Հարություն կամ, որ նույնն է, Կարմիր Զատիկ
Զատիկն ասելա.
Հենց գամ, արմանաս,
Հենց գնամ, զարմանաս:
Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար աշխարհ զատկի բերած հրաշքից արմանք-զարմանք են կտրում:
Երեկ սառցե շապիկ էր գետակը հագել, սուսուփուս ծվարել, իսկ այսօր ահա քչքչոցն է գլուխը գցել. մեջքը հաստացրել ու ճափա ընկել:
Երեկ ծառն էր տիպ-տկլոր ցցվել՝ մերկ ձեռքերը երկինք պարզած, այսօր տեսնում ես՝ բողբոջ է բռնել, տերև է հագել, ծիլ, ծաղիկ առել, ծառամեջ մտել:
Առաջ արևքուրիկը ծույլ էր, ալարկոտ, շտապում էր՝ մոր գրկում ննջի, իսկ այսօր ահա հազար ասեղով զուգված, զարդարված՝ շորոր էր գալիս՝ հանդեսի ելած:
Դեռ երեկ ամպից ձյան փաթիլն էր լռիկ-մնջիկ, խաղ ու պարով ներքև սահում, հենց իմանաս նորահարսն է սկեսրոջ առաջ պտույտ տալիս, դե, իսկ հիմա հենց նույն ամպը, գոռգոռալով, կայծակները ցրիվ տալով, վերից վար աղմկելով, անձրևում է ու կարկտում: Ու դեռ քիչ է, հենց որ հալվում ու մաշվում է, կամ իր ձայնից վախեցած, կայծակներից ծվեն-ծվեն պատառոտված՝ անհայտանում, տապ է անում, նրա տեղակ կանաչ-կարմիր աղեղնակը՝ ծիածանն է երկնքով մեկ կամար կապում: Թե կարող ես, վազի´ր, հասի´ր ու թե հասնես, տակով անցի´ր, հաստատ հրաշք կկատարվի:
Դու լավ նայիր շուրջդ ու կտեսնես, որ ոչ երեկ, այլ հենց այսօր, հազար տեսակ, հազար կանչով, թևխաղերով, թռչուններն են քո շուրջբոլոր: Ու ինչքան էլ վերև նայես՝ հավքթռուկի պարին կարոտ, դու կլսես գետնի խորքից տնքոց հողի, որ պահանջն է երկունքի, ու ափերդ քոր կգան՝ ծոր քրտինքդ գետնին տալու, մաճ բռնելու պահանջից:
Դա դեռ ի՞նչ է, դա դեռ ոչինչ: Ասա´, լսո՞ւմ ես զվարթ ծիծաղն անհոգ մանկան, որ ծնվել է գարնան թևով ու ձենձնել ամենքին: Թե լսում ես ու հաստատում, ուրեմն կա… Կա հրաշքը, որ քեզնով է նաև հրաշք, ու անունն է Հարություն:
Զատի՜կ, Հարությո՜ւն:
Եթե ասես ինձ՝ նկարիր դու Զատիկ, կամ որ նույնն է՝ Հարություն, ապա գիտեմ, կվերցնեմ երկու գույնի՝ կանաչ, կարմիր մատիտներ ու մերժելով ձմռան գույնը՝ ձյունանման թղթի վրա ես վերևում կարմիր գույնով մի մեծ արփի կնկարեմ՝ ճոխ վարսերը բոլոր ձգած, իսկ ներքևում՝ կանաչ գույնով, կանաչ-կանաչ ծիլեր առատ: Ապա կարմիր մատիտն առած՝ կանաչ, փափուկ ծիլերի մեջ մի մեծ ձու էլ կնկարեմ կարմիր գույնով:
— Միայն այդքա՞ն, — կհարցնեք դուք զարմացած: Հապա ո՞ւր են քո նկարում նոր-նոր ելած ծիլ-ծաղիկը զանազան, պերճ ծառերը բողբոջ հագած, մանուկները՝ գեղածիծաղ, թռչունները՝ թևատարած, թուխ ամպերը՝ կայծակներով, ծիածանը՝ վառ գույներով, մարդը՝ արդար իր գործերով:
— Հապա նայե´ք, — կասեմ ես ձեզ, — մի լա´վ նայեք դուք նկարին ու կհամոզվեք, որ մեծ խորհուրդ, խորին խորհուրդ կա դրանում: Նկարվածը պահն է այստեղ արարման. կյանքի նշան՝ արյան գույնով գունազարդված այս ձուն ահա, որ դեռ երեկ սառն էր այնքան ու անկենդան, արևի տաք շնչով արբած, նոր ծիլ տված պտղավորման, բեղմնավորման կանաչ ուժով կենդանացել, շունչ է առել և ուր որ է ճաք է տալու: Ու հենց ճաքեց, ձեր ապշահար աչքի առաջ մի նոր կյանք է աշխարհ գալու հազար տեսակ իր ձևերով, հազար տեսակ իր գույներով, հազար տեսակ իր ձայներով, հազար տեսակ իր խաղերով:
Նորն է ծնունդ առնում էսպես ու շարունակ պտույտ տալիս կյանքի անիվն անմեկնելի:
Դա է հրաշքն, ուրիշ էլ ի՞նչ: Եվ անունն է այդ հրաշքի՝ Հարություն, կամ, որ նույնն է՝ Կարմիր Զատիկ:
Ռուդիկ Հարոյան