Շնորհակալություն «Սեբաստացի TV-ին», Անի Սարգսյանին, ով չնայած Դավիթ Բլեյանի հնչեցրած լուրջ սպառնալիքին՝ «աչքերդ կհանեմ, կուտեմ», եղավ Դավթի հետ հեծանիվների աշխարհում… Տեսեք՝ ի՜նչ ֆիլմ է նվիրել մեզ մեր Անին։ Շուշանը Վիեննայում քանի՞անգամ կպտտի Դավթի զարմանք-հիացմունքը փոխանցող այս տեսանյութը…

Դավթին առավոտյան, ինչպես խոստացել էի, Վանիկ պապիկի և Սերժիկ պապիկի ուղեկցությամբ ներկայացրի իր Դպրոց-պարտեզի հեծանվուղին. Դավիթն ուզում է «միայն հեծանիվով դպրոց»: Իսկապես, ինչի՞ է նման մեր այս գոզալ տարածքն առանց հեծանիվի: Ինչո՞ւ չի կարելի Բաբաջանյան փողոցի՝ Բ-1 և Բ-4 թաղամասերը կապող վերգետնյա անցումի աստիճաններով սկսել Բ-4-ի մանկական այգու մուտքը, մանկական հեծանիվի կայանատեղով… Ինձ հաջողվեց այս «նոր ուղով» վարակել-ոգևորել Տիգրանին Պարսիլյան, Կային, Սուսանին Մարկոսյան, Նառային, անգամ տիկին Աիդային… Մնում է՝ մեր Դավթի քույր Տաթևն ու Բախշյան Անահիտը դառնան «նոր ուղու» աջակից անդամ…

Սակայն Դավիթն իմ ձեռքը բաց չթողեց. չօգնեց նաև անակնկալ, մեծ ուրախություն պարգևած հանդիպումը Լիլիթ Բլեյանի և սքանչելի Սոնուլիկի հետ:
— Ես ուզում եմ հեծանիվ քշեմ դպրոցում, նոր հեծանիվ…

Մնացածը տեխնիկայի հարց է այսօրվա Երևանում, որ այնքա՜ն վարպետորեն-սիրով-օպերատիվ փոխանցել է Անի Սարգսյանը: Սակայն ինչպես հայտնի, սիրելի, իմ սերնդի մանկության ֆիլմում էր՝ «рано радуешься, Иван царевич, рано». Դավիթը հեծանիվից Դպրոց-պարտեզում չի իջել՝ քիչ է, իր գոզալին չի զիջել ոչ մեկին, հասկանալի է, չի թողել՝ հեծանիվը մնա դպրոցում, հետը բերել է տուն: Ինձ դիմավորեց ճիչով, հեծանիվով՝ նոր, իսկական «կուկլա», դեղին, թեթև, հուսալի, ինքնագլոր…

Սպասենք Դավթի առավոտվա որոշմանը. մեր տղան վատառողջ է, որ հեծանվով էլ պառկի քնելու, ո՞վ է թարս բան ասողը… Մեր տան ողջ հատակով՝ իմ անկյունից մինչև ննջարան ու խոհանոց, իրար կպցրած մեքենաների շղթա է սարքել, տեսարան է…
— Զգույշ քայլեք, մեքենաներս չվնասեք…
Զգույշ ենք, Դավիթ ջան, միայն դու շուտ ապաքինվիր…

Մեծ մարզադահլիճում Գեղարվեստի կրտսերի մանկական խրախճանքի-տոնի մասին այս տեսանյութը հա՜ կարող եմ նայել: Հալալ է բոլորին, յուրաքանչյուրին, ով ստեղծեց այս ուսումնական-առողջարարական միջավայրը. հալալ է: Այսպիսի մի հալալ էլ դառնամ ասեմ քանդակագործության արվեստանոցին՝ Արա Թարզյան յուրահատուկ մարդով, որ մեր Կարինե Մացակյանին մե՛կ մոռանալ է տալիս, մեկ-մեկ էլ՝ մարդու երնե՜կ ասելն է գալիս…

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ.
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Նունե Մովսիսյանի ձայնը լսեցի:

Սեպտեմբերյան մեր հավաքի օրերին Կոմիտասյան օրերը՝ օրեր օրերի մեջ, ինձնից ամենաշատն ուշադրություն-վերաբերմունք պահանջողն են: Ասա, Վարդապետ, ո՞նց որպես ուսումնական ծրագիր նվաճենք քեզ… Հարություն Թոփիկյանի և Արթուր Շահնազարյանի հետ մեր հանդիպումները զարդարում-կարևոր են դարձնում մեզ, մեր կրթական միջավայրը: Արթուր Շահնազարյանը, ում նկատմամբ հայտնի ակնածանք ունեմ, գիտեք, իմ հավատարիմ սանիկն է, ես էլ՝ իր հավատարիմ քավորը, չնայած մեր անձնական բարդ կյանքին։ Հարություն Թոփիկյանը՝ «Սեբաստացիներ» հիմնադրամի խորհրդի նախագահը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավարը, արժանիորեն մեր 2014թ. «Մուտք մանկավարժություն» մրցանակակիրն է։ Շնորհակալ եմ, սքանչելի Մերի Առաքելյան, քո տոնական ջանքերի համար:

Հիմա ես ապրում եմ քաղաքի հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչներից երգչախումբ ունենալու գաղափարով… Սա կարող է լինել իմ 60-ամյա տարելիցի (Նիկոլ Փաշինյան ջան, սա հենց տարելից է, ոչ թե տարեդարձ) մխիթարանքը, այսպիսի նվեր եմ ուզում՝ երգչախումբը պատվի իր ելույթով…

1990-ին՝ մայիսին-հուլիսին, երկու փուլով, ես ընտրվեցի Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր. դժվար ընտրվեցի. քվորումի շեմը՝ ընտրողների 50%-ի մասնակցությունը չէր ապահովվում… Պատկերացնու՞մ եք, 1990-ին, Բանգլադեշի Բ-1 թաղամասում… Է՜յ գիդի հա, Սամվել Ալեքսանյան, քանի տոկոս պետք լինի, «կխփի»… Մենք մեր նոր հանրապետության նոր ընտրողին ոգևորում էինք գաղափարով… Հայ մա՜րդ, հայ գաղափա՜ր, հայ ընտրո՜ղ… ո՞վ է ստեղծել…

Հայոց համազգային շարժում կազմակերպության վարչությունում մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ խորհրդարանում մենք մեծամասնություն ենք կազմում, խաղաղ-արդար-հավաստի ընտրությունների արդյունքում դարձել ենք Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ընտրված 259 պատգամավորներով բարձր իշխանություն. պիտի սահմանված ժամկետներում ձևավորենք Գերագույն խորհրդի նախագահ ու նախագահություն, հանձնաժողովներ… Գերագույն խորհրդի նախագահի ներկայացմամբ ընտրենք վարչապետ, որն էլ ձևավորի կառավարություն… Անլուրջ էինք, չէինք հավատում. պատրաստ չէի՞նք…

Խորհրդի ամենամեծ ոչ ՀՀՇ-ական թևը Հայաստանի կոմկուսը ներկայացնող պատգամավորներն էին, որ ինձ լավ էին ճանաչում՝ համատեղ ուսանողական-աշխատանքային-կուսակցական-կոմերիտական անցյալ, շփումներ… Ես խորհրդարանում յուրային էի և հաճախ, հատկապես սկզբնական շրջանում, կապավորի-միավորողի դեր էի խաղում… «Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ բոլորն էլ ընտրված Գերագույն խորհրդի պատգամավորներ, փաստացի յուրացրել էին ՀՀՇ վարչության իշխանությունը, թույլ չէին տալիս, որ վարչությունը նիստ անի, որոշում կայացնի… Վազգեն Մանուկյան — Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդական մրցակցությունը նոր փուլ էր մտնում. ո՞ւմ կառաջադրի վարչությունը Հայաստանին թիվ 1 պաշտոնի՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում, խորհրդարանում քվեարկելու համար… Վարչությունում ընդգծված էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը, կանխորոշված՝ քվեարկության արդյունքները, կոմիտեում՝ պարիտետ (հավասարություն, հավասար իրավությունէր: Ի վերջո գաղտնի քվեարկությամբ ոչ լեգիտիմ «Ղարաբաղ» կոմիտեն 11 անդամով մեկ ձայնի առավելություն տվեց Լևոն Տեր-Պետրասյանին: Սա հնարավորություն տվեց թեկնածուի հարցը վերջապես բերել ՀՀՇ վարչություն…

Տեր-Պետրոսյանի ընտրությունը խորհրդարանում դժվարությամբ քվորում՝ անհրաժեշտ ձայներ հավաքեց… Լևոն — Վազգեն մրցակցությունը շարունակվում էր և խորհրդարանում… Լևոն Տեր-Պետրոսյանը, ի վերջո, խորհրդարանում ներկայացված կոմունիստ պատգամավորների աջակցությամբ ընտրվեց ԳԽ նախագահ և, շրջանցելով վարչությունը, առանց քննարկման Վազգեն Մանուկյանին առաջարկեց Հայաստանի կառավարության նախագահի պաշտոնում: Կամայականությունը, ամենաբարի նպատակներով անգամ, որքան էլ արտիստիկ դրսևորումներ ունենա և անձնային հիմքեր, թույլ չի տալիս, որ ձևավորվի-կայանա պետական կառավարման, հանրապետական կարգի ավանդույթը… Մեզանում այդպես սկսվեց ու չշարունակվել չէր կարող…

Շատ արագ, շատ շուտով կառավարության նախագահն սկսեց հանդես գալ որպես թիվ մեկ պաշտոնատար անձ, միանձնյա կառավարել՝ շրջանցելով, վստահ եմ, և՛ վարչությունը, և՛ «Ղարաբաղ» կոմիտեն, և՛  խորհրդարանը, խորհրդարանի նախագահությունը, և՛ նախագահին… Վազգեն — Լևոն հակադրությունը՝ երկու անձ՝ պետության մեկ գլուխ, մեկ առաջին, Հայաստանում հնարավոր եղավ հաղթահարել նախագահական կառավարման անցնելով։ Ե՛վ վարչությունում, և՛ հասարակության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը առաջինն էր, մրցակցության հարց չկար. այն պետք էր ամրագրել պետական իշխանության համակարգում, որը և արվեց 1991թ, ՀՀ նախագահի ընտրություններով։ Լևոն Տեր-Պետրասյանն արդար, հավաստի ընտրվեց Հայաստանի նախագահ, վարչապետ Վազգեն Մանուկյանը ոչ միայն հրաժարական տվեց, այլև դուրս եկավ վարչությունից էլ, ՀՀՇ-ից էլ, ստեղծեց ՀՀՇ-ին հակա՝ Ազգային ժողովրդավարների միությունը (ԱԺՄ)…

Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության աշնանային ամենամյա 9-րդ բաց հավաքի հերթական օրն էր։ Համեցեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնաս բարով, եղբա՛յր պատվական

Իմ եղբա՛յր պատվական, իմ ընտանիքի ու կրթահամալիրի անկեղծ բարեկամ, Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի անմոռանալի պապիկ․․․ Իսկական շուշեցի․․․ Իմ ու Խաչատրյան-Նալբանդյան ընտանիքների տարիների հարազատություն, որ ոչ միայն չթուլացավ, այլև ունեցավ

Վերջին մոհիկանը դու ես, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին

Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին

Հայր մեր… դու պահապան մեր…

«Հրազդան-Քասախ» ճամփորդությամբ ուսուցում զույգերը ո՛չ երկվություն են առաջացնում, ո՛չ էլ զուգադիպություն են կամ արհեստական անցումներ… Եվ հեծանիվն ընդարձակում է ճամփորդի մեր ազատությունը, սովորելու-ճանաչելու-ընդհանրություններ անելու մեր հնարավորությունները… Նախնական վերնագիրը իմ 1175-րդ