Այսպես է ամեն անգամ պատասխանում-կտրում խոսքդ Դավիթ Բլեյանը, երբ առաջարկում ես մրցումով խաղ… Չգիտեմ՝ ինչու է այսպես…
Երեկոյան մտնում եմ տուն, հեռուստացույցը չի հասցրել անջատել. սովորաբար հասցնում է… Իրեն պահում է հանցանքի վայրում բռնվածի պես…
Մուլտերի մի տեսակ կա՝ ձայնը ոնց որ սղոց՝ ղըռռ, ղըռռ ու ղըռռ…
— Գլուխս տարավ, դրա ձայնը կտրի, Դավիթ,- պահանջում եմ ես…
Դավիթը՝ մեղավոր,  վիճակից դուրս գալու առիթ գտած, զինաթափ անող հրճվանքով.
— Էդ ո՞նց է գլուխդ տանում, ցույց տուր՝ տեսնեմ…
Ցույց եմ տալիս.
— Այսպես, վերցնում է գլուխս ու տանում, մնում եմ առանց գլուխ…
Չըխկ, անջատում եմ հեռուստացույցը… Օֆ ինչքա՜ն քիչ բան է պետք՝ երջանիկ լինելդ զգալու համար…
— Տիար տնօրենն առանց գլուխ է մնացել, ծուղրուղո՜ւ, Մայր դպրոց,- ու նետվում է իմ գիրկը…
Ինչու Մայր դպրոց՝ հասկանալի է. վերջին երկու օրը Դավիթն իր օրը սկսում է մանկավարժական ճամբարում՝ Մայր դպրոցում…

Այսպես են դառնում սեբաստացի:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Գնել Հարությունյանը՝ «Մեղրաձոր 2015» ճամբարի հերոս պահապանը, ոգևորված է արշավախմբային ճամբարային գործունեության շարունակականությամբ՝ որպես շուրջտարյա մոբիլ դպրոց բնության գրկում… Իրոք, մի ամսով ամառային ճամբարը վե՞րջ… Ինչո՞ւ չի կարող լինել 7-օրյա, 10-օրյա արշավախմբային աշնանային ճամբար հոկտեմբերի վերջին, աշնանային ուսումնական արձակուրդի շրջանում… Իհարկե. Հայաստանի բնության մի նոր բացահայտում-տարածում… Սկսենք տարածքի ընտրությունը, մինչ այդ էլ վերջնական տեսքի կգա արշավախմբային-հայրենագիտական կայանի տարածքը: Ի դեպ, Գնել Հարությունյան, մեր սեբաստացիական հնգամարտի (ձիասպորտ, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, լող) կազմակերպիչ-համակարգող Խորեն Հազարումյան, նետաձիգ Գևորգ, սուսերամարտիկ Միքայել ու «Ասպետ» ակումբի համակարգող Արման Երանոսյան, մեր ամենահայրենագետ Կարինե Պետրոսյան ու կայանի անմիջական պատասխանատու Հրաչ Առաքելյան, ինչո՞ւ չի կարելի մինչև սեպտեմբերի 4-ն ավարտել այն… Կայանը հենց դրա համար էլ ստեղծվում է. ինքնաբուխ արշավախմբային նախագծերի իրականացման համար։ Գուցե եռօրյա (շաբաթ, կիրակի, արանքում էլ՝ մի տոն կամ մեռելոց) մոդուլն ամենագործածականն է, կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսն էլ՝ շատ հարմար փոխադրամիջոց:

Մարզվում են սեբաստացի ուսուցիչները:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Համաձայնեք, որ բոլոր կարգի-տարիքի սեբաստացիներով, որտեղ էլ որ ենք, 2014-ի հունիսի 17-ի բլոգապատում-տնօրենի օրագիրը լավագույն նվերն էր յուրաքանչյուրիդ՝ ընդունման ու գործածման համար մատչելի ու հարմար, ու էլի ու էլի… անվերջ… Ծննդյան օրվա նվերը բոլորինը լինո՞ւմ է, ո՞նց է լինում, ասեք՝ իմանամ. մի անգամ է լինում՝ էս ինչ տեղում, էս ինչ օրն ու ժամին… մի անգամվա գործածման՝ որոշակի խմբի համար… Իսկ իմ օրագիրը… Համեցե՛ք, պրծում չկա՜. երբ ուզում ես, անորոշ թվով մարդկանց (յուրաքանչյուրի համար) կարդալ իմացողի-չիմացողի, հայերեն-անգլերեն-ռուսերեն թե վրացերեն, ուզում ես, թե չես ուզում, պառկած, թե հեծանվի վրա… Ես, օրինակ, կրթահամալիրի տնօրենի օրագիրը՝ իր բառացի նշանակությամբ, կարդում եմ հերթական օրվա գիրը սկսելուց անմիջապես առաջ, ինչպես հիմա… 431-րդ գիրը պատմելուց առաջ պահանջ ու պարտավորություն ունեմ 430-րդ գիրը կարդալու… Եվ տեսեք, որքա՜ն շնորհակալ եմ Հասմիկ Թոփչյանին՝ այսպիսի ժողով-հավաք կազմակերպելու համար (էսքա՜ն բան արվել է, հա՞, իյա՜, ճիշտ, հալալ է քեզ, ախպեր ջան, իզուր չես ապրել) և Սուսան Մարկոսյանին… (էս պիտի արվի, հա՞, սրանից է, երևի, որ քունս չի տանում): Գիշեր-առտուի արանքում եմ՝ ժամը 04-ն է… Անեկդոտի քյավառցու նման…

Բարեկարգում ենք Հիմնական դպրոցի 5 տարեկանների ներքին բակը:
Լուսանկարները՝ Վիկտորյա Հովսեփյանի:

Իրականում 60-ի կեսը 30-նն է, և մենք երկու հոբելյանի շրջանում ենք… 1985-ի այս օրերին ես Երևանի աշխարհագրական կենտրոնից աքսորվեցի Բանգլադեշ (Չինումաչին) ու այս օրերին հրամանս (Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183-րդ դպրոցի տնօրենի) ձեռքս մտա այսօրվա Մայր դպրոցի շենքը… Իմ ու ձեր համատեղ կյանքի, որքան հնարավոր է՝ մեղմ ասենք՝  ստեղծագործական տվայտանքի 30 տարին է, ու եկեք սա նշենք միասին. իմ 60 տարիների առաջին կեսի հետ դուք գործ չունեք… Այո՛, հայտնի գործուղում՝ հարգելի-անհարգելի, բայց հայտնի բացակայություններով՝ ՀՀ Գերագույն խորհուրդ, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Կառավարություն, ՀՀ Կրթության նախարարություն… Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարան, 30 տարի. կարդացեք Հասմիկ ավագ Թոփչյանի՝ իմ օրագրի համառոտագիրը, մենք հեղինակում ենք, ուշադիր, մանկավարժության ամենանախագծերից մեկը՝ հայ, հայերեն, հայաստանյան՝ արդիական, ժամանակակից ու հանրամատչելի… Ա՛յ, սա նշելու բան է, ու մեր կրթական շքերթը՝ իր հոբելյանական տարվա մեկնարկումով՝ օգոստոսի 28-ով, մեդիաուրբաթով իր՝ մինչև սեպտեմբերի 4, հետո՝ մինչև տարեվերջ շարունակվող (տարին է հոբելյանական, ծննդյան օր չէ, որ ավարտվի) մարաթոնով՝ կրթական շքերթով բանգլադեշյան, առանց սահմանների նախաձեռնություններով, կրթահամալիրի օրացույցով որոշված սեբաստացիների օրերով նոյեմբերի 14-16-ին, դեկտեմբերի 16-ի հաշվետու համերգով ենք հենց կարևորելու մեր համատեղ չարչարանքի 30 տարին:

Գիտեք, Քրիստոսն իմ ուսուցիչն է, իմ հերոսը, իմ փարոսը, ու հիմա ես կարդացի Ձեզ համար Հովհաննես Թումանյանի «Քրիստոսն անապատում» բանաստեղծությունը.

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա:
Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր — լույս ծավալի
Մարդկային կյանքի մութ անապատում:
Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…
Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…

Ի՜նչ լավ է, որ գիրը կա. ես ձեզ, սիրելիներս, ուզում էի պատմել՝ արթնացա ու պատմեցի… Ի՜նչ փառահեղ, աստվածաշահ միջոց է էս ինտերնետը… Փա՜ռք…

#431

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նասլեդ՝ на след?… հետքի վրա՞, ժառանգո՞րդ…

Չգիտեի Նասլեդ անունը, որ Հայաստանում ինձ չի հանդիպել, Ջավախքի հայերի շրջանում տարածված է: Երեկ Վաչիանի մշակույթի տան պարի խմբի՝ գյուղի դպրոցի սովորողների կրթահամալիրում գտնվելու վերջին օրը՝  «Սեբաստիա» համերգասրահում հրաժեշտի հանդիպման

Անուղերձ օրագիրս ո՞րն է…

Մեր թաղի մասին (Երևանի Սևանի փողոցի փակուղի), որտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել մինչև 1978թ., ես պատմել եմ։ Գետառը, որ հիմա քաղաքի ողջ տարածքով թողեցին բետոնի ծածկի տակ, փակեցին, անցնում

Նվաճումների ճանապարհային քարտեզով․․․

Կրթահամալիրի կենտրոնից Սարալանջ անցումին դադար եմ առնում. ինձ ձգում է  Գեղարվեստի նորաստեղծ թվային արվեստի սրահը՝ նախկին նկուղի հարավից լուսավորվող մուտքով․․․ Արվեստանոց, որ ստեղծում են ամենօրյա իրենց անհատական ջանքերով Մերի Անդրեասյանն ու Դավիթ Քոչունցը։ Դեպի