haqqin.az, 10.02.2016

— Իննսունականներին և նույնիսկ երկու հազարականների սկզբին դուք ակտիվորեն զբաղվում էիք խաղաղարար գործունեությամբ՝ գալիս էիք Ադրբեջան, «Ադրբեջանի օրեր» էիք անցկացնում Երևանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սակայն վերջին տարիներս դուք չեք երևում Հայաստանի հասարակական կյանքում: Դա արդյունք է այն խնդիրների, որոնց ուղղված են ձեր ջանքե՞րը:

— Իհարկե ոչ: Այն, որ ես շարունակում եմ տնօրինել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստանում նույնիսկ «Ադրբեջանի օրեր» անցկացնելուց հետո, ապացույցն է այն բանի, որ ոչ մի խնդիր ես չեմ ունեցել ու չունեմ: Կրթահամալիրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, և եթե հիմա ես հաճախ չեմ հայտնվում ԶԼՄ-ների էջերին, դեռ չի նշանակում, որ այլևս չեմ զբաղվում խաղաղարար գործունեությամբ: Պարզապես անցել եմ որակապես այլ մակարդակի՝ խաղաղարարություն եմ անում կրթության միջոցով: Համոզված եմ, որ կրթությունը կարող է և պետք է աշխատի այդ ուղղությամբ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկու ժողովուրդների միջև, պետք է հաղթահարել միահամուռ ուժերով: Կյանքը շարունակվում է, և պետք է կարողանալ գալ նորմալ համակեցության: Եվ համոզված եմ, որ առանց այդ գործընթացի մեջ կրթության ներառման, այդ անելը դժվար կլինի:

Մեր կրթական ծրագրով մեր սովորողներին մենք ծանոթացնում ենք այդ թվում նաև Ադրբեջանի հետ: Մեզ համար հետաքրքիր է, թե ինչպես է հիմա զարգանում հարևան հանրապետությունը, ինչպես են ապրում մեր բազմադարյա հարևանները: Չէ՞ որ այսօրվա հայ դպրոցականը վատ է ճանաչում հարևան ժողովրդին, և մենք ուզում ենք ուղղել այդ սխալը կրթության միջոցով: Կարծում եմ, որ ադրբեջանցի դպրոցականներն էլ լավ տեղեկացված չեն Հայաստանի իրենց հասակակիցների մասին: Հիմա մենք իրագործում ենք մեր իսկ մշակած հեղինակային ծրագիրը, որը, ըստ էության, խաղաղարարության ծրագիր է: Ի միջի այլոց, անցյալ տարի սեպտեմբերին ես դարձա վաթսուն տարեկան: Բազում շնորհավորանքներ եմ ստացել: Շնորհավորանքներ էի սպասում նաև ադրբեջանցի ծանոթներիցս, բայց այդպես էլ չստացա…

Ինչո՞ւ էի իննսունականներին ես այդքան ակտիվ: Որովհետև ինձ թվում էր, որ հենց իմ սերունդն է, որ պիտի լուծի հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ես այն համարում էի իմ խնդիրը: Դժբախտաբար, չստացվեց: Եվ հիմա երկու ժողովուրդների հաշտեցումը հայերի և ադրբեջանցիների ներկա կամ ապագա սերունդների գործն է՝ ոչ միայն իմ արդեն հասուն դուստրերի, այլև չորսամյա Դավիթ որդուս:

Հիշում եմ, դուք ասում էիք, որ ձեր դուստրերից մեկը՝ Լիլիթը Բլեյան, որը հայ-ադրբեջանական հակամարտության սկզբում տակավին երեխա էր, ապագայում գուցե զբաղվի նրանով, ինչով զբաղվել եք դուք՝ խաղաղարարությամբ: Արդյոք նա գնո՞ւմ է հոր հետքերով:

— Լիլիթն այսօր հեղինակային երգի հայտնի կատարող է: Երգեր է գրում հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն: Եվ նույնիսկ այդ դերում նա այդ հակամարտության կարգավորման մեջ է ներքաշված: Քանզի ի՞նչ ասել է երաժշտություն, այն, ըստ էության, խաղաղարարություն է, զգացողությունները սեփական երգերի միջոցով փոխանցելու ձև:

Որքանո՞վ է ներկայիս Հայաստանում ու հայ հասարակությունում խաղաղարար տրամադրությունն իշխող:

— Իրավասու չեմ խոսել ողջ հայ ժողովրդի անունից, սակայն այն ոլորտում, որտեղ ես աշխատում եմ, մարդիկ հասկանում են, որ ռազմի ճանապարհը, հակամարտությունը շարունակելը փակուղի է: Երբ ինչ-որ մեկը խոսում է պատերազմի մասին, ես միշտ ընդհատում եմ նրան: Մենք պետք է վերականգնենք երկու ժողովուրդների բնական խաղաղ համակեցությունը: Հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության, համաձայնության ու հաշտության հաստատումը համարում եմ կյանքիս կարևորագույն խնդիրը: Այլ ճանապարհ ուղղակի չկա: Այսօր Հայաստանում արդեն դա լավ հասկանում են, մանավանդ բանակում, առաջին գծում ծառայող երիտասարդների ծնողները: Ընդհանրապես, ինչպե՞ս կարող է բարեկիրթ մարդը պատերազմին լավ վերաբերվել: Միևնույն ժամանակ ուզում եմ ցավով նշել, որ այս գործում հասարակական կազմակերպությունները նահանջել են երրորդ պլան: Ժողովրդական դիվանագիտությունն այսօր ետ է քաշվել հակամարտության լուծումից: Իննսունականներին, երբ մենք ակտիվորեն զբաղված էինք խաղաղարարությամբ, մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, բոլորին ցույց էինք տալիս, որ ուզում ենք առաջին պլանում լինել: Առանց հասարակական մասնակցության այս հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել:
Բայց հետո առաջին պլան եկան քաղաքագետները: Ավելին, այսօրվա հասարակական սեկտորին հակամարտության կարգավորումից հեռացնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև միջազգային միջնորդները: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են առաջին պլանում գործում միջնորդները: Արդյոք մեզ ընդհանրապես պե՞տք են միջնորդներ: Պե՞տք է, որ մեզ վրա ճնշում գործադրեն միջնորդները: Հարկավոր չէ մեր հիմնահարցերի լուծումը զիջել երրորդ ուժին:

— Կուզեի՞ք, արդյոք, ձեր գործունեության շրջանակներում մեկ անգամ ևս գալ Ադրբեջան:

— Գիտեք, ես արդեն քանի տարի է սպասում եմ, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում հերթական հրավերը ստանալ՝ Բաքու այցելելու: Շատ կուզեի Բաքվի դպրոցներ այցելել, խոսել ձեր դպրոցականների հետ, նրանց հետ միասին ադրբեջանական դասագրքերը թերթել, ինչպես դա անում ենք մեր վրաց գործընկերների հետ: Ի դեպ, մենք արդեն կրթական համատեղ նախագծերի հարուստ փորձ ունենք:

Ինձ մամուլում գովազդ կամ աղմուկ պետք չէ: Երբեմն դա նույնիսկ խանգարում է օգտակար գործին: Սակայն միշտ եղել և մնում եմ երկու ժողովուրդների խաղաղ համակեցության կողմնակից: Ահա թե ինչու հաճույքով կընդունեմ Բաքու այցելելու հրավերը: Վախենո՞ւմ եմ արդյոք հիմա գնալ Բաքու: Ոչ, շատ ավելի սարսափելի է ապրել մեկուսացված ու իրար նայել, ասես մի թիրախի:

Զրույցը վարեց Բահրամ Բատիևը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չե՛մ հասկանում…էդ չի նշանակում, որ տուպոյ եմ էդ աստիճան…

Աշոտ Բլեյանի անչափ հուզիչ խոսքը՝ Վանո Սիրադեղյանի մասին։ Այսօր Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն էր: Անչափ հուզական ելույթ ունեցավ հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Վանո՜, մեզ կներես.

Աշոտ Բլեյանի խոսքը Սիրադեղյանի հուղարկավորության ժամանակ: