«Մեր կյանքի ստատուսքվոների խորտակման տարի 2015» գրին Նունե Մովսիսյանի կարծիքով-արձագանքով սկսեմ, շարունակեմ իմ 220-րդ հոբելյանական գիրը. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մանկավարժությունն սկսվում է ոգևորությունից ու ավարտվում… ոգևորության բացակայությունից: Ոնց որ թե ուսուցչի հիմնական անելիք—գործառույթը ոգևորություն ընդունել—փոխանցելն է»… Վաղուց չենք հանդիպել ո´չ մանկավարժական ակումբով, ո´չ ծնողական, ո´չ էլ իմ օրագրի ընթերցողներով… Առիթները հրես՝ 220-րդ հոբելյանականը, ստուգատեսային ճամբարները, Նունե Մովսիսյանի հեռու տանող հարցադրումը` ոգու, ոգեղենության, ոգու սովի… Իսկ ոգին, հայտնի բան է, փոխանցվում է ոգու հետ… Ասել է թե՝ այս, փիլիսոփայորեն խոսենք, Աստծո տված սուբստանցը մեր մեջ պիտի որ դրված լիներ… Ուրիշ որտե՞ղ գտնես այս փոխանակվող ոգևորությունը, եթե ոչ մարդու մեջ…
Սարգիս Հակոբյանի «Գիտե՞ք, թե ինչու եմ սիրում մեր ճամբարները…» հրապարակումը երեք առումով պիտի գրավեր, ոգևորեր ինձ: Նախ՝ վերնագիրը ճամբարային է. այսօրվանից սկսած` ստուգատեսային դարձող մեր ճամբարները ձեռք են բերում լրացուցիչ գրավչություն: Սարգիսն իր վարժարանի էկոհայրենագիտական ակումբի ալամ աշխարհով տարածված ընկերներից կուզենա՞ ձևավորել որևէ ուսումնական նախագծի վրա աշխատող խումբ, այնպես, որ հասցնի հայտագրել աշխատանքը մինչև սահմանված ժամկետը՝ հունվարի 30-ը, ժամը 24:00, Բանգլադեշի ժամանակով ներկայացնել Հանրակրթական դիջիտեք 2015-ին: Տեսնե՜նք-տեսնե՜նք. ես էլ, Ասատրյան Մարթան էլ, Ժաննա Ալբերտովնա մայրիկն էլ, Գրիգոր Խաչատրյանն էլ, սիրով կօգնենք… Հետո` Սարգիսը թեթև-կիրակնօրյա պատում է բերում սրանով… իսկը իմ գրի համար, շնորհակալ եմ… Եվ իհարկե, Սարգիսն իր տեսակով ոգևորող, դրական աուրա փոխանցող մարդ է, ես նրա հետ Մադինա եմ գնացել. պատահական չէ, բոլոր նշած ճամբարներում էլ նա սպասված ճամբարական է եղել՝ աստղով այր է: Իսկ առավելությունները, որպես բնական ներդրումներ, մեր նեղացող-ոգու սով կյանքում պիտի ամբողջական գործածել. դրանից, Սարգիս ջան, դրանք կբազմապատկվեն: Ջա՜ն, ճամբար ջան. «Ես շատ եմ սիրում ճամբարները. դրանք մեր դպրոցական կյանքի լավագույն մասն են կազմում»: Նորից սիրով կարդացի Սարգսի հրապարակման ավարտը: Գիտե՞ք` ինչքան ջանք դեռ պիտի ներդնենք սեբաստացիներով բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինենք, որ այս գնահատականի մեջ մտնեն նաև մեր ուսումնական օրացույցով, ուսումնական պլաններով, կրթական ծրագրով նախատեսված ամենամյա հունվարյան և հունիսյան բանգլադեշյան ուսումնական ճամբարները՝ իրենց արտագնա ճամբարային բաղադրիչներով, ինչպես Սարգսի համար ծաղկաձորյան ճամբարը եղավ: Ես հուշեցի՞ խմբային աշխատանքի վերնագիրը… տեսնե՜նք, տեսնե՜նք…
Հարազատների, հարազատ մարդկանց հարազատների հրաժեշտը՝ հոգեհանգիստների, հուղարկավորությունների, հանդերձյալ աշխարհ ճանապարհելու մեզանում հաստատված կարգը՝ որպես ավանդույթ, իմ կյանքի ժամանակ ես կատարում եմ բարեխիղճ… ավելի ու ավելի բարեխիղճ… Գերեզմաններն էլ մեր հայրենիքն են, հուշարձաններ, հասարակական կյանքի նյութական արձանագրումներ… գերեզմանից գերեզման, սգո սրահից, տնից, եկեղեցուց մինչև գերեզման ճանապարհները հայրենագիտական են… Ասենք՝ Սևանի խճուղուց, Առինջով մինչև Սովետաշենի գերեզմանոց, կամ Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցուց Խարբերդով, Սովետաշենով, Էրեբունիով մինչև Թոխմախի գերեզմանոց՝ հայրենիք են նույնքան, որքան Բանգլադեշս, Սևանի ավազանը, Վայոց ձորը… Պարզվեց, որ ես այդ ճանապարհներով չէի անցել, չէր անցել տիար Գևորգ Հակոբյանը, ու ափսո՜ս, առիթներ եղան իրար հետևից՝ հայրենաճանաչողության բացերը այս չափով լրացնելու: Հայրենագիտական դարձան մահացած մեր հարազատներին ճանապարհելը…Մահը՝ ինչպես ծնունդը, մեր կյանքն են և իմ հայրենիքի ընկալման վրա հուզական, բացասական ազդեցություն չեն գործում, պարզապես թշվառության աստիճանի անխնամ, այնքա՜ն անխնամ ու ծավալուն, որ ոգևորության որևէ պատկեր-աղբյուր ողջ երկար ճանապարհին չենք գտնում… Առանց իրար ոգևորելու, առանց ոգևորության մանկավարժություն, առանց ամենօրյա բարեխիղճ խնամքի մանկավարժության այս հայրենիքը մի օր քեզնից կպոկվի… Երկու 60 տարեկան դարձող, 40 և ավելի տարիներ միասին սովորող, աշխատող, ապրող քավոր-սանիկի խոսակցությունը ճանապարհներին՝ իր զավեշտով կենդանի, թե ձայնագրվե՜ր… Զավեշտների ճանապարհ… Նունե Մովսիսյան ջան, դու որքան էլ ճշգրիտ ձևակերպել ես՝ հիշվող, բայց խոսքը միայն մանկավարժության մասին չէ. ապրելը, կյանքը, մեր առօրյան, մեր օրը, իմ այս գիրը, ճամբարը մեր, ստուգատեսները մեր սկսվում են ոգևորությունից ու ավարտվում-անիմաստ դառնում, բեռ դառնում, ինչպես բովանդազուրկ ձևերը, երբ ոգևորությունն ավարտվում է… Մեռնես-պրծնես, պրծացնես մարդկանց քո անհոգի, ոգևորություն չփոխանցող-չընդունող, կյանքը գերեզման դարձնող, գերեզմանի ճանապարհն էլ հայրենիքից օտարման դարձնող գոյությունից…
Կիրակնօրյա գիրը պիտի ունենա (ունեցե՞լ է տեսնես) իր թեթևությունը, յուրահատկությունը, թե չէ մարդ ինչո՞ւ պիտի կարդա կիրակի երեկոյան, իսկ երկուշաբթին էլ ծանր օր է կարդալու համար: Մարդ կիրակնօրյա 31-32 գրերի ժողովածու կազմի. տեսնես ինչի՞ նման կլինի, Դիջիթեթ 2015-ի ո՞ր անվանակարգով կանցնի, հաղթելու ի՞նչ շանսեր կունենա (իմ համաձայնություն-առաջարկը սրանով՝ ունեք, սկսե՛ք):
Որոշեցի լուրերի թոփ տասնյակ կազմել: Սկսեցի 10 ամենահմայիչ կին քաղաքական գործիչներից (168.am, 25.01.2015). ներհայաստանյան, արտաբանգլադեշյան թոփերի էի փնտրում մի չափանիշ-ցուցանիշով՝ բեկումի ուժգնությամբ… Մեծ չէ ընտրությունը, ավա՜ղ, փոքրացավ, տասնյակ էլ չդարձավ, ինչպես «10 ամենավնասակար մթերքները» (168.am, 25.01.15 թ.) կամ էլ՝ 13 չէ, ինչպես՝ «Ձմեռային հիասքանչ զարդանախշերով պատած 13 ավտոմեքենաները (1in.am, 25.01.2015), ութնյակ էլ չդառավ ինչպես՝ «Երկրագնդի վրա ապրելու ամենավտանգավոր ութ վայրերը (1-ին.am. 25.01): Մնա՜ց այս մեկը… Սպիտակ քաղաքից ու քաղաքական (168.am 24.01.2015թ.)… Եթե անցած շաբաթ, օրվա դեպքերի մեջ կգտնեք բեկումնային որևէ այլ դեպք՝ թոփ-ին արժանի, կարծիքի ձևով գրեք, եռյակ գոնե պոկենք մեր կյանքից…