Երեկվա իմ գրի «Իմ ծնունդն արդեն սկսվե՞լ ա» վերնագիրը Դավիթ Բլեյանը նետեց հենց առավոտյան, երբ իջավ մեր մահճակալից… Հետո այսպես խոսեց Դավիթը… խոհանոցում, լողարանում, մեքենայի մեջ.
— Բոլորը ուրախացե՞լ են, պապ։ Հինգ տարի ամեն օր բոլորը ուրախացել են, ու ես այսպիսի՞ն եմ դարձել…
— Իրենք որ չլինեին, ես այսօր իմ տոնը չէի ունենա՞, պապ…
Հետո անցում արեցինք Ձմեռ պապին, նրա՝ «Բան ունեմ ասելու» այլընտրանքին։ Իսկ ո՞վ և ի՞նչ նվիրի Ձմեռ պապին… Դավիթը դիմադրում է.
— Մարդը չի կարող Ձմեռ պապ լինել, մարդը ուզում է՝ ինքը նվերներ ստանա…
— Դո՞ւ… պա՛պ, դու կարող ես՝ դարձի՛ Ձմեռ պապ, ինձ էլ, մայրիկին էլ նվերներ բեր…
— Էս Ձմեռ պապի պարկերը, կոշիկները կախարդական, շատացել են, կախարդանքը չքացե՞լ է…- իր
կախարդական գուլպան չի մոռացել…
— Ո՞ւր են նվերները Ձմեռ պապի, ա՛յ պապ…

Տոնական 5 տարեկաններ, Հարավային դպրոց-պարտեզ:
Լուսանկարները՝ Սմբատյան Գոհարի:

Հիմա, երբ 5-6-ի արանքում է, երբ մեր բնակարանում այնքա՜ն անհավատալի խաղաղ է, հավաքված՝ երեկվա գժությունից հետո… Դավիթը, Արմինեն, Մելինեն Մարտիրոսյան արդար-վաստակած-քնած են, իսկ ես իմ գրասեղանի առաջ եմ, այնքա՜ն խաղաղ-լուռ է, որ Նառա Նիկողոսյանի նվիրած ակվարիումի ձկների խոսակցությունն եմ պարզ լսում… Ես ուզում եմ քիչ-միչ պատմել իմ մասին՝ անդրադառնալով համառ իմ շուրջ, ինձ ուղղված մի քանի հարցերի…

Էդիտա Հովհաննիսյան և Աննա Բլեյան սքանչելի քույրիկներն իմ, որ անկեղծ ուրախացել էին՝ վերջապես ինձ Երևանում տեսնելով, հիացած էին իրենց քեռի-հորեղբայր ջանով, իմ բարետեսությամբ… Տասնհինգ տարի մինուսով (ջահելացած՝ ասել է թե) ու ձիգ… էլի նիհարած… Միանգամից ոգևորող դիտարկում, որն անպատասխան թողնել, ու հիմա էլ Գերմանիայով բացատրել՝ արդար չէ… Երեք օր է՝ ես քնում եմ գիշերը 12-ին մոտ ու արթնանում 5-ն անց՝ առտու. սա իմ պապական ռեժիմն է, որ էլ բաց չեմ թողնելու… Ես օրն սկսում եմ ցնցուղով ու բարեխիղճ սափրումով. իմ գիտակից կյանքում ես անբաժան եմ «ֆիլիպս» մեքենայից. 1995-ին Գերմանիայում գնեցի թե նվեր ստացա, հիմա էլ կա-գործում է, իսկ 2013-ին Թիֆլիսում գնեցի նորը… Ա՜յ քեզ մշտական ուղեկից ընկեր… Գոլ ջրի իմ երեք բաժակը՝ կիտրոնով, անբաժան է. ես-դուք տեսնում ենք դրա բարերար ազդեցությունը… Հետո՝ մի գդալ մեղրն ու սպիտակ խնձորը՝ 7-8-ի արանքում… Ես սիրում եմ քայել ու արագ եմ քայլում՝ օրը վեց-յոթ կիլոմետր. դեկտեմբերը կիսվեց, ես էլի հեծանվով եմ… Քիչ հետո հեծանվով կանցնեմ Խանջյան-Ծովակալ Իսակովով՝ Բանգլադեշ, Սեյրանի բարձունքով, Հրազդանի կիրճով՝ դրախտի ճանապարհը…

Տրիատլոնի հաշվետու մրցաշարը Արևմտյան դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Հիմա ես այսպիսի հարազատական հավաքներ սիրում եմ, չեմ նեղվում, լսեցի՞ք, նախաձեռնում եմ… Դավիթ Բլեյանը, կուզեմ, որ հավաքող լինի, իր աստղի-առաքելությանը հավատարիմ գործի, հարազատական հոգսից չփախչի, իր բազում-բազում արժանի տարատարիք քույր-եղբայրների խնդիրներին հասնող լինի՝ կարող ու հաջողակ, որ իր սիրած շտապօգնություններից՝ տեխնիկական, բուժական, ավտանգության, դրամական…, մեկով պահանջված, ժամանակին ու տեղում լինի… Երախտագետ՝ յուրաքանչյուր հարազատի՝ Բլեյան-Մարտիրոսյան-Հովհաննիսյան…

Ես, գիտե՞ք, մի նամակագրություն էլ ունեմ՝ իմ 1992-ից բարեկամ Մոնակոյի Տիգրան Ջերջյանի հետ… Ընդհատ, բայց պարբերաբար ես պատմում եմ Տիգրանին իմ, մեր, ձեր ու Հայաստանի մասին… Ինձ համար ամենադժվար շրջանում Տիգրանն այնքա՜ն կոնկրետ-կարևոր օգնեց. մոռանալու չէ…

Տաթև աղջիկս, որ երեկ մայրության արձակուրդի վայելքի երկու տարվա դիմումով ինձ ուրախացրեց, Վահանի հետ իմաստ է հաղորդում ցանկացած աղմուկի…

Ամանորյա իրարանցում Հարավային դպրոց-պարտեզում:

Լիլիթ Բլեյանի դեկտեմբերի 17-ի համերգին ես սպասում եմ իսկական բոհեմային զգացողությամբ… Լիլիթի 168.am-ի վերջին հարցազրույցը մշակութային քաղաքական է… անպայման կարդացե´ք…

Շուշանը վատառողջ է… ու մարաթոն որ լիներ, չգիտեմ՝ ով առաջինը Վիեննայի նրա կացարանում կզբաղեցներ խնամողի աթոռը` քույրիկնե՞րը… ե՞ս… Կարինե Ջանոյա՞նը, իհարկե…
Դավիթ Բլեյանը լուծումներ ունի.
— Վիեննան ի՞նչ դառավ, ինքնաթիռը նստեք՝ վը՜ժժ,- ցույց է տալիս…
— Ի՞նչ եք խոսում… Ի՛նձ էլ տարեք:

Իմ սեղանին հայտնվեց Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» աշխատությունը, որը հրատարակվել է ՀՀ պետական պատվերով, 2015-ին… սեղանի գիրք դարձավ, որ ես ընթերցում եմ՝ առնելով իմ կարոտը իմ սանիկ-ընկերոջից, սպասելով իմ ակնածանքը հայտնելուն… Արթուրի՝ «Շարական խազագրեալ»-ը, «Հազար ու մի խաղը» հայկական ժոովրդական ու հոգևոր երգերի ժամանակակից թվային գրադարանի ստեղծման ջանքերը… Հուզվեցի: Կարոտել եմ: Սիրենք միմյանց… Պարզապես… մի քիչ ուշադիր որ լինենք, ամեն մեկս յուրաքանչյուրի մեջ կգտնի սիրելու արժանի այդ բանը, պարզապես միմյանց սիրելու… իրավական թե բնական հիմքը:

2016-ը բեկումային եղավ ոչ միայն Տաթև Բլեյանի, այլև մեր կրտսեր եղբայր Առնոլդ Բլեյանի կյանքում։ Աստղիկ Գալշոյան մեր հարսիկը՝ Տաթևի Վահանին գրկում, խոհրդանիշը դարձավ մեր հավաքի, մի նոր Մոնա Լիզա… Եվ 2016-ը վստահություն է հաղորդում, որ 2017-ը բեկում կլինի Էդիտայի և Աննայի անձնական կյանքում։ Ինչքա՜ն հարուստ ենք մեր աղջիկներով…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#864

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ…

Գևորգ հոպարը` մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը, պիտի ընտրեր և ընտրեց հինգ տարեկան Դավիթ Բլեյանի նոր հեծանիվը… Ուռա՜… Տաթև քույրիկի նվիրած սիրուն հեծանիվը ծառայեց Դավթին երեք տարի անընդհատ, ա՜յ քեզ որակ…

Էրզրումից Շուլավերով Բանգլադե՞շ…

Արթնացել եմ գիշերը 2-3-ի արանքում՝ Դավթի «ջուր եմ ուզում»-ի՞ց, թե՞ քունս առել եմ… Մինչև ջուրը բերեցի, Դավիթը քնեց… Շան տղա… Արթուն լիներ, կասեր. – Ես հայրիկի շան տղեն եմ… Սա ավագ

Լավ լուր է, թող ճախրի…

Չգիտեք՝ իմացաք, իմացաք՝ տարածեք․․․ Լավ լուր է, թող ճախրի։