Արդեն քանի օր ինձ չի հաջողվում տեսագրել-ձայնագրել Աստղիկ Բլեյանի մութուլուսի կանչը, երբ նա արթուն է ու երգեցիկ-լսելի-բարձր-ուրախ կանչում է ինձ իմ աշխարհից, բնակարանի իմ գրողական անկյունից… Արմինեն՝ վաստակած քնի մեջ, Դավիթը՝ իմ անկողնում, «էլի սկսեցի՞ր, ա՛յ պուճուր քնահարամ, ձենդ կտրի՝ քնենք» բողոքով։ Ես հասնում եմ իմ այֆոնով, հենց միացնում եմ, Աստղիկն ընդունում  այ, էս տեսքը, դիրքը, վիճակը…

[youtube https://www.youtube.com/watch?v=j_l83wAn-H4]

Սա՝ երեկ, 6-7-ի, հետո 7-8-ի արանքում… Իսկ ժամը 9-ին արդեն մենք սեբաստացի մանկավարժական աշխատողներով Սուրբ Երրորդություն եկեղեցում ենք՝ որպես ժամերգուներ առավոտյան. երգում ենք այնքա՜ն մեր ներաշխարհը դարձած, մեզ համար կրկնակի աղոթք դարձած շարականներ։ Հետո ես խոսք եմ ասում մանկավարժական. ուրբաթ օր է, մեր գարնանային ամենամյա մանկավարժական ճամբարի 5-րդ օրը։ Մինչ ես կհասցնեմ Սուսանի ու Լիլիթ Ազիզխանյանի հետ իմ լցված էլ. փոստը պարպել, արանք եմ գտնում հին Նորք՝ հանրային TV բարձրանալուց առաջ քանի՛ օր հետաձգվող գործ անել՝ մազերս կտրել իմ հին ընկեր վարպետ Իսրայելի մոտ։ Մեր խաղաղ-վստահելի զրույցը, որ այնքա՜ն պակասում է հայկական մեդիային-սոցցանցին, գրականություն էլ կարող է դառնալ, սարոյանական…

Աստղիկ-Աշոտ Բլեյանների նկարաշարը՝ Արմինե Աբրահամյանի։

Իսկ հիմա պիտի որ հետաքրքիր լինի իմ ելույթը-խոսքը-հայացքը, որ Արմեն Դուլյանի «Խաղի կանոններ» հեղինակային հաղորդման ժամանակ. չորս տարբեր մարդկանց հատկացված 40 րոպեում ձեզ փորձում եմ հրամցնել։ Եթե արձագանքեք. ուզում եմ շարունակել-բացել թեման։

Ուղիղ ժամը 14։00 հարավարևմտյան ֆիլհարմոնիկում՝ Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում, Վիգեն Ավետիսի պարգևած հրաշալի համերգն է, երաժիշտ Միքայել Ամյանի հայտնագործում-հայտնությունը սեբաստացիական աշխարհում։ Իմ ու Վիգենի փոխեփոխ խոսքը՝ համերգից առաջ, համերգից հետո, թե գտնեք, հետաքրքիր կլինի միասին լսելը։

Իսկ Միքայելը մեր խնդրանքով իր «Կարոտ» ստեղծագործությունը, Վիգենի ընտրած Բախը կատարում է նաև Գեղարվեստի հարթակում, որտեղ մեկ ժամ իտալացի ճարտարապետ Ռոբերո Ռավալիի և Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի մասնակցությամբ, «Մասնակցային ճարտարապետություն» նախագծով հետաքրքրված կրթահամալիրի տեխնոլոգների, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի հեռահար հավաքն է։ Դուք դեռ կհասցնեք մասնակիցը դառնալ այս ամենա… նախագծի, իսկ Գոշ Սարգսյանի մասին իմ էսսեն՝ իմ վաղվա գրում։ Հիմա՝ տեսանյութն այս։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=fFEQPFuMf5Y]

Ժամը 18։00 ես «Վանոյի հետ, առանց Վանոյի» գրքի շնորհանդեսին եմ՝ Վասակ Դարբինյանի հեղինակած ժողովածուի, որպես հեղինակներից մեկը ու բերանիցս-սրտիցս թռած խոսք ունեմ։ Ահա տեսանյութը։

Անհնար էր դրանից հետո մնալ ինձ հարազատ-օտար-ուրիշ լսարանում բարձրահարկ հյուրանոցի, առանց Վանոյի… Կամերային երաժշտության տուն՝ Երևանի կամերային երգչախմբի կոմիտասյան համերգաշարի հերթական համերգին ուշանալ չէր կարելի։ Մեքենաների ծովերն ինձ շփոթեցնում են քաղաքում։ Այնպես որ ես ոտքով եմ վաղուց արդեն քաղաքը հատում՝ Պոլիտեխնիկից Հաղթանակ, Կրկեսից Մոսկովյան, հրապարակից Կոնդ, թե ինչպես երեկ օրվա վերջում՝ Մոսկովյանից Խանջյան…

Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ, ինչպես իմ լեցուն ուրբաթ օրվա գործի ֆինալ։

Տեսանյութը՝ Նելի Արղությանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=_mQiqN5_Kdw]

Շնորհակալ եմ, Հարությո՛ւն Թոփիկյան, քո առաքինի-պիրկ գոյության համար։

Հաշվեք ինձ հետ՝ մի օրում քանի՜ ելույթ, ձեզ շաբաթ-կիրակիի ընթերցանության-դիտելու նյութ։

#1616

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մանկավարժության փորձաքարի առաջ. ինչպես լուծել խնդիրը…

Չեմ հանգստանա մինչև միասին չուսումնասիրենք Ջորջ Փոյայի հայերեն աշխատությունները՝ մեր մանկավարժության միշտ դասական ու միշտ արդիական… Ինքնուրույն ուսումնասիրման գործընթացում ձեռք բերած և սեփական սովորողների զննումից քաղած փորձի հիման վրա… –

Հայացք Երևանից, հայացք Երևանին…

Որպես երևանցի՝ ծնունդով ու մշտական բնակությամբ, երեխաներով, նրանց երեխաներով, աշխատանքով․․․ ամենամեծ կորուստը Երևանն է եղել, ու ամենամեծ ձեռքբերումը, որ ակնկալում էի ունենալ 2018-ի ապրիլի ընդվզումով-իշխանափոխությամբ, Երևանն է, նրա՝ ճակատագրի դատապարտվածության

Ձայնե՜ր, ծափե՜ր, տեսարա՜ն…

Իմ սիրած ծեսն իմ նախաձեռնությամբ երեկ ժամը 10.45 սկսվեց ու 10.50 ավարտվեց Միջին դպրոցի 9-րդ դասարանում, երբ Նունե Մովսիսյանի պարապմունքն էր. իմ ներկայացմամբ՝ ծեսին մասնակիցներս սրտանց ծափահարեցինք Ալբերտ Մինասյանին իր նախաձեռնողական-նախագծային