Հարցազրույց ՀՀ լուսավորության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

— Պարոն Բլեյան, Դուք արդեն ծանոթ եք Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 3-ի մոսկովյան համատեղ հայտարարությանը, որում Սերժ Սարգսյանը հայտնեց «Մաքսային միություն մտնելու, իսկ հետագայում Եվրասիական ինտեգրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Հայաստանի որոշման մասին»: Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ:

— Մենք չենք նախաձեռնել Մաքսային միությունը: Առավել ևս սա ընտրություն չէ վատի և վատթարի միջև, ինչպես ներկայացվում է: Ուկրաինա չենք, որ քաշ հաղորդենք Եվրասիական միությանը: Որևէ պատճառաբանությամբ շտապել չի կարելի: Մաքսային միության տնտեսական հիմնավորումները տնտեսագիտական լեզվով, բայց մարդուն հասկանալի պիտի ներկայացվեն` շեշտադրելով միության բերած սահմանափակումներն ու առավելությունները, եթե դրանք կան: Ինչպես նաև հրապարակենք Եվրոպական ասոցացման համաձայնագիրը, օգնենք, որ շարքային մարդն անհատական վերաբերմունք ունենա:

Իմ քաղաքական իդեալիզմն ու երևակայությունը տեսել են չեզոք Հայաստան` Շվեյցարիայի տիպի: Ավաղ: Ես ոգևորվել եմ 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակված անկախ պետականությամբ` գլխավոր գործիչ տեսնելով ինքնորոշվող հայաստանցուն, գլխավոր նպատակ` Հայաստանում ապրող մարդը, նրա ազատ-արժանապատիվ-բարեկեցիկ կյանքը:

— Քաղաքական մի շարք գործիչներ գտնում են, թե Ռուսաստանի կողմից գործադրվել է ուժի կիրառման սպառնալիք: Դուք նույնպե՞ս կարծում եք, որ սա ռուսական ճնշման արդյունք էր:

— 1991թ. սեպտեմբերին հաջորդած անկախական ոգևորությունը պետականաստեղծ աշխատանք չդարձավ: Շատ արագ ներքաշվեցինք հայ-ադրբեջանական պատերազմի մեջ, անցանք 1992-1994թթ. սոդոմ-գոմորով, փառք Տիրոջը, ողջ մնացինք: 1994թ. մայիսի 12-ի զինադադարով արձանագրվեց նոր իրավիճակ-ստատուս: Շատ արագ մեր բոլորիս վարքը սկսեց թելադրել, Հայաստանն ու Արցախը կառավարել ստատուս քվոն, որտեղ մարդը, եթե խանգարում է` զոհվում- հեռանում-չի ապրում: Սրա հոմանիշը Եվրասիական ինտեգրացման ուղղությամբ քայլելն է: Ուրեմն սա քայլ է` թելադրված ստատուս քվոյի պաշտպանությամբ, այս առումով` լրիվ սպասելի, հերթական քայլ: Եվրասիական միություն նախաձեռնած Ռուսաստանըч որպես ցարական Ռուսաստան-բոլշևիկյան Ռուսաստան-Նոր Ռուսաստանի իրավահաջորդ, ուրիշ ի՞նչ գործիք ուներ, ունի. ճնշելն է… Սապոգը որ չես հանում, ինչի՞ համար է, եթե ոչ ցեխի մեջ ապրելու, ապրել տալու, ճզմելու:

— Սերժ Սարգսյանի հայտարարության մասին Եվրոպայից հնչեցին ոչ միանշանակ արձագանքներ. օրինակ` Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ կսպասի հայկական կողմի բացատրություններին, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն էլ հայտարարել է, որ «դատապարտում է Ռուսաստանի կողմից կիրառված ճնշումը և ափսոսանք է ապրում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ»: Ըստ Ձեզ` անդամակցությունը Մաքսային միությանը կխոչընդոտի՞ եվրոպական ինտեգրման, մասնավորապես` Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:

— Եվրոպան էլ է սպառնում… Ты меня коммунизмом не пугай. Я блокаду пережил. Ստատուս քվոն Հայաստանում անհնար կլիներ պահպանել այսքան ժամանակ` առանց Եվրոպայի մասնակցության: Եվրոպան ուրիշ ի՞նչ նպատակ է առաջարկում-տեսնում Հայաստանի համար, քան ստատուս քվոյի Հայաստանը: Մենք պարզ ժողովուրդ ենք. թող Եվրոպան մեզ հասկանալի արտահայտվի: Եվրոպական ինտեգրման ձևական մոտեցումը Հայաստան-Եվրոպա համաձայնությամբ կպահպանվի. ի՞նչ է եղել որ… համաձայնագիր է, մի հատ ավելին չի խանգարի:

— Կա տեսակետ, որ, այսպես ասած, «և’-և’»-ի կամ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունն այսօր էլ կարելի է իրականացնել: Համամի՞տ եք:

— Հա, 4 մլն չենք, լավ, 3 մլն էլ չենք, և վերջին մարդահամարով… բայց 2,5 մլն այսօր հաստատ կանք, չէ՞… Ահա քեզ կոմպլեմենտարիզմի քաղաքականության (սա ևս ստատուս քվոյի հոմանիշ է) ռեսուրսները: Սպառվող, իհարկե, բայց առկա:

— Եվրասիական միության նախագիծը բավական հաճախ ասոցացվում է նախկին ԽՍՀՄ-ի հետ, քանի որ ներկայիս Ռուսաստանում իշխում է ավտորիտար ռեժիմը, իսկ ռուսական պետական մեքենան բոլոր հնարավոր ձևերով քարոզում է խորհրդային արժեքները: Վերադարձ դեպի նոր ՙԽորհրդային Միություն՚ հնարավոր համարո՞ւմ եք:

— Ռուսական մեծապետականությունը` ցարական Ռուսաստանից սկսած, Սովետով շարունակած, մինչև ահա Եվրասիական միություն, փաստ է, հաղթահարված չէ: Նոր Ռուսաստանը ուժ չունեցավ միայնակ հաղթահարելու: Մենք` նրա հետխորհրդային շրջապատը, այդքան խիզախություն չունեցանք կապերը կտրելու… Հայաստանի Հանրապետությունն ավելի հեռու գնաց` մեր նորանկախ պետության հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները ի պահ հանձնելով Ռուսաստանի Դաշնությանը: Իսկ Ադրբեջանի հետ պատերազմը առանց ռուսական զենքի և ռազմակայանների, առանց հակաօդային պաշտպանության, որը այլ անունով փաստացի հանձնված է Ռուսաստանին, անհնար էր: Սրանից դեպի Մաքսային միություն քանի՞ քայլով հասանք: Հայ-ադրբեջանական, ռուս-վրաց-աբխազական հակամարտությունների պահպանումն ու խորացումը հենց սրան էին ուղղված` ռուսական մեծապետականության ներկայությունը Անդրկովկասում: Մենք թերագնահատեցինք ադրբեջանցիների հետ նոր հակամարտությունը և Թուրքիայի հետ պատմական հակամարտությունը չհաղթահարելու ազդեցությունը… Իսկ Եվրոպան իր Միությունով, շատ զգույշ եղավ` դավաճանելու աստիճան, և Անդրկովկասում սկսեցին գործել երկակի ստանդարտներ: Թվում էր` եթե Եվրոպան հաստատակամ լիներ ու հեռատես, Վրաստանը 2008-ին պիտի ՆԱՏՕ-ի անդամ դառնար, Եվրամիության անդամության թեկնածու, որով կկանխվեր ռուսական սապոգների ցուցադրական շքերթը Գորիից մինչև Թբիլիսի, 2008-ին չէր գնդակոծվի Գորիի բնակչությունը, ինչպես 1990-ականներին Չեչնիայի Գրոզնիում: Բոլորիս աչքի առաջ, բոլորիս թողտվությամբ. մեր ոՐՈՑ-ներն են, նրանց կարելի է:

— Իսկ Ձեր կարծիքով` Մաքսային միության անդամակցությունը կարո՞ղ է ազդել Հայաստանում քաղաքացիական ակտիվության վրա:

— Ես Սովետում ապրել եմ, մենք մեր տաղանդը սպառեցինք կամ կեղծ-իներցիոն կյանքով ապրում ենք պոստ-սովետիկումում: Ազատ-անկախ-ստեղծագործ` ասել է թե` հաշտ Հայաստան, հաշտ` իր անցյալի, իր հարևանների, անհաշտ` անապագա ներկայի հետ: Ինչու չի եղել, ինչու չեղավ` այլ առիթով, եթե ամեն ինչ չի ասված: Ինձ Սովետ չես տանի, պուտինյան Ռուսաստանը վանում է նույնքան. ահա ինչու` սկսենք, եղբայրք, մեր գործը նորեն սկսենք: Սրանից լավ մեկնա՞րկ. մեկնարկը տրված է:

— Այս համատեքստում կա մի հարց, որն անմիջականորեն կապված է այսօրվա Ձեր զբաղմունքի` կրթության ոլորտի հետ: Վլ. Պուտինը վերոնշյալ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսին ասաց, որ Երևանում կարող են բացվել Մոսկվայի Պետական համալսարանի մասնաճյուղ և ռուսական գիմնազիա: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է սա հետապնդում:

— Բարձրագույն կրթությունը մեզանում երկու խնդիր է լուծում` իր գովազդվող ավագ դպրոցներով նախապատրաստում է հարյուրավոր երիտասարդների արտագաղթը: Հազարավոր երիտասարդների կտրում է իրական քաղաքացիական կյանքից` զորացնելով պուտինյան Ռուսաստանի հենարանը մեզանում, հաստատուն դարձնելով ստատուս քվոն, որն իրական պատվիրատուն է և’ հանրակրթության, և’ մասնագիտական կրթության: Լեզվի մասին օրենքն էր խանգարում, հիմա չի խանգարում… Ավա~ղ… Մեր վերաբերմունքը մեր լեզվի նկատմամբ… չկա ավելի քստմնելի բան, քան սա. մենք մեր պարտքը մեր լեզվի նկատմամբ բաց ենք թողել. հայոց լեզվիª որ իրական Հայաստանն է, հոգևոր Հայաստանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/12/274550.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե մարդը փոփոխությունների մեջ լինի, կարող է իր իրավունքները պաշտպանել…

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում առաջին անգամ երկրաշարժի ուժգնությամբ երերում էին Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը։ «Մերժիր Սերժին» շարժումը արդեն դրության տեր էր Երևանում, 6 օրից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Հեշտ մի՛ հանձնվեք։ Յոլա մի՛ գնացեք։ Только не это…

Իրիկունով տուն եմ մտնում… Երբ հյուրասենյակում, Դավթի, Արմինեի հետ տարված ենք զրույցով, Աստղիկը՝ օրորոցում, Դավիթն իմ խնդրանքով փոխում է մուլտերի իր ալիքը «Եվրոնյուզ»՝ ինչպես ինքն է ասում, իմ մուլտերի ալիքը…

Աշոտ Բլեյանը՝ 27 դպրոցի ընտրության մասին

Առավոտ Օգոստոսի 27, 2015 Aravot.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից կարծիք հարցրեց թիվ 27 դպրոցում՝ տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի  վերաբերյալ, որի արդյունքում տնօրեն է ընտրվել դպրոցի նախկին տնօրեն