Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։

Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ ճանապարհեց վագրավարի՝ չորեքթաթ, մռնչյունով, կծոտելով։

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին լեցուն էր խորհրդով, մասնակից-ունկնդրով Պատարագի, որ սկսեց ճիշտ ժամին։ Սրահը ցուրտ չէր, երգչախումբը՝ պատշաճ, պատարագիչը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Սրբազանի խոսքը-երգը-տեսքը տիրապետող էր. երկու ժամը հավատավոր ժողովրդի ապրումակցության վայելք էր. ես սիրով պատրաստ եմ յուրաքանչյուր կիրակի այսպես, ոտքի վրա պատարագի մասնակից լինել։ Ես ոչ միայն շնորհավորեցի Սրբազանին, նաև շնորհակալ եղա այսպիսի օրվա համար։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի կրթական համակարգի խնդիրը չէ՞ հայաստանյաց հասարակությանը պատարագով կրթելը. Հայաստանով մեկ այսպիսի պատարագի կազմակերպումը, այսպիսի ունկնդրի պատրաստումը հասարակական պատվե՞ր է Եկեղեցուն, կրթական համակարգին, ընտանիքին։ Ու ես հետո, տունդարձի ճանապարհին մեր «Գրաբարը՝ որպես ծեսի լեզու» կրթական նախագծի, 6-12-րդ դասարաններում «Արվեստ» դասընթացի, «Ընթերցում ենք Կտակարան քահանայի հետ» նախագծի՝ անցածի-ներկայի-վաղվա հետ էի. բանն ասելը չէ, բանն օրինակ տալն է… Էլ ի՞նչ Նոր տարի…

Մայր դպրոցի բույսերը խնամվում են, ծաղկում, պտուղ տալիս նաև արձակուրդի օրերին։ 
Լուսանկարները` Մարինե Ասատրյանի:

Մենք օրվա երկրորդ կեսին այցելում ենք Ֆրիդա տատիկին. մեր Տիգրան Հայարապետյանի մայրիկին Սուրբ Ծննդյան սեղանի շուրջ հանդիպում ենք ամեն տարի։ Տիկին Ֆրիդան գոհ մնաց մեր հերոսից։ Իմ, իմ ընտանիքի ու կրթահամալիրի նկատմամբ մշտապես ուշադիր, վաստակաշատ դաստիարակը լավ քննեց Դավթին ու խրախուսեց մեզ. Դավիթը փայլեց իր աճով, ուսումնատենչությամբ, պատասխանեց տատիկ-մանկավարժի տնային բոլոր մշակումներին։

Օտար լեզուների հետ չգիտենք մեր անելիքը… Ո՛չ տիկին Ֆրիդան, ո՛չ նշանավոր Արթուր Շահնազարյանը մեզ օգնել չկարողացան։ Իմ ու Արմինեի անգլերենը բանի պետք չէ, Դավիթը խեղճացնում է, Արմինեի վրացերենը և հայ-վրացերեն բառարանը առայժմ օգնում են մեզ, իսկ ռուսերենի իմացումի պաշարը ճաքեր է տալիս… Ճիշտ է տիար Գևորգը՝ խրախուսենք-չխանգարենք մեր հերոսին, որ գտել է հարցերով ինքն իրեն սովորելու ձևը… Հինգ ժամ Թիֆլիսի ճանապարհին, մի էդքան էլ՝ Երևանի, պատկերացրի՞ք միկրոավտոբուսի ուղևորների զարմացած-զահլամնա վիճակը, Դավիթը հարցնում էր ու հարցնում… Բոլոր հարցերն էլ, չգիտես ինչու, ինձ են ուղղված, բարձրաձայն… Իսկ մայրիկը իր համար թող քնի՜…

Աշխատանքային հանդիպում Հիմնական դպրոցում։ 
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի, Նաիրա Հարությունյանի։

— Այս գետը ոնց որ ծով լինի…
Դավթի ու Արմինեի հետ ճոպանուղու վագոնից նայում ենք Թբիլիսիին, քաղաքով մեկ ձգվող Քուռ գետին, առավոտով ու իրիկունով. Քուռը՝ լույսերի մեջ, Քուռը՝ ապակե կամրջի վրայից, Քուռը՝ Թբիլիսիի բոլոր եկեղեցիներից-քարափներից-քարե կամուրջներից, տպավորիչ է այնքա՜ն… Ավելացրեք սրան մեզ հետ երկար ու երկար դեպի Վրաստան-Թբիլիսի-Քուռ շտապող Դևբեդը՝ Թումանյանի ծննդյան հովիտով…
— Այսքան ջուր ո՞նց է լցվում ծովը…
— Ջուրը որ լցվում է, գետը ո՞նց չի դատարկվում….
— Բա Դևբեդից ու Արաքսից բացի էլ ի՞նչ գետեր են լցվում Քուռը…
Գետը այնքան մեծ է, որ Քուռի ջուրը կարծես կանգնած լինի…
— Քուռը Հրազդանի նման չի՞, չի քչքչո՞ւմ….
— Պապ, դու խոստացել ես՝ ինձ տանես տեսնեմ՝ ոնց է Հրազդանը թափվում Արաքսը։
— Բա Դևբեդը ո՞ւր կորավ, պապ…
— Դևբեդը մաքո՞ւր է, թե՞ կեղտոտ…
— Ձուկ կա՞ Դևբեդում… Ի՞նչ են ուտում ձկները, պապ…
— Բա ովքե՞ր են կեղտոտում գետերը։ Թող գետերն էլ ծովի նման մաքուր լինեն….
— Էլ ի՞նչ գետեր ունի Վրաստանը, ասա տեսնեմ…
— Կասպից ծովը Քուռից էլ մե՞ծ է, պապ… Ես ուզում եմ հիմա տեսնեմ Կասպից ծովը…- Իսկ ծովի մեդուզաներն ի՞նչ են անում ձկների հետ…
— Բա ծովում լողացող մարդիկ ո՞նց են պաշտպանվում մեդուզաներից….

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Օրագրի ընթերցարանը

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Ասատրյան
#546

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանիկ մարդկանց 13 սովորությունները

Կարդացի երջանիկ մարդկանց 13 սովորությունները, որպես թեսթ լրացրի. ես երջանիկ մարդ եմ: Թող ընթերցողն էլ լրացնի, տեսնենք նույն ուղղությա՞մբ ենք նայում… Դժբախտ դեպքերի տեսականին ավելացավ ևս մեկով՝ հոսանքահարություն. 2015թ.-ի հունիսին

Ծուլություն քաղհանի, երկրագործության ծիսականացման շրջանը

Հենց սա եմ ես անվանում Ծաղկազարդ կամ Ծառզարդար կամ գարնան տոն կամ Նոր տարի… Կրթական պարտեզը «Բալենիներ» սեբաստացի նախագծով համալրվեց ևս վաթսունհինգ տնկիով՝  բալենի, սալորենի, տանձենի… Նախագծի աջակիցներ՝ Օշական գյուղի բնակիչներ

Ի՞նչ կլիներ, եթե․․․ Ո՜չ, ինչ եղա՛վ հետո, երբ․․․

Ի՛նչ եղավ երեկ երեկոյան կրթահամալիրի խորհրդի նիստում․․․ Աշոտ և Տաթև Բլեյանների ներկայությամբ Բլեյան դպրոցի տնօրեն  ընտրվեց Սուսան Մարկոսյանը․․․ Մի տեսակ ինքնըստինքյան ստացվեց, բայց ինչպես կասեր իտալացի մանկագիր, «Ստեղծագործական երևակայության քերականության» անմահ տետրակի հեղինակ Ջանի Ռոդարին, ամեն այսպիսի «չնչին