Մեր մեդիան՝ mskh.am-ը, երեկ արձանագրեց 7000-ին մոտ օգտատեր, մուտք կրթահամալիրի աշխարհ-մոլորակ, և սա մեկնարկած Մայիսյան ստեղծագործական 10-րդ հավաքի նկատմամբ հանրային հետաքրքրության ցուցանիշ է… Մենք ստեղծել-զարգացնում-պահպանում ենք բաց համակարգ՝ առանց լեզվական-տարածքային վարչարարական պատնեշների. հավաքի առաջին օրը հաստատեց իրողությունը. այնքա՜ն հետաքրիր-դինամիկ-ծավալուն է մանկավարժությունը զարգանում կրթահամալիրի ութ դպրոցներում, ուսումնական կենտրոններում, որ հավաքն օգտակար է հենց տարատարիք սեբաստացի սովորողների, նրանց ծնողների և ուսուցիչների համար։ Եվ այն աշխույժը, որ տիրում էր հավաքի 1-ին օրվա հայտարարած գործողություններում, վկայեց, որ այս հնարավորությունը տեղին օգտագործվեց: Հեղինակային հանրակրթական ծրագրեր իրականացնողների մշակումով-կազմակերպումով-տարածումով, հավաքից հավաք անցածի բաց-շիտակ-կոնկրետ-հիմնավորված քննարկում է՝ ներկայացում աչքի-ականջի-մտքի զարգացման համար… Հավաքը նաև լավ հարթակ է այլոց մանկավարժական լուծումները «կլոր սեղանների» ձևով ներկայացնելու համար: Ինչպես երեկ, հավաքի 2-րդ օրն էլ ութ կլոր սեղան գործեց, և տեսեք՝ ի՜նչ ճանաչված վարողներ՝ «Արեգնազան» կրթահամալիր, «Անանիա Շիրակացի» ճեմարան, Սերոբ Խաչատրյան, Վահրամ Թոքմաջյան… «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Բուշ Լուսինե, ուսումնական ստուգատեսների կազմակերպիչներ…
Իմացա՞ք, որ մեր կրտսեր դպրոցների 5 տարեկաններն ու 5-րդ դասարանցիները հավաքը որպես «տանիք» օգտագործեցին՝ իրենց հասունության հրճվանքով առանձնանալու-ինքնուրույնանալու համար. 5 տարեկանները կտրվեցին 2-4 տարեկանների խնամքի խմբերից. ձևավորվում են հեղինակային կրթական ծրագրով 5 տարեկանների ուսուցման դասարանները՝ Դիանա Գևորգյանի, Հասմիկ Պողոսյանի… Նոր, սպասված-սիրելի հոգսեր… Մեր հինգերորդցիներն արդեն Միջին դպրոցում են՝ Մայր դպրոցի շենքում…
Նարեի և Դավիթի հեղինակած դինամիկ-ամբողջական լուրերը դիտե՛ք… այսօր նրանք հաջողված ներկայացնում են մեր հավաքի 1-ին օրը: Ինձ հուզեց Մարինե Մկրտչյանի ֆոտոլուրը Նոր դպրոցից… այսպիսի դեպքերի համար է «No Comment»-ը…
Ժամանակին ես այդպիսի մի գործ՝ ուսումնասիրություն նախաձեռնեցի. ցույց էի տալիս, որ մեր հասարակական կյանքում ժողովրդական իմաստություններն բուն իմաստով տեղ չունեն: Ինչո՞ւ կիսատ թողեցի, հիմա չեմ հիշում. օրագրերս հարմար ձևաչափ են թվում այդ փորձը կենդանացնելու համար:
Լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել… Ասվա՞ծ է: Սրա բազում ձևերը կան: Իսկ հայոց կյանքում հակասություն է. ավելի հաճախ՝
– Ախչի, գիտե՜ս… ասո՜ւմ են… Կարո՜ղ է… Դե, որ ասում են…
Չնայած ասվածի հակառակը հազար անգամ տեսել է… Կանայք, հայտնի է, ականջով են սիրում, մեր հասարակությունն էլ փսփսոցի հեշտ է տրվում, ականջի պոչով վերջում լսածի… փսփսոցի կանչով հոգու խորքից բարձրացող-տիրապետող այս անհաղթահարելի կասկածի: Իհարկե, մենք մեր կյանքով պիտի ապրենք. Կոմիտասն ասում էր. «Դուք երգեք ձեր տանը, ուրիշներն ականջ կանեն, կլսեն»… Ուրիշները, այո: Իսկ մերո՞նք, Վարդապետ, չէ՞ որ դու ամենալավը գիտես քո կյանքով, որ այդպես չէ մերոնց դեպքում… Սրա պատասխանը մեկն է՝ դո՛ւ էլ ասա, բայց քո՛նը, մի՛ տրվի քո ներսի կասկածին, այն քո կյանքով հաղթահարած պիտի լինեիր… Եթե 100 ուսուցիչ, 100 սովորող, 100 ընտանիք կրթահամալիրային իր կյանքի, իր աշխարհի, իր ապրածի մասին, իր կարևոր-անհետաձգելի-անխուսափելի-անպայման գործը համարեր տեղում ասելը, ներկայացնելը, պատմելը, ինչպես անում եմ… ես: Ինչո՞ւ եմ ե՛ս դա անում, և ինչո՞ւ այդ երեք անգամ հարյուրյակները չեն գործում… Այս՝ քո սեբաստացիական աշխարհի, մոլորակի, քո կյանքի մասին անհոգնել պատմելն է հասարակության մեջ հեղինակություն հաստատելու միջոցը: Ոչ թե որպես քարոզ-պրոպագանդա-գովազդ, երբե՛ք, այլ քո անկասկած պատկանելության (հավատամքի) միավարք դրսևորումը:
Մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմոբին, որ մեկնարկելու է մայիսի 8-ին, ժամը 19.00, ես սիրով եմ ընդառաջ գնում: Հանրակրթական մաթեմատիկան հասարակական պաշտպանության կարիք ունի, և մաթեմատիկասեր-մաթեմատիկագործ մեր Գևորգ Հակոբյանն արդիական գործիք է առաջարկում կիրառել: Ֆլեշմոբը, որպես ուսումնական միջոց, հեղինակային է դառնում. մայիսյան հավաքի օրերին ֆլեշմոբ-ընթերցանության, ֆլեշմոբ-նկարչության, ֆլեշմոբ… Սրանով մենք ուզում ենք ընտանիքի ներուժին ակտիվ-ստեղծական ընթացք տալ, մեծահասակի թե սովորողի պասիվ-ձևական ներկայությունը փոխարինել ակտիվ-կոնկրետ մասնակցությամբ, արհեստական՝ ընդամենը հայտարարված կրթության հասարակական գործունեության պերսոններին կենդանացնել, գործընկերային հարաբերություններ հաստատել իրական-գրավիչ-համախմբող գործունեության միջոցով… Կրթությունը պիտի կենդանացնի մեր պաղած, անհավես կյանքը, աշխույժ ու իղձեր հաղորդի այսօ՛ր… Պատերը ոչ միայն ֆիզիկական են, դրանք ամենուր են. ու ֆլեշմոբները կոչված են մեզ իրարից բաժանող պատերը փլուզելու, ինչպես պերֆորատորներ (հորատիչներ)… եթե գործում ես Աննա Գսպոյանի պես` «բլեյանցի» ես կամ «բլեյանում» ես սովորում…
Ես ամեն առավոտ վաղ դուրս եմ գալիս մեր պատշգամբի պարտեզ, մասնակցում եմ վարդի բացմանը… Այս մայիսին բացվող վարդը, գիտե՞ք, ի՜նչ երանիով է լցնում իմ օրը: