Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այս մասին Նազենի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ: Ահա այսպես պարզ-ճշգրիտ է որոշել հայտնի Հեգելը: Կրթահամալիրի մայրենիի ուսուցիչ Նունե Մովսիսյանն իր բլոգում տոնել է Հեգել փիլիսոփայի ծննդյան օրը. տեսեք որքա՜ն շատ և խորն է կարդում մայրենիի մեր ուսուցիչը: Շնորհակալ եմ. Նունեին, մեր բլոգավար մյուս ուսուցիչները, շրջանավարտները, սովորողները շարունակում են որոշել իմ ընթերցանության ճաշակը՝ իր տեսականիով… Եվ լավ է սա: Եթե վերադառնանք Հեգելի՝ դաստիարակության նպատակին, հարցնում եմ՝ դաստիարակչակա՞ն է մեր հասարակական, դպրոցական, ընտանեկան կրթական համակարգը… Մեր ջանքերն ուղղվա՞ծ են ազատ կամքով մարդ ձևավորելուն… Յուրաքանչյուր ընթերցող երեք կետով էլ թող պատասխանի. ես ասում եմ՝ ո՛չ, ո՛չ, ո՛չ, դաստիարակչական չէ:
Ի՜նչ անհարմար բան ստացվեց… Դավիթ Բլեյանը, այս ինքնուրույն էակ դարձող մարդը, պարտեզ չի գնում, արդեն քանի օր է՝ դպրոց է գնում: Պարտեզի մասին չի ուզում լսել. երեկ էլ քնել է ոչ թե պարտեզի, այլ դպրոցի իր խմբասենյակում… Ի՜նչ լավ է մտածված մեր դպրոց-պարտեզի համակարգը. քո ազատ կամքով ուզում ես՝ պարտեզ գնա, չես ուզում՝ դպրոց… Իրիկունը՝ ժամը 11.30, իջավ համակարգչի աթոռից ու քայլեց… դեպի լողարան…
— Ես լողանում եմ.- շորերն ինքնուրույն հանում է։
Երբ երկար համոզում էինք.
— Օհանավանից ես եկել, գյուղից՝ Գարիկ պապիկի ու Էմմա հորաքրոջ ամառանոցից, ելակի թփերի ու սալորի ճյուղերի մեջ փոշոտվել ես, Նազենի Հովհաննիսյան կրտսերի հետ թավալվել… Հլը ծնկներիդ ու մռութիդ նայի…
Նայում է…
— Հլը հայելու առաջ կանգնի…
Կանգնում է…
— Փիսոն կգա, կլիզի փնթի մռութդ…
Դեմ է տալիս՝ թող լիզի…
— Որ քնես, Դավի´թ, բոլոր մոծակ-մրջյունները կհավաքվեն քո վրա…
— Մոծակները մրջյուն ուտու՞մ են,- հարցնում է:
— Ոչ,- ասում եմ,- լավ էլ ընկերություն են անում, արի գնանք, լողացիր, ես քեզ պատմեմ մոծակի ու մրջյունի ընկերության մասին հեքիաթը… Ջանի Ռոդարիին եմ ընկերության կանչում՝ վստահ, որ Դավիթը Հեգելի փիլիսոփայությունն ընդունողներից է…
Դավիթս՝ չէ, հեքիաթ չեմ ուզում պատմես…
Սա երեք ժամ առաջ: Իսկ հիմա՝ խնդրեմ, կեսգիշերին մոտ չրմփում է ջրում, նորից մկան առ մկան ուժեղանում, բադի, գորտի ու կրիայի նման լողում… Տեսարան է: Հետո էլ, սրբիչի մեջ փաթաթված, մաքուր-մաքուր, սպիտակ-վարդագույնի երանգներով՝ ուտելու բան է, ինձ մահիճ է տանում, կողքիս տեղավորվում…
— Հեքիաթ պատմի, հայրի՛կ…
Իմ այս տարիքում, այս դիրքում, այս փորձով, Հեգել ջան, չի սազի կիսատ-պռատ լինել՝ իր ազատ կամքով Սասնա ծուռ Դավիթ ենք մեծացնում…
— Ես մեծ եմ, Արևիկն էլ է մեծ,- երկու օր առաջ դպրոցում Արևիկ քույրիկի հետ է խաղացել, չի մոռանում, ու… էլ ի՜նչ հեքիաթ-մեքիաթ, ես մահանում եմ: Մահիճն ազատ կամքով էակի դաստիարակի միակ փրկությունն է:
Կառուցվող խաղադաշտերը կամ, ճիշտ է Գրիգոր Խաչատրյանը կրկին, պաշտպանության նախարարության աջակցությամբ կառուցվող «Սեբաստիա» մարզադաշտը, իսկական դաշտ՝ մեծ-անծայր, ինձ զբաղեցնում-հետաքրքրում է:[youtube https://www.youtube.com/watch?v=MyEED1-YDMk?feature=player_embedded]
Ահա այսօր ստացանք, շնորհակալ եմ, լողափնյա վոլեյբոլի հրապարակի առաջին մեքենա սպիտակ ավազը… Այս և էլի այլ ավազներ, վստահ եմ, մեկ-երկու օրում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, նախակրթարաններում կձևավորեն ազատ կամքով էակի գործունեության նոր գոտիներ… Տեսնենք-տեսնենք…
Երեկ մարզադաշտում ամենաշատը և ուշադիրը հետևում էի (երկրորդ պլանից հսկում էի, որպես ուսումնասիրող) Ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանի մեր «դեզերտիր» տղաների՝ «Հայաստանյան ասպետ» ճամբարի գործունեությանը. նպատակասլաց-կարգապահ աշխատանք տեսա՝ ինքնաթափ-դեղին-անվավոր-մեծ-բեռնատար-շինարարարական ավտոմեքենան էին բարձում, վարժարանային այգին բարեկարգում, ազատագրվում ծնողների պարտադրանքից ու սկսում էին գործել որպես ազատ կամքով էակներ: Եվ լավ է, որ վարժարանի ղեկավարը, մեր հասարակագետները՝ Արմանը, Էմանուելը, Վահրամը, այս տղաների կողքին, նրանց հետ են։ Մանկավարժ աշխատողի նեղմտությունը կործանարար է. անընդհատ մուռ է հանում՝ ողջ աշխատանքային կյանքը գործել է այլոց կամքով, հակառակ իր ազատ կամքի ու սրա համար վրեժ է լուծում երեխաներից: Մեծահոգության մեծ պակաս կա, բարեկամնե´ր:
Խաղադաշտի ֆուտբոլի ասֆալտածածկ հրապարակի վրա ինձ բռնացրեց մեր մարզիչ Ռուբեն Բաղդասարյանի հետ աշխատող տղաներից.
— Տիար Բլեյան, ե՞րբ է ֆուտբոլի դաշտը կանաչ ծածկ ունենալու…
Հերթապահ պատասխաններն ամենալավը չեն. այսօր (օգոստոսի 28-ին) Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքն է, բազմազբաղ է, կավարտի, բարի բախտ նորաստեղծ ընտանիքին, ու պըրծ… Էլի խանգարող, արգելք չկա, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր ազատ կամքով՝ խոստացած գործն ավարտի…
Երեկ ինձ, հետո պարզվեց նաև Արմինեի համար, նշանավոր օր էր. սեբաստացիների հարազատ բնակարան-օջախ վերադարձավ Դանիելյան Յուրան… Ընդ որում, ինչպես Արմինեն հիշեցրեց, նա Գեղարվեստի կրտսեր դպրոցը ստիպված է եղել փոխել 2 անգամ՝ 2-րդ և 4-րդ դասարաններում, ավելին՝ 2-րդ դասարանում այդպես էլ ուրիշ դպրոց չի գնացել, մնացել է տանը այնքան, մինչև վերադարձրել են։ Իսկ հիմա նա շնորհիվ իր զորացող ազատ կամքի վերադարձել է մեր միջին դպրոց…