Բարի հանդիպում-միասնական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով օգոստոսի 19-ին՝ ժամը 10-ին, մանկավարժական աշխատողներով հանդիպում ենք Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ու ես հայտարարում եմ 2015-2016 ուստարվա մեկնարկի մասին. իսկ օգոստոսի 28-ին, 29-ին կրթահամալիրում կլինեն կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողները՝ սա էլ է օրացույցով… Իմ ու վարչական խորհրդի անդամների երեկվա ջանքերն ուղղված են օգոստոսի 19-ի հավաքի պատրաստությանը, օգոստոսի 19-ից 27-ի ուսումնական աշխատանքների կազմակերպմանը: Երկու փուլով կաշխատենք. մինչև օգոստոսի 23-ը (ուշադրություն, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է. ա՜յ քեզ հիշողություն)՝ կարգի կբերենք, ամառային փոշուց-հետքերից կմաքրենք մեր նյութական միջավայրը՝ ներսից ու դրսից. ազատվենք բոլոր տեսակի աղբից՝ կաբինետ առ կաբինետ, անկյուն առ անկյուն, տարածք առ տարածք, զբաղվենք ուսումնական գույքի և միջոցների խնամքով… Ուսումնական կենտրոնների, դպրոցների ղեկավարներին՝ պատրաստվենք օգոստոսի 25, 26, 27-ի մանկավարժական դպրոցի աշխատանքին՝ նույնպես 2015-16-ի օրացույցով նախատեսված:
Հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք ոչ թե սովորողի համար, այլ սովորողի (երեխայի) հետ. հենց այս օրվանից սովորողները մանկավարժական ընտրությամբ մեզ հետ պիտի լինեն՝ բոլոր իմ թվարկած, չթվարկած, ձեր ավելացրած աշխատանքներում…

Կադրեր մանկավարժական դասարանի-ուսումնարանի-քոլեջի բոլոր տարիների
շրջանավարտների հավաքից: 
Լուսանկարները՝ Թամար Մարիմյանի:

Այս տեսանյութում «Սեբաստացի TV»-ն, Անի Սարգսյանը փորձել են ի մի բերել հուլիս-օգոստոսի նյութական միջավայրի շարունակական բարելավման աշխատանքները, կատարված փոփոխությունները… Ո՛չ մի շռայլություն, ո՛չ մի չմտածված ոչ ներդրումային ծախս՝ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է կրթական՝ ուսուցանող միջավայրի ամբողջացման-արդիականացմանը…

Սուսան Հովհաննիսյանն իր ազատ ընտրությամբ փոքր, ինքնուրույն կտորներ, տեքստեր է առանձնացնում իմ օրագրից, ամեն օր անգլերեն ներկայացնում… որ մեզ հասկանա օտարերկրացին. արտահայտվելու ազատության իրացումը տեղեկատվական թվային միջոցներով՝ այդպիսի հարցադրման համար՝ առանց սահմանների ընթերցող, տալիս է: Ցանկացածին, ով տարածում է իմ գիրը, իր ազատ տնօրինմամբ, շնորհակալ եմ. այդ ջանքերը պիտի որ բերեն կրթական փոխանակումների աշխարհագրության, բնույթի, ծավալների փոփոխությանը: Ասվածը միայն իմ գրին չի վերաբերում. սեբաստացի յուրաքանչյուր հեղինակի գործունեությունը, ստեղծածը, հեղինակած-համահեղինակած գաղափարը տարածելով՝ դու դառնում ես համահեղինակ. դրանից ավելի կոնկրետ-մատչելի-շնորհակալ եղանակ ես չգիտեմ… Սա է ճանապարհն այս անհաղորդության հաղթահարման, նոր հաղորդակցության հաստատման…

Դրվագներ Մեղրաձորի ուսումնահայրենագիտական ճամբարից:
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:

Առաջ ես փնտրում էի միայն սառը ջուր, հիմա… ջուր՝ սովորական վիճակում, ու շատ եմ խմում, կում-կում… Ամեն մի աղբյուր ինձ հետաքրքիր է, ինչպես երկու օր առաջ Իջևանի՝ Նիկոլի աղջկա խնջույքի վայրի աղբյուրը՝ և՛ տեսքը քարի, և՛ համը… Օրեր առաջ էլ Մեղրաձորում Վարուժան Հովհաննիսյանի հետ հետևողական փնտրեցինք ու գտանք մի աղբյուր թթու ջուր՝ գետնից թույլ բխող. ի՜նչ համով ջուր էր… Արժե, որ բոլոր աղբյուրները կարևորվեն, մաքրվեն, վերաբերմունքի արժանանան… Տանել չեմ կարողանում, երբ կեղտոտ է աղբրի շուրջ, ինչպես վերջին անգամ Մարմարաշենի քեֆչիների մխտռած աղբյուրները…
— Յա՜խք,- կասեր Դավիթը Բլեյան:
Չեմ հասկանում մեր սեղանները կոկա-կոմպոտախեղդ անելու և տեղի սովորական աղբրի ջուրը մոռանալու սովորույթը… Թանկ «Ջերմուկը» կդնեն, իսկ քիչ հեռու հոսող, քեզ մատչելի ջուրը սեղանին մի ջրամանով պատշաճ մատուցելը մոռանում են… Խի՞…

Երկու օր հետևում եմ նոր Հասմիկ Թոփչյանի գործունեությանը Գեղարվեստում. գիտեք, մուռ ունեի՝ քանդակի արվեստանոցը շրջափակումից ազատելու, ներկայացնելու-հանրայնացնելու, յուրաքանչյուր ծեփող-քանդակող սեբաստացու համար մատչելի դարձնելուն ուղղված մուռ: Մուռս այս ամառ հանեցի. այդ առիթով մինչև սեպտեմբերի 4-ն իմ նվերների շարքում դուք կունենաք իմ «մուռ» ասվածը: Հաջողություն Արա Թարզյանին, և բարով ես եկել կրթահամալիր, Հասմիկ: Ժպիտով, սուր, պրպտող խելքը հայացքի ու խոսքի մեջ, անընդհատ-անաղմուկ գործուն… Ուրիշը, հազարը կսպասեին, կգնային-կգային, ինչպես մեր Գեղարվեստի պատրիարքները, ոտքերը-ձեռքերը կախ կգցեին, մինչև շինարարներն ավարտեն, տնտեսուհին մաքրի, Բլեյանը ներկի… Ո՞ւմ համար, քո և անհասցե, պարազիտ դարձող սովորողի՞… Երբե՛ք… Հասոն կերպար է նոր՝ նույնպիսի նոր կերպար մեզանում, ինչպիսին տեղանքի փնտրվող աղբրի ջուրն է… Բարով ես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. այս սրահը քանդակ-կերպարվեստի հենց քեզ համար էլ նախատեսված է:

Բերքահավաք գյուղացիական տնտեսությունում:
Լուսանկարները՝ Էմմա Հարությունյանի:

Հիմա ես սխտոր եմ ուտում շատ, մաքրում եմ-կլպում Գուսանագյուղից բերված գլուխները, ինչպես գազարը կամ պղպեղը, և խրթխրթալեն ուտում՝ գրկելով Դավթին Բլեյան: Այսպիսի սխտորից-սոխից անուշ հոտ կգա… սա խաշի սխտորը չէ… Սա միրգ է, համեմունք, բանջար՝ երիցս ամենա… Այսպես սխտոր ուտողը չի ծխի, չի թաքնվի, չի ամաչի բնական հոտից… Հլը փորձեք, իմ ասածի պես ջուր խմե՛ք, սխտոր ճաշակե՛ք, իմ ասածի պես՝ մի՛ ծխեք ու մեր Հասոյի պես անցե՛ք գործի… Ես այդպես եմ դիմավորում իմ 60-րդ սեպտեմբերի 4-ը:

Հիմնական դպրոցի հինգ տարեկանների հերթական հանդիպումը:
Լուսանկարները՝ Անահիտ Աղասյանի:

Ֆոտոխմբագիր՝ Հռիփսիմե Առաքելյան
#425

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հերթից դուրս

Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի

Ո՞րն է մեր Բաստիլը…

Սերգեյ Դանիելյանին՝ Յոժին, միշտ հավանել եմ, որքան էլ մի տեսակ «նեղացած եմ». անուշադիր է իմ նկատմամբ․․․ Ի՞նչ պակաս «տնազի» խայծ եմ։ Ամոթխածությամբ եմ բացատրում, այո, նրա ամոթխածության հասնող կարևորումով մեր

Մուտքը ներսի կողմից

Ես նեղացել եմ Դավթից, չեմ խոսում, չեմ հարաբերվում. խոզ է, առաջվա պես ամեն օր  չի լողում, նվնըվ է… Իրիկունը տուն եմ գալիս, իմ հին բարեկամ Էդվարդ Դարբինյանն ու Սուսան Սաֆարյանը