Դավիթ Սեբաստացին ինքնուրույնության շրջադարձային փուլում է՝ վերջնականապես է հրաժեշտ տալիս իր պամպերսին. «Սասունցի Դավիթը վարտիք է հագնում, պամպերս չի հագնում»։ Իսկ շաբաթներ առաջ ինքնահրաժարվեց մայրական ծծից. Թումանյան պապիկը պատահական հո չի նշանավոր «Ուլիկը» հեքիաթում կրկնել տալիս Մայր Այծի, հետո Գայլի, հետո նորից Մայր Այծի ձայնով. «Դռնակը բաց՝ ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ»։ Լսեցի՞ք՝ ծիծ, ոչ թե սոսկ կաթ։

Երեկ Դավթի Տաթև տնօրեն քույրը պարտեզից Դավթին տանում է իրենց տուն։ Ու անպամպերս Դավիթը քաքիկ է անում տակը։ Եվ այս տեսարանը՝ Տաթևի քմահաճ աղջիկ Արևիկի ներկայությամբ… Արևիկին ճանաչողները գնահատեցին իրավիճակի լրջությունը. իսկական պատկեր-տեսանյութ՝ ձայնով, մեր «Դպիր» էլեկտրոնային ամսագրի խմբագիր նշանավոր ծիծաղով։ Գովազդ տնօրենի բլոգում. «Երեխայի կրթության Ձեր հավատարիմ  խորհրդատու-ընկերը՝ «Դպիրը», ամառ-ձմեռ մեդիայում է, ու նրա գլխավոր խմբագիրը՝ Մեդիակենտրոնում»։

Առակս զի՞նչ ցուցանէ.  իսկական քույրը նա չէ, Շուշան Բլեյան, որ դեպի բեմ ճանապարհին կարոտում է, արտասվելու չափ, պամպերսն ու ծիծը կորցրած իր ախպորը, կամ նա, Լիլիթ Բլեյան, որ եղբոր համար սիրուն շորիկներ ու պետքական պիտույքներ է գնում, բայց մաքրում է միայն իր աղջիկ Սոնուկի տուտուզը։ Տաթևը ոչ միայն փոխում է Դավթի վարտիքը, լվանում իր պուճուր ախպոր տուտուզիկը, որ նա Արևիկի հետ շարունակի բազում գժությունները, այլև  լվանում է քաքիկոտ շորիկներն ախպոր ու պարտեզում դրանք արդուկած հագցնում իր սան Դավիթ Բլեյանին։ Այսպես է ախպերը դառնում հալալ-զուլալ։ Ես, գիտեք, իմ մեծ քույրիկների՝ Նեկտարի ու Էմմայի պահածն եմ ու իմ ունեցած լավագույնով պարտական եմ նաև իմ նշանավոր քույրիկներին։ Դուք չգիտեք, թե ինչպես եմ հաճախ  զգում Էմմա Բլեյան-Հովհաննիսյանի ներկայությունն, ու ինչպես հանկարծ թացանում են աչքերս, դողում ձայնս, ու կապկպվում-լռվում եմ…. Էմմա քույրիկը շարունակ  ինձ հետ է. օրեր առաջ Արմինեի ու Դավթի հետ այցելեցի Էմմային, իսկ Դավթին ես հաճախ եմ պատմում իր արժանավոր հորաքրոջ մասին…

Ես ինձ լավ եմ զգում, շատ լավ, երբ Տաթևը նվիրված է իր, մեր Դպրոց-պարտեզին, կրթահամալիրին,  դառնում է արծիվ, երբ անարդարացի վերաբերմունք, ոտնձգություն, վտանգ է տեսնում իր, իր աղջկա, իր հոր կրթահամալիրի ու մանկավարժության նկատմամբ։ Ես մի տեսակ ականջի պոչով եմ լսում (կարծես թե չեմ լսում), երբ իմ գործընկերները, ընկեր-բարեկամ-ծանոթ՝ Դպրոց-պարտեզի ծնողները գովում են իրենց երեխայի դպրոցն ու իմ Տաթև աղջիկ Դպրոց-պարտեզի ղեկավարին։ Բայց, ինչպես մայրս իմ ծնողական ժողովին՝ ես փառավորվում եմ։  Ես ուզեցել եմ, ուզում եմ, որ Տաթևը շարունակի լուրջ զբաղվել կրթության գործի կազմակերպմամբ. կրթահամալիրում թե դրանից դուրս՝ հանգամանքների դասավորություն է։ Իմ հարգանքը իմ աղջկա նկատմամբ միայն մեծանում է, ինչպես երբ աղջիկներս՝ Լիլիթը, Տաթևիկը, բարեխիղճ, ամենաբարեխիղճ կատարում են իրենց մայրությունը, ինչպես կանի, իհարկե, Շուշանը։

Ժամը 08-ին կրթահամալիրի Մեդիակենտրոնի մոտից Սևանի հանրային ափեր «Հանրային վերահսկողություն» ուսումնական նախագծով կճանապարհեմ կրթահամալիրի Ավագ դպրոցի բնապահպան-հայրենագետների և տնտեսագետների  խմբին՝ Մարթա Ասատրյանի և Արման Երանոսյանի ղեկավարությամբ։ Չիմանա՞նք, թե իրենց միակ ու անկրկնելի Սևանի հանրային 11 ափերը, որ ստեղծվել ու պահվում են պետական, ասել է թե՝ իրենց ու իրենց ծնողների միջոցներով, որքանով են հանրային, պատրաստ՝ գոնե հուլիս-օգոստոսին ընդունելու շոգից փախչող երևանցիներին, ինչ խնդիրներ ունի սևանյան լողափը, որ հանրայնացման կարիք ունի… Հավաքած նյութերն ու ուսումնասիրությունները պարտավոր են հրապարակել իրենց ակումբների բլոգներում ու կհրապարակեն։ Իսկ 09-ին Մեդիակենտրոնի դիմացից Սիրանուշ Թումանյանի և բնապահպան մասնագետ-գործընկերոջ ուղեկցությամբ Խոսրովի արգելոցում բնապահպանական նախագծի մեկնարկը կտան կրթահամալիրի թռչնասեր պատանիները…

Քաղաքական հայտարարություն տնօրենի բլոգում։ Հուլիսի 7-ից բնապահպանության նախարարության Տավուշի մարզի «Զիկատար» ուսումնական կենտրոնը կվերածվի կրթահամալիրում կազմակերպված Հանրակրթական Էկոտուր 2014-ի հաղթողների բաց միջազգային ամենամյա ճամբարի։  Վրաստանի, Արցախի, Գավառի, Ալավերդու, Բջնիի, Բազմաղբյուրի և կրթահամալիրի բնապահպան սովորողները միասին կշարունակեն իրենց ամառային միավորող, աշխարհը մեկ դարձնող աշխատանքը ճամբար-կենտրոնում։

Սրանք ուսումնական նախագծեր են. այո, ամառային, երբ արձակուրդ է և՛ սովորողների, և՛ նրանց ուսուցիչների համար։ Արձակում, ազատ ինչի՞ց՝ հարցնում եմ։ Առօրյայից, արհեստականությունից, պարտադիրից՝ այո, բայց ազատ արձակված մարդու՝ սովորողի և սովորեցնողի անմիջական տնօրինմանը հանձնված ժամանակը (ահա ձեզ ուսումնական արձակուրդի իմ սահմանումը) գլխավորով, իր ընտրած գործով զբաղվելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կոկորդում մնացած արցունքի պես

Ուսուցիչն ընկեր Լիլիթի (Առաքելյան) պես պիտի լինի, որ կարոտես, տեսնես՝ ուրախանաս, մոտենաս, որ հետը լինես, կարոտդ առնես, ուրախանաս․․․ – Պա՛պ, դու գուշակեցիր, որ ուզում եմ դաշնամուրի գնամ, շարունակեմ․․․

Ապագան հայրենիքում պատկերացնելու դժվարությունը․․․

Որտեղ հայն ապրում է, այնտեղ է նրա տունը, պետք չէ այն սփյուռք անվանել․․․- այսպես է ասում Ամերիկայում բնակվող երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։- Տարին 3-4 անգամյա պարբերականությամբ եմ Հայաստան այցելում։ Այն անգամ մի փոքր

Եկանք, տեսանք․․․ Շարունակում ենք…

Աշխատանքային այցը՝ Վայոց ձոր, ինչպես միշտ, Հայաստանով մեկ՝ Շիրակ-Գյումրի, թե Աշտարակ-Արագածոտն․․․ աշխատանքային խմբով էր՝ ուսուցիչ-սովորողներ, կամավորներ՝ կրթահամալիր մուտքի ճամբարով աշխատանքի համար դիմածներ, ճամփորդական հարմարավետ միկրոավտոբուսով, հայրենագիտական-ճանաչողական շրջայցով այս անգամ Վայոց