Շշուկով անուշ կանչում ես ինձ․․․
Դժվար չէր իմ չտրորած կածաններով Տաթև Բլեյանի համար ընտրել Վահան Տերյանի այս տողերը՝ գողտրիկ, անծանոթ, որի անդրադարձը կգտնեք Չարենցի՝ Տաթևին սիրելի «Կապույտում», «Հայրենիքում»․․․
— Աչքդ լո՜ւյս, տիար, ու միշտ, Տաթևի նման աղջիկ ունես․․․,- առաջին աչքալույսը Արմինեից եմ ստանում։
Արժանի եմ, իհարկե, ու բոլոր ձեր շնորհավորանքները՝ այսօր- էգուց ուղարկած-չուղարկած-մտքով անցկացրած, ես կկիսեմ, որ արդար լինի, բաժին հանելով Կարինե Ջանոյանին, այսպես՝ տարին երեք անգամ, Տաթևի ու իր ավագ քույր Լիլիթի, կրտսեր քույր Շուշանի համար։
— Հեսա կհարցնեն՝ Դավիթ, ի՞նչ նվեր ես պատրաստել, Տաթևի նման քույրիկ ունես…
Ու ինքն էլ պատասխանում է.
— Ամեն օր հազար բացիկ հո չե՞մ պատրաստելու․․․
Հայրիկն էլ կավելացնի՝ ա՜յ շան տղա։ Արմինեն էլ թե՝
— Ա՛յ տղա, խայտառակ, գիտե՞ս քեզ ինչքան է սիրում, գժվում է քո համար հալալ քույրդ․․․
Դավիթը Տաթևի ճաշակով է, ինչպես Վահանը՝ մեր, տղա է, տղու նման պիտի լինի․․․ Իսկ բացիկը՝ գարո՜ւն, խնամքով նոր ֆլոմաստերով հազար միլիոն գույնի (հաշվել է), A4 չափի թղթի վրա, երեկ սկսել է ու հիմա կլանված ավարտում է․․․Ինչ ունի ասելու՝ նկարել է, ի՞նչ գրի, իսկ սպիտակ երեսին մատիտով մակագրել է՝ Տաթև Աբրահամյան․․․ որ քույրիկը չշփոթի իր ունեցած նվերների-նկարների մեջ․․․
— Տաթև քույրիկը Աբրահամյան է,- սա էլ Դավթի արձագանքը Արմինեի շեշտած հալալ-զուլալին․․․
Ծննդյան օրերը առիթ են մի նոր, ոչ սովորական նախագիծ սկսելու, իրականացնելու, առանց իրար գլխի աման-չամանի եռուզեռով հավաքվելու․․․ Ճամփորդական-քայլքի-վայելքի․․․ քո ընտրած կազմով, հատուկ այդ օրվա՝ քո օրվա համար։
Աշոտ Տիգրանյանի ուղարկած 20 ամենավառ ցիտատների մեջ սրա հիմնավորումն էլ կա, որ Սուսան Մարկոսյանի ամենասիրելի Հեմինգուեյն է ասել «Ճամփորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես»․․․ Տեսնենք՝ ինչպիսի՞ն կլինի Տաթևի ծննդյան օրվա ճամփորդությունը, իր եղբոր նման խելա՞ռ․․․
Հրազդանի կիրճ․ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․
Մարտի 11-ն է, ու աչքալուսանքներ Նիկոլ Փաշինյանին—Աննա Հակոբյանին մեր Աշոտի համար, ով դարձավ 18 տարեկան։ Աշոտը Երևանում է, ես ու Դավիթը Նիկոլենց՝ տղաների հավաքին ենք հրավիրված․․․ Չի մոռացվի այն օրը, պահը, տեսարանը, 18 տարի առաջ, Մալաթիա-Սեբաստիա 1-ին ատյանի դատարանի հին շենքի մետաղաճաղերի ետևում Նիկոլն ու Աննան ինձ ներկայացրին քառասունքը լրացած Աշոտին․․․ Տարիները թը՜ռռ, ու Աշոտը Փաշինյան՝ միշտ սիրելի… հատուկ հասունություն, ինքնուրույնություն, Հայաստանի օրենսդրությամբ որոշված տարիքում, բոլորիս օրհնանքներով, հույսերով-հույզերով․․․
Շուշեցի Նալբանդյան-Խաչատրյան հարազատ մարկանց, տոկուն ամուսնական միասնության թոռներ՝ Քրիստինեն և Արթուրը պիտի այցելեն մեզ, Դավթին խոստացել են տանել զբոսանքի․․․ Դավիթը անհամբեր է․․․ Մինչ նրանց գալը վայելում է Շուշիի Միշա պապիկի հավաքած-աճեցրած, Արմինեի սառեցրած, հետ բերած մորու թեյը, պտուղները․․․ Սրա ելակն էլ կա․․․ Տեսե՜ք, Շուշի-Երևան տասնամյա պատմություն ունեցող մեր բարեկամությունը ի՜նչ ճյուղեր է տալիս, երիտասարդանում-հարատևում․․․ Շուշիի մանկաբույժ Նունե Խաչատրյանի որդի Արթուր Սահակյանը Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանող է, Մխիթար Խաչատրյանի աղջիկ Քրիստինեն՝ Ռուս-հայկական համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի…
— Դավի՛թ, էս խնձորը կեր, վերջացրու, մարդիկ գան, ի՞նչ ասենք․․․
— Խնձորը կերել եմ, պա՜պ, մնացածից տանձի համ է գալիս․․․
— Տանձի՞։
Փորձում եմ։ Իսկապես որ, բախտս լավ բերեց։ Ես հա՛մ խնձորի սիրահար եմ, հա՛մ տանձի, մեկ քայլի վրա, իրար մոտ․․․
Արարատը՝ Արմինե Թոփչյանի օբյեկտիվից։
Այս օրերին ամենաշատ լսվող շարականը իմ ականջներում Ներսես Շնորհալու «Նայեաց սիրովն ․․․ » է։ Քանի՞ կատարում կա, մեկը հավաքի, մի տեղ փաթեթավորի, նվիրի․․․ Խմբավար-մեներգիչ Վահե Բեգոյանը վերջին մեր զրույցի ժամանակ երգեց շարական հուղարկավորության և շարական հարսանեկան-ուրախության․․․ Երկուսն էլ՝ այո՛, հզոր-ոգեղեն-կենսահաստատ, նույն մեղեդին, ձայնեղանակը ․․․ Ամեն ինչ կանեմ, որ մեր գործընկերությունը չընդհատվի, որ շատերդ շփվեք-ճանաչեք այս հետաքրքիր-հարուստ այրին։ Ահա, Վահե Բեգոյանի հեռախոսային վերահաստատմամբ լսե՛ք․ «Ուրախ լեր» պսակի շարականը՝ Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ, որ երգվում է եկեղեցու տոնի կանոնով, և Լուսինե Զաքարյանի կատարմամբ «Յորժամ» հոգեհանգստյան պատարագի ժամանակ հնչող մեղեդի․․․ Սա էլ իմ արձագանքը գիշերվա մի համերգ կոչվածի զգացմունքայնությունից ուրախության-սիրո ճղոցի-լալկանության ծվծվոցին. այնքա՜ն մոտ է, նույն երգը, նույն անճաշակությունը։
Այսօր այս է Տերյանն իմ՝ աղջկաս համար ընտրված։ Կարդացե՛ք։
Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։
Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ…
Անհայտ է ուղին
Քաղցր երկրիդ,
Ուր բախտ է անանց
Անանց ժպիտ։
Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ու անմահական
Փառք է ու փայլ։
Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում։
Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1325