Սեբաստացիներն այսպիսին են… Ես արթնացել եմ ժամը 2-ին գիշերը, դեռ չեմ կարդացել Առնոլդ Բլեյանի մատուցմամբ այս տեղեկությունը

Սովորական տիարի սովորական օրվա՝ հունվարի 8-ի սկիզբն է. ժամը 8։20, ըստ չվացուցակի սեբաստացիական, Դավիթ Բլեյանի հետ կսկսենք մեր ուսումնական նախագծային ճամբարային առաջին օրը, որին Դավիթն անհամբեր է սպասում, որքան էլ որ գոհ է և՛ Ձմեռ պապից, և նախածննդյան արձակուրդից, և՛ Սուրբ Ծննդյան օրերից Արատեսի…
— Թող շատ ձյուն գա Արատեսում, լավ է, որ գալիս է… Մենք այս շաբաթ կգնա՞նք Արատես… Քանի՞ օրով…

Լավ կլինի, որ Դավիթն այնքան ինքնուրույնություն ունենա, որ որոշի ու անգամ առանց հայրիկի, նախագծային որևէ խմբի հետ, հենց իր դասարանի ու իր ուսուցչի հետ լինի Արատեսի ձմեռային ճամբարում… Լուսինե՛ Փաշայան ու ծնողներ, Արտյո՛մ Խաչատրյան, լսո՞ւմ եք… Մեկ գիշերն էլ քիչ է Արատեսի համար. գնացեք երկու գիշերով, երեք լիարժեք օրով, որ ձմեռային Արատեսն ընդունելի լինի։

Ինչ լավ է, որ սեբաստացիներն այսպիսին են. շնորհակալությամբ դիտեցի Սաթեն Գևորգյանի Սուրբ ծնունդը կրթահամալիրի Ագարակում, Նունե Խաչիկօղլյանի Սուրբ ծնունդը Արատեսում… միաժամանակյա խորհուրդ-հավաքները սեբաստացիական… Ինչ լավ է, որ այսպիսին եք… Տաթևի պես աղջիկ ունեմ, Մարինե Մկրտչյանի ու Սմբատի պես ընկերներ՝ Սուրբ Ծննդյան նախագծային խմբերի ղեկավարներ… Չեմ պատմել, անընդհատ է իմ գիրը՝ բոլոր սխալների-մոռացումների շտկումների հնարավորությամբ, պատմում եմ, ահա, և սարսուռը, որ ապրեցի հունվարի 6-ի գիշերը Արատեսում, երբ ուղիղ եթերում Հանրային ռադիոյի լսեցի-վայելեցի «Սեբաստիո» ժողգործիքների համույթի՝ Մարիամ Մնացականյանի, Աննա Երիցյանի ու ընկերների ելույթը, նորից համակեց ինձ։ Լսեք-դիտեք ինձ հետ։

Սուրբ Ծնունդը կրթահամալիրի Ագարակում, Արատեսում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի, Նունե Խաչիկօղլյանի:

Ցնծացի, կարդացի իմ էլ. փոստում… Փարիզից, Նոր Յառաջի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլակյանի ու «Մկնիկներ» միավորման վարչական խորհրդի հրավերը Մարինե Մկրտչյանին Փարիզ՝ մեկ շաբաթով դասընթացի, ինչպես անցյալ տարի Աննա Երիցյանն էր, ինչպես հաջորդ տարվա համար կլինի Մարիամ Մնացականյանը…

Շնորհակալութիւն Աշոտ,
Սկսինք Մարինէ Մկրտչեանով։ Մկնիկի աշխատանոցի թուականը 25-2 / 1-3 շաբթուան ընթացքին տեղի պիտի ունենայ։
15-23 յունուարին, ես Երեւան պիտի ըլլամ, կը տեսնուինք։

Հետո դուրս եկա. հինգն էր գիշերվա, անցա Արատեսի դպրական կենտրոնով… Արթուն պահակ է տիարը, միշտ իր պոստում… Արատեսի  նորաբաց ակումբում Սուրբ Ծնունդի մեր խորհրդավոր ընթրիքի սեղանին իր ընտանիքով՝ Տիգրանով, Յանայով ու նրանց մայրիկով ներկա Հովհաննես շրջանավարտը, որ Արատեսում մեկ 25 տարի առաջ էր եղել դասարանով՝ Այվազյան  Դավթի և ուսուցիչների հետ, մեկ էլ՝ հիմա, ասաց.
— Դուք չեք փոխվել, տիա՛ր, փոխվել է, Սուրբ Ծննդյան ծիսական հմայքի մեջ է, նորացել է Արատեսը…

Ի՜նչ լավ է, որ…
Հունվարի 6-ին օրացույցով որոշված ծրագրով ու ժամին Արատեսի գեղարվեստի հարթակում Քնարիկ Ներսիսյանի հետ դիմավորում ենք Արատեսի վանքի մոտ հենց նոր միկրոավտոբուսից իջած ուսուցչական նախագծային խմբին ու հանդիսավոր-կարևոր ուղեկցում. անցնում ենք դպրական կենտրոնով, ձմեռային Արատեսի տուն առ տուն, հետո՝ ուղիղ ժամը 12։00, Արատեսի վանքում Սուրբ Ծննդյան ուսումնական ժամերգությունն է մեր… Ու ես հիմա իմ գրով նաև, ինչպես վանքում, Ուսուցչին Ծննդյան ավետիս որպես, բարձր ձայնում եմ. մենք զորեղ-կարող ենք այնքան, որ սկսում ենք 2019-ին Արատեսի վանքի վերականգնումը կարգով-նախագծով, հավաքի մասնակիցներով դրա համար բացում Արատեսի վանքի վերականգնման աջակցության հիմնադրամ… Միացեք, հետևեք հիմնադրամի գործունեությանը Արատեսի դպրական կենտրոնի բլոգում։ Ոչ միայն դրամական հաշիվները, այլև բոլոր գործողությունները-նախաձեռնությունները կլինեն բաց… Ինչ խոսք ունեի՝ քամուն շաղ տալու, տվել եմ, հիմա իմ ամեն խոսքը մի սերմ է պարարտ հողում կամ պարարտ հողի ստեղծման-ընդարձակման ջանքեր… Ի սկզբանե էր Բանը, և Բանն էր ճիգ ու ջանք… Ասված է։

Երևանյան… կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Հետո ես արատեսցի Գայի, շինարարների, սեբաստացիների մի խմբի հետ անցնում եմ 2019-ի առաջին ամիսներին կառուցվող պանդոկով Արատեսի, նրա սիրերգության անկյունով, կանգնում Ուխտավորի կացարանի՝ 25 տարի առաջ գցած հիմքերի առաջ… Նաև ուխտավորներով-ուխտագնացությամբ կկանգնի Արատեսի վանքը՝ նրանց ջանքերով ու նրանց համար… Ու դպրական կենտրոնի նորաբաց թոնրատուն-հացատանը մատուցված հացը Եղեգիսի համայնքի, համայնքի ղեկավարի տեղակալ երիտասարդ Դավիթ Օհանյանի խոսքը-ժպիտը-ուրախությունը՝ ամեն ինչ, բաց, արդար, մի-մի ավետիս որպես…

Ավետիս, այո, որ հաստատեցինք մենք Եղեգիսի Սուրբ Կարապետում, Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ մեր ուրախությամբ-խոստովանությամբ-մեր կրկնակի աղոթքով՝ ժամերգությամբ, ծիսական երգեցողությամբ, Սուրբ Ծնունդի պատրաստության այս շրջանը՝ ծնունդից ծնունդ, մի ողջ տարի, որպես ուսումնական աշխատանք, ուսումնական ծրագրով, որպես հեղինակային մանկավարժության տարածում, կանենք այնպես, որ սուրբծննդյան ուրախությունը տոնվի-հնչի-լինի Եղեգիսի կիրճի-համայնքի բոլոր գյուղերում-խոնարհված համարվող եկեղեցիներում… Ինչպես հունվարի 5-6-ին՝ Արատեսում, նրա վանքում։

Ուրիշ է գիշերային բոհեմն իմ: Աստղիկ Բլեյանի հետ իմ այս գիշերային երկխոսություն-տեսագրությունները եթեր տվեցի, երբ ֆեյսբուքում կարդացի գիշերը ժամը 2-3-ին արթնացող, գիշերը չքնողների արտասովորության մասին… Արտասովորն այն է, ինչ տալիս ես շփումով բնական-մարդկային-անմիջական ու ստանում լիուլի՝ որպես վարձատրություն… Այս ֆոտոներն էլ արված են այս գիշեր…

Տեսաշարերը՝ Աշոտ Բլեյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=eXlOr6Tl8RU]

Ես անհամբեր եմ ձեզ պատմելու նոր նախաձեռնության մասին, որ հղացվում էր այս օրերին իմ սուրբծննդյան օրերի գրերում, որ իմ բլոգում նոր բաժին է դարձել «Երևան» խորագրով։ Շնորհակալություն Արմինե Թոփչյանին։ Նախաձեռնությունը հայտնի դարձավ երեկ Կողբացի-Ֆիրդուսնոց՝ խնամքով պատրաստված այցի ժամանակ… ինչի մասին ես խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ մեր տանը, հունվարի 4-ին… Այս մասին ես կպատմեմ իմ վաղվա գրում…

Յուրաքանչյուրիս պարտականությունը առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ նվիրելը:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1546

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորական դարձած իմ այսօրվա գիրը`արտակարգ իրավիճակի մասին է…

Դավիթ Բլեյանին քույրիկ Տաթեւիկը մեծ, նարնջագույն, բեռնատար բետոնախառնիչ (ուշադիր եղեք, որ Դավթի ոչ մի բնութագրիչ բաց չթողնեմ) մեքենա է նվիրել, ու Դավիթն այս օրերին անբաժան է, քնում, արթնանում, լողանում է սրանով: Ահա

Կյանքով ուղղելու հանրակրթություն…

— Հայրիկը որ մահանա, ո՞ւմ է մնալու դպրոցը… ի՞նձ… Կարո՞ղ ա՝ Աստղիկին… — Դու ավելի վտանգավոր մրցակիցներ ունես, Դավի՛թ, Լիլիթը, Տաթևը, Շուշանը… Երեքն էլ ամեն օր իրենց համբավը-հարգանքը-ճանաչումը մեծացնում են…

Հե՜յ, ով կա այդտեղ… գոնե մեկնումեկը… Գրում եմ ես…

Նոյեմբերն այս մեկնարկեց տպավորիչ՝ անձրևով-ձյունով-ձնհալով. ինչպիսի՜ տերևաթափով… Մեր շենքի ու Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի արանքում, Չայկովսկու փողոցի վրայի՝ Արմինեի մեքենայի կայանատեղին դեղին-մեծ-պայծառ խաշամ-ծածկ է ստացել… Այսքա՜ն տերև էր մնացել ծառին…