Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը… «Արփի»-ն մեզ ընդունելի թվաց. Մանուշակի չորրորդ ու վեցերորդ դասարանցի սեբաստացիներ Գոհար ու Արտյոմ Ստեփանյաններին՝ իմ օրագրի հատուկ աչքալուսանքը… Ես հաճույքով եմ ծանոթանում մեր սովորողների նորածին քույրիկ-եղբայրների, նրանց մասին պատումների հետ՝ ինչ տեսքի էլ լինեն՝ ռադիոհաղորդում, գրավոր պատում, ռոդարիական անցումներով… Երեկ փորձեցի վերականգնել կրթահամալիրի աշխատողների 2015-ի ծնունդների շարքը… Հեշտ գործ չէ, որքան էլ որ սիրելի է. ինձ համար մեր երիտասարդացման-մնալու-լինելու կարևոր ցուցանիշ է: Օրագիրն իմ այն տեղն է, որտեղ այս շարքը կարող է ամբողջանալ… Այսպիսով, ըստ ծնունդների ժամանակային հերթականության՝ Հռիփսիմե Համբարձումյանը փետրվարի 11-ին ծնեց Սմբատ Հովհաննիսյանին, Ազնիվ Հովհաննիսյանն ապրիլի 29-ին՝ Հովհաննիսյան Մանեին, Տաթև Ավետիսյանը մայիսի 11-ին՝ Խաչիկյան Մարիամին, Սաթենիկ Սիմոնյանը օգոստոսի 16-ին՝ Մհերին, Լիանա Ասատրյան սեպտեմբերի 14-ին՝ Գևորգյան Նատալիին, Զառա Ավետիսյանը նոյեմբերի 6-ին՝ Մաքս Գասպարյանին: Կեցցե՛ք ու զորացե՛ք, 2015-ի խիզախներ-երջանկացողներ, ուրախաբերներ… Ո՞վ կասի՝ ում եմ բաց թողել։

«Թաշկինականերկում #3» նախագիծը Քոլեջում:
Լուսանկարները՝  Լիլիթ Մեղրյանի:

Ալբեր Քամյուն, եթե հավատանք Նարինե Դիլբարյանին, այսպես է ասել. «Ազատության և անկախության մասին մտքերն ու գաղափարները ծնվում են նրանց մեջ, ովքեր դեռ ապրում են հույսով»… Ինձ՝ հայտնի անկոտրում անկախական ինքնորոշվածիս, նեցուկ է դառնում հայաստանյան ընտանիքներում ծնվածներից յուրաքանչյուրը…

Քնարիկ Ներսիսյանը, ում խանդավառությունն ու սրանով բազմապատկված հմայքը շրջանառության մեջ են դրել Սուրբ Ծննդյան ու Ամանորի ծեսը՝ որպես ուսումնական ամենասպասված-բնական-յուրաքանչյուրիս նախագիծը, վստահ եմ, Ձմեռ պապի ուշադրության կենտրոն կբերի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը առաջին անգամ դիմավորողներին… Թվում է՝ մենք տեխնոլոգիապես ամենապատրաստ վիճակում ենք, քան երբևէ՝ գունեղ, ամենագունեղ, կյանքում-առօրյայում ակնհայտ, Ամանորը նշելու…

Լավաշթխիկի ծեսը Քոլեջում:
Լուսանկարները՝ Սոնա Աբրահամյանի:

Մեր Գեղարվեստի շրջանավարտ, գեղարվեստի մասնագիտական կրթություն ստացած և աշխատանքի համար կրթահամալիր այցելած Արեն Շահնազարյանը միանգամից ոգևորվեց այս նկարչական կախարդանքում ներգրավվելու հնարավորությունից… Ու մենք աշխատանքի որսի դուրս եկանք՝ Գեղարվեստ-Մայր դպրոց երթուղով…

Նկատե՞լ եք, Վեներայի արձանը Գեղարվեստի մուտքի մոտ դարձել է աստվածուհի-կնոջ նկատմամբ մեր տևական անփութության խորհրդանիշ. աստվածուհին էլ ո՞նց չբարկանա… Գրաֆիկայի երկարատև չօգտագործվող երկու, այլոց նախանձը շարժող հաստոցները հո չե՞ն հանգրվանելու մեր՝ նոյեմբերի 20-ին բացվող երկրագիտության-ազգագրության ցուցադրությունում… Ահա և քեզ կոնկրետ հույսի զորացման աշխատանք՝ գրաֆիկայի արհեստանոցի գործարկումը…

Տեխնոլոգիայի պարապմունք Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:

Ազատության-անկախության, ինքնիշխանության մտքերը հուսահատ անող կյանքի ընթացքը փոխվում է ամեն աշխատող մարդու աշխատանքային օրով… երբ սկսում ես գործեր, քեզ համակած մտքերը իրականացնել… իմաստավորել կյանքը՝ լեցուն գործերով… Օրվա հոգսը բավ դարձնելով օրվա համար… Ես ու Արենը մեր՝ երեկվա մի շրջայցով, ես ու Լուսինե Օհանյանը մեր՝ երեկվա կլոր սեղանի շուրջ քննարկումով, թվում է, լցվեցինք այդպիսի գործերով… Լցվեցինք ու լծվեցինք…

Լուսինեն կարևոր մասնակցություն կարող է ունենալ կրթահամալիրի մեդիահրատարակչության ծավալման գործում… Ասենք՝ բարով…

Երեկ կրթահամալիրի խորհրդին սահմանված կարգով ներկայացնում էի նոր ընդունվող դաստիարակ-դաստիարակի օգնականներին, սովորողների գործունեության կազմակերպիչներին և ուսուցիչներին, ովքեր մեր բաց-թափանցիկ-անդուռ աշխարհ են մտել… mskh-ի «Գործատու» պատուհանով… Ահա, ևս տասը մարդ դարձավ աշխատող, ավելի ինքնավստահ, ինքնիշխան, ու զորացրե՞ց ազգային հույսը…

Երեկ, օրվա վերջում ես Սուսան Մարկոսյանի դիմադրությունը հաղթահարեցի և սեբաստացիների տոնի ծրագրում երկու հավելում կատարեցի… Օրագրի ընթերցողը համեմատե՞ց, տեսա՞վ երկու աշխատանքների գործարկումն ինչպիսի լեցուն՝ հույս զորացնող աղբյուր դարձավ… Մարդը թող իրեն մեղադրի իր պարապության համար, որ հույսը՝ աշխատանքով կյանքը փոխելու հույսը իրական դառնա… Ծո՜վ գործ, ստեղծե՛ք ձեր աշխատանքն ու զորացրե՛ք ձեր տաղանդը՝ իրագործմամբ…

Մեր նոր գործընկերոջ՝ «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ «Արևորդի» փառատոնի աշխատանքներում ընդգրկումը նորից ուսումնական կոնկրետ նախագծերի, իրական գործերի ճանապարհ է… Էմանուել Ագջոյանի հետ առանձնացնում ենք փառատոնի վրաց մասնակիցներին «Կրթական պարտեզ Բանգլադեշում» նախագծի մեջ ներգրավելու հնարավորությունը… Կկարողանա՞նք մեր նախագիծն ամենօրյա աշխատանք դարձնել տասնյակ ու տասնյակ տարատարիք սեբաստացիների համար, դրանով, որպես մարդ կզորանա՞ք, կդառնա՞ք ավելի ինքնուրույն-ինքնավստահ… ինքնագործ… թե չէ, հա՜յ անկախություն, հա՜յ ազատություն… Ալբեր Քամյուն իր՝ հարգանքի արժանի մտքերով ի՞նչ անի… երբ հույսերն ապրում են գերեզմանոցներում՝ թաղված-չիրականացված գործերի…

Քոլեջում շարունակվում են բարեկարգման աշխատանքները:
Լուսանկարները՝ Նվարդ Սարգսյանի:

Նոյեմբերի 21-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցում, երբ կավարտվի ժամերգությունը, Տեր Զենոն քահանան՝ եկեղեցու հոգևոր հովիվը կօրհնի մեր տոնի հարիսան, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը և ծեսին մասնակից սեբաստացիները, իրենց երգով-աղոթքով կհաստատեն… Հետո մենք Մեդիակենտրոնի մոտով կշարժվենք Գեղարվեստ… Կլինի տոնական ցուցադրություն… Մեր երթը կիջնի Մայր դպրոց… Կլինի մեր լուսառատ բրուտանոցի վերաբացումը՝ մենք կլինենք Անի Հովհաննիսյանի տեխնոլոգիայի պարտեզում… Հետո կածանով Մայր դպրոցի մի թևից կանցնենք մյուս թև… Հայրենագիտության կայանի պարտեզով կլինի երկրագիտության և ազգագրության թանգարանի բացումը… Հետո «Սեբաստիա» մարզադաշտում ցուցադրական ելույթներ կունենան մեր պատանի մարզիկները՝ նետաձիգ-հրաձիգ-հեծանվորդ սուսերամարտիկները… Հետո՝ տոնախմբություն Մարմարյա սրահում և հարիսայի ճաշակում բոլոր վեց դպրոցներում և Քոլեջում… Իսկական, աշխատավոր մարդու ծիսական ճաշակում՝ որպես մարդկային հաղորդակցություն… Եղա՞վ ապրող մարդու ծեսը… Սրա համար երեսուն տարի արժեր աշխատել-ապրել… հույսով, իհարկե:

Մեդիաչորեքշաբթի։
Լուսանկարները՝ Մարիա Բաբայանի (11-րդ դասարան):

Ֆոտոխմբագիր՝ Նվարդ Սարգսյան
#493

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տուր մեզ, տուր քո շնորհը լիուլի, ամեն օր

Կիրակի օրվա մեր ընտանեկան պատարագը տևեց ուղիղ մեկ ժամ՝ 11.00-12.00. այն նվիրված էր մայրենիին, ինչպես հորդորել էր իր գրում կրթահամալիրի տնօրենը։ Մեկ ժամ Դավիթը ոգևորված լսում էր Կոմիտաս, շարականներ. ես

Ա՜հ, այս կյանքն աղվոր, որքա՜ն դանդաղ է․․․

Է՜հ, քիչ մը արագացնենք․․․ Գարունի բերած ծաղիկը-տաքը-շարժումը՝ բոլորը մեկում, հեծանվային ընթացքի ձևով ինձ նոր  թարմություն փոխանցեցին։ Երեկվանից ես ամբողջական-ներառական եմ՝ ներդաշնակ իմ ֆիզիկական-հոգեկան-ինքնավար վիճակով։ Ես հեծանվի վրա եմ․․․ Շնորհակալ եմ

Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ…

«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի