Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք.
— Ո՞նց է արևը հասունացնում միրգը, տե՛ս, դեղձը հասուն է…
— Ես հասո՞ւն եմ, հայրիկ…
— Ես ինչպե՞ս հասունացա, ո՞նց եղավ, ո՞վ արեց… կասե՞ս… Ինչո՞ւ պիտի ես մեծերի ասածն անեմ…
— Որ քո ասածը չանեմ, ի՞նչ կլինի:
— Դեկտեմբերին ես կդառնամ 4 տարեկան… հետո ո՞նց կդառնամ 5 տարեկան…
— 5 տարեկաններն ավելի հասո՞ւն են, պապ…
— Այս դեղձն ավելի հասո՞ւն է սրանից…
— Ինչո՞ւ չեն կարող հասուն մարդիկ իրենց ասածն անեն, ուրիշներին չլսեն…
— Որ ուրիշներին չլսեմ, ի՞նչ կլինի, չեմ հասունանա՞, չե՞մ դառնա 5 տարեկան…
Լև Տոլստո՞յն է արձանագրել` 5 տարեկանից մեզ բաժանում է մեկ քայլ… Եվ մուտքը կրթահամալիր պարտեզով է, կրթահամալիրի կրտսեր դպրոց` 5 տարեկանների ուսուցման ծրագրով… Կրթահամալիրի Դպրոց-պարտեզը, Նոր դպրոցը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Հիմնական դպրոցը այս տարի ևս ընդունում են 5 տարեկաններին։ Այստեղ և՛ Արմինե Գյոնջյանի նման փորձառուն է, ում 5 տարեկանների ծրագրով սկսած 3-րդ դասարանցիները 2015-2016 ուստարվա չորրորդ դասարանցիներն են Դպրոց-պարտեզում, և՛ այս ծրագրի սկսնակ Դիանա Գևորգյանը, ով իր նախաձեռնությամբ Գեղարվեստում ավարտել է 5 տարեկանների խմբի ձևավորումը. նայելու բան է, թե ինչ աշխարհ է ստեղծել, եկեք, տեսեք։ Հիմնական դպրոցի և Նոր դպրոցի 5 տարեկանների գործող խմբերի ղեկավարների անունները կհրապարակեմ մեկ-երկու օրից։ Այս հապաղումը խոսում է մեր վերաբերմունքի լրջության մասին… Մեզանում առաջ, ինչպես հանրապետությունում, այս խումբ-դասարաններն անվանում էին նախապատրաստական ուսուցման դասարաններ… Ինչի՞ն պատրաստեն. ինչպե՞ս են որոշում, ո՞վ է որոշում… 5 տարեկանների մի մասը որևէ մանկապարտեզի նախապատրաստական խմբում այդպես էլ չի ընդգրկվում և 6 տարեկան է դառնում, 1-ին դասարան գալիս ընտանիքից… Ո՞վ է նրան պատրաստում դպրոցական ուսումնառությանը, ո՞վ է ստուգում-թույլատրում-արգելում, երբ կրթությունը երեխայի անօտարելի իրավունքն է՝ բոլոր ներպետական ու միջազգային փաստաթղթերով…
Գեղարվեստի 5 տարեկաններն սկսել են իրենց գործունեությունը:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:
Մենք 5 տարեկանների ֆիզիկական-մտավոր զարգացման-հասունացման համար կարող ենք և ստեղծել ենք համապատասխան աշխարհ, միջավայր… կրթական մեկամյա ծրագիր, որով սանը ծնողի ազատ ընտրությամբ, 2 ճանապարհ ունի՝ շարունակել զարգանալ-հասունանալ կրտսեր դպրոցի ուսուցման ծրագրով՝ իր 6 տարեկան դարձած ընկերների հետ կամ ընտրել տարրական ուսուցման քառամյա ծրագիր նոր ընկերների հետ՝ կրթահամալիրի որևէ կրտսեր դպրոցում կամ մայրաքաղաքի բազում կրտսեր դպրոցներից մեկում…
Լուսինե Ալեքսանյանը՝ մեր սոցիոլոգը սիրված-փորձառու, մեր կրթական գործունեության գլխավոր գնահատողը, վերադարձել է ֆիզարձակուրդից՝ իր 5 տարեկան Օլգայի և նրա կրտսեր քույրիկ Լիլիի հետ… Նա Գեղարվեստի դպրոցում հինգ տարեկանների ուսուցման ծրագրի շահառու է. և ո՞վ, եթե ոչ Լուսինեն, և ինչի՞ց, եթե ոչ այս ծրագրի 2015-2016 մեկնարկի ուսումնասիրությամբ պիտի վերգտնի իր աշխատանքային բնական կարգավիճակը կրթահամալիրում… Համեցե՛ք, Լուսինե Ալեքսանյան… Իսկ ընդունելությունը մեր 5 տարեկանների խմբերում մոտենում է ցուցանիշին, գործող չորս խմբերը փակվում են. մենք սիրով պատրաստվում ենք հինգերորդ խումբը բացելուն…
Դասավանդողների հեծանվային պարապմունքի մեկնարկ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
5 տարեկանները ծրագրով կլողան, հեծանիվ կվարեն. վազք-էստաֆետ-մարմնամարզությունը կկազմակերպվեն նաև որպես մտավոր զարգացման-հասունության անցումներ…
Մի բան հաստատ է, այստեղից էլ այն հետևողականությունը և ուշադրությունը, որ մենք շարունակում ենք 5 տարեկաններին դարձնել։ Տարրական ուսուցման (առաջ՝ տասնամյա դպրոցում եռամյա, հիմա՝ քառամյա 12-ամյա կրթությամբ դպրոցում) պետական կրթական ծրագիրն այդպես էլ չի փոխվել՝ անգիրի, վերարտադրման, դոգմատիկ դպրոց է եղել և մնում… Հեղինակային կրթական ծրագրով տարիների մեր չարչարանքի արդյունքում ստեղծված դպրոց-պարտեզը՝ իր այսօրվա նյութական միջավայրով ու ծրագրային կառույցով, ծրագիրը յուրացրած դաստիարակով, հասարակայնորեն ամենաերևելի կերպով ճանաչվածն է. հետդարձ չի կարող լինել, իհարկե։ Իսկ առաջընթացն այն է, որ մեր Միջին դպրոցը 2015-2016-ում ավելի վստահ է անցնում հասարակական ճանաչման ճանապարհը…
Գեղարվեստի նախակրթարանի այսպիսի 2-4 տարեկաններ: Լուսանկարները՝ Բուրիկ Հովսեփյանի:
Ժամը 6-ն է առտու: Երկար սպասված անձրևում է, թող գա ու գա… Իհարկե, ստացվեց մեր «Մեղրաձոր 2015» արշավախմբային ճամբարը, որին այս պահին անձրևը կարևոր փորձության է ենթարկում. դաշտ է, ու արշավախումբ…. Կեցցե՛ք, Գնել Հարությունյան, Կարինե Պետրոսյան, Խորեն Հազարումյան, Հրաչյա Առաքելյան ու ընկերներ՝ բոլոր կարգի ու տարիքի, այս անձրևն ընդունեք՝ որպես պարգև…
Օրագիրը համառորեն, մեկ տարի է, խանգարում է իմ Մոնակոյի ընկերոջ՝ Տիգրանի հետ 2001-ից մեկնարկած նամակագրությանը… Ինձ թվում է՝ բոլորն էլ կարդում են՝ իմ բաց, կյանքի ներսով ու դրսով գրերն օրվա… Ափսո՜ս, Տիգրանը չի կարդում, իսկ նրա հետ իմ կապը չի կարող ընդհատվել… ինչպես անկախության մեր 25 տարվա պատմությունը… Խզում թույլ չե՛մ տա, եղբայր իմ Տիգրան: Այս տեսագրությունն Ազատության հրապարակում հենց այդ մասին է, Անկախություն հռչակած ու նրա բերած սերունդների համերաշխության…
Դավիթ Բլեյանը տան պատի ձևավորմամբ է զբաղված: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Շաբաթ երեկոյան մեր պատշգամբից Դավիթ Բլեյանի և Արմինեի հետ վայելում էինք տարերքը՝ անձրևով, որոտով, կայծակով, քամով… Դավթի հարցերի տարափն էլ հետը… Ամեն ինչի մասին ու մանրամասն, հետևողական, մարդը հարցնում է, ո՞ւր փախչես, երբ դուրսն էլ փրկություն չի խոստանում… Պատասխանում էի խաղաղ-լուրջ, իմ բնագիտական-ռոդարիական կարողությունների ողջ ներուժով, մտածում 4-5 տարեկանների համար հայերեն լեզվով հանրամատչելի անիմացիոն ֆիլմերի մասին… Կիրակի առավոտյան, երբ MSKH Films-ում հանդիպեցի որոտի-կայծակի մասին ռուսերեն այս մուլտին… Դուռը զանգեց, ես կտրվեցի համակարգչից, գամ տեսնեմ՝ Դավիթը միացրել է մուլտն ու նայում է կլանված…
— Հայրիկ, ռուսերեն «որոտ»-ն ինչպե՞ս է կոչվում… կայծա՞կը…
Հետո անցավ անգլերենին…
Ուսումնական կենտրոններում մեկնարկեցին դասավանդողների սեմինար-պարապմունքները:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Ուսուցչի, մանկավարժական աշխատանքի շուրջ խմբված են լինում սովորողներ՝ ազատ, մինչև վերջ ազատ ընտրությամբ… Մենք սկսում ենք 2015-2016 ուստարվա խմբերի ձևավորումը ոչ թե հանրակրթական դասարաններից, այլ սովորողի գործունեության ազատ ընտրությամբ խմբերից…
#429