Աշոտ Տիգրանյանի հրամցմամբ ստալինյան բռնարարքների յոթ փաստերը ամբողջական են դարձնում 1937-ի արարքը՝ մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություններից մեկը։ Դրան անմիջապես նախորդող-հաջորդող տարիների պատմությունը՝ մի ընտանիք-գերդաստանի պատմության օրինակով, սովետական աշխարհի կորած-մոլորած անկյուններից մեկում՝ Լանջաղբյուրում, եզով-սայլով-գութանով, հողագործությամբ, անասնապահությամբ ու … մանկավարժությամբ ապրող-աճող Բլեենց։ Արամ-Եգոր Բլեյան եղբայրների ու իրենց տղաների ճակատագիրը, նրանց տղաների՝ ինքնապահպանությանը-ապրելուն ուղղված գործողությունները․․․
Արամին (1873 թ․ ծնված) ու իր ավագ որդի Շամխալբեկին (ծնված 1900 թ․) աքսորեցին Սիբիր։ Արամին, ճանապարհին գնդակահարել են․․․ Հրազդանի շրջանում ուսուցիչ աշխատող Զալիբեկ և Լանջաղբյուրի ռանչպար Սարիբեկ եղբայրները՝ իմ հորեղբայրները, 1941թ․ զորակոչվեցին խորհրդային բանակ ու չվերադարձան․․․ համալրեցին 2-րդ համաշխարհային պատերազմի անհայտ հարյուր հազար զոհերի շարքերը․․․ Բալաբեկ հորեղբայրս (ծնված 1920թ․) իր ուսուցչությամբ մեծ չափով փրկեց իր եղբայրների կանանց, երեխաների կյանքը, մինչև պատերազմի ավարտը, մինչև Շամխալի վերադարձը․․․ ուշքի գալը․․․ Պատկերացնո՞ւմ եք իմ մորը՝ Արտաշամին, Արաքսյա, Բաբկեն հարսներին՝ յուրաքանչյուրը երկուական մանուկներով․․․ Բիձա Գեորգիի (ծնված 1898թ․)՝ Եգորի ավագ որդու, Լանջաղբյուրից Սիսիանի Ծղուկ գյուղ ներքին գաղթի-ինքնաքսորի մասին պատմել եմ, աչքի անցկացրեք իմ 114—115-րդ գրերը։ Այս ամենը ես չէի պարտադրի ընթերցողին, չէի բերի իմ գիր, բայց դրանք հայրենապատում են, մեր նորագույն շրջանի պատմության անմիջական արձագանքներ-վավերագրեր․․․
Կրթահամալիրի 2-4 տարեկանների լողափնյա դեմքեր:
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի:
Թադևոսը մեր «հզոր իշխան Պետրոսի» որդին է, իմ Արամ պապի ու Բլեյան Եգորի հայրը․․․ Եվ բնական է, պատահում է այսպես, և ոչ միայն Բլեենց մոտ․․․Թադևոսյան ազգանունով են հանդես եկել-գալիս իմ հորեղբայր Զալիբեկի տղաները, տղաների տղաները․․․ Թադևոսյան են իմ հոր հորեղբայր Եգորի որդի Սարգիսը՝ բիձա Գեորգիի եղբայրը, սեբաստացի շա՜տ Թադևոսյաններ, այդ թվում՝ 2017-2018 ուստարում Արևմուտքի դպրոցի 6 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագիրը ղեկավարող Աշխենը, որ մեր հավաք-ուխտագնացություններում ամենաբլեյանն է․․․
Եգոր Բլեյանի Սարգիս որդին (1914թ․) 7 ամյա կրթությամբ, ամուսնանում է հարևան Սարուխան գյուղից Աշխենի հետ 1940թ․, ու ուրիշ ի՞նչ աներ, հայտնվում են Երևանում՝ առանց կապերի, գործի, կալանավորման-աքսորի մշտական վտանգի ուղեկցությամբ։ Մենակ Երևանում, առանց մասնագիտության, ունեցվածքի, միշտ արժանապատիվ-անձայն-կիրթ, միշտ կոկիկ, միշտ ուշադիր, Շամխալ, Բալաբեկ, Գեորգի Բլեյանների կողքին, խոնարհ, ու այս նկարագրով՝ ազդեցիկ․․․ Եվ խիզախումը տեսեք. ունեցած ավագ որդուն աքսորից հետո իր ընդմիշտ անբաժան Աշխենի հետ լրացնում են երեք որդով ու աղջկանով։
Ես, Բլեյանների մեր սերունդը կրել ենք Սարգիս Բլեյանի՝ անպայման դրական ներկայության ազդեցությունը ու շնորհակալ ենք միշտ․․․ Մեր Աշխեն Թադևոսյանը երեկ ուրախությամբ պատմում էր, որ իր ձեռքին են Սարգիս պապի՝ իր պատմության ձեռագիր տետրերը․․․ Ես շինարարների հետ էի, ու աչքերս լցվեցին, կոկորդումս ձայնը լռվեց, զարմանալի բան է հոր ու որդու կապը, երբ Աշխենը հեռախոսով կարդաց, թե ինչպես են Երևանի երկաթուղային կայարանում 1953-ին ողջագուրվել սիբիրյան աքսորից վերադարձած Սարգիսն ու Շամխալբեկը․․․ Պատկերացնո՞ւմ եք, Արթիկում հայտնված, ժողկրթությամբ զբաղված Սարգսին, 1941-ին զորակոչում են բանակ, իսկ պատերազմից հետո՝ Սիբիր․․․ ողջ մնալու համա՞ր․․․
Ուխտասար արշավի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:
Ամոթ է, չթույլատրված անփութություն մեր ընտանեկան կյանքի անվավեր վիճակը։ Ու մենք մեր ձեռքի տակ եղած գրավոր-թղթային-լուսանկարային պատառիկներից, գումարած մեր հիշողությունները, Բլեենց բլոգում կհավաքենք, փաստ, վավերագրություն կդարձնենք մեր՝ Բլեենց միասնական ընտանիքի պատմությունը՝ հայ ժողովրդի նորագույն պատմությունը մի ընտանիքի օրինակով սկսած, 1828-1830-ից՝ Հին Բայազետի գաղթից․․․ Նոր Բայազետի հիմնումով, առաջին համաշխարհայինով, սովետով, կուլակաթափության-սովի-աքսորի-ստալինյան բռնարարքների, երկրորդ համաշխարհային պատերազմի, էլի աքսորի ու մաքառումի շրջաններով․․․
Իմ հայրը՝ Բլեյան Շամխալբեկը, երբեք ազգակցական կապը չէր ճշտում, որքան էլ Ստեփան եղբայրս, ես, հետևողական էինք լինում․
— Մեր էսինչն է, կամ՝ մեր էսինչի տղան․․․
— Թող էլի մերը լինի, շա՜տ մերը, բայց չիմանա՞նք, թե մեզ ի՛նչ է գալիս,- համառում էր Ստեփանը։
— Շա՛ն տղա, ուրիշ գործ չունե՞ս․․․
Տաթև ու Գայանե Բլեյանները մեր ավագ եղբայր Լյովա Թադևոսյանից հետո նորից, այդ հիմքի վրա, այս անգամ Բլեենց միասնական՝ բոլոր Բլեյանների տոհմածառն են գրանցում` ծննդյան թվերով, մշտական բնակության վայրերով, հաղորդակցությամբ․․․ Իսկական տեղեկատու նաև․․․ Իմ ուրախությունը մեծ էր. մեր ուխտին Ուխտասարի այնքա՜ն վստահ ներկայացան Թադևոսյանների, Եգորյանների, Բալոյանների նոր խմբեր։
#1116