Երեկվա իմ բուռն-կոնկրետ միջամտության արդյունքները տեսանելի էին արդեն օրվա վերջին… Մեր նշանավոր բանգլադեշի հարյուրավոր երևանցիների ամառային փրկություն դարձած բացօթյա լողափերը համալրվեցին նոր լողավազաններով, ծածկոցներով, պակասը լրացվեց… մեր նշանավոր լողափերը սնկի պես տարածվում են։ Այսօր կգտնենք նաև գետի որակյալ խիճը, որով մեր լողափերը կդառնան ավելի հիգիենիկ-հարմար… Լողավազան-լողափերը մշտական խնամքի, խնամքի նոր մշակույթի պահանջ ունեն ու այստեղ բոլոր տարիքների, սկսած 2 տարեկանից, ճամբարականների ինքնասպասարկում-ինքնավարությունը, նախաձեռնողական գործունեությունը անփոխարինելի է… Հեղինակային մանկավարժություն է։
Երեկ Արևելյան դպրոցի լողափում ես երկար, ավազանից ավազան, վայելում էի 2-12 տարեկան ճամբարականների հետ մեր ստեղծած աշխարհի ամենամարդասիրական անկյունը… ջրոցի էինք խաղում, երախտագետ ծնողների օբյեկտիվների կենտրոնում էինք… Ես հուզված խոսք էլ ասացի, որ երեկ չէ մյուս օրվա Աշտարակի մանկապարտեզների վարիչ-դաստիարակների մեր հանդիպման տպավորությունը թոթափելու համար էր… Բլեյան կրթական ցանցով մենք պատրաստ ենք ամառային լողափերը հասցնելու Աշտարակի բոլոր հինգ մանկապարտեզներ… Բայց դո՛ւք պիտի սկսեք, մեր գործուն աջակցությամբ անցնեք այն ճանապարհը մանկավարժական, որով մենք անցել ենք արդեն քանի տարի… Շատ խոսելու, վախերը փոխանցելու ու դրա շուրջ չօդափոխված-փակ տարածքում քննարկումներ կազմակերպելու փոխարեն լավ է միկրոավտոբուս-միկրոավտոբուս դաստիարակ-ծնողների խմբերով, ինչպես ես երեկ, վայելել բանգլադեշյան ծովափերի իդիլիան… Եթե ոչ, ամռան հեղձուկի մեջ մանկապարտեզային գործունեությունը նմանվում է մանկական ապաստարանների… Ավելի լավ է՝ երեխան մնա ընտանիքում, հատկապես Աշտարակի հողամասերով տներում, Քասաղ գետի հովերին տրվի:
Մրգային աղցանի պատրաստում: Հարավային դպրոցի ճամբարականներ:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Երեկ ինտերնետ-սոցիալական միջավայրին զովություն բերող, ամենանայվող պատկերները կրթահամալիրի Հարավի լողափերից էին՝ տեսանյութեր ու ֆոտոշարեր բազմազան… Ուրախությո՜ւն՝ այսքա՜ն պարզ-ուղղակի-անմիջական… յուրաքանչյուրին…
Դավիթ Բլեյանը, այնքան հոգնած-հագեցած էր Արևմուտքի իր լողափային առօրյայից, իրիկունը տանը Վիեննայի Շուշան երգչուհի քույրիկից չէր կարողանում ինտերնետի եթերում բաժանվել, պատմում էր ու ծիծաղում, ոչ էլ կարողանում էր դիմադրել հոգնության-սպառումի պարտադրած քնին… կամավոր անկողին էր քաշվում…
Երեկ Հյուսիսի մեծ լողավազանում երկու հարց էր՝ ես իմ շորտով-շապիկով, ամառային ճամբարի հովվերգությամբ, երբ եմ հայտնվելու իրենց հետ լողավազանում… Ջրի միջից կանչեր են հասնում.
— Հեծանիվ վարելու նման լողո՞ւմ եք, տիա՛ր…
— Մի քիչ էլ խորացրեք-մեծացրեք մեր լողավազանը, տիա՛ր…
Երեկ մենք ունեցանք Արտակարգ իրավիճակների նախարարության կոնկրետ հաստատումը. 30 տեղանոց և 10 տեղանոց վրաններն Արատեսի, Սևանի «Ժայռ» գոտու, Մադինայի մեր դաշտային ճամբարներում տեղադրված կլինեն առաջիկա երկուշաբթի… Հունիսի 5-ին սեբաստացի բաց ջոկատները, նախագծային խմբերը կկարողանան շրջակա միջավայրի պաշտպանության օրը դարձնել ամառային ուսումնական ճամբարների սկիզբ… որպես բնության գրկում դպրոցներ՝ հայրենագիտական, բնապահպանական, ռազմա-մարզական, ընթերցողական, փառատոնային բաղադրիչներով…
Ճամփորդություն դեպի Սաղմոսավան:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:
Ուսումնական ճամբարները՝ հունիսյան կազմակերպում-օրացույցով, հեղինակային կրթական ծրագրով սովորողի ուսումնական ընտրությամբ գործունեության, օժտվածության զարգացման բաց-ներառական համակարգ են ձևավորում… Մասնագետ-մանկավարժը՝ ազատված բնության գրկում ճամբարային տնտեսության կազմակերպման հոգսից, պիտի կենտրոնանա իր ղեկավարած դասընթացի պլեներային (բացօթյա) կազմակերպման-մշակման վրա… Իմ խոսքը ճշմարիտ է ուսումնական պլանի բոլոր բնագավառների համար… «Գետը բնակավայրում» նախագծով հետազոտական ճանաչողական գործունեությունը չի կարող չհանգեցնել գետի աղտոտվածության, ջրի որակի, այդպիսի ջրով տնտեսական գործունեության ուսումնասիրման, այդ թվում՝ ծառայությունների մատուցման, ընդհուպ մինչև բացօթյա լողափերի կազմակերպումը բնակավայրերում… Ջրի աղտոտման աստիճանի, գետի տարբեր մասերից վերցրած ջրի բաղադրությամբ որոշումով կարող են զբաղվել կրթահամալիրի մայր դպրոցի ֆիզիկայի-կենսաբանության լաբորոտորիայում, ընտրությամբ գործունեությամբ նախագիծ է այսպիսի խնդրի իրագործումը… Ինչո՞ւ ոչ այս հունիսյան ճամբարային առօրյայում….
Իսկ իմ աչքը հունիսի 3-ին, 4-ին նախ և առաջ կրթահամալիրի Բանգլադեշի լանջերի բարձունքներին, մարգագետիններին ու պուրակներին է. ե՞րբ կհայտնվեն առաջին վրանները…
Երեկ Վիգեն Ավետիս քանդակագործը Վարուժանի ինքնաթափ մեքենայով քարերի առաջին քանակը Բազմահովիտի քարհանքից տեղափոխեց Մայր դպրոցի մեծ պուրակի քանդակագործության հարթակներ փառատոնի հուլիսի 3-ից սկսվող «Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում» նախագծով…
Իսկ իմ խիտ, բացակ չունեցող օրացույցում ուրբաթի Մարինե Մխիթարյանի հեքիաթագրքերի շնորհանդեսին ներկայության խնդիրն է… Կլուծեմ, իհարկե, սիրով ու էլի նման՝ ճամբարային կյանքի առաջադրած…
Աստղիկ-Աշոտ Բլեյանների առավոտյան զրույցների շարքը շարունակվում է: Տեսագրումը՝ Արմինե Աբրահամյանի:
[youtube https://www.youtube.com/watch?v=OD2VJ8Ipmkg]
Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1674