Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի հետ եկել էր ինձ օրվա վերջում Մեդիակենտրոնից տուն տանելու… Իր պարտեզում երկա՜ր, մինչև երեկոյան մութն ընկնելը՝ համարյա ժամը վեցը, քնել էր մեծացող մարդը… այնքա՜ն, որ մորաքույր-դաստիարակ Ռուզանը, իրեն բնորոշ հումորով… քշել էր խմբից մեր ու տղուն.
— Պրծեˊք-գնացեˊք, ես տանը ձնծաղիկով տղա-աղջիկ ունեմ…
Դավթի տրամադրությունը Մեդիայում տռուզ էր՝ ինչպիսի՜ հեղինակային մանկավարժություն ստեղծող մանկավարժական լաբորատորիայի հայտնի դեմքերի շրջապատում էր… Մեդիայի նույնքան հայտնի ներքին, ոլորուն-աստիճաններով իջնում ենք… Բանգլադեշի հասարակությանը քաջ ծանոթ երկու հեծանիվներն են կողք կողքի կապած.
— Ինչո՞ւ է տիար Գևորգը զամբյուղ կապել հեծանվին…
— Տնական մարդ է մեր տիար Գևորգը, Դավիթ ջան, տան ճամփին մտնում է շուկա, զամբյուղը լցնում կարտոֆիլով, պղպեղով…
— Դավիթ չունի Գևորգ հոպարը դրա համար էլ զամբյուղով է՞ ման գալիս…
— Բա ո՞ւր է Ռուդիկի հեծանիվը…
Անակնկալի գալու բան է. ո՞նց հանկարծ հիշեց, ինչո՞ւ «Ռուդիկ» անունով դիմեց ու հիմա… Ժամանակ եմ շահում հարմար պատասխանի համար…
— Ո՞ր Ռուդիկի, Դավիթ, Սահակյա՞նց…
— Ինչի ուրիշ Ռուդիկ էլ ունե՞ք Մեդիայում…
Այ, այսպիսի մեծախոս, շաբաթ օրը, ինչպես ինքն է ընդունում, դեկտեմբերի 12-ին նոր չորս տարեկան դարձող Դավիթ…

Հին իրերին՝ նոր շունչ։
Լուսանկարները՝  Խառատյան Կարինեի։

Իրիկունը տանը Սոնա քույրիկի հետ ինքնամոռաց խաղում է իր սենյակում։ Դուռը կիսաբաց է. լսվում է Սոնայի ձայնը…
— Դավիթ, գնա պապիկիդ ասա, ինքը կհասկանա, ես գիտեմ…
— Սոնաˊ աղջիկ, քո պապիկն է, դո՛ւ էլ ասա, դու էլ բա՛ն հասկացրու…
Պապ ու թոռնիկի օրվա մեր խոսակցությունն ինձ տանում է անցյալ դարի հիսունականների վերջ, վաթսունականների սկիզբ… Ու ես լսում եմ հորս ձայնը, որ իմ ականջներին այնքա՜ն խանդաղատանք է բերում.
— Շա՛ն տղա,- վայելք-ծիծաղով շամխալավարի,- քո մտքին եսիմ ի՜նչ կա… որ որոշել ես, արա, մեկ ա անելու ես…
Երեկ ես վճռական ընտրեցի քայլքը՝ որպես ուղիղ ճանապարհ՝ Մեդիակենտրոնից Քոլեջ հասնելու համար։ Հեծանիվն ու մեքենան շրջանցում են պարտադրում՝ Գեղարվեստով (դադար) Մայր դպրոց, Նոր դպրոց (դադար), Քոլեջ… Ես, ուղիղ, թաղամասի ճարտարապետական առաջարկ-սխեմայի արահետներով, վստահ, մի քանի րոպեում հասա Քոլեջ… Ինձ ոչինչ չխանգարեց, չզայրացրեց, հետ չպահեց, ո՛չ բաժանող մետաղյա ճաղերը, ո՛չ քարուքանդը, ո՛չ ամայությունը ճամփեքի… Նույն կերպ քայլքով ուղիղ հատակագիծ-սխեմայի այլ արահետով ես հայտնվեցի Մայր դպրոցում… կրթական պարտեզի ամենամեծ ուսումնական տարածքում… Այստեղ քայլելը լիարժեք զբոսանք է՝ ներսով-դրսով…

Թավջութակահար Մանուկը, ով Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազարը լավ գիտի ու դրա պաշտամունք ունի, նկատեց.
— Ես զգացում ունեմ, որ կղզում եմ, միաբանությունում…
Ես էլ, ընկերներ… Թաղամասը մեր հիմա իմ առաջ բացվում է որպես մի Սուրբ Ղազար երկիր… Հայաստանի թե Բանգլադեշի եդեմը…

Քոլեջի ուսանողները Քոլեջ-պարտեզում։
Լուսանկարները՝  Լիլիթ Մեղրյանի։

Ես չեմ կեղծում, ճիգ չեմ անում, իմ բերանից թռչում է, երբ ասում եմ՝ Նոր տարին մեր կրթական պարտեզում… Ես նկատի ունեմ ոչ միայն կրթահամալիրը, այլև կրթահամալիրի Բանգլադեշը կամ Բանգլադեշի կրթահամալիրը՝ առաջարկ-սխեմայով, իր զարգացմամբ-տարածմամբ դեպի արևմուտք ու հարավ-արևմուտք… Շնորհակալ եմ Անահիտ Բախշյանին՝ իր խանդավառության և կոնկրետություն-հետևողականության համար. Անահիտ ջան, հայրենակիցնե՛ր, չի կարելի խարխափելով շարունակել մեր կյանքը Նոր տարում. հետիոտն արահետով, հեծանվորդի ճանապարհով թե կյանքի ուղով՝ պիտի հարթենք այս՝ քսանվեց տարի մեզ օղակած փակուղին: Մենք սկսել ենք մեր Բանգլադեշից… Ես միշտ վատ եմ հասկացել «умный в гору не пойдет, умный гору обойдет» ասացվածքը… Հիմա՝ առավել ևս…  Սրա փոխարեն առաջարկում եմ «Ովքեր մեզ խանգարել են, նրանք էլ կօգնեն»-ը՝ Գրիգոր-Սպարապետ հայտնի դասընկեր զույգի նշանաբաններից։ Սա, իհարկե, ուղի է, ընթացք է… «Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա»-ն հայացք է, մնացածը՝ կրթական գործ:

Ուրիշ շարադրանք դարձավ՝ լրիվ քաղաքական, արդիական Նոր ուղի… Այսպես պատմվեց, ուրիշ ի՞նչ կերպ… երբ քեզ վրա կրակում են՝ սահմանի այն կողմից էլ՝ թշնամի դարձած հարևանդ, էս կողմից էլ՝ հայրենակիցդ, հարևանդ, բարեկամդ, ու կրակում են… թնդանոթով… Ես սահմանադրական հայաստանասիրության մասին շարք ունեմ գրած, ինձ որ մնար, ես կկառուցեի ինքնորոշված մարդու սահմանադիր աշխարհ… Բայց ի՜նչ անես, երբ քշվել ենք-հայտնվել թնդանոթի բերանում՝ ներսից ու դրսից… Փլուզման տակ մնացողը հո չե՞նք: Փակուղու հաղթահարման սխեմա-առաջարկի իրագործումով է լինելու մեր տարին նոր: Շնորհավո՜ր Նոր տարի:

«Կրթական պարտեզ արվարձանոււմ». կլոր սեղան-քննարկում։
Լուսանկարները՝  Արամ Ալեքսանյանի։

Օրվա մյուս քաղաքականը

  • Վրաստանի՝ ՆԱՏՕ-ում ներառվելը խաթարում է Անդրկովկասում դրության կայունացման բազմակողմանի ջանքերը… ՌԴ արտգործնախարարությունում հայտնված այս կարծիքը թե զգուշացումը նոր չէ. ունե՞ն այլ ճանապարհ վրացիները…
  • Ֆրանսիայում ներկայացվել է կլիմայի միջազգային համաձայնության նախագիծը. այս փաստաթութը, հուսանք, որ կընդունվի այնպես, որ կդառնա ողջ մարդկության ջանքերը ներառող, նաև, իսկական կրթական ծրագիր…
  • Մեզ մեկ քայլ է բաժանում լայնամասշտաբ… պատերազմից… Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակի հայտարարությունն է սա: Իսկ մենք՝ ողջ հասարակությամբ, քանի՜ ամիս ներքաշված էինք ձևական թե էական սահմանադրական փոփոխությունների, հիմա էլ՝ կեղծիքի զզվանքը հաղթահարելու՝ մաշող հորձանուտում… Ես երբեք չեմ դադարել անակնկալի գալ հայոց «պոզդնիության» վերաբերյալ… նույն է, թե ժամանակավրեպ…

Ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 521

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառ 2017-ի հուսալի գործընկեր իմ օրագիրը

Նախաճամբարային կիրակի օրը չէր կարող աշխատանքային չլինել. այսօր՝ ժամը 9.00, «Բարեկամություն» մանկավարժական նորարական նախագծով ճամբարականների հետ ես կսկսեմ ընդհանուր պարապմունք-բացումը… Հերիք անհոգ թափառեցիր… Ճամբարի ղեկավար Հերմինե Անտոնյանը, վրաց մանկավարժների ջոկատից

Բարի լուրերը իրենց մասին լուռ են հայտնում․․․

Աշոտ Տիգրանյանի առաջարկած Հարուկի Մուրակամիի ընթերցանությունն էլ օգնեց, նրա խորհուրդները, ինչպես առաջադրանք դասավորելը․․․ Նախօրոք հայտնի ենթավերնագրերով։ Մուրակամիի մտքերից տեսնես ի՞նչ կիրակնօրյա պիցցա կստացվի։ Ինձ նոր հեծանվային ակնոցով տեսե՞լ եք, Հասմիկ

Մեզ ամենից շատ ոգի է հարկավոր

«Սովետական դպրոց», 1987, 13 օգոստոս Մոտեցող 1987-88 ուստարին ինձ ամանորի գալուստ է հիշեցնում. նույն փութաջան, բայց հանդիսավոր նախապատրաստությունը, օրերի հետ մեծացող նույն անհանգստությունն ու ուրախությունը, սպասվող անսովորի գրգիռը, նույն ծանոթ-ուռչող