինք։ Սիրեցի Շուշոյիս, կարոտս այս կապով առա, լսեցի իր դասերի, կիթառով ուղեկցվող երգաշարի պատրաստության մասին, պատմեցի երաժշտական անցուդարձից, մեր աշխարհի մարդկանցից ու… Վրաստանից։ Վրաց դեսպանն ու դեսպանատան անզուգական Նինո Ափցիաուրին բարևներ էին փոխանցել, որ հատուկ կարևորությամբ տեղ հասցրի։

Մեդիաուրբաթը լուսանկարներով:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի առաքելությունն ավարտելու կապակցությամբ բատոնո Թենգիզ Շարմանաշվիլին այցելել էր կրթահամալիր՝ հրաժեշտի համար… Հուզիչ ու պատվավոր այց, ինչին մոտեցանք պատշաճ հարգանքով ու եղբայրական անկեղծությամբ։ Մնացածը դուք տեսաք, մասնակից եղաք. ինչպես միշտ՝ բաց ու կենդանի, անձևական, ինչպես Մայր դպրոցում, այնպես և mskh.am-ում սովորողների և ուսուցիչների արձագանքում։ Մեր կրթահամալիրի արդեն հինգ տարվա բարեկամ դեսպանը չէր թաքցնում կրթահամալիրի վերջին մեկ տարվա փոփոխություններից-առաջընթացից իր զարմանքը… Ի՞նչ ծառայության կանցնեն դեսպանն ու իր բարեհամբույր կինը Թբիլիսիում. անկասկած է, որ մենք  Վրաստանում հավատարիմ գործընկեր ունենք, որ կշարունակի իր նպաստը բերել հայ-վրացական հանրակրթական կամուրջների զորացմանը, իսկ ես ու դեսպանը կհաստատենք նաև ընտանեկան-ընկերական մտերմություն… Պատանի հեծանվորդների՝ դեսպանի մեքենայի դրոշներով պատվո ուղեկցումը չէր կարող չհուզել… Ուղղակի ինչպես ամեն ինչ, նաև այսպիսի ընդունելությունը պիտի իրական ուսուցում, գրավիչ ուսումնական աշխատանք դառնա…

Կինո-ֆոտո ակումբի ավագ խումբն աշխատում է «Չգործող քաղաքը» նախագծի վրա:

Որպես կանոն, լեցուն, առավել խիտ ու բազմազան ուրբաթն այս անգամ չավարտվեց ամենշաբաթյա համերգով, որ Ստեփան Թորոյանին ու իր ստեղծած «Կայծերին» հաջողվեց վերածել իսկական բոցավառության… Ի՜նչ հրդեհ-ֆինալ ստացվեց «Յարխուշտան» Մարմարյա սրահում, սեբաստացի պատանիների կատարմամբ… «Ցտեսություն» տոնախմբության մայիսյան հրավառությանը դեռ երեք ամիս կա, ու կտեսնենք՝ ոնց են շրջանավարտներով ցնցելու այս նշանավոր, Հայաստանի ամենագրավիչ սյունազարդ դահլիճ-հրապարակը…

Դպրոց-պարտեզի սովորողներն այցելել են Ռոքսիին ու Մայկիին։ Տեսանյութը՝ Սոնա Փափազյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=gkAtGJ5FDTY?rel=0&controls=0&showinfo=0]

Իսկ կրթահամալիրի խորհրդի նիստը կայացավ որպես իսկական ֆլեշմոբ` կենդանի-ընտանեկան… Մեր խորհրդի նոր կազմը ավելի ու ավելի բարեխիղճ-շահագրգիռ-անմիջական-անհատական է սկսել կառավարել, քննել ու մասնակիցը դառնալ կրթահամալիրային բոլոր խնդիրների՝ սկսած ամեն մի դպրոցի զարգացման ծրագրի առանձնահատկություններից, շարունակած ավագ դպրոցում հեղինակային մանկավարժության զարգացման վիճակով, ավարտած ֆլեշմոբ ուսումնական գործիքի կիրառմամբ… Ի՛նչ խոչընդոտներ պիտի հաղթահարենք, ինչպիսի՛ն պիտի դառնա հեղինակային մանկավարժության կազմակերպումը ավագ դպրոցում, որ ծնող-ընտանիքը վստահի դպրոցին, ինքն իրեն ու սովորողին, նպաստի ինքնակրթության կազմակերպմանը, որ սովորողը, ունենալով այնպիսի հզոր գործիք, ինչպիսին անհատական պլանն է ու դրա իրագործման ժամանակացույցը, խնայի-չմսխի ծնողի-ընտանիքի դրամական միջոցներն ու իր կապիտալ ժամանակը, ամենօրյա արդար քրտինքով առաջանա իր նպատակների իրագործման ճանապարհով՝ առանց կեղծիքի, շարունակ իր ներքին ուժերն ու տաղանդը զարգացնելով ինքնուրույն, ինքնավստահ-պատասխանատու-գործուն իր որոշումներում… Այսպիսի ավագ դպրոց։ Հիմա: Սկսել ենք ու շարունակում ենք: Ունենք նաև կրթահամալիրի խորհրդի աջակցությունը:

 Պարային մեդիաուրբաթ։

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
#596

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաչվող-չխաչվող ճամփաներով. հետ-առաջ չկա…

Նվերն այսպիսի է լինում ծննդյան. «Հարգելի՛ տիար, Աստղիկի բլոգը պատրաստ է»,- մատուցում է ինձ Դավիթ Բլեյանի ուսուցիչ Լուսինե Փաշայանը… Հիմա, երբ Դավիթն իր սենյակում քնի մեջ է, Աստղիկը (Արմինեն հենց

Մեր շրջակա-աշխարհին, այո՛, մաքրություն է պետք… և մենք այն բերում ենք

Իմ շրջակա միջավայրում սպասման մեջ են մարդիկ՝ թաղամասերի բնակիչ-«փիլիսոփաներ», «քաղաքագետներ»… Ի՞նչ է անելու Բլեյանը. երբ քանդեց-մաքրեց, հրապարակներ ազատեց, ի՞նչ է կառուցելու… Իմացա՞ք, թափով սկսեցինք լանջերի ճիմապատում-կանաչապատումը. երեկ ավարտեցինք Մայր դպրոցի

Գիր գրոց կամ 51-րդ օրվա գիրը՝ նվեր ընթերցողին

Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը. «Հանկարծ լվացքի մեքենայի վրա չիշիկ չանեմ… Հանկարծ ճաշի ամանը շուռ չտամ