«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ հացի սեղանից հանեց.
— Ձմերուկը կտրի՝ տեսնեմ-ուտեմ, հետո, պա՛պ…
Կտրեցի, տեղում կերավ-խժռեց մի մեծ դիլիմ…
— Դիլիմ ի՞նչ ասել է, ինչո՞ւ դիլիմ…
Հարցը ուղղենք Սուսան Մարկոսյանին, որ Դավիթն ինձ հանգիստ թողնի։
Հանգիստ թողեց ինձ, ինքն էլ՝ հանգստացավ, անցավ իր մեքենաների նոր խցանմանը… Մեքենաների մի մեծ խմբից բաժանվել է. էլ ծավալապաշտ-քանակապաշտ չէ առաջվա նման, բայց իր ընտրած մի խումբ մեքենաներից կազմել է ավտոպարկ, որի վրա շարունակ կենտրոնացնում է ուշադրությունը.
— Խաղամ մեքենաներով, նոր լողամ, խաղամ, հետո ուտեմ… հիմա չէ, պա՛պ… մա՛մ…
Ինձ ուրախացնում են նրա ֆիզիկական աճի, մարմնի և մտքի զորության ցուցադրությունները՝ որպես շքերթ… ինչպես երեկ… Արմինե մայրիկի հետ իջավ, օգնեց մեքենան մշտական տեղում կայանելու ու մի շնչով, առանց աստիճանների կողքից ու մոր ձեռքից բռնելու, լոնքեց բարձր հարկեր ունեցող մեր շենքի չորս հարկը.
— Պապ, տեսա՞ր, ուրախացի, դե, որ այսպիսի ուժեղ Դավիթ ունես…
Ո՜նց ուրախացա…

Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։

«Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք»… Սա Հանրակրթության մասին օրենքում գլխապտույտ արագությամբ շարունակվող փոփոխություններից մեկն է։ Սկզբում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» առանձին օրենքով կարգավորվում էին այսպես կոչված ներառական կրթական ծրագրով սովորողների հանրակրթական հարաբերությունները՝ Հանրակրթության մասին օրենքով՝ «սովորական» երեխաների հանրակրթական հարաբերությունները։ Մի երրորդ կարգավորում կա արդեն առանց օրենքում սահմանված հասկացության, որ հասկանալի լինի՝ ով է «արտակարգ ընդունակություններ դրսևորած» սովորողը, ով է որոշում, ինչպես։ Բացի «հատուկ պահպանվող» տարածքներում նրանց պատսպարելուց, շարունակ թմբկահարվող մեկ ցուցանիշից՝ առարկայական օլիմպիադաներում ձեռք գցած մեդալների քանակից, ի՞նչ ունենք՝ որպես մանկավարժություն…  Հիմա էլ, տեսեք, մտափոխ եղան, ուժը կորցրած ճանաչեցին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, այդ հասկացություններն ու հարաբերություններն ինչ-որ զտումով բերեցին «Հանրակրթության մասին» օրենք… Սրանով կամ սրանից հանրակրթությունը դարձավ ներառակա՞ն, երբ չկա դրա գիտակցումը, երբ հանրակրթական հաստատությունն այդպիսին չէ… Անկախության 25-րդ տարում պիտի ոչ թե վարկանիշավորման մեդալներով-շքանշաններով չափվի գործը, այլ բոլորիս՝ առանձնահատուկի, «սովորականի», արտակարգի՝ որպես մեկ ամբողջություն՝ մի բաց հասարակությունում որպես հավասարներ ապրելու, նույն հանրակրթական հաստատությունում կրթվելու պայմաններով… Իսկական կրթությունը, ինչպես բաց հասարակությունը, չի կարող չլինել ներառական, ներառող, հասարակ, պարզ… իրավահավասար… Մենք, որպես հեղինակային հիմնադիր հավաքանի, 25 տարի առաջ խալխի (հասարակ մարդու) դերում էինք, երբ ստեղծեցինք մեր՝ անհատականություններ ներառող, անհատի զարգացման համար համալիր պայմաններ ապահովող ծրագիրը. իմ ձևակերպումն է «Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար»…

Օգոստոսյան ճամբարը Նոր դպրոցում:
Լուսանկարները` Գայանե Սարգսյանի:

Օգոստոսի 28-ին՝ մեր հեղինակային կրթական ծրագրերի 2015-16 ուստարվա մեկնարկի օրը, մենք սեբաստացի սովորողներին հրավիրում ենք հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով (1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-12-րդ) որոշված՝ սովորողի ազատ ընտրությամբ ուսումնական գործունեության, լրացուցիչ կրթության… Այսպիսի ներառական հավաքանին ենթադրում է յուրաքանչյուրի ու բոլորի մասնակցություն, որ պատրաստում ենք մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարում

Օգոստոսի 25-ը մանկավարժական աշխատողների ճամբարում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Մարինե Մկրտչյանի:

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը կազմակերպիչ է նաև՝ սրանից չես փախչի. այս հղումով, շնորհակալ եմ մանկավարժության լաբորատորիային, հավաքին ընդառաջ, տեղադրեց 5 տարեկանից սկսած յուրաքանչյուր կրթական ծրագրի՝ սովորողի ընտրած գործունեության ցանկը՝ պարզաբանումներով, ուսումնական կենտրոնների առաջարկած լրացուցիչ կրթության ձևերն ու դասընթացները՝ տարատարիք սովորողների և ուսուցիչների համար… Տպավորիչ է, այո՞, բայց կուզեմ՝ ուղեցույց դառնա այսպիսի աշխատանքը… Դժվար, շա՜տ դժվար է այսպիսի իրական ընտրությամբ սովորական և յուրաքանչյուր սեբաստացու ազատ գործունեության ապահովում-կազմակերպումը՝ որպես օրացույց ու ժամանակացույց, որպես մեր հավաքանիի ուսումնական առօրյա… Առանց լիարժեք-զարգացող-ինքնավարության-ինքնասպասարկման-ինքնուրույնության, սովորողի և սովորեցնողի անհատական շահագրգռվածության ու ակտիվության, չի ստացվի կամ ուրիշ բան կստացվի՝ այլ արդյունքներով… Շա՜տ են ափսոս տարիների մեր ստեղծածը, փորձը, հեղինակությունն ու հնարավորությունները վարանում-վրիպում թույլ տալու համար: Սրա համար պիտի փոխվե՞ք՝ փոխվե՛ք. լսո՞ւմ եք… Սովորողի այս ազատ ընտրությամբ է որոշվում յուրաքանչյուրիս մեջ կրեատիվը, հետազոտողը…

Օգոստոսի 28-29-ը հեղինակային մանկավարժության կրթական ծրագրերով որոշված ընդհանուր պարտադիր դասընթացների, նրանց ներկայացման ու կազմակերպման օրերն են… Իսկ սեպտեմբերի մե՞կը՝ հարցնում են… Սեպտեմբերի 1-ով սկսում ենք 2015-2016 ուստարվա կրթական նորամուտների շքերթը… նոր հարյուրավոր տարատարիք սեբաստացիներով, ուսումնական նորույթներով, կրթական միջավայրի նոր մշակումներով, ուսումնական գործի կազմակերպման նոր լուծումներով… Իսկական կրթական շքերթ, որը պիտի անհատականացվի, որ ակտիվ դառնա յուրաքանչյուրը, ներառվի. առանց այսպիսի ելքի-հավեսի ոգևորվածության, ի՞նչ շքերթ… Շքերթ, որ կկլանի ոչ միայն այնքան խոստացած-ավանդական սեպտեմբերի 4-ը, այլև դրան հաջորդող շաբաթ-կիրակին… Ինչո՞ւ նշանավոր-տոնական-հիշարժան՝ որպես ուսումնական մեծ մարաթոնի մեկնարկ չդառնա մեր շքերթը… Ես խոստացա: Հետևե՛ք իմ օրագրին. ես պատմելու եմ և՛ օգոստոսի 28-ին, և՛ սեպտեմբերի 1-ին մեկնարկողի մասին…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի օգոստոսյան փորձից:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի, Թամար Մարիմյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#430

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիրն այս Տոնի հրավեր ու տոնական նվեր

Մայիսի 28-ի գիրն իմ բաց հրավեր է Տոնի, որպես տոնական նվեր յուրաքանչյուրին, ով կընդունի հրավերն այս․ հունիսի 5-ին համեցե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ՝ Բլեյանի դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մեր հեղինակային կրթական ծրագրի

Սիրտըս նըման է էն փլած տըներ… Ա՜յ, տո լա՜ճ տընավեր…

Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ…  Կեցցենք բոլորով, որ աշխատում-ապրում-գործում ենք Կրթական պարտեզի Սարալանջին: Վաղուց սպասված նախագիծ… ասում եք դուք, հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ, նստել, կարդալ, զրուցել, ժամադրվել, վայր,

Հիմա էլ տանկով կրակոցի ներքո

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի հետ եկել էր ինձ օրվա վերջում Մեդիակենտրոնից տուն տանելու… Իր պարտեզում երկա՜ր, մինչև երեկոյան մութն ընկնելը՝ համարյա ժամը վեցը, քնել էր մեծացող մարդը… այնքա՜ն, որ մորաքույր-դաստիարակ