ո

 Հայկական ժամանակ 2005թ.

Եթե կշեռքի մի նժարին դնենք երեխայի դպրոցական նստարանին անցկացրած ժամերի, օրերի, ամիսների ու տարիների քանակը, մյուս նժարին՝ այն օգուտը, որ քաղում է երեխան դրանից, ի՞նչ կտեսնենք, հարցնում եմ ինքս ինձ, շահավե՞տ է այդ նստելը սովորողի համար:

 Ամենալուրջ հարցը, որ շարունակ պիտի զբաղեցնի մեզ՝ ձեռք բերված կրթությամբ վարձատրվա՞ծ է սովորողը վատնած միջոցների, ժամանակի ու աշխատանքի համար: Հիմա, երբ որոշվում են ու գործադրվում ուսումնական նոր ծրագրեր և ուսումնական պլաններ, ուսուցման նոր մեթոդներ և կրթության նոր օրենսդրություն, ահա այսպիսի կշեռքն անընդհատ պիտի ցույց տա շահավե՞տ է երեխայի այդքան «նստելը», ի՞նչ աթոռի վրա է նստում ու ի՞նչ տրամադրությամբ, ի՞նչ կոնկրետ օգուտ է քաղում երեխան, հասարակությունը… Խորհրդային դպրոցն իրենց սրտում փայփայող կրթության բոլոր կարգի պաշտոնյաները, հանրակրթական դպրոցների ղեկավարներն ու մանկավարժները, կրթության բոլոր շահատուները պիտի չմոռանան, որ գործող դպրոցը հենց խորհրդային դպրոցի իներցիան է այլ ժամանակի ու այլ հասարակարգի մեջ, որ խորհրդային հասարակարգի ձևական կրթությունը մեզանում ոչ միայն չի հաղթահարվում, այլև դպրոցը, ինչպես հասարակությունը, գործում է խորացող կեղծիքի ու վախի միջավայրում:

Ինչի՞ համար են երեխաները դպրոց գալիս

Այո, երեխաները սկզբում գալիս են դպրոց՝ ձգտումով, որ մեծանան, դպրոցի միջոցով բժիշկ կամ օդաչու, նկարիչ կամ երգիչ դառնան… Տարիներ անց երեխաների մեծ մասին արդեն դպրոց բերում է սովորույթի ուժը, իր հասակակիցներից կազմված բոլորի կողմից ընդունված սոցիալական միջավայրում լինելու բնական ձգտումը, հետո՝ 9-րդ, 10-րդ դասարանում, որ միջնակարգ կրթության վկայական ստանան ու դասերի արանքում, դասերից հետո ընկերներին տեսնեն: Իսկ դասերը, հատկապես 10-րդ դասարանում, դպրոցում սկսում են խանգարել երեխայի՝ իր ընկերների հետ շփվելուն…

Ի՞նչ են սովորում (ոչ թե անցնում, այլ յուրացնում) պատանիները 9-րդ և 10-րդ դասարաններում: Ինչո՞ւ են երեխաները դպրոց գալիս 10-րդ դասարանում կամ ինչո՞ւ չեն գալիս, կամ ինչո՞ւ ենք ուզում՝ գան, երբ նրանց բացակայությունը հայտարարվում է համաքաղաքային թիվ 1 խնդիրը… Հարցնենք իրենց հերոսներին, և ըստ կարևորության գրի առնեն.

  • որ հանդիպեմ ընկերներիս (պարզ է, որ զուտ սոցիալական գործառույթի առումով գործող դպրոցն անպետք է, բայց սա ուրիշ թեմա է)
  • որ ստանամ միջնակարգ կրթության վկայական (անհրաժեշտ է ԲՈՒՀ դիմելու համար):

Այսօրվա 10-րդ դասարանցիները, ովքեր պատրաստվում են բարձրագույն կրթություն ստանալ, իրենց դպրոցն ու դասերը չեն դիտում ԲՈՒՀ ընդունվելու համար անհրաժեշտ առարկայական պատրաստության վայր ու միջոց: Ոչ ոք դպրոցը չի դիտում որպես ինտելեկտուալ կամ ուսուցողական միջավայր…

10-րդ դասարանում երեխայի և ծնողի գլխավոր (միակ) նպատակի իրագործման՝ ԲՈՒՀ-ի ընդունելության առարկայական նախապատրաստման մեջ դպրոցը խանգարող դերակատարում ունի, և երեխան ստիպված է կեղծել, խաբել ու ստորանալ, իսկ ծնողը՝ վճարել, որ դպրոցի վնասակար ազդեցությունը չեզոքացնի, և ԲՈՒՀ կամ քոլեջ դիմելու որոշում չկայացրած երեխաները 7-8-րդ դասարանից սկսած հայտնվում են իմաստազրկման շրջանում, միջավայրում ավելորդության սաստկացող զգացումով սպասում դպրոցն ավարտելուն… կամ մտածում իրենց ապագայի մասին ու պատրաստվում իրենց մեծական գործունեությանը՝ դպրոցից դուրս: Ուսման ձևականացումը, նույն է թե ժամանակավրեպությունը, դպրոցական ուսուցման գործը տնօրինողները չեն հաղթահարում. նրանք դպրոցի միջոցով վերարտադրում են իրենց նմանին: Արդեն քանի՛ տարի երևանցիները 10-րդ դասարանում, մի մասը 9-րդ դասարանից սկսած, հաճախում են զուգահեռ գործող 2-րդ դպրոցը՝ ԲՈՒՀ-ի ընդունելության նախապատրաստման դպրոցը (անհատ ռեպետիտորների կամ ԲՈՒՀ-ական)՝ դրա համար շաբաթական ծախսելով 30-36 ժամ, այնքան, որքան գործող ուսումնական պլանով 10-րդ դասարանցու ծանրաբեռնվածությունն է…

Իրականում մեր ավագ դպրոցն իր այս տեսքով պարապ դպրոց է, անհամապատասխան ու անհարմար պատանիներին ևˊ ընկերների հետ շփման կազմակերպման, ևˊ մասնագիտական կրթության նախապատրաստման առումով, ևˊ ավելի լայն՝ բուն կրթական, աշխարհայացքային առումով:

Դպրոցը չի դիտվում անգամ որպես բարենպաստ նյութական միջավայր երեխայի համար. գոնե ջեռուցվեր, աթոռը նստելուն հարմար լիներ, գրատախտակը՝ գրելուն, բակը կանաչապատ լիներ: Կրթության նախարարը օրեր առաջ փաստեց այն, ինչը կա վաղուց. մեր հանրակրթական դպրոցը սեզոնային դպրոց է, աշխատողի տրամադրություն է ձեռք բերում… Մեծերս վայրենացել ենք այն աստիճանի, որ Լինսի հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Միջազգային ընկերակցության վարկերի, Սփյուռքի աջակցության, տասնյակ ու տասնյակ օլիգարխների պայմաններում հանդուրժում ենք, որ անգամ Երևանում երեխաները զուրկ լինեն ջեռուցվող դպրոցական միջավայրից…

Ինչո՞ւ է այսպես

«Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը՝ առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անունով լոկ ձևեր են պաշտում»,- զգուշացնում էր Հ. Թումանյանը դեռ 1910 թվին: Ինչպես հասարակական գործունեության այլ երևույթներում, այնպես էլ կրթության մեջ մենք վազեցինք հեշտին, ընդունեցինք ընդամենը նոր՝ եվրոպական, միջազգային ձևեր ու կատարեցինք միայն դեկորների (անունների) փոփոխություն, իսկ  ահա դպրոցի ներքին իմաստը՝ էությունը, մնաց նախկինը՝ խորհրդային սոցիալիստական, հակամարդկային… Ահա՝ ինչու:

Դպրոցում ֆիզկուլտուրայի ժամերի ավելացումը, և 8-րդ ու 10-րդ դասարանում ֆիզկուլտուրայից քննությունները խորացնում են կեղծիքն ու բազմապատկում վախը. երեխան ոչինչ չի շահում, ֆիզիկական դաստիարակության համակարգը, ինչպես չի եղել երեխայի մարմինը, միտքն ու հոգի կրթող դպրոցը, այդպես էլ ոչ ևս է…. Խոսքի ուսուցմանը (գրավոր և բանավոր, մայրենի թե օտար), որին 1-ին դասարանից մեծ ժամանակ է հատկացվում, չի ազատագրում երեխայի միտքը, այլ շարունակում է ստրկացնել երեխային….

Դպրոցը շարունակում է մնալ տարածք՝ առանց գեղագիտության, իսկական արվեստի, գրականության, երաժշտության….

1-ին դասարանից սկսած՝ մաթեմատիկան չի ծառայում դպրոցական ուսուցման նպատակին՝ մտածել սովորելուն, մտավոր կրթությանը….

Բնագիտության ժամերը ավագ դասարաններում պարապ՝ կեղծ, «հումանիտար» ժամեր են, չեն զարգացնում երեխայի անկախ ստեղծագործական մտածողությունը…

Կերպարվեստի, բնագիտության, աշխատանքի դասերին երեխաները փաստացի պարապ են՝ ինքնուրույն, հանրօգուտ, միտքը ազնվացնող գործունեությամբ չեն զբաղված…

Սրան է, որ անվանում ենք պարապ՝ սպառողների (պետական, թե մասնավոր) դպրոց և փաստում, որ այն մեռած է, անհնար է նրան փրկել… Սրա այլընտրանքը Նոր դպրոցն է, որպես սովորողների, նրանց ծնողների և ուսուցիչների ստեղծագործ աշխատանքի, տաղանդի դրսևորման ու զարգացման դպրոց: Ինչպե՞ս: Այս հարցին կանրադառնանք հաջորդ հոդվածում:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երրորդ մուտքից

«3-րդ մուտք» նախագծում զրույցը լրագրող  Հեղինե Ասրյանի հետ այսպիսի խճանկար դարձավ։

Ելույթ «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» մրցանակաբաշխության ժամանակ

Դեկտեմբերի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունն էր:

Օրագրից դուրս. քաղաքական շաբաթը առանց հանրաքվեի

Տեսնո՞ւմ եք ինչ արագ է Թուրքիան ռուսական գազից կախվածությունը չեզոքացնում… Գազային համաձայնագիր Թուրքիայի ու Կատարի միջև: Տեսնենք՝ ո՞վ կտուժի ռուսական գազի առաքման դադարեցումից… Կտեսնենք՝ ոնց է զարգանում նաև արևային, վերականգնվող