Մոռացել էի, բայց համը ՝ սառնաշաքարով Արարատի, մնացել էր։ Համի հետքերը հաճախ ավելի խորն են, որպես հիշողություն, քան մտքերի-տեսածի, ու ահա Մարի Միքայելյանի բլոգ-արխիվը վերադրարձրեց համը սառնանուշի․․․  Մարի, Քնարիկ, Գեղամ վեց տարեկան, մեր բոլոր վեց տարեկանների հայրիկներ-պապիկներ, սեբաստացի-ոչ սեբաստացի ավագ եղբայրներ, վեց տարեկանների մայիսն էլ մոտեցավ ֆիզիկապես․․․ Ուշանում ենք․․․ Մեր վիպասան Րաֆֆու նման ասեմ՝ մի՛ նայեք այնտեղ՝ բարձրությունների վրա դեռ նկարված ճերմակ գագաթներին. ժամանում է ամառը։ Ամառը ժամանում է ոչ հունիսի 1-ին, կրթահամալիրի Բանգլադեշում մայիսի առաջին օրերին՝ իր շոգով կիզիչ, ջուր, գետ-ավազան, ծով-զով պահանջող լողով, իր ամառային մանկավարժությամբ․․․ Մեր լողափերը-ավազանները օր առաջ հավաքված- ձևավորված պիտի լինեն իրենց միջավայրով․․․ Ո՜նց ենք ուշանում, էս չե՞ք անհանգստանում․․․

Քայլարշավ Երևան լիճ-ծովի լայնքով:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Հա, Արմեն Ղազարյան՝ 6-րդ դասարանից, թռիչքը մտքով է լինում․ դեպի միտք միակ ձևը փորձ ունենա՞լն է․․․«Կան մարդիկ, որ չեն հասկանում՝ ինչ է փորձելը։ Նրանք մինչև կյանքի վերջ վախենում են մի նոր բան անելուց։ Ես էլ էի այդպես, բայց ես գտա իմ պոտենցիալը և հասկացա, որ ուժեղ եմ մաթեմատիկայից։ Բակի երեխաներն էլ են գտել իրենց փորձը…. բայց մի բան կա, որ շատ խանգարում է քո փորձը գտնելուն․ դա քո ծնողներն են․․․»։

Հուսով եմ, որ Արմենի դպրոցը՝ կրթահամալիրի և՛ կրտսերը, և՛ միջինը, և՛ ավագը, ոչ միայն չի խանգարի. մեր մանկավարժությունն ստեղծված է որպես խթան-միջավայր-հնարավորություն մի նոր բան անելու՝ իրենց սխալով՝ փորձառությամբ ընթանալու-ապրելու իրենց կյանքը, այո՛, ինքնուրույն․․․ Ծնողների հարցը լուրջ է։ Երեկ երևանյան ծովի-լճի ափին երրորդ-չորրորդ դասարանցի Վաչիկն ու Եվան իրենց խորոտիկ Մարգարիտ մայրիկի հետ էին․․․ Որքա՜ն էր ոգևորված Մարգարիտը իրենց երեխաների Զանգիի փարձառությամբ․․․

Զարմանալի է, բայց ես տարօրինակ բաներ շատ եմ սիրում․․․ Փորձություններ, արկածներ, մենակություն, ամպրոպ, անձրև․․․ Ես շատ եմ սիրում ամպրոպը։ Ամպրոպից հետո ավելի սթափ եմ լինում, ավելի ազատ․․․Ամպրոպը բոլորիս համար մի ուժգին զգուշացում է․․

Սվետլանա Մելքումյանի հետ գալիս է Նանեն Այնթաբյան, ու նրանց հետ՝ երգը անբաժան, որից հետո ես ինձ ավելի թարմ եմ զգում, ինչպես անձրևից, ամպրոպից․․․ հեծանվային թափառումից հետո․․․

Արմինե Թոփչյանի հետ իմ հեռախոսազրույցները հիմա ավելի շատ հենց Զանգվի ափից են․․․ Արմինեն ինձ է նախանձում, ասում է՝ ինչքա՜ն հետ մնացի, ես՝ Արմինեին՝․․․ որքա՜ն խորացավ մեր սովորող-ուսուցիչների անհատական բլոգային աշխարհներով, սեբաստացի մարդուն հասավ-ճանաչեց, հիացավ ու ․․․ անհանգստացավ նաև։ Լուրջ հայացք-դիրք է, mskh.am-ի  գլխավոր խմբագրինը, ինչպես Զանգվի կիրճով մեկ Սեյրան բարձունքից մինչև Սոնա Փափազյանի մայրական Տիգրան պապի Գետամեջ գյուղի բարձունքը՝ գրաված յուրաքանչյուր սեբաստացունը, ուսուցիչ, թե սովորող․․․Նոր Հաճնի կամրջից, Արզնու կիրճից․․․

Գետամեջ գյուղում: Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Այսքա՜ն մարդաշատ Զանգուն վերջին 30 տարում հաստատ չի եղել՝ և՛ իր 141 կմ-անոց ոլոր-մոլոր ֆիզիկական աշխարհում, և՛ մեդիայով, բազմազան-կենդանի հայտնագործումներով՝ մարդու, գործի, սեփական անելիքի, այսքա՜ն ապրող դեմքերով… Գևորգ Հակոբյանի դիտարկումն է սա, իսկ նա հենց այնպես եզրակացություններ չի անում՝ միայն բավարար փաստականի հիման վրա․․․ Տարերքի, ոգեղենության, թռիչքի ոգու, թարմության, հավեսի այսպիսի պաշարի աղբյուր է մեր Զանգին՝ իր «Աբովյանի հետ» նախագծով․․․

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:
Ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.
Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Ընկերոջը՝ Արմենին շարունակում է Անի Արղությանը․․․«Կյանքի հոմանիշը շարժվելն է։ Փորձելով, բացահայտելով կարծես կյանքը ծաղկում է և ամբողջովին դառնում հասկանալի»։ Իմ անելիքը, իմ կրթական-քաղաքական ծրագիրը, ընթերցող սեբաստացի-ոչ սեբաստացի, մարդկայնացավ Զանգվով, ինձ դարձավ, ամբողջովի՞ն հասկանալի, Անի ջան։

Երեկ, օրվա վերջին, երբ տիար Գևորգի հետ մայիսյան ստեղծագործական մեր հավաքի ընթացքից էինք խոսում-գործում-քննում, ես հետո հեծանվով Սեյրան բարձունքից տան ճամփին թեքեցի ուղիս, մտա Ամերիկյան փողոցով Նորագյուղի Զանգու․․․ Այստեղ էլ ես իմ քարն ունեմ։ Նստեցի։

Հայկուհի սենսեյ Հովհաննիսյանը մեր՝ իր Զանգի-Շադրլու ջրանցքով, որպես ամպրոպ մտավ Փարաքարի մարդկանց, իմ ու ձեր կյանք։ «Որքան շատ է այստեղի աղբը, այնքան մեծ է մեր ձգտումը՝ աշխատելու և ախտահարված ջրանցքը բժշկելու։ Մեր սերն ու հոգատարությունը թող վարակի աղբյուր դառնա ու սողոսկի յուրաքանչյուր փարաքարցու բակ, փողոց ու բնակարան․․․»։ Ա՜յ քեզ փորձ, ես Հայկուհուն՝ իրեն միացող շարունակ տարբեր սեբաստացի խմբերին՝ տարատարիք սովորող-ուսուցչի, նախանձեցի։ Հա, այսպիսի՜ փորձ-նպատակադրում, որպես տարերք, ամպրոպի պես ուժգին-մաքրող ազդեցություն է գործում ինձ վրա։ Իսկ 5 րոպե 24 վրկ տևողությամբ «Օրը Աբովյանի հետ․ Զանգի-Շադրլու» տեսանյութը իսկական ֆիլմ է,  տեսադաս․․․

Կտեսնե՞նք մենք փարաքար-թաիրովցիներին, սենսեյ, իրենց գյուղով-դպրոցով, գյուղապետով, ջրանցքով․․․ «Գետը քաղաքում» նախագծով, կրթահամալիրում մայիսի առաջին օրերին․ ինչո՞ւ իրենց իրենց տոնական մասնակցությամբ նշանավոր չդարձնեն մայիսի 5-ի մեդիաուրբաթ-համերգը․․․

Դավթապատում: Դավիթը Գետամեջ գյուղում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Որպես ընթերցարան՝ կարդացեք ««Անաղմուկի» գաղափարախոսությունը» հրապարակումը։

«Անաղմուկ ընտրության» բանաձևը միայն ֆորմալ առումով է վերաբերում ընտրությունների կազմակերպմանը, բայց դա, առաջին հերթին, փիլիսոփայություն, ապրելակերպ, համակեցության բանաձև է՝ համակարգն ամբողջացնող թևերի, քրեական և նոմենկլատուրային օլիգարխիաների, «ցեղվածների» ու «բարգավաճողների», Երևանում հարստացածների ու Ստամբուլի արյունը տենչողների, չիմաստնացած ավագների ու «կոմսոմոլացած» նժդեհական ջահելների, հարազատ և օտարածին «առվակների» համար:

Ֆոտխմբագիր՝ Սոնա Փափազան
#1024

Explore More

Գրիչը քոնն է, թուղթը՝ քոնը, գրողն էլ դու, գործիչն էլ՝ դու… 2015-ին

Այո, Գոհար Սմբատյան, Աիդա Պետրոսյան ու նախակրթարանների սեբաստացի գործընկերներ, խելամիտ ու խիզախ օգտագործեք հունվարյան ստուգատեսների հնարավորությունները՝ մեր 350-ի չափ 2-6 տարեկանների մարմնամարզական, բնագիտատեխնիկական գործունեությամբ նրանց զարգացում-կյանքը՝ տանը և պարտեզներում լիարժեք

Առօրյա իրադարձությունների մեկ օրը

Ոչ սովորական իրադարձության սպասումով էր, որ սկսվեց իմ օրը…. Աշխատանքային հերթական օրը, ի՜նչ լավ բառ է, առօրյան սկսեց։ Ես հայտնի трудоголик եմ. սիրում եմ աշխատել հատկապես ամռան օրերին, երբ շատ