Օրը՝ հուլիսի 3-ը, բաց է. ես այն սկսում եմ պատշգամբում. դիմացս, դեպի Շուշանի սենյակ, Նորքի բլուրն է՝ իր հեռուստաշտարակով։ Երեկ երեկոյան 11-ին մոտ Բաղրամյան պողոտայից հեծանվով գալիս էի. Սայաթ-Նովա-Խանջյան ճանապարհից ի՜նչ տեսարան էր դեպի Նորքի բլուր՝ աշտարակն ու լուսինը… Ռոդարիական պատմությունն սկսվում է այսպիսի՞ վերնագրով… Ինձ ավելի ու ավելի դուր է գալիս հուլիսը Երևանում, Բանգլադեշում, երբ ամենուր կյանք ես զգում… Կյանքն է զնգում…

Օրերս իր կանոնավոր գործունեությունը կսկսի կրթահամալիրի աստղացուցարանը… Նոր տեսքով կներկայանա Մեդիակենտրոնի պատշգամբը… Այո, այո, մենք ավելի ու ավելի սպասումով ենք մոտենում մեր կարևոր մի օրվա… իրադարձության… Այս մասին՝ իմ կիրակնօրյա գրում… Հուլիսյան գիրը հարկ է, որ թեթև լինի, որքան էլ մեր օրը, իմ օրը հագեցած է, լեցուն գործերով, պատումը չի կարող չլինել թեթև… զով… մրգային… Ինչպես Սյուզին էր երեկ Պողոտայում, ինչպես սեբաստացիները, որ իրենց քաղաքական շարժմանը շարան-շարան սիրելի երգեր-պարեր-ծափեր շռայլեցին ուրախ, թեթև… մրգային… Կեցցե՛ք: Պողոտան համակեցության, իրար դիմելու նոր մշակույթ պիտի բերի՝ քաղաքային: Ինչո՞ւ գոռալ. չի կարելի գոռալ պողոտայում, լարվել ու լարել… Ինչո՞ւ չխնդրել, չասել՝ «խնդրում եմ՝ արեք այսինչը կամ չանեք այնինչը»,  կամ «պայմանավորվենք», ասենք, որ Պողոտայում լինեն միայն Հայաստանի Հանրապետության դրոշներ… Համակեցության մասին. ես հիշեցի «Շողակն» պատանեկան բլոգի կանոնները: Լավ օրինակ է… բերում եմ ամբողջությամբ.

  1. Արգելվում է բլոգում կարծիքները գրել լատինատառ:
  2. Արգելվում է բլոգում ոչ կոռեկտ արտահայտություններ օգտագործել:
  3. Բլոգի նյութերը պատճենելիս անպայման տեղադրել բլոգի հղումը:

Լավ բռնվեց մեր Էրիկ Թելունցը… ո՞ւր են, երկար իրենց չկտրեցի՞ն մեր կյանքից… կանոններով դա կարելի է, հա՞, Էրիկ:

Կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների խումբը՝ Վրաստանի Շեքվեթելի ճամբարում: Լուսանկարները՝ ավագ դպրոցի սովորող Էրիկ Բաբաջանյանի:

Իսկ Մերի Թելունցը՝ 11-րդ դասարանցի մեր անխոնջ համոզիչը, անկասելի էր երեկ ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի ամենամյա կրթաթոշակի շնորհման 2015թ. հանձնաժողովի առաջ… Արժանի է մրցանակի Մերին, ինչպես և Գևորգը Սայադյան… Որքա՜ն հասուն, լեցուն, ուրախ… զով… մրգային ներկայացավ մրցանակի հավակնորդների սեբաստացի տասնյակը «Սինոփսիս» հայտնի ընկերությունում, հարգելի մարդկանց հանձնաժողովի առաջ… Կեցցե՛ք, ու շնորհակալ եմ: Տպավորիչ էր իմ ու Մերի Թելունցի զրույցը վերադարձին՝ Բանգլադեշի ճանապարհին, տաքսի մեքենայում… Այսպես են ընկերություն անում սեբաստացիները, այսպես են զրուցում… Տաքսու վարորդն ինձ ասաց.
— Շնորհակալություն, այսպիսի զրույցի ներկա լինելու համար…

Գեղարվեստի 2-4 տարեկանները թելից լաբիրինթ են սարքել բակում: Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:

Ինչպես ես ասացի Պողոտային՝ շնորհակալություն Դավիթ Գյուրջինյանին հանդիպելու և իմ հարյուր տարվա բարեկամի հետ զրուցելու համար… Ինչքա՜ն կարևոր բան իմացա ես Դավթի՝ սիրելի-հայտնի հայագետի դասախոսական ու գիտական կյանքից… Պողոտան, այո՛, այսպիսի հանդիպումների-զրույցների, փոքր խմբերով ինքնակազմակերպվող-ինքնակարգավորվող կանոնների պողոտա պիտի դառնա, դառնում է… նաև նրա կանոնները պիտի սրան մղեն յուրաքանչյուրիս… Բոլորս ենք հավասար, բոլորս՝ շարքային քաղաքացի, անգամ… ես՝ իմ Հայաստանի բրենդ դարձող հեծանվով…

Կարճ, երրորդ պլանից քննարկման մասնակցեցի Պողոտայում… Ա՜յ քեզ մշակված-կայացած ուսումնական պարապմունքի ձև (քննարկում) Պողոտայում. առաջին պլանում, նստած գետնին, շրջանով, քննարկման մասնակիցներն են… կանգնած, էլի շրջանով, քննարկման այն մասնակիցներն են, ում հարմար չէ գետնին նստելը… երրորդ  պլանում՝ ես… Կուզեմ դառնալ այսպիսի քննարկման-շրջանի մասնակից. չեմ կարծում՝ որևէ խոչընդոտ լինի… Իսկ քննարկումը հմուտ վարում էր, վստահ եմ, լրիվ քաղաքացիական, ինձ անծանոթ ընկերը՝ մեգաֆոնով… Իմ հայացքում պատկերացան այսպիսի տասնյակ շրջաններ Պողոտայում… Ու հարյուրավոր երևանցիներ կարող են օրակարգ ձևավորել Պողոտայի, այսպես, օրակարգում հայտնված Պողոտայի հարցերը լուծել: Սա առաջացել է որպես քաղաքացիական Շարժում, ու կա այդպիսին: Պողոտան յուրաքանչյուրիս հարգանքն է պահանջում:

Հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

— Լավ է՞ր, որ առավոտը երկուսով լողացանք:
— Ամեն օր կլողանք, հա՞. օրը երկու անգամ՝ իրիկունն ու առավոտը:
— Չեմ ուզում՝ միասին միտինգ գնանք, էն օրը գնացել ենք. ուզում եմ՝ գնանք, մեր համար ման գանք:
Բայց տեսաք, չէ՞, ոնց է լողացել իր ընկերների հետ կրթահամալիրի մեծ ծածկած լողավազանում. հանդիպեցի լողի մարզիչ համով-տեսքով Տաթևիկի հետ, որքա՜ն ոգևորեց մարզիչը՝ իմ տղայի լողորդական հատկանիշները խրախուսելով: Դավիթն աստղով է՝ ամեն ինչ ունի… այսպիսի Բանգլադեշ՝ իր պարտեզով, քույրիկ Տաթևով ու լողի մարզիչ Տաթևիկով…
Դավիթ Բլեյանն այսօր էլ միտինգի չեկավ, մնաց տանը՝ մայրիկի հետ.
— Արի մենք կենդանիների դոմինո խաղանք պատշգամբում… Շատ մարդ կա Պողոտայում… Հայրիկը հետո կգա, կմիանա մեզ պատշգամբում…

Իսկ Պողոտայում ես աղջիկների-տղաների հետ էի՝ իմ ընկերների, իմ Շուշոյի՝ խորոտ-կարմիր… Շուշոն ուրախ է… որ չհավանի Պողոտան, չի գա: Գալիս է…
Այսօր Դավթի հետ մենք Շուշանին ընդունելու ենք տանը: Արմինեն սկսել է պատրաստվել հատուկ: Շուշո է, է՜… մեր բոլորիս ուրախությունը, հատուկ հոգածության առարկան…

Դավիթ Բլեյանն ամեն օր լողում է Դպրոց-պարտեզի լողավազանում: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Հուլիսի 2-ը, տեսեք, mskh-ի եթերում, գլխավոր էջում… Չէ, չէ, բացե՛ք, իմ ծանոթ-անծանոթ ընթերցող, ու տեսեք՝ այսպիսի Պողոտա եմ ուզում… Այսպիսի Պողոտայի բոլոր երևանցիներն են կարոտ, ինչպես այսպիսի ճամբարի՝ բոլոր մանուկները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուզում եմ ընդամենը… պառկեմ…

Առավոտը Դավթին մեր մահճակալից հանելուց առաջ զմայլանք պիտի ապրես. ո՞նց մոտենաս խաղաղ իր նինջի մեջ այս հետաքրքիր օր օրի մեծացող մարդուն… Մի նախաբան գտնում եմ ամեն անգամ, որ լսելի լինեմ,

Գիր՝ խոստացած էսսեով նոր մարդու մասին․․․

Գիտեք, ինձ համար ամենահետաքրքիրը մարդն է, որևէ ձևով նրա հայտնաբերումը, նրա դրսևորումը, ճանաչումը․․․ Այս շաբաթն այսպիսին էր՝ վերը նշված բոլոր ձևերով․․․  Ինչո՞ւ չպատմեմ, ինչի՞ համար է այս անընդհատ գիրը-պատումը․․․ Գոշ

Աստղապատում

Տիարի օրագրում այսօր ետծննդյան արձակուրդ է։ Դավիթ Բլեյանն էլ շաբաթ օրն անցկացնում է քույրիկ Աստղիկի մոտ։ — Ես ոչ մեկիդ չեմ վստահում։ Համ էլ ուզում եմ տեսնել՝ ինչպես է բացում աչքերը