Դավիթ Բլեյանը ջերմություն ունի, մարմնի վրա հայտնվել են ջրծաղիկին բնորոշ կարմիր բծերը… Բայց լավ է, որ մինչև դեկտեմբերի 12-ը կհաղթի դրան, որ չորս տարեկանում մեր հերոսը լայն հասարակությանը ներկայանա իր բնական փայլով… Լավ է, որ իր շրջապատում բոլորս ջրծաղիկ տեսել ենքւ… Ու ի˜նչ լավ է, որ այս «ծաղիկները», որ «ինքնիրան» եկել են, չեն խեղճացրել, ռիթմից, ժամակարգից չեն գցել մեր հերոսին:
— Ոնց եկել են, այդպես էլ պիտի գնա՞ն, հայրիկ,- հարցնում է Դավիթը:
Մարդը արթնացել է համարյա հայրիկի հետ:
— Արևը ծագե՞լ է արդեն… Ես ուզում եմ երաժշտություն լսել, հետո ճոճվել…
— Արևը  կտաքացնի, չե՞մ մրսի, հայրիկ… Մայրիկն ասում է` չմրսես, որ ծաղիկների թերթերը շուտ թափվեն, գնան…
— Հետո շոկոլադ կուտեմ: Շոկոլադ ուտե՞մ, թե՞ բլիթ, հայրիկ, ո՞րն է կարելի:
— Հետո լողանամ…- ծիծաղում է:- Լողանալ էլի չի՞ կարելի, համ էս աչքս (ցույց է տալիս ունքի պատռվածքը), համ էլ էս ծաղիկները սիրուն…
Ու սկսում է կապիկություն անել, նկարելու բան է…
— Դե, տար ինձ` Արարատը տեսնեմ:
Տեսնում է. հարցեր ու հարցեր Մասիս-Արարատի մասին: Դժվար է ընկալում, որ նույն սարն է Մասիսը, Սիսն ու Արարատը…
— Եղավ երեք սար,- հաշվում է,- Բա երրորդ սարը ո՞րն է` Արագա՞ծը… Դավիթ-Դավթուկի, Սոնա-Սունուլի… Դավիթ-Գժուկի, Դավիթ-Տուֆտիկի (Տաթև քույրիկն է այսպես փաղաքշում) նմա՞ն…
Կարծես տեղ է հասնում…

Արարատ-Մասիսը Գեղարվեստի դպրոցի 2-րդ դասարանի պատուհանից:
Լուսանկարները՝ Անուշիկ Աթայանի: 

— Սարն այս վեհանիստ ու բիբլիական ինձ կանչում է, Դավիթ, ես պիտի գնամ:
— Աշխատանքի գնա՞ս, շաբաթ է, ես ու մայրիկը մնանք, հանգստանանք…
— Չէ, Դավիթ, գործը չգիտեմ, բայց Արարատի կանչն անդիմադրելի է, ես պիտի անցնեմ այս ճանապարհը…
Ինձ կրթական ճանապարհ է թվում սա, քայլարշավը Զանգվի երկայնքով, դեպի Արարատ… մեր Բանգլադեշի դիտարանները ուսումնական, որտեղ  2-4 տարեկանից սկսած, իրենց ուսուցիչների հետ զմայլվում են… Ինչպես ես հիմա… Նորից Մանդելշտամին հիշեցի. հանճար է… Մեզ պակասում է հանճարը` Արարատի ընկալման, Արարատի հետ երջանիկ լինելու հանճարը… Ոնց անենք, որ Մանդելշտամի հայտնաբերած «притяжения горой» զգացումը, որպես  համաճարակ համակի հայաստանցիներիս…

Շաբաթ է, ու օրագրի քաղաքական էջը պատշաճ տեղ է` ընթերցողի, ինչպես մնաց իմ ականջում` «մշտական երկրպագուի, դեռ հայագիտական դպրոցից», հարցին անդրադառնալու` ո՞րն է «հայերիս ընտրության ուղին»… Ես այս հարցի պատասխանել եմ 1990-ականներին՝   հայտնի պատմաբան, քաղաքական գործիչ Կտրիճ Սարդարյանի հետ մի ժողովածուով, որ այդպես էլ վերնագրված է` «Ո՞րն է մեր ճանապարհը»: Այս ժողովածուն իմ դավանած «Նոր ուղու» նաև պատմությամբ հիմնավորումն է: Վանո Սիրադեղյանի (ականջը կանչի, երեկ, ըստ Նունե Մովսիսյան «Հայկական կակաչի», դարձավ 69 տարեկան), Կտրիճ Սարդարյանի, Ռաֆայել Իշխանյանի, …. հոդվածներով հիմնավոր համարել եմ անկախության, ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարության ճանապարհը` որպես մեր պատմության, մեր բոլոր հարևանների, ինքներս մեզ հետ հաշտության ու համերաշխության հանգրվան, այսպիսի հաշտությունը` հայոց առաջադիմության ուղու հարթման միջոց…

Գունաբրինձանկարչություն Գեղարվեստի 5 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի և Դիանա Գևորգյանի:

Տեսեք` օրերս ինչ հստակ, խաղաղ է արձանագրել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին իրենց ուղին: Թվում է` տարածքային կորուստներից հետո այլ բան պիտի ասեր…  «Մենք` վրացիներս, բացառապես վստահ ենք, որ մեր ապագան Եվրոպայում է: Վրաստանի եվրոպական ապագան ժողովրդի ընտրությունն է, իսկ իշխանությունների պարտականությունն է հարգել ժողովրդի ընտրությունն ու իրականացնել այն: Մենք պատրաստ ենք անցնել այն ուղին, որը մեզ դեպի Եվրոպա կտանի»: Իշխանությունները Անկախ Հայաստանի մեզ տարան-տանում են իբր «մանյովրների» ուղով, դեպի… Սահմանադրական Հայաստան…  Ո՞ւր հասանք, ինչի՞ հասանք Հայաստանում ապրող մարդկանցով` ամեն մեկն էլ տեսնում է… Հռչակվածը` «համազգային հաղթական»… ու մարդու փախուստ Հայաստանից…

Գեղարվեստի և Դպրոց-պարտեզի սովորողները  Կենդանաբանական այգում մասնակցեցին դդմատոնին:
Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի:

Դավիթ Բլեյանը «ձնծաղկոտ» ինձ կանչում է, ու ժամը վեցի մոտ, իրիկնային մութուլուսով, ես հեծանիվով, սաղավարտով ճանապարհվում եմ տուն, որքան էլ, այո, մութը Երևանում հեծանվորդի համար հավելյալ դժվարություն է ստեղծում… Բայց ես ինձ այնքան բնական եմ զգում այս ընթացքով, գումարած` Արարատի ընկերակցությունը ողջ Ծովակալ Իսակովով… Այսպես բնական ու բնության հետ` ես մտնում եմ տուն ու գրկում իմ «բնական տեսքի» բերված հերոսին` իսկապես ձնծաղիկ դարձած Դավթին: Մայրիկ Արմինեն կանաչ ու սպիտակ ծաղիկ է դարձրել իր տղուկին`  ներկելով ծոծրակից մինչև պուպուլիկ (հո հիվանդությունը չի՞ կոտրի մեր հերոսին)… Շուշանը հեռակապով հիացավ իր ծաղիկ-ախպերով, որ Շուշանի ուշադրությանից ոգևորված` հոլ դարձավ, պտտվեց ու պտտվեց… Շարժումի` օրվա բնական պահանջը ինտենսիվ բավարարեց 15-20 րոպեում մեր հերոս ծաղիկը, պտտվեց ու ճչաց, ճչաց ու ծիծաղեց, հետո կպավ հեռախոսին, պաչեց ու սիրեց իր քույրիկին… Կարոտել է Դավիթը Շուշան քույրիկին: Իսկ ցերեկը լսել է Լիլիթ ավագ քույրիկի երգերը…
— Ինչո՞ւ Սոնա չի երգում, լսեմ…
— Ի՞նչ լեզվով է երգում Լիլիթը,- ամեն երգից հետո հարցրել է Դավիթը…
Լիլիթի երգերն էլ, Աստված տվել, չի խնայել, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն…
— Չգիտեմ ինչերե˜ն,- ավելացրեց Դավիթը:
Հայերենի վրա նա պայծառացավ.
— Թող հայերեն երգի Լիլիթը, միայն հայերեն եմ ուզում, որ երգի….
Շուշանին պատմեցինք, ծիծաղեց.
— Բա որ իմ գերմաներեն ու լատիներեն արիանե˜րը լսի, ինչ կասի…
Կասի: Առավոտը 7-ին է զարթնում մեր հերոսը` Տաթև Ստեփանյանի հետ երգելու որոշումով: Ինքնուրույն միացնում է, երգում-լսում է մի ժամի չափ…

Գեղարվեստի նախակրթարանի միջավայրի շարունակական ձևավորումը:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի

Ֆոտոխմբագիր` Դիանա Գևորգյան
#496

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման

Առանց փնթի Սեթի

Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել… – Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է,

Ինքնուրույն, հարցերով սովորելու բնական մեթոդ…

Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։ Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ