Օգոստոսի 27-ն է՝ առտու 04.45, ես՝ իմ գրասեղան-համակարգչի առաջ, ու իմ պատումն է՝ որպես օրվա գիր… Ի՞նչ փոխեց իմ օրագիրը… Փոխեց: Իմ խոսքում հաճախ եմ գործածում՝ ես իմ օրագրում այդ մասին գրել եմ. ասել է, թե՝ ես այն կարևորել եմ, դուք ո՞նց չեք կարդացել։ Բլոգապատումն ինձ դարձրել է «միասեր». դժվար եմ այլոց խոսք ասում, հարցազրույց տալիս, քննարկումների մասնակցում, իմ բլոգից դուրս գալիս… Մարի Գաբանյանի «թեթև ձեռքով» իմ երկրորդ օրագրի վարումը՝ 1983-93 թթ. շրջանում գրված իմ հոդված-ելույթների բարեխիղճ-հետևողական հրապարակումը, դժվարացրել է իմ կյանքը, իբր հեշտ էր, հիմա էլ՝ ոչ հեռավոր անցյալի այս աչքերը, որպես լուսարձակներ, ցուցադրում են սատանայի իմ պոզերը… Ինձ կազմակերպված հետևում են, հանգիստ չեն տալիս… Ու դժվարացել է կարդալը (հետաքրքիր շրջան է), խոսելը՝ նույնպես. մնացին գրելը (համր պատմելը) և լսելը… Եվրոնյուզի լուրերի թողարկումն անգամ հիմա ես չեմ նայում, լսում եմ, կարող եմ պառկել բազմոցին կամ պարզապես մեջքով նստել, մի անկյունում… Այդպես ես լսում եմ, ոչ թե նայում տեսա-ձայնահաղորդումները. թող ներեն ինձ մեր հասարակագետ Վահրամ Թոքմաջյանն ու «Վերընթերցելով պատմության դասագրքերը» հաղորդաշարի մասնակից սեբաստացիները, ես դրանք ունկնդրում եմ. պառկում եմ բազմոցին, բարձրացնում համակարգչի ձայնը և ուշադիր լսում…
Դավիթ Սեբաստացի հայրենագետը
— Դե, Դավի´թ ջան, քնի, որ առավոտյան…
— Ո՞ւր գնանք առավոտյան, հայրի´կ,- Դավիթը կրկնում է:
— Դու´ ասա՝ ուր գնանք…
— Գնանք Մուխան… Ես Կուրթան եմ գնացել… Իջևան… Սևան… Ծաղկունք…
Դավիթը պատմում է տիկին Անուշին.
— Ես պարտեզ եմ եկել, որ հայրիկս չբարկանա…
— Ջուրը տաք չի, սառը չի, իմ ջուրն է, հայրի´կ… Փրփրացնու՞մ ես, հայրիկ, վիզս, փորս… պուպուլիկս էլ փրփրացրու…
— Ես մեծերի Սասունցի Դավթի տունը տեսել եմ…
Դավիթ Բլեյանի մտքերը ես չեմ խմբագրում, գրանցում-փոխանցում եմ, դուք գիտեք:
— Հայրի´կ, սեղանն այն կողմ քաշի, ես հեծանիվով ուզում եմ այստեղով անցնեմ…
Ես, հասկանալի է, սեղանը տանում եմ Դավթի հեծանվի ճանապարհից… Հեծանիվ ավելի ու ավելի շատ է քշում, և դա լավ է, շատ լավ է…
Դպրոց-պարտեզում ուզում ենք օր առաջ ավարտել փռված շենքն օղակող հեծանվուղու կառուցումը… Հինգ տարեկան հարյուրից ավելի սեբաստացիկների համար լողալու, հեծանիվ քշելու, մարմնամարզիկի կարողությունների ձևավորմանը, որպես ուսուցման-զարգացման հեղինակային գործոններ, հետևելու եմ անձամբ. ամսական ստուգատեսները լավագույն ձևն են՝ սեպտեմբերից հունիս տասը ստուգատես, և տասն անդրադարձ, խոստանում եմ, իմ օրագրում… Հինգ տարեկանների հինգ դաստիարակների համար փնտրում եմ հեծանիվներ. ունենք պայմանավորվածություն մեր հարևանությամբ գտնվող (Էջմիածնի խճուղի…) հեծանվահրապարակի հետ՝ սկսելու 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների դասվարների և դաստիարակների հեծանվամարզումները, այսպիսով, 2-9 տարեկան սեբաստացիների ղեկավարները (դաստիարակ-դասվարներ) լողում են, հեծանվով մարզվում են ու բատուտների վրա են…
Երեկ գնդապետ Առուշանյանի և փոխգնդապետ Հակոբջանյանի հետ շրջում էինք կրթահամալիրի Մայր դպրոցով. այս «էքսկուրսիան» առանձնապես տպավորվել էր բացությամբ և մարմնամարզական դահլիճով… Ես երկար մեխվել էի իրար կողքի շարված երեք բատուտների ստեղծած թռիչքահրապարակի առաջ. գնդապետի խոսքով՝ թող թռչել-ճախրելը սկսեն այստեղից…
Շուշան Բլեյանը, Արաքս Գևորգյանը և Աննա-Մարի Սարգսյանը գնացքով վերադարձան Թբիլիսիից… Մարդատար-սև-անվավոր (Դավիթ Բլեյանը ճանապարհելուց էր գրանցել) տաքսի մեքենայով երևի շտապել են Թբիլիսի, հիմա վերադարձան անշտապ, որքան հնարավոր է երկար… Պատկերացրի՞ք այս երեք չաչանակներին բաժանումից առաջ՝ գնացքի խցում… Շուշանին ասում եմ, հա, ես գնացք տեսել եմ…
Համալսարանական ընկերներով Երևանի կայարանից մեկնում էինք Աբխազիա, Զեբենց տուն՝ Գուդաուտ չհասած, Պրիմորսկոյե գյուղ… Ի՞նչ տանենք, որ համ էժան լինի, համ էլ Արփենիկ մայրիկը (իսկական, միշտ պայծառ՝ մեր բոլորիս հիշողությունների մեջ, մայրիկ) սպասելիս լինի… Գլուխ սոխ… 1977-85 թթ գլուխ սոխը Երևանում արժեր 17 կոպեկ… Ահա մի քանի պարկ լցնում էինք ու անփույթ, 5-6 ընկերներով, վճարելով յուրաքանչյուրս 6 ռուբլի, ունենալով մի-մի ձեռք ամառային շոր, անփող-անկոշիկ-անաստված ու մեծ հավեսով նստում էինք գնացք…Պատկերացնու՞մ եք ուղեկցորդների դեմքի արտահայտությունը. «պռովոդնիկները», հայտնի-ուրիշ կատեգորիա էին՝ մարդկային դասին պատկանող, ուղևորներից փող «կլպելու» մշտական մտահոգությամբ… Բայց Հայկ Բասեյանի՞ց, ով երբեք իր գրպանում մեկ ռուբլուց ավելի չէր պահում, Գևորգ Հակոբյանի՞ց, ինձանի՞ց, ումի՞ց… Երբ ուղեկցորդի նյարդերն էլի տեղի տվեցին, մեզնից պահանջեց, որ յուրաքանչյուրս ունենա 20 կգ-ից ոչ ավելի սոխ. ցույց տվեց մարդը կանոնագիրքը: Դե, մենք էլ դրեցինք, մեր սոխի պարկերը բացեցինք ու սկսեցինք արդար բաժանել գլուխ սոխը… Սա քեզ, սա ինձ… չէ, այս մեծն ինձ… Պետք էր տեսնել, թե հուլիսյան շոգին ի՜նչ էր կատարվում վատ օդափոխվող բաց պլացկարտներով վագոնում… Հիմա խեղճ ուղևորները խնդրում են մեզ, պահանջում են, որ ուղեկցորդն իջնի…
Այնպես որ, էժան-մատչելի-էքստրիմ հանգիստը միշտ էլ օրակարգում է՝ այսօր էլ, 30 տարի առաջ էլ, սիրելի սեբաստացի ուսուցիչներ՝ սկսած Իզմիրի տիեզերագիտական ճամբարից վերադարձած-խնամված Արտակ Զարգարյանից, Շամիրամ Պողոսյանից, վերջացրած Քոբուլեթիում մի ուրիշ շարմ ստացած, շոկոլադ դարձած մեր հմայիչ աղջիկներով, ասենք, Մերի Առաքելյանով (մի… մի էսկիմո), Կուրթանի «Հնեվանք» դաշտային ճամբարում հավեսը գտած Գնել Հարությունյանով, թե Եվրոպաներից հետո իր տեղը Բանգլադեշում չգտնող Նառա Նիկողոսյանով: Ճամփորդեք էժան, էքստրիմով շարունակ… Ճամփորդությունը սրում է մարդու միտքը… Իսկ դպրոցի նպատակը, իմ անփոփոխ համոզմամբ, մտածել սովորեցնելն է… Եվ քանի որ, հիշեցնեմ, որ կրթահամալիրի ուսուցիչների 77 տոկոսից ավելին մինչև 40 տարեկաններն են, հասարակություն օգնիր, կազմակերպիր քո ուսուցչի հանգիստը՝ որպես ուսումնական նախագիծ։