
ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ առաջիկայում ձևավորվող աշխատանքային խումբը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թթ. պետական ծրագիր»: Համացանցում արդեն իսկ նախագծի գաղափարն արժանացել է քննադատության, շատերին այն հիշեցնում է խորհրդային անցյալը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքերով՝ կա ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիր, և ենթադրվում է, որ այն, բարձրացված լինելով օրենքի մակարդակի, այս հարցերը պետք է ներառեր:
Աշոտ Բլեյանը վերապահումով է վերաբերվում այսպիսի հայեցակարգերին, դրանից բխող ցանկացած ծրագրերին, քանի որ նրան այս ամենը խորհրդային շրջանն է հիշեցնում: «Հետ ենք մղվում դեպի Սովետական Միություն, իսկ ես շատ կուզեի, որ մենք 23 տարում կտրած լինեինք կապերը և օգտագործեինք մեր անկախ քաղաքական կապիտալը, որ կոչվում է անկախություն»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա եթե փորձ են անում, կարող է պատահի այդ փորձի շրջանակում սահմանեն՝ ինչ բան է «հայրենասիրություն»:
Նա նշեց, որ իր կրթական գործունեության ընթացքում չի հիշում, որ երբևէ օգտագործած լինի «հայրենասիրություն» կամ «մայրենասիրություն» բառերը, տանել չի կարողանում մայրիկին նվիրված բարձրաձայն հնչող բանաստեղծությունները։ «Ես մի քիչ այլ կերպ եմ մոտենում, բայց դա իմ մոտեցումն է, և քանի որ հեղինակային կրթական ծրագիր մշակող և իրականացնող կրթահամալիր եմ ղեկավարում, ունեմ հնարավորություն այլընտրանքային մեր մոտեցումներն իրականացնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հայրենիքը սկսվում է բակից, գյուղից, փողոցից, այգուց: Ըստ Աշոտ Բլեյանի՝ այսօր խնամքի պակաս կա, և մենք պետք է կենտրոնանանք խնամքի վրա, քանի որ այն, ինչ խնամում ես, սկսում ես ճանաչել:
Նա նշեց, որ իր կրթահամալիրում փորձում են նման ուսումնական ծրագրեր իրականացնել՝ հայրենիքը խնամելու, հայրենիքը ճանաչելու, հայրենիքը փոխելու, անընդհատ խնամելու, ավելի լավը դարձնելու, հայրենիքով հիանալու…
Անդրադառնալով հայրենասիրական դաստիարակության պետական ծրագրին, որը գրվում է 2014-2019 թվականների համար, Աշոտ Բլեյանը հիշեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Մենք պլանավորում ենք մեր անցյալն ու ապագան, իսկ մեր ներկան՝ որպես անվարգ ձի, փախչում է մեր տակից»։
«Այո, մեր ներկան փախչում է մեր տակից, հայրենիքից փախչում է, և որպեսզի դա չլինի, պետք է հաստատվի կապը երեխայի, սովորողի և հայրենիքի բոլոր տեսակի դրսևորումների հետ՝ բակի, բնակարանի, բիզնեսի, գործի, ուսման։ Մարդն ամեն օր պետք է խնամքի մեջ լինի։ Եթե խնամում ես, կապեր են առաջանում, դառնում է քոնը, իսկ եթե քոնն է, ինչպե՞ս չես խնամի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնամելուց է դառնում քոնը:
Նրա դիտարկմամբ՝ ոչ թե պետք է լինի կրթական ծրագիր երեխայի համար, այլ պետք է նրա հետ անել այդ գործը:
Աշոտ Բլեյանը նշեց, որ իր կրթահամալիրից 14, 15, 16 տարեկան 60 պատանիներ՝ իրենց ուսուցիչների և վարժարանի ղեկավարի հետ, երկու շաբաթ լինելու են Ասկերանի ռազմամարզական ճամբարում, լիբանանահայեր էլ կլինեն։ Երեխաներն, ըստ նրա, այսօր հնարավորություն կունենան Արցախը ճանաչելու, խնամելու, ընկեր ձեռք բերելու, այդ ընկերոջը կարոտելու, հանդիպելու, թափառելու, զանգելու, ամեն օր հայրենիքի խնամքը իրականացնելու…
Հարցազրույցը՝ 1in.am-ում
Սիրանուշ Պապյան