Հա, սեբաստացիների տոնը սկսվում է թթուդրեքով… Առանց թթվի ի՜նչ հարիսա… Իսկ որպեսզի թթուն թթվի, այն պիտի դնես… ինչպես Մարինե Մարտիոսյանը՝ իր օգնական սովորողների ու նրանց ծնողների հետ՝ որպես ուսումնական աշխատանք… Թե չէ՝ ո՞րն է կապը իմ գրի ու հեղինակային կրթական ծրագրի օրացույցի հետ։ Այսօր իմ տրամադրությունն այնքան թթված էր, որ գիշերային քունն անգամ չօգնեց. 2-3-ի արանքում արթնացա, ու շնորհակալ եմ ինձ պարգևած տոնի համար… Աշխեն Թադևոսյան, սիրելի Սոնա, Վաչագան թագավոր ու թթուդրեքի բոլոր մասնակիցներ… Սիրելիˊ Դպրոց-պարտեզ, ձեր մեդիայում, որ ձեր աշխարհի պատկերն է՝ լեն-լուսավոր-մարդկային-անմիջական-ստեղծական, ես զվարթացա, լիցքավորվեցի… Լինում է այդպես՝ մարտկոցները նստում են… Ծեսը ոչ միայն սկսված է, այլև, տեսեք՝ ի՜նչ ընթացքի մեջ է, ուսումնական նախագծերի ի՜նչ բազմազանություն, գործելու-ստեղծելու ի՜նչ տարածք, որտեղ «կրթությունը չի սահմանափակվում ժամանակային և տարածքային ինչ-որ շրջանակներով», որտեղ սովորող թե սովորեցնող «չի վախենա ուրիշներին նման չլինելուց»… Սովորողի համար, կներեք, այս հարցադրմամբ ուրիշ են և՛ ուսուցիչը, և՛ ծնողը՝ իր օրինական հեղինակությամբ, անգամ… Ես խորասույզ կարդացի ճապոնացի-ամերիկացի Միտիո Կակուի «Ուսումն արդեն հիշողության վրա չի կառուցվելու» հոդվածը, դնում եմ այն իմ բլոգում, իսկ Միտիո Կակուի ֆենոմենին-գործերին մենք առիթ կունենանք անդրադառնալու. պետք է սովորել «…չվախենալ քո կյանքի ողջ պատասխանատվությունը ստանձնելուց, մեկ օրում կյանքը փոխելու խիզախումից»…

Մեդիաչորեքշաբթի-ներկայացումը «Միհր» թատրոնի մասնակցությամբ:
Լուսանկարները՝ Անի Գևորգյանի, Քոլեջ, 2-րդ կուրս:

Ավելի ու ավելի վստահ ու հետևողական առաջին պլանում հայտնվում են հեղինակային կրթական ծրագրի սովորողն ու ուսուցիչը, որևէ կարգի մասնագետը-մանկավարժական աշխատողը կրթահամալիրի՝ ինքնուրույն, ինքնասպասարկող, նախաձեռնող, որ կարողանում է իր կրթությունը, իր կյանքը, իր գործը նախագծել… Ուրիշ ի՞նչ կերպ, երբ այն, ինչ ապրում եք, ընթանում է, կա ձեր շուրջ՝ ձեր կյանքն է, կյանքի ձեր ժամանակը, ձեր տաղանդը, ինքնադրսևորումը, ձեր ներդրումը, ձեր սեփականությունն է, ի վերջո, արդյունքներին տիրապետելու առումով:

«Իմ խաղալիք թաղարը» նախագիծը Ինգա Անտոնյանի խմբում:
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի:

Իսկ Դավիթ Բլեյանը թթվի պարագաներին ու սեղանին, գործիքներին չի մոտեցել խմբասենյակում, երբ այնքան եռուն մի վիճակ էր, որ իր մայրիկ Արմինեն էլ եկել էր՝ շա՜տ ծնողների նման ծիսական թթուն դնելու…
— Չեմ ուզում՝ իմ դինոզավրը թթվի… Հանե՛ք, ուզում եմ հիմա խաղամ։
Իսկ մայրիկն ու դաստիարակը դրանով փորձել էին ներգրավել նրան աշխատանքի մեջ… Փոխարենը ո՜նց է ուրախացել ողջ ընթացքում, սավառնել… որպես տոնի մասնակից. կարելի է, չէ՞… ու ինչքա՜ն միջավայրը խրախուսել է, շնորհակալ եմ:
— Ուզո՞ւմ ես քեզ Մոցարտ դարձնեմ, գլուխ ջան,- իրիկունն իմ գլուխն ու մազերն առնում է թաթիկների մեջ ու…
Մոցարտի նկարն աչքիս առաջ՝ գիսախառն-բարձր, հարազատությունը Մոցարտի… Որտեղի՞ց է գտել, ո՞վ է ասել, օգնեˊք՝ պարզենք: Ու այդպես, մի քանի անգամ ես Մոցարտի պոզայի ու սանրվածքի մեջ եմ հայտնվել…
Մայրիկ Արմինեի հետ առավոտյան մտել են «Ֆուդ»՝ Բ-4-ի թթվի հետ կապված ինչ-ինչ պակասող անհրաժեշտ առևտրի, ու մինչ Արմինեն ընտրել է… Մեքենայի մեջ տեսել է քինդեր ձվիկը Դավթի ձեռքին… Թռցրել է մեր գող կաչաղակը թե մկնիկը… Երբ ետ են դարձել, Դավիթը դիմադրել է.
— Էս իմն է, ես դրանով խաղացել եմ…
Իսկ բարեհամբույր աշխատողը, որ անակնկալի է եկել, նույնքան սիրալիր.
— Այնքա՜ն լավ էր խաղում-խոսում Դավիթը,- ում ճանաչում են, վստահում: Այսպիսի հերոս…

«Թթուդրիկ» նախագիծը Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Օրվա վերջում Մեդիակենտրոն է եկել, միասին պիտի տուն գնանք, ինքը՝ պարտեզից, ես՝ գործից, մայրիկը՝ մեզ վարորդ… Կարոտել են՝ տիկին Աիդայով, տիար Գևորգով, Սուսանով, Մարիետով, տիկին Սիրանույշով, շրջապատել են… Ես էլ, առիթից օգտվելով, իմ անվանի գործընկերներին արագ-արագ ներկայացնում եմ վերջին օրերի մեր դժվարությունները… որ հայտնի են՝ մեկ տարեկանի ճգնաժամից երկու տարեկանի, հիմա էլ երեք տարեկանի ճգնաժամից չորս տարեկանի… Իրեն ի՞նչ, մե՛ր ճգնաժամն է։ Ինքը հասունանում է ոչ քո նախագծով, ո՞նց ետևից հասնես, ուզում ես՝ Բլեյան եղիր…
— Երկու օր է՝ չի լողացել, կլինի՞ այդպես…
— Փնթի Սեթ դրեք անունը, ոչինչ,- խորհուրդ են տալիս…
— Ո՜նց կլինի, բա Սասունցի Դավիթ է հայտնի, արդեն 487 գիր այդ անունով ի՜նչ ընթերցողներ է նվաճել… Փնթի Սեթ-Սասունցի Դավիթ անո՞ւն կլինի…
— Բա ի՜նչ վատ բառեր է գործածում տանը, խմբում…
Բարձրաձայն մեծերով, իբր անհանգիստ, զրուցում ենք մենք, ինքն էլ իբր կլսի, կազդվի, կուղղվի… էլ չի ասի, էլ չի անի…
— Քա՛ք դրեք իմ անունը,- փակում է դիդակտիկ տեսարանը մեր հերոսը:

«Թթուդրիկ» նախագիծը Քոլեջի 1-ին կուրսում:
Լուսանկարները՝ Սուսաննա Կիրակոսյանի, 1-ին կուրս:

Հարգելի ընթերցողը Նիկոլ Փաշինյանից է հարցնում. մեր անձնային մտերմությունը նկատի ունի… Իհարկե: Իմ կրտսեր եղբայրն է. ես Նիկոլին, Աննային քսան տարի և ավելի այդպես եմ մոտեցել, ոչինչ չի փոխվել, չի փոխվի… Ես ուշադիր հետևում եմ Նիկոլի քաղաքական գործունեությանը, ամեն օր «Հայկական ժամանակ» վերցնում իմ տան մոտի կրպակից… Դավթի հետ: Լավ է, որ «Հայկական ժամանակը» կա… Ինձ կարևոր է թվում, որ Նիկոլը փոքր քայլերի արվեստին  ավելի ու ավելի վստահ է տիրապետում իր ընկերների հետ՝ քաղաքականություն կոչվող աշխատանքում… Համերաշխ, մեծ թվով հետաքրքիր-խանդավառ հայաստանցիներ կայացնում են, մեր կյանքի իրողություն են դարձնում «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական կազմակերպությունը… Կրթության մեջ նույն քայլերով ես եմ իմ նվիրյալ ընկերների հետ գործում Բանգլադեշի կրթահամալիրում, Շուշան և Աշոտ Փաշինյանների դպրոցում… Շարունակելով հարգալից պատասխանել իր գործունեությամբ հետաքրքրվողներին՝ երեկ «Հայկական ժամանակ»-ում այսպիսի հարցադրում է արել Նիկոլ Փաշինյանը. «Կարող եմ ասել միայն հետեւյալը. մենք մնալու ենք Հայաստանում եւ փորձելու ենք նաեւ հեռացողների ու հեռացածների անունից պայքարել Հայաստանը արտագաղթող եւ արտագաղթած մեր հայրենակիցների համար բնակելի դարձնելու համար, մենք փորձելու ենք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որտեղից հեռացած ու հեռացող մեր հայրենակիցները վերադառնում են, վերադառնում են, վերադառնում, ոչ թե ուխտի են գալիս՝ մի շաբաթով կամ 15 օրով, այլ վերադառնում են եւ ապրեցնում իրենց կամ իրենց հայրերի դատարկված տները, նոր արմատներ են գցում այս հողում: Եթե կարող եք չգնալ, մի՛ գնացեք, միացեք մեր այս պայքարին…»: Հարցադրում, որ մեր հեղինակային կրթության քաղաքական հավատամքն է։

«Թաշկինականերկում» նախագծին մասնակցում են նաև 5 տարեկանները:
Լուսանկարները՝ Նվարդ Սարգսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Նվարդ Սարգսյան
#486

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձևականությունն արմատախիլ անելու շրջան

Երևանում անձրևը շատ կամ անտեղի չի լինում. գարուն է, ու անձրև, ի՞նչ կա նեղվելու: Ուրախացեք կամ ցնծացեք… Ոչինչ, որ այս խոնավությունը ստուգատես եղավ իմ օստեոխոնդրոզային վիճակի համար՝ իր գործն արեց

Դիմում եմ սեբաստացիներին

Սեբաստացի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Մեր կյանքով ստեղծվող ավանդույթի ուժը

Պուճուր, բայց ուսումնական մի նախագիծ է սա՝ «Քրիստոսն անապատում» Նունե ջան, իսկը թումանյանավարի՝ պարզ, խորքով, ազդեցիկ… Լուիզա Ավագյան ու Արման Մարտիրոսյան, մեր Ավագ դպրոցից, ինձ հուզեցիք, շնորհակալ եմ։ Սուսանը Մարկոսյան,