Կարոտել էի Բանգլադեշիս… Թբիլիսիի Գլդանից Երևան ճանապարհն անցնում էր կիրակիով. այն ամբողջությամբ անցկացրի տանը՝ Դավթի ու Արմինեի հետ: Արմինեի հիվանդությունը՝ այս տարածված «զզվելի վիրուս» կոչվածը, կարծես կրկնվում է. Արմինեն լուրջ անհանգստացած է իր դասերի, իրեն անհամբեր սպասող 4-5-րդ դասարանցիների, գարնան արձակուրդի օրերին չկարդացած-չբացած գրականության համար… Իսկ Դավիթն ակնհայտ մեծացել է ու… հետ վարժվել ամենօրյա լողից: Իր քույրիկներ Մելինե-Մարիամը հազիվ կարողացել են մեկ անգամ ջուրը մտցնել… Թող հայրիկը գա՝ լողացնի:
Եկավ հայրիկն ու լողացրեց Դավթին՝ հիմնավոր, մեկ ժամի չափ… Ամենաշատը Դավիթը հաշվել է սիրում ու այբուբենը կարդում… Ո՞վ է սովորեցրել, ինչպե՞ս… չի ասում, բայց տառերի հետ վարվում է, ինչպես թվերի՝ աջուձախ…
— Բեր, ականջիդ բան ասեմ՝ «գ» գետաձի կամ «կ» կարիճ…
Կամ էլ Արմեն եղբոր սովորեցրած նոր արգելված բառերը… Որ Դավիթը մեծացել է, ամենաշատը երևաց Շուշանի հետ նոթբուքով խոսելիս: Որքա՜ն կոնկրետ-ուշադիր է քրոջ նկատմամբ… Ինձ հիացնում է Դավթի անընդհատ հնչեցրած «Շուշոն»…
— Շուշո, տես… Շուշո, գիտե՞ս… Շուշո, ի՞նչ ես հագել… Շուշո, ուզո՞ւմ ես…
Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, անիմացիայի, կոմպոզիցիայի, նախագծման, դերասանի վարպետության արվեստանոցների նորացման-նորոգման աշխատանքներն իմ բացակայությամբ, ինչպես կայքում պատշաճ ներկայացվել էր, ավարտին են մոտեցել. կեցցես, Գեղարվեստ, որ ամբողջական տեսքի ես գալիս…
Ինձ բռնացնում են Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանցիները՝ Մարիետա Դալալյանը, Դիանա Թանգյանը, Էմիլյա Այդինյանը, Անահիտ Չրաղյանը, ու մենք, Արմինեի, Դիաննայի ուղեկցությամբ ծրագրային քայլք ենք կատարում շենքն օղակած ողջ բակով՝ գլորվում ենք, ինչպես անիվներ… Այսպիսի խնդիր են դրել սովորողները, Արմինե Թոփչյանը, կազմակերպիչ Դիաննան, դասվար Կարինե Բաբուջյանը՝ հեծանվով թե անվավոր այլ ոտքով (չմուշկով, սքեյթով, ինքնագլորով) պտտվենք ներսով-դրսով…
[embedplusvideo height=”270″ width=”450″ editlink=”http://bit.ly/1bMZYFV” standard=”http://www.youtube.com/v/f5mPHPrINsM?fs=1″ vars=”ytid=f5mPHPrINsM&width=450&height=270&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep5721″ /]
Իմ հաջորդ հանգրվանը Նոր դպրոցով Արհեստագործականն է… Արտեմ Խաչատրյանի, Էլյայի՝ շենքի պահապան հրեշտակի հետ հայտնվում ենք ընդարձակվող ոսկերչության արհեստանոցի՝ դեպի կրթահամալիրի կասկադ նայող դիրքում… 2014-ի մայիսին կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտների հետքերով ես անցա Գեղարվեստ-Արհեստագործական-Մայր դպրոց ճանապարհով… Մոռացե՞լ եք: Մեդիան թող օգնության հասնի. խոստումները ցփնելու համար չեն: Ահա, դիտեք, լսեք՝ 2015-ի շրջանավարտներ, Արտեմ Խաչատրյան ու ընկերներ՝ պատասխանատուներ կասկադի՝ արհեստագործական հարթակով ներքև՝ դեպի նոր պտղատու այգի-պարտեզ՝ Նոր դպրոցի հարթակով (Միջին դպրոց), «Վահան Ասատրյան» պուրակով (Վարժարան, լսո՞ւմ ես) մինչև «Սեբաստիա» մարզադաշտ… Համեցե´ք, այս դիրքից արածն ու չարածը երևում է: Տեղաշարժ կա, կեցցե´ք: Բայց ապրիլն այնքան կարճ ու սրընթաց է եղել ու մնում. ես էլ, ահա, իմ վճռականությամբ և ուժով միացա ձեզ, որպես նոր թափ:
Առնոլդը Բլեյան, Նառան Նիկողոսյան օգնել են ինձ՝ Թբիլիսիում Դավթի համար ինչ-ինչ բաներ ընտրել. Նառան՝ վրացական «շորերով» կոնֆետներ, Առնոլդը՝ վրացական մակնիշով ոստիկանական մեքենա: Ես հասցրի գրախանութ մտնել ու Դավթի համար լրիվ վրացերեն նկարազարդ երկու հեքիաթ-պատմությունների գիրք վերցնել: Արժանի եռյակ եղավ Դավթի համար: Իսկ տանը Դավիթն ինձ սպասում էր արդեն երկու դարձած Արամիկ ընկերներով. չխոսողին ավելացել է Աննա Բլեյանի ուղեկցությամբ տուն մտած խոսող-ուսուցանող Արամիկը։ Ես չխոսողը հավանում եմ… Իսկ Դավիթը շատ կապվել է խոսողի հետ…
Դավթի ընկեր Արամիկները, ես ու Դավիթը Շուշոյին ներկայանում ենք Թիֆլիսից հետո, սկայպով…
— Արի մեքենաները հաշվենք,- առաջարկեց Դավիթը, երբ Շուշոյին տված՝ բնակարանով մեկ ցրած իր մեքենաները ցուցասրահում հավաքելու իր խոստումը միասին, սիրով կատարեցինք… Հաշվեցինք՝ 98 տարբեր մակնիշի-ռանգի մեքենա…
— 98-ից հետո ո՞ր թիվն է գալիս,- հարցնում է Դավիթը…
— 99-ը,- պատասխանում եմ:
— Բա 100-ը ե՞րբ կգա…
— 99-ից հետո:
— Ուզում եմ՝ էլի մեքենաները հաշվենք… Լիլիթի նվիրած մեքենաները չկան…
Ճիշտ է: Սիրելի մրցաշարային եռյակը՝ չիք: Արմինեն հուշում է.
— Բազմոցի տակ լավ նայեք…
Գտնվում են. նաև, փոքրիկ-կոտրված անիվով շտապօգնությունը… Ցուցադրված մեքենաների թիվը դարձավ՝ 103:
— Որ էլի մեքենաներ բերեն, 103-ից կշատանա՞… Ուզում եմ էլի հաշվեմ:
Գարնանային աշխատանքները Միջին դպրոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի