Փորձեցի մի քանի անգամ օրվա իմ գիրը իրիկունն անել՝ 22.00-24.00-ի արանքում, երբ Դավիթը քնած է (պառկած է)… Չստացվեց ու ձեռ քաշեցի. հոգնությունի՞ց, թարմության-զարթնության պակասի՞ց, թե՞ անհրաժեշտ է գիշերվա քնի մեջ ընթացող աշխատանքը… Ահա իմ օրը սկսվեց՝ 03.00-ին, ու տեսե՛ք, գրվում է…
Արմինեի տրամադրությունն ընկել է՝ գնացել է «Սիթի», գնումներ արել ցուցակով, որ չմոռանա, ու քարտի փողը վերջացել է… Ի՜նչ շուտ է վերջանում… Ես մտնում եմ խանութ՝ հայտնի տեսականու գնում կատարելու, ասենք, կաթնամթերք «Չանախ» կամ սեղանի կարագ… Զանգ ընկերոջը՝ Արմինեին. ոչինչ չեմ մտապահում, գները չգիտեմ անգամ մոտավորությամբ… Ընտրելու անկարող եմ ու չեմ սիրում՝ տանջանք է: Կարող եմ դիմել անծանոթին՝ օգնեք խնդրում եմ ձեթ ընտրել, կամ սրահի սպասարկողին. ես վստահում եմ… Հագուստի կամ այլ խանութներում ման գալիս ինձ չեք հանդիպի՝ զարմանում-հիանում եմ մարդկանցով՝ ո՞նց են կարողանում ընտրել հարյուրի միջից, ինչպես, ասենք, մեր Կարինե Մացակյանը կամ Մերի Առաքելյանը։ Մերին Քոբուլեթիից եկա՞վ. այս քանի օրը Քոբուլեթիին համառորեն Չեռնոբիլ եմ ասում. սեբաստացիների մեծ խումբ է այս օրերին միասին հանգստանում այնտեղ (գութան են քաշե՜լ…), ու ես նավսում եմ։ Երևի։
Տեսեք՝ հիմա միտքս եկավ։ 1974-ի օգօստոսի վերջին օրերին, երբ Մուրմանսկի Կովդոր քաղաքի ուսանողական շինարարական ամառային աշխատանքից հետո մի խումբ ընկերներով, ինքներս մեզ պարգևատրած՝ թափառում էինք, մեր վաստակած հանգիստն անցկացնում Լենինգրադում ու հալալ աշխատած փողերը ծախսում, ես հաշված րոպեների ընթացքում կոստյում գնեցի, որ երկա՜ր հագնում էի. այնքան հարմար էր ու սազում էր… Երկրորդ այդպիսի գնումը ինձ համար չեմ հիշի: Առավոտյան էլ զգեստապահարանում կախվածի միջից ընտրում եմ նեղվելով-կռվելով. դրված լինի՝ հագնվեմ… Միայն հարմար լինի ու արագ՝ արագ: Իմ մտքերը միշտ իմ զբաղեցրած ֆիզիկական տարածքից դուրս են։
Գյուղատնտեսական շուկայից կամ այլ տոնավաճառից խուսափում եմ. ե՞րբ եմ եղել, եղե՞լ եմ որ… Գնա ու գնա… Խաբված եմ զգում, մղվում եմ դեպի առաջին պատահածը, շուտ զայրանում եմ… Բոլորն ինձ ճանաչում են, բոլորը համոզված են, որ ես մեծահարուստ եմ՝ գումարած անսահման ընտրությունը, ծավալները… Հակառակը ո՞նց ապացուցես. իսկ ինչո՞ւ մեծահարուստ չես, երբ կարող էիր լինել։ Հա, ես Թումանյանի նման միշտ ինձ հարուստ եմ զգացել, ուրիշ բան, որ այդ պահին փողն ինձ հետ չի լինում… Ախր ես փողն ի՞նչ եմ անում, գնումն ինչի՞ համար է, աշխարհի ունեցածն իմն է, իսկ ես՝ իմ հանդիպած ամենա-անիրասեր մարդն եմ եղել-մնում: Չգիտեմ՝ ա՞յս էր ուզում կարդալ հարց տված անծանոթը…
Խոհանոցը բնակարանի իմ սիրած տարածքներից է, կարող եմ ապրել և խոհանոց-սենյակով բնակարանում, մաքուր կենցաղով-կոկիկ-տեխնիկապես հարմար խոհանոցում… Ես չեմ պատրաստում՝ ճաշակում եմ, անհամ-կիսահամ-ոչ իմ քիմքի ուտելիքից հեռու եմ մնում. գնահատում եմ խոհարարին: Կնոջ խելքը ամենահեշտը խոհանոցում է ստուգվում. հիմար կինը չի կարող համով-հետաքրքիր բան պատրաստել…
Տանել չեմ կարողանում լցված սեղանները. ախր ինչի՞ համար եք փչացնում մթերքը, այսքան ժամանակ ու դրամական միջոց ծախսում, ճնշում ինձ… Երբ սեղանին տոլմա կա, մյուս ճաշատեսակներն ինչի՞ համար են… Մյուսը՝ վաղը, հաջորդ անգամ, խնդրում եմ… Ես արագ, շատ արագ եմ ուտում ու վեր կենում. տանել չեմ կարողանում ուտվող-թափվող սեղանները կամ եռանդուն տանել-բերելը: Ուտելն առանձին, խմելն առանձին (կում-կում, քիչ ու լավ), քեֆ-ուրախությունը՝ առանձին… Սրանց մեկտեղումից, որն ուղեկցվում է աղմուկով, ծխելով, ճոճվելով, ճպճպալով, երբ խոսում են՝ իրար չեն լսում, երբ քեզ պարտադրում են երաժշտություն, որ այնքան էլ երաժշտություն չէ, ես փախչում եմ: Այո, ես զգայուն եմ, ինչպես սիսեռի հատիկի վրա քնած հայտնի արքայադուստրը…
Երեկվա հորդառատ անձրևի ժամանակ ես ու Արմինեն արթուն Դավթի հետ էինք, ննջարանում… Բաց է պատուհանը, ու մենք լսում ենք որոտի-կայծակի-հորդառատ անձրևի ձայնը… «Որոտն ի՞նչ է, հայրի՛կ… Ինչո՞ւ կայծակ»… «Հորդառատ՝ ի՞նչ ասել է»… «Ի՞նչ է անում անձրևը»… «Ես չեմ վախենում հորդառատից»… «Էլ ի՞նչ կա հորդառատ, հայրի՛կ»… Մտքերը, Դավի՛թ, հորդառատ-խառնիխուռն մտքերը, որ ահա, նորից ինձ հետ են.
Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը, Իր խոհերի նման բազմապիսի, Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք, Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,— Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին, Որպեսզի վաղը նա այդ թերթերից Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…
Էս Գեղարվեստի տանիքի գործն ինչո՞ւ սկսեցի, թող մնար, էլի, էսքան մնացել էր…
Լիլիթ Բլեյանի հետ այս շրջանում ավելի հեշտ էր. ստեղծագործում էր՝ «գորշոկին» նստած. դնում էին անոթը սենյակի մեջտեղում։ Չկա հիացմունքի արժանի առավել բան, քան «գորշոկին» նստած քո երեխան. մի՛ շտապեք ու շտապեցրեք՝ պրծի, շուտ արա, հո… ի՞նչ չի… Ի՛նչ է հենց՝ ստեղծագործական ակտ: Ո՞ւր եք շտապում՝ նստեք, լսեք, գրանցեք: Լիլիթը հորինում էր, երգում էր, Կարինե Ջանոյանը՝ Լիլիթի մայրիկը, հազիվ հասցնում էր գրանցել բառերը, նոտագրել… Հետո Լիլիթը կարդալ էր տալիս… Մի բառն ի՜նչ է, չէր հանդուրժում. «Ես սա չե՜մ գրել»…
Իսկ Դավիթի հետևից չես հասնի… Էն ձու ածող հավերից է, որ ամեն տեղ կարող է թողնել, նստել-ածել, արի ման արի, գտի-հավաքի: Անհրաժեշտ է հավաքել, գրանցել, ինչպես ես եմ անում. մի քանի անգամ պատշգամբից եկա իմ անկյուն, նստեցի գրասեղանի առաջ, արագ-արագ գրանցեցի-գնացի-եկա… Տեսնենք՝ ինչ է «ածում» Դավիթն օգոստոսի 13-ի երեկոյան, ժամը 19.00-21.30-ի արանքում, մինչև պառկելը: «Հանկարծ այս ջուրս չխմեմ, սա լողալու համար է, փրփուր է. ես խոհանոցի ծորակի ջուրն եմ խմում իմ բաժակով»… «Մայրի՛կ, ես հայրիկի վրա բարկացել եմ». ինչու չե՞ն կարող երեխաները բարկանալ… «Հեսա ո՞վ ա գալու՝ իր հետ խաղամ». Արևիկ, Նազենի Հովհաննիսյան կրտսեր, Արմեն, մեծե՛ր ու փոքրե՛ր, շուտ-շուտ եկեք՝ մեր դուռը բաց է, եկեք Դավթի հետ խաղացեք… «Ապուշ ֆինգըր-մատը հեսա» (այսպես թարգմանել է իր սիրելի հայտնի մանկական հիթը)… Ծծմակագլխից մինչև Սեղանասար (ահա քեզ էպոսի արտացոլումը ):
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ, Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ, Որսով մեջը լի որսի սար ուներ. Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա. Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
Հումորով-ծիծաղով Դավիթը իր Տաթևիկ քույրիկին է հիշեցնում… Իսկ Շուշան Բլեյա՞նը, կհարցնեք, ով Վիեննայում չէ հիմա, Երևանում է, ասում են։ — Էհեյ, Շուշա՛ն, որտե՞ղ ես դու… Քարը պատռի՝ շուտ արի մեր տուն… «Մայրի՛կ, դեղձը կլպում ես, որ ալերգիա չընկնե՞մ»… — Ալերգիան ի՞նչ է Դավի՛թ,- հարցնում եմ… — Որ ուտում են կլեպով, ու վիզը քոր է գալիս… Շուշանն էլ է ալերգիկ, ես իրեն եմ նման…
Օրվա գոհությունը։ Ավելի ու ավելի շատ սեբաստացիներ՝ սովորողներ, աշխատողներ են ստանում մինչ այս գոհությունը կառուցվող, ամբողջացող տպավորիչ դարձող մեր խաղադաշտերից։ Վստահ եմ, գոհություն կստանան նաև կրթահամալիրի ավագ դպրոցների «Հայաստանյան ասպետի» մարտիկները, որ այսօր կսկսեն իրենց երևանյան ճամբարը, իսկ օգոստոսի 20-ից սկսվող նրանց դաշտային ճամբարը ինձ վաղը Կուրթան է տանում։ Հետևեք իմ բլոգի պատումին ամեն օր։