— Հնդկաստանում ո՞ր կենդանիներն են ապրում, հայրիկ…
— Փղեր, շա՜տ փղեր…
— Էլ ո՞ր կենդանիները…
— Էլի ու էլի փղեր…
— Բա հնդկահավե՞րը, պապ…
Իբր դանդաղ է հասունանում մեր տղան. իմ օրագրի հերոսը դեռ բողոքում-մտածո՜ւմ է այդ ուղղությամբ:
Լողալիս՝
— Հայրիկ, ես ուզում եմ շուտ մեծանամ…
— Ինչո՞ւ, Դավիթ, դանդա՞ղ ես մեծանում, մայրիկն ու ես սարսափած ենք, չենք ուզում ավելի արագ…
— Ես ուզո՛ւմ եմ. այնպես արեք՝ շատ-շատ շուտ մեծանամ…

Ահա, «դանդաղ» մեծացող մեր տղան հարցնում է.
— Մայրիկ, ինչո՞ւ ես կապույտ նեթբուքը բերել տուն, դու իրավունք չունես, դա դպրոցինն է…
Հետո մեքենայով Դպրոց-պարտեզ գնալիս մայրիկ Արմինեին՝ բարկացած.
— Դե, արագ քշի՝ շուտ հասնեմ, ընկերներիս կարոտել եմ…

— Դավիթ, միրգը որ տանում ես, ո՞նց ես բաժանելու, որ բոլորին հասնի… Ուրախանո՞ւմ են, ի՞նչ են ասում։
— Հա՜, էս ինչե՜ր ես բերել, ախպերս, հլը տեսնեմ,- այլ ձայնով, նմանակելով է խոսում Դավիթը…
— Դավիթ, ո՞վ է այդպես ասում:
— Իմ ախպեր Օթարիկը… Մենք իրար հետ թաքուն գործեր ենք անում, որ ուրիշները չիմանան… Ես Օթարին վստահում եմ, պապ…

Բյուրական  գյուղում՝ Հռիփսիմե Առաքելյանենց այգում, աշնանային բերքահավաք:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի։

Ես ուրախ եմ սեբաստացիներ Գևորգ Սայադյանի ու Մերի Թելունցի անսովոր զգացողության համար՝ ՀՀ նախագահի մրցանակ-կրթաթոշակ ստանալու օրվա-արարողության համար… Նրանք սիրելի-արժանի պատանիներ են… Եվ ի պաշտոնե նրանց կողքին ու նրանց հետ այդ պահին Բաղրամյան 26-ում լինելը կատարում եմ ընդգծված բարեխղճորեն: Հետո քայլում ենք, իջնում Բաղրամյան պողոտայով, մարդիկ մեզ ողջունում են, մենք հանդիսավոր անկյուն ենք փնտրում մեզ լուսանկարողների համար, մինչև հայտնվում է Մերի Առաքելյանը: Իմ առաջարկով Գևորգ Սայադյանն ինձ պարգևատրում է սեբաստացի մրցանակակիրների հետ թարմ-եզակի սելֆիով… Գևորգ, ո՞ւր ես, որտե՞ղ փնտրենք մեր սելֆին։
Իսկ առիթն այս՝ ՀՀ նախագահի նստավայրում լինելու, ես չեմ կարող չօգտագործել ու գործնական հանդիպման պայմանավորվածություններ եմ ունենում Արմեն Աշոտյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ…

Տաթև Թամազյանի առաջին դասարանցիների անհատական այբբենարանի առաջին էջերը:

Իմ էլ. հասցեին Ռինա Շագինյանի փոխանցում-հրավերն է մեր վրաց նոր գործընկերներից՝ մասնակցելու Թբիլիսիի տոնին՝ Թբիլիսոբային: Ես բարեխիղճ կաջակցեմ. հայ-վրացական կամուրջների անընդհատությունն ապահովելն իմ աշխատանքն է: Սիրելիներս, ամեն տարի հոկտեմբերի առաջին կեսին Երևանում շուքով նշվում է Էրեբունի-Երևանը, երկրորդ կեսին՝ նույն աղմուկով Թբիլիսոբան… Լավ է, որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանները բարձր մակարդակով ներկայացվում են հարազատ քաղաքների տոներին, հետաքրքիր է, խորհրդանշական, որ այս անգամ Երևանում քաղաքապետարանում ընդունելության ժամանակ թարգմանիչը եղել է վրացերենի մեր ուսուցիչ Ռինա Շագինյանը… Իսկ ի՞նչն է խանգարում, որ ուսումնական (ասել է թե ամենամյա, կրթահամալիրի օրացույցում ընդգրկված) նախագիծ դառնա «Մայրաքաղաքի տոները՝ միասին»-ը… այնպես որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը ոչ միայն պարտավորված զգան աջակցելու այս նախագծին, այլև այն տոնից տոն զարգանա, նոր գույն-ուղի դառնա տոնակատարությունների մեջ… Սկսենք սրանով, այս հրավերով: Իսկ Էրեբունի-Երևանի գալա համերգին ես հատուկ հետևում էի տանը, ու ինձ փրկում էր ամեն ելույթից հետո վահանակը՝ ալիքը փոխելու-վերադառնալու հնարավորությունը… մի բացառությամբ, որը դուք որոշեք… Մի բառով, որ զգացողությունս փոխանցեմ՝ ամոթ է: Ընդամենը սա՞ է 2797 տարվա մեզ վերագրվող քաղաքակրթության տոնական պսակը… Երկու բառով թե արձագանքեմ՝ ամո՛թ ու ցասում…

Կրթահամալիրի դպրոցների ղեկավարները մասնակցում են տնօրենի հավաստագրի համար վերապատրաստումների:
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի:

Մարի Գաբանյանի ու Նոննա Գրիգորյանի՝ երկու հավատարիմ-սիրելի գործընկերների հետ քննարկում էինք ընթերցանության կազմակերպման, ընթերցասիրության խթանման, ընթերցողի աջակցության կոնկրետ գործողություններ… Ընթերցող սովորողներ, Արեգ Սերոբյանի, Արփի Սահակյանի, Լիլիթ Գրիգորյանի, Մոնիկա Բաբայանի նման տասնյակ ու տասնյակ տարատարիք ընթերցողներ ունենք, որոնք առաջին պլանում, հետևողական-գործուն պիտի փոխանցեն-վարակեն-նախաձեռնեն, ասենք՝ 2015-2016 ուստարվա տասը սեբաստացիական գագաթ՝ ընթերցանությամբ նվաճելու… յուրաքանչյուր տարիքի համար՝ մինչև հինգ տարեկանի, հինգից ութ տարեկանի, ութից տասը տարեկանի, տասից տասներկու տարեկանի…  Մատչելի դարձնենք այս ընթերցանության գագաթները յուրաքանչյուր սեբաստացու համար՝ ընթերցարանում՝ թղթային, և մեդիայում… Իր քննարկումով, ներկայացումներով… Հրավիրենք այլ մարզերից՝ որպես կրթական փոխանակումների միջոցով նվաճվելիք գագաթներ, հասակակիցների հետ, շարժում առաջացնենք, ինչպես դեպի Արագած կամ Խուստուփ մեր մղումն էր…

Սովորողների հերթապահությունը խոհանոցում Միջին և Նոր դպրոցներում:
Լուսանկարները՝  Գոհար Եղոյանի, Անահիտ Գևորգյանի:

Գոհար Եղոյանի հետ հեշտ է նախագծեր-զարգացումներ քննարկելը… Ոգևորությունից դառնում է ավելի հմայիչ ու ստեղծական. միջավայրը սկսում է առաջադրել-տանել: Այս անգամվա թեման Մեղրաձորը չէ, ոչ էլ հնգամարտը՝ իր կրթահամալիրում իրական դարձող ձևերով՝ ձիասպորտ, սուսեր, լող, հեծանվասպորտ, նետաձգություն, որոնցից յուրաքանչյուրի կայացման գործում Գոհարը շոշափելի մասնակցություն ունի: Խոսում ենք խոհարարական ուսումնական տեխնոլոգիայի մասին, Միջին-Ավագ դպրոցում՝ Մայր դպրոցում խոհանոց-լաբորատորիայի հետևողական զարգացման: Այոˊ, որպես ուսումնական նախագիծ. Գոհարն առաջարկում է սկսել ու ավարտել «Մառան», «Սառնարան», «Չորանոց-չրանոց» ուսումնական միավորների ստեղծումը… Հետաքրքրե՞ց ձեզ: Իմ գործն օրագրում հենց սա է՝ հետաքրքրություն առաջացնելը: Ես ու Գոհարը քննարկելով մի լա՜վ շրջան արեցինք Մայր դպրոցով… Գոհա՛ր, խոսիˊր… Իսկ պարսկերենի ու այսօրվա Պարսկաստանի՝ Իրանի ճանաչողությանն ուղղված երեկվա մեր հադիպումը, կարևոր է որ արված է իրանական կողմի՝ Իրան-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ: Մենք պատշաճ ընդունեցինք առաջարկը: Կարդացեˊք Աղասի Մարգարյանի գիրը:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#474

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հե՜յ, ճամփե՛ք, ոլոր-մոլոր…

Իմ գիրն էլ դառնում է երգ ճանապարհի… Իմ սիրտը, իմ միտքը ու մարմինը այս օրերին ճամփեքին է, սեբաստացի ուսուցիչների տարբեր նախագծային խմբերով. ո՛չ մի խտրություն՝ ո՛չ ճամփի, ո՛չ ճամփի ընկերոջ․․․ Ու

Ամենից տաքուկ անկյունն աշխարհում

Մինչև կարդալը իմ կիրակնօրյա գիրը, մտքում որոշեք․․․ 

Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով…

Ջեկ Ման կամ Մա Յուն՝ «Alibaba Group» ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է… Երաժիշտների ընտանիքում ծնված, անգլերենի ուսուցիչ և պետական ծառայող աշխատած այս մարդը, ի վերջո, ստեղծեց «Alibaba»-ի պես հսկա՝