Ինձ Աշոտ պապիկ ասողը՝ Վահանը, այսօր դարձավ երկու տարեկան, իսկ երեկ մտքերի մեջ Քոլեջում հայտնված տիարին ԻնգաՎարդուհու 2-4 տարեկանների սրահի արևմտյան պատուհանից զի՜լ, այնպես, որ յուրաքանչյուրդ լսեք՝ Աշոտ պապի՜կ, կանչում է, ու նշանավոր ծիծաղում, այնպես, որ ես մոլորությունս շփոթմունքի փոխած լուսանկարում եմ․․․ Կողքից ով ասես մասնակից է. ու այս ինքնաբուխ առերեսումը պապիկի ու թոռնիկի մնաց․․․ Ես ո՞նց չբերեմ գիր․․․

 

 

Օրվա վերջում, Ձորափի փողոցով ես վեր ու վար արեցի՝ 24news TV-ն գտնելու. այստեղ առաջին անգամ եմ լինում։ Հրազդանի կիրճ նայող անհասկանալի մեծ շինության բացվածքում հարմարավետ տեղավորված TV-ն՝ իր տաղավարով, լրագրականով-համակարգչայինով, ինձ երիտասարդական ակումբ է հիշեցնում, ծանոթ-անծանոթ՝ հարազատ են բոլորը․․․ Ինձ թվաց՝ ես կարող եմ, ես ուզում եմ մի ամբողջական ֆիլմ նկարել այս TV-ակումբի մասին, ծանոթանալ յուրաքանչյուրի, հայացքով միշտ Հրազդանի կիրճին՝ ներս ու դուրս անող, Հայաստանի մասին պատմող այս ստեղծական խմբի հետ․․․ Հետոյին մնաց։ Տղաներից մեկն ասաց, որ քաղաքապետի թեկնածուների հետ ուզում են անցնել Հրազդանի կիրճով՝ վերից վար, Երևանի միջով․․․ Ինձ Հրազդանի նկատմամբ ուշադրության ամեն մի դրսևորում հուզում-ոգևորում է, ինչպես Վահանի «Աշոտ պապի՜կ» կանչը։

Հարավային դպրոցի նորեկները, առաջին դասարան:
Ֆոտոշարը՝ Շամիրամ Պողոսյանի:

Իսկ երեկ իրիկունը, ես եմ իրենց կենտրոնում, տաղավարում։ Մնացածը՝ եթերում։ Մայրամուտ է Հրազդանի կիրճում՝ Ձորափի փողոցի ողջ երկարությամբ, Պռոշյանի ակադեմիկոս Ջրբաշյանների տանից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցի… Ափսո՜ս, որ իրիկնային եկեղեցին անմարդ է, անսաղմոս, անշարական, անխորհուրդ, երբ Երևանում այնքան ձայն կա, որ կուզենար հնչել Սուրբ Սարգսում… ինձ համար… Իմ պատվերն ինչո՞ւ է զանց առնվում։

Բազմամարդ-աշխույժ մի ակումբ է ինձ հիշեցնում սեբաստացի սովորողների-ուսուցիչների ամենօրյա տեղափոխումը, երբ երեկ կեսօրին, հետևում էի, այսպես ասենք, փորձնական եթերին․․․ Շա՜տ ուշադիր։ Որքան էլ լիքը անելիք կա, բայց Արմինե Թոփչյանի ֆոտոօբյեկտիվը ճշմարտացի է․ մասնակցիները՝ հին ու նոր ուղևոր, թե վարորդ, սեբաստացիական համերաշխության և հարազատության մեջ են..․ Արմինեն ինձ է կարևորում, ես՝ Լուսինե Մամիկոնյանին, բոլոր սեբաստացի վարորդներին, որ համատեղ ստեղծում են այս միջավայրը՝ անվտանգ, համերաշխ, ուսումնական։ Համատեղ կյանք է, ու մի ծանր քար ընկավ իմ սրտից, ախր, այսպես, ամեն ուսումնական օրվա սկիզբ ու վերջ, ողջ մայրաքաղաքից ու նրանց մերձ բնակավայրերից․․․ Բարի երթ, ձեր ընտրությունն է ու ձեր համատեղ կյանքը ճանապարհային հավաքանիներով․․․

Սիրելի Կիմի աշխատանքի այսպիսի լուծումը բերում եմ ամբողջությամբ․․․

Հարգելի տիար Բլեյան,  կազմակերպչի աշխատանքի առաջարկ եմ ստացել Ոսկեհատի դպրոցից, որը կարող եմ համատեղել նաև իմ այնտեղի մասնագիտական աշխատանքի հետ, սակայն անհամատեղելի է Երևանում իմ զբաղվածության հետ։ Շնորհակալ եմ մեկ տարվա մեծ վստահության,  սիրո ու հարգանքի, ընձեռած հնարավորության ու  ստացած անգնահատելի փորձի համար։ Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրս լցված էր ուսուցողական-հետաքրքիր պահերով։ Կրթահամալիրից հեռանում եմ՝ ընկերներ, հարազատ մարդիկ ձեռք բերած, հոգով և սրտով մնալու եմ միշտ սեբաստացի։ 
Կփորձեմ ցանցային կապերն ավելի ամրապնդել ու այդպես շարունակել մեր համագործակցությունը։
Հարգանքով՝ Կիմա Ստեփանյան

Նշանավոր տարի է 2018-ը՝ քաղաքացիական կացության նոր վիճակով։ Նշանված է մեր ամենաբարձրահասակ Կիմը, ահա և աշխատանքի փոփոխություն․․․ Աշխարհագրագետ է, ճիշտ ու հեշտ է կողմնորոշվում․․․ Իհարկե, կշարունակենք մեր համատեղ աշխատանքը այնպես, որ Ոսկեհատը՝ Աշտարակին-Օշականին կպած, իր Ամբերդ գետով, դառնա մեր կրթական ցանցի հանգույցը, երևացող ամեն կողմից, ինչպես Կիմը․․․

Մաքրման վերջնական աշխատանքներ Հարավային դպրոցում:
ֆոտոշարը՝ Արև Բալջյանի:

Այսօր Եղեգիսի Արատեսի և Սևանի «ժայռ» ճամբարներ եռօրյա հավաքի են մեկնում սեբաստացիական ջոկատները․․․ Հուլիս-օգոստոսյան անընդհատությունը ստացվեց․ սրանից լավ պատրաստությո՞ւն 2018-2019 ուսումնական տարվա հրապարակված օրացույցի՝ բաց, շուրջտարյա բնապահպանական, հայրենագիտական, նախասիրությունների զարգացման՝ ուսումնական ճամբարի, որպես մի-մի դպրոց բնության գրկում, որպես իսկական նախագծային ակումբներ․․․ Իսկ Գևորգ Հակոբյանը իր պատրաստած հրահանգիչ-լեռնագնացների հետ պատաստվում է վաղվա արագածյան վերելքին. պատանի մասնակիցների թիվը շփոթեցնող է, բայց դրանից պիտի որ խիզախություն ներշնչի։

Սեպտեմբերի 3-ի օրը մենք սկսում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու ավարտում ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Միշտ բաց, միշտ պատրաստակամ-սիրով՝ մեր ջանքերով ստեղծվող աշխարհը, նրանում շարունակաբար զարգացող մանկավարժությունը մեզանով հետաքրքրվածին ներկայացնելու․․․ Սեպտեմբերի 3-ին մենք դիմավորում ենք նաև Ստամբուլի Տատյան վարժարանի ուսուցիչների և սովորողների 30 հոգիանոց խմբին՝ հերթականին։ Սեպտեմբերի 3-ին մեր «Ամառ 2018» նախագծով պատանեկան ջոկատների հավաքն է Մարմարյա սրահում։ Հա՛մ կներկայանանք ամառային նախագծերով, հա՛մ կներկայացնենք աշնանային նախագծերը․․․ Այսպես՝ տարին բոլոր․․․

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1452

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես նաև Բլեյան ցանցի մենթոր եմ

Ով ուշադիր է իմ գրին-բլոգապատումին (ո՞վ ուշադիր չէ՝ հարցնում եմ), կարող էր արձանագրել իմ պատումի անընդհատությունը․․․ Ո՞ւր է շտապում տիար-ասացողը, կարկաչուն գետակի պես․․․

Լողացող հայրերի-որդիների գույնզգույն սրբիչների գետերի մասին է իմ գիրը

Մեկ անգամ չէ, որ փորձել եմ բլոգապատման իմ գիրը անել իրիկունը, մինչև քնելը: Չի պատմվում՝ ծամծմվում է խոսքս, տարբեր կողմերից մոտենում եմ ասելիքիս` չի գրվում… ու հրաժարվում եմ, ինչպես երեկ:

Գովք հուլիսի

Դավիթ Բլեյանը երկու օր պարտեզ չի գնացել (խնդիրներ՝ ականջի ու կոկորդի),  ու «Պապա, ես պարտեզին կարոտել եմ: Ես Արամին չեմ ծեծում: Արամն իմ ընկերն է: Ես Արամի հետ խաղում եմ: