Երեկ ու մեկէլ օրը իջնող առաջին ձյունով 2018-ի՝ մեկի առավոտը, մյուսի իրիկունը, իրար միացան մի շարունակություն-տրամադրության մեջ. Լիլիթ աղջիկ, աղջիկների տրիո՝ Լիլիթ, Շուշան, Տաթև, կարոտել եմ, ախր, չե՜նք հանդիպում կարգին… Օրվա մեջ երկրորդ անգամ Շահումյանի գերեզմանանոցից հետ գալիս (ի՜նչ ճարտարապետությամբ, ի՜նչ էլ անուններ են կպցրել սգո սրահներին՝ Սան Լազար, Լյուար) իրիկուն էր, ես իջա Լենինգրադյան-Կիևյանով մինչև մետրո, որպես օտարական, որ վերադարձել է հայրենի քաղաք… Ու ես հայտնվեցի 1970-80-ականների իմ Երևանում։ Վերնանցումից հետո մի պահ կանգնած՝ բաց-մեծ պատուհաններով ավտոբուսի ու… տրամվայի սպասում ապրեցի… 70-ականների ձայները-ղողանջները եկան ու ինձ տարան…. Քայլեցի մինչև Կիևյան-Բաղրամյանի մետրո, իջնող ձյունի տակ… ո՛չ մեքենա, ո՛չ մարդիկ, իջնող ձյունի տակ տրամվայի գծերով Լենինգրադյանի… Հետո որտեղի՜ց որտեղ  Սևանի փակուղու, Գետառի աջ ափի մեր հայրական երկհարկանի տան, 2-րդ հարկի մեծ սրահը տեսա՝ իր անվերջ Ադամոյով 1972-ի մեր ավարտական երեկոյի… Չիմացա էլ՝ ինչպես մտա մետրոյի կայարան… Սթափվեցի մի պահ, երբ ժետոնի փոխարեն 100 դրամանոցը գործածեցի, ու շրխկոցն ինձ կանգնեցրեց… Լավ է, որ ճանաչում են, որ այսքան բարեհամբույր են իմ նկատմամբ, վայե՜լք մարդկայնության, իմ վա՞րձքն է սա, ու վերջապես գծեր-գնացքներ իրական… Լիլիթ Բլեյանի երգերի անցումով տուն… Արմինեի խեթ-զննող հայացքի ներքո անխոս… Դավթի լողարանով-ցնցուղով… մահիճ, ու… նոր օ՞ր է սկսվում գիշերվա ժամը 3-ին, իմ գրասեղանի առաջ, իմ պատումով հերթական,  1272-րդ գրով, իրանական պոեզիայով, որից մի տողը իմ գրի վերնագիրը դարձավ… Ասաց՝ արթուն, ո՞վ է արթուն… հիմա արթուն մարդ չկա…

Երաժշտական պարապմունք Արևմտյան դպրոցում: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

— Քո գործը չի… ա՛յ հետաքրքրասեր…
— Քո գործերով զբաղվի, ա՛յ վերացած…
Դավիթն է ասում լողարանից առաջ, լողարանում, լողարանից հետո, սրբիչի մեջ փաթաթված, իմ գրկում, աչքերիս մեջ թափանցող Աշոտիկի զույգ պսպղուններով… Ես ժպտում եմ իր Փաշայան Լուսինե ուսուցչին, ում հետ ժամեր առաջ, մինչև վարչական խորհուրդը, կարողացա մի քանի բառ փոխանակել Դավթի մասին, մի քանի խնդրանք, որ Լուսինեի-Արմինեի գործը հեշտանա, երկու նախանձելի հավատարիմ ընկերների, սքանչելի ուսուցիչների… Արմինեն որ կրկնակի սիրով-շնորհքով նվիրվել է և՛ կիթառին, և՛ մանկավարժությանը, իր նախագիծ-ընթերցարանով…

— Էս ո՞ւմ եմ քաշել… Ես քո նման անխելք եմ,- ծիծաղում է նշանավոր, շարունակում Դավիթը…- Չգիտեի՞ր՝ ում պիտի քաշեի, ա՛յ հեր, երբ բոլորն ասում են, որ քո ժառանգն եմ, քո կտորը…
— Ուզում ես ազատվե՞լ, ա՛յ Սասունցի՛ Դավիթ, ա՛յ «Սասունցի Դավիթի» միջի պառավ, նշանավոր… (ոչ հրապարակային արտահայտություն), քեզ բաց չեմ թողնելու…
— Ես էլ,- մեծ սենյակում ավելացնում է Արմինեն…
Ու մենք համերաշխ ծիծաղում ենք…

Իսկ վարորդները գործադուլ են անում, ու մենք կա՛մ ոտքով ենք շրջելու, կա՛մ հեծանվով… Ա՛յ, իմ ուզածով կլինի, իսկական նախագծային ուսուցում ազգային, ու խնդիրները մեր կյանքի հերթով կլուծվեն…

Կրթահամալիրի սիրունները: Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Ո՛չ դեմքեր եմ մտապահում, ո՛չ անուններ… մնում են տպավորությունները… Երևանում  մշակութային կենտրոնի նոր ղեկավարի նոր տեղակալը՝ իր հմայքով կանացի, մեր օրերի պարսկուհի՝ կրթված, պետական ծառայողի կերտվածքով, հետաքրքիր՝ իր բոլոր սահմանափակումներով… Ինչպե՞ս ընդարձակենք պարսկերենը նախընտրելի օտար լեզու համարող սեբաստացի սովորողների թիվը… Մեր ուսումնական իրականությունը՝ իր վրացերենով, թուրքերենով, թույլ է տալիս մեզ օրինակներով խոսել, մեր փորձով, որ փոխանցելի է և պարսկերենի ու Իրանի դեպքում… Տեսնենք. երկուստեք հաստատում ենք մեր վճռականությունը հայ-իրանական հանրակրթական կամուրջներ հաստատելու՝ պարսկերենի ուսուցումը տեղափոխելով սովորողների և ուսուցիչների կրթամշակութային փոխանակումների՝ ճամփորդությամբ ուսուցման հարթակ, դեպի ապրող-իրական հարևանների փոխադարձ ճանաչողություն, պատանիների և նրանց ուսուցիչների փոխադարձ հետաքրքրություն… ինչպիսին, տեսեք, վրացական խառը խմբի օրերն են, ինչպիսին ըստ նախագծի կլինեն սեբաստացիների օրերը Ստամբուլի «Տատյան» վարժարանում մայիսին և փոխանակման ծրագրով՝ «Տատյան» վարժարանի օրերը կրթահամալիրում հոկտեմբերին, կրթահամալիրի Բանգլադեշում… Մենք իրանական կողմի հետ, որպես գործնական-հարթակ-ստուգատես, հայտարարում ենք իրանական օրեր կրթահամալիրում, որ օրացույցով 2018-ի մարտի կսկսենք մարտի 20-ից, երբ մեր հարևանների հետ նշելով պարսկական նովրուզը… Ամենասեբաստացիական, նախագծային ուսուցման ճամբարով հունվարը լավ շրջան է այս նոր նախաձեռնության նախագծումն ավարտելու, իրանական օրերի բովանդակությունը կազմելու… Կրթահամալիրի գրական ակումբ, գեղարվեստ բազմազան, հասարակագետներ… ուշադիր լսում եմ…

Դիմանկարներ Ագարակից: Լուսանկարները՝ Մարինե Խաչատրյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1272

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցման ամառային-բնական ձևերի մասին

Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից,

Երկիր, որտեղ բոլորի խոսակցությունները սկսվում են Նիկոլով…

– Էս հայրիկը մեր գրող ա․․․ – Ո՞նց չի հոգնում, որ ամեն օր գրում ա․․․ – Ինչքա՞ն պիտի գրի անվերջ․․․ Մինչև բոլորը վերջանա՞ն․․․ Բլեյան Դավիթն է պարբերաբար հետաքրքրվում իմ գրով։

Կան մտքեր, որ ուղղակի չունեն կոշիկներ…

Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը, Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ — Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը, Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ… Պատմության քառուղիներով, Եղիշե Չարենց, 1933 Վարուժան Ավետիսյանի՝