Նորայր Ասատրյանը՝ մեր ավագ դպրոցի 10-րդցին, Գավառին կպած Կարմիր գյուղից է, գյուղն էլ այս իմ մոր ծննդավայրն է: Երեկ երկու ժամ տևած Կլոր սեղանից վերադառնում ենք տասնհինգի չափ սեբաստացի սովորող-ուսուցչով, միկրոավտոբուսով մեր… Սեբաստացի միջավայրում ենք էլի՝ ուրախ-լեցուն-հարազատ… Պատմում ենք իրար, փոխանցում տպավորությունները… Մեկ էլ Նորայրը՝ առաջին տեղից, վարորդի կողքից…
— Էվալլա* ձեզ, պարոն Բլեյան…

Այս բառը մեր տանը միշտ եղել է ու ստուգաբանելու կարիք չի ունեցել, հիմա էլ ինձ համար չունի: Բայց թող դա անի իմ օրագիրը հիմա, երբ շնորհիվ mskh.am-ի ֆեյսբուքի ծանոթ եմ Նորայրի այս տեքստին, Արամազդ Ղալամքարյանի այս գրառմանը,  Շուշան Փաշինյանի՝ իր նման անուշիկ այս ռադիոնյութին, Նարեի այս ֆոտոշարքին… Էվալլա մեզ, որ կարողացանք սեբաստացի մեծով-պստիկով-ընտանիքով՝ հավաքանիով, այս ֆենոմենը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-կրճատ ՄՍԿՀ, իր այս վիճակին բերել-պահել, առաջանալ, իհարկե: Կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր միջոցով անցնող Զանգվով, իմ հայրենին է, որպես բնակավայր… Ախր, ես ինչպես վեր կենամ գնամ… Պիտի առաջանալ մեր մանկավարժությամբ՝ գետի հունով վար ու վեր, աջ ու ձախ՝ տարածել նախագիծ առ նախագիծ… ու վերադառնալ կրթահամալիր: Կրթահամալիրն այսօր կանոնադրական այսպիսի տեսք ունի, կարդացեք, մեր մանկավարժությունն այսպիսի իրավակազմակերպում ունի: Կարդացեք նաև իմ բլոգում:

Լողում են առաջին դասարանի լողորդները:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Իսկ կրթահամալիր հիմա գալիս է ամեն մեկն իր կածանով… Դուք եք ընտանիքով-առանձին ընտրում եք այս Բանգլադեշ-ուսումնական աշխատանքի բնակավայրը… Դուք եք ուղեկցում… Ձեռքից բռնեք դժգոհ-շփոթված-մոլորված-փնտրող մեկին և ուղեկցեք կրթահամալիր, միշտ բաց է, ողջ ամառ-ուսումնական: Ահա պաշտոնապես հրապարակեմ իմ բլոգում «Ամառ 2017» ամենամյա նախագիծը՝ մեր ձեռքբերումների, հաջողությունների-ուրախությունների-նոր նախաձեռնությունների կենդանի ցուցադրումը: Ամառային ճամբարային-նախագծային ճամփորդությունների համար դպրոցներում, քոլեջում ստեղծվում-գործում են հայրենագիտական-արշավախմբային սրահները (կայան-կենտրոն-կաբինետները)՝ իրենց գույքով, ղեկավարով։ Դրա հաջող փորձն ունի Կարինե Պետրոսյանը, Գեղարվեստում կստեղծի-կղեկավարի ու կհամակարգի մեր յոթ կայանների աշխատանքը։

Երեկվա թեթևությունը ոռոգվող կրթահամալիրային հողն էր, իր կենտրոնով… որպես փաստ, կրթահամալիրով մեկ: Դժվար, մաշող չորս ամիս է մեզ սպասում՝ հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերը, ոռոգման շրջանով… Նոր լանջեր-անցումներ-պուրակների մշակումներ կանենք, բայց առանց ճիմապատման. դրա նպաստավոր (օպտիմալ) ժամանակը աշունն  է, 2016-ին համոզվեցինք: Եղածը բոլ-բոլ է խնամքի համար: Ինձ ուրախացնում են խոտի խուզի–ոռոգման խնամքի հմտությունների փոխանցման տեսարանները, թող ամենօրյա վարժությունների ձևով փոխանցվեն ու փոխանցվեն. «Սովորող սովորեցնող» նախագիծը պարտիզապուրակային գործի յուրացման բարի ընթացքի մեջ է: Մեր դպրոցների ամեն մի պարտիզպան այս նախագծի մասնագետն է։

Հիմա մի տասնօրյակ է մնացել՝ 20-30-ը մայիսի, ամառային բացօթյա լողափերը վերջնական տեսքի բերելու-լողավազանները տեղադրելու համար… Հինգ լողափ պիտի կազմակերպենք՝ ջիջիլ գցող մեծ ու փոքր տասը լողավազաններով… Էվալլա ո՞ւմ…

Տրամադրություն: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Էվալլա՜ մեզ. Դավիթ Բլեյան սովորողը, կարմիր ուսապարկն իրիկունը դրեց-ցուցադրեց, պատրաստվում է այսօրվա ճամփորդությանըհարյուրավոր սեբաստացիների հետ, «Բարձունքների նվաճում» ամենամյա նախագծով… Սովորողի իսկական պարունակություն է խորոտիկ պարկում, խաղալիք չէ: Ուտելիքը պակաս չլինի՝ քույրիկ Սոնայի համար է մտածում, ընկերների…
— Պապ, մենակ ես չեմ…
Իհարկե, բոլորի Դավիթն է, աշխարհի բոլոր ծռություններն իրեն, մենակ հացով լինի, հասնող բոլորին, որ սպասեն, իր կարիքը ունենան ու ինքը՝ тут как тут…
— Էհե՜յ, Դավի՛թ, որտեղ ես դու…

Իրիկունը Տաթև-Էդիտ անբաժան սեբաստացիական զույգի նախաձեռնությամբ քույրեր-եղբայրների մեծ խումբ եկավ մեր տուն, քննեցին իրենց եղբորը, համոզվեցին… ի՛նչ երկար բառեր նախադասություններ ուզում ես տուր՝ «չրթում է»… Բա նկարնե՜րը, քանդակնե՜րը, հարցե՜րը… վախենում-ամաչում են հետը խոսեն… Վահանն էլ տպավորիչ առաջադիմել է… սողալով, ինքնուրույն սեղանի տակ է մտնում… կլոր 13 կգ… թուշերը տեղը, ախորժակը, թաթի անվրեպ հարվածները… Դավիթը 18 կգ է՝ ամեն տարով մի կգ է ավելի իր եղբայր-զարմիկից։

Կավագործ Դավիթն ու իր ընկերները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Սեբաստացի 9-րդցիները՝ հարյուրի չափ, մեկը մյուսից տարբեր, բայց համերաշխ… Երեկ ցնծություն էր Մարմարյա սրահում, տոնախմբություն… հիմնական կրթության շրջանն ավարտելու առիթով… Հասարակ, պարզ, ուրախ՝ և՛ ծնողները, և՛ սովորողները… Կրթահամալիրում զանգ էլ չկա, որ վերջին լինի, գնալ չկա, եթե ինքդ չես ուզում, դռները Մայր դպրոցի՝ միշտ բաց, անպահակ, առանց հսկիչի… Կտեղափոխվի մեր 9-րդցին իր ավագ դպրոց 10-րդ դասարան-քոլեջ կրթահամալիրի, թե ծրագրերը իր կրթահամալիրից դուրս են՝ պարտադիր 12-ամյա ուսուցման օրենքը նրա համար այս տարվանից սկսեց գործել… Երեք տարի պիտի գտնվի պետության կողմից հսկվող-ճանաչվող ուսումնական հաստատությունում… Մեր ավագ դպրոցը, իր բոլոր թերություններով հանդերձ, ամենախնայող (փող, ժամանակ, նյարդեր), սովորողի ժամանակը, ընտրությունը, ինքնուրույնությունը-անհատականությունը հարգող-արդար Ավագ դպրոցն է Հայաստանում: Ես եմ ասում, Տիարի խոսքն է: Ամեն մեկն իր ընտրությամբ, իր ճամփով. բարի բախտ յուրաքանչյուրին:
Քավառցու հայտնի անեկդոտով ավարտեմ իմ գիրը, այս մեկը հին է, բայց տեսեք մտիցս չի գնում որպես տոնական խոսք…
— Էդ (օղին) որ ծախում ես, էդ փողով ի՜նչ ես առնելու…
Էվալլա գտնողին….

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1044

*Էվալլա (էվալլահ) — բրբ. 1. ապրի (ապրես), կեցցե (կեցցես). 2. շնորհակալություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ…

«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի

Չոր թվերի՝ ցուցանիշների լեզուն

Հատուկ «Դպիրի» համար իմ գիր-շարքը շարունակում եմ, պայմանով-խնդրանքով, որ անցնեք շարքի առաջին հրապարակումով․․․ Շնորհակալ եմ կրթահամալիրի մանկավարժական ակումբին՝ փետրվարի 18-ի հանդիպմանը Նոր ուղի ամբողջականին՝ քաղաքական, քաղաքացիական, մանկավարժական գործունեությանը անդրադարձի համար․․․ Ավելի լավ ճանաչելուն է

Բաղրամյանի, նրա մետրոյի, Շարժման, Բանգլադեշի ու իմ հեծանվի մասին է իմ գիրը

Միայն լսեք՝ ինչպե՛ս է Դավիթ Բլեյանը կրկնում Բաղրամյանի Շարժման կանչերը… Ճոճվել ուզեց երեկոյան մեր տղան. ճոճվում ու Շարժման մասին հնարավոր բոլոր հարցերը տալիս է… — Ի՞նչ ասել է երիտասարդ… Ինչո՞ւ են հավաքվել