Էս ե՞րբ․․․ որ անճանաչելի ենք դարձել, ախր, ընդամենը մեկ տարի առաջ էսպես չէինք․․․
Հարավի դպրոցով Շամիրամի հետ տիար-մենթորի անցումն ենք անում. երեխաներ-դասարաններ են ընդառաջ վազում, փարվում, ուսուցիչները ողջագուրվում են՝ համավարակ զանց առած, իրար փոխանցում․․․ Մեկ էլ երեխաներից մեկը ոտը ետ է գցում․․․ շատ մոտիկ-լսելի դիմում․

– Ինձ կարո՞ղ ես ասել, ո՞վ ես դու․․․
Նշանավոր ժպտում եմ․․․ Ահա նա՝ հայտնի հեքիաթի մանուկը․․․ Ընկերների մի խումբ շտապ-շտապ ծիծաղելով-շփոթված ուղղում է, բացատրում․․․
– Տիար Բլեյանն է, ո՞նց չես ճանաչում․․․
Էսպես եղել է մեկ էլ 1999-2001-ին, մի անգամ, երբ Վանաձորից մի երիտասարդի բերեցին  Նուբարաշենի կլոր բերդի 013 խուց․․․ Մարդը չի ճանաչում․․․ Պատմել եմ։
– Հա,- ասում է,- բայց էն տիար Բլեյանը էսքան մեծ չէր․․․
Էս դեպքերի համար ես ունեմ մորս հայտնի պատասխաններից, թե՝ դարդից ուռել եմ․․․ 

Դե, Հարավից մեր տղայի հետ համաձայն եմ՝ մեծացել եմ, բայց ո՛չ Աստղիկի կամ Դավիթ Բլեյանների չափ․․․ Երեկ՝ օրվա վերջում, տանը, երբ բազմոցի մի անկյունում Աստղիկը, տան նոթբուքներից մեկը միացրած, Արմինեի հետ ակնապիշ մուլտ է նայում, ես «Արմենիա» TV–ով երեկոյան լուրերի դիտումն եմ ավարտում, Դավիթն էլ բջջայինով խորացել է, թե որ պետության մեջ ինչ ազգեր, ինչ կրոնի մարդիկ են ապրում, ինչ դավանանքի, ինչու, հայացքս մե՛կ Աստղիկին, մե՛կ Դավթին․․․ մե՛կ աշխարհին TV-ի՝ էս մասին եմ մտածում․․․ Էս ինչքա՞ն, էս ո՞նց մեծացանք․․․ 

Արմինեն ամենից շատ ուրախանում է, որ իր տղուկին ուսուցիչները, բոլորը առանց բացառության, գովում-նշում-առանձնացնում են լավ, բարի, մաքուրսիրտ տղա լինելու համար․․․ Ու յուրաքանչյուրը հատուկ նշում է, որ որպես տիարի տղա չի առանձնացնում, այլ հենց Դավիթի մասին է խոսում․․․ Հա, մեծանում է մեր տղան, հետաքրքրասիրությունը-պարզությունը-անմիջականությունը պահպանում․․․ Դաղալ չի դառնում․․․ Էնքա՜ն բան գիտի, ինձ ստուգում–վիճում է Հայոց բանակի ստեղծման թվի հետ կապված, տարիքը ճշտում, վերջում էլ թե․․․
– Դու չգիտես, իմ ուսուցիչ ընկեր Արմինե Գոգինյանը հատուկ կրթություն է ստացել, դու հայրենագետ չես,  չգիտեմ՝ ինչ ես ավարտել․․․
Հա, Դավի՛թ ջան, զարմանալի մեծացել ես ու լավ տղա ես, քեզ քո բոլոր քույրերն էլ հավանում են․․․ Ինձ այլ պարագայում անհասկանալի-վանող կլիներ․․․ չեմ էլ ուզում մտածել․․․ 

Տարվա մեջ ամենաաճը, իհարկե, Աստղիկ Բլեյանինն է․․․ Կատարյալ երջանկության համար երեք բան է պակաս՝ Աստղիկը նստի գարշոկ, հրաժեշտ տա փամփերսին, միայն կովի կաթիկ ուտի՝ մայրիկի ծիծիկները չքրքրի, մեկ էլ մտնի իր օրորոց՝ ծիսական-նախագծային․․․ Հալալ է մեր հեղինակային մանկավարժությանը. փետրվարին այս երեքն էլ իրավակազմակերպական ձևակերպում-փաստեր կդառնան-կվկայագրվեն․․․ ինչպես տրամադրված ենք, ջանքեր ենք գործադրում, մոտ ենք «Բլեյան դպրոց» պատմական անունով հասարակական կազմակերպության գրանցմանը փետրվարին․․․ Աճում ենք – զորանում – ինքնավար – ինքնուրույն հասուն դառնում, որպես կրթական համայնք՝ տանը,  դպրոցում․․․ 

Արմինեն, իհարկե, չի մեծանում․․․ նա մեզ մեծացնում է ու, տեսեք, 100 տոկոսանոց արդյունք ցուցաբերում․․․ 

#1970

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ պոստում Տիարի՝ արթուն պահակի. գիր է…

— Ձմեռվա առաջին օրը շնորհավո՜ր…,- ձնագնդիի պես գլո՜ր մահճակալից, հյուրասենյակում ձայնեղ հայտնվեց Դավիթը Բլեյանը՝ առավոտ կանուխ։ Դեկտեմբերի նկատմամբ Դավթի վերաբերմունքը գիտեք. նրա ծննդյան ամիսն է, մեզ բոլորիս հիմա պատրաստում է

Ձևը խաղ է անցավոր․․․

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․ Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ

Ձեր դպրական կենտրոնը՝ բոլորիս Արատեսում

Այնտեղ վարազներ կտեսնես աչքի հեռավորությամբ, որ նկարես-տարածես, որ նրանք այքա՜ն վստահ են իրենց զգում, որ կմոտենան առավոտ շուտ դպրական կենտրոնի վրաններին, ու դուք կարթնանաք անծանոթի շփումից… Առավոտյան դպրական կենտրոնի կառուցապատվող,