Ամենաշատ ծառ-թուփ Երևանում մահանում (չորանում) է օգոստոս-սեպտեմբերին:

Քանի՞ սովորող կլինի ըստ դասարանների ամեն դպրոցում, ո՞վ գնաց, ո՞վ եկավ՝ կարձանագրվի-կփաստվի մինչև սեպտեմբերի 4-ը. քանի՜ պաշտոնյա և ուսուցիչ կյանքով է կապված սովորողների կազմի այս շարժի հետ։ Սա բուհերի ընդունելության ցուցակներից, որ փակցվում են ի տես՝ բուհերի և ԳԹԿ-ի պատերին, ոչ պակաս, առավել նշանակություն ունեցող տեղեկություն է, ցավոք, առավել, քան անգամ կրթահամալիրի սեպտեմբերչորսյան կրթական շքերթը, որի պատրաստությունից «հանկարծ չուշանամ»՝ կասեր Դավիթ Բլեյանը:

Իսկ ո՞վ է հսկում, հաշվառում, թե քանի թուփ ու ծառ չորացավ-վերացավ ամռան այս տապին յուրաքանչյուր դպրոցի, մանկապարտեզի, մանկական մյուս հաստատությունների բակերում, հարակից տարածքներում… Ո՞ր դպրոցական բակն ունի ոռոգման գործող համակարգ։ Ո՞վ է ջրում, խնամում. մենք ճանաչո՞ւմ ենք՝ հարցնում եմ, արժևորված-կարևորվա՞ծ է դպրոցի պարտիզպան-դռնապանի գործը, որ այն լինի ոչ թե յուրաքանչյուր հայի գործ, որ վստահ է, իրեն ի բնե-ի ծնե փոխանցված են պարտիզպանի հմտությունները, այլ պարտիզպան լինի մասնագետ մեկը, ում խնամած բակը մատով են ցույց տալիս: Քանի՜ սովորող և ուսուցիչ է հուլիս-օգոստոսին կամավոր, որպես մեռնող-չորացող կենդանու (կենդանի է, չէ՞) կանչին արձագանքող, որպես ինքնապատասխանատու եկել դպրոց, թե եկել եմ այսօր դպրոցիս ծառերը (դպրոցի ծառերս) խնամեմ, խմելու ջրով, քրտինքով ջրեմ… Ո՞վ է պատժվում, աշխատանքից ազատվում չորացող-մահացող ծառերի համար: Տարեցտարի, օր օրի ես ավելի անհանդուրժող, անմարդկային եմ դառնում անհոգի մարդու, նրա դաժան վերաբերմունքի հանդեպ, երբ ծառը չորանում-մահանում է, ամեն օր, ժամ, ու դո՛ւ, մարդ, չես նկատում-զգում-ազդվում-գործում, չես ջրում:

Կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ-մասնագետների ցանկում անցած ուստարում մենք ունեցանք առաջին տասը պարտիզպանները՝ մեկամյա արհեստագործական ուսուցմամբ… 2014-2015 ուստարում ևս այս մասնագիտությամբ ընդունելություն ունենք. ինչպիսի՞ դիմորդներ կունենանք։ Թվում է՝ նրանք պահանջված պիտի լինեն և՛ մասնավոր, և՛ պետական, և՛ համայնքային գործատուների կողմից…

Ես որոշեցի բնապահպանական տեսչական իմ ստուգայցն սկսել Արհեստների ավագ դպրոցից, հետո Նոր դպրոցի բակով իջա Մայր դպրոց, հետո՝  Բ-4 թաղամասի «Յուրի Բախշյան» մանկական այգի։ Փառավորվեցի. խնամված, խուզված, ջրված ու մաքուր և բանուկ՝ առավոտյան 9.30-ին։ Որքա՜ն էլ օգտատեր ունի այգին՝ տատիկ-պապիկներ՝ երիտասարդ, իրենց թոռնիկների հետ, մանչուկ-հմայիչներ՝ իրենց մայրիկների հետ, այգու տարբեր անկյուններում, ցայտաղբյուրների մոտ, անգամ՝ գնդակ տշող հայրիկ… Ես գոհունակություն ունեցա, որ հունիսին մեծ թվով սեբաստացիների մղել եմ միանալու Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը՝ հիմնովին բարեկարգելու այգին, և էական մասնակցություն ունեցանք. Արման Գրիգորյանի ու Գեղարվեստի ավագ դպրոցի ճաշակը ուրիշ արտահայտություն-ազնվություն է հաղորդում այգուն՝ որպես հեղինակային դրոշմ ու ճանաչված նշան:

Դպրոց-պարտեզի մուտքի մոտ ինձ անակնկալի բերեց սքանչելի Սոնա Փափազյանը. այսօր մեր կազմակերպիչն իր ջոկատով կմեկնի «Հնեվանքի» արշավախմբային ճամբար, ու հատիկ-հատիկ հրաժեշտ է տալիս ծառ ու թփին. «Իմ ձեռքով ջրեմ, հինգ օր չեմ տեսնելու»… Սոնա ջան, օր առաջ վայելենք երջանկությունը սքանչելի մայրությանդ…

Պարտիզպանին, մարդուն, ով չի ջրում ու բացատրում է, ի՞նչ ասեմ ես, ինչպես քիչ առաջ արհեստների դպրոցում… «Սովեստ չունես», ես քեզ ի՞նչ ասեմ… Մահանի երկիր Հայաստան… Մահանաս-պրծնեմ, ինչո՞ւ քո պատճառով կենդանի ծառը կչորանա-կմահանա, դու դեռ կաս՝ քիչ է, պիտի խոսես, ինձ գործից կտրես ու քեզ կարևորես: Ինչո՞ւ բակի նկատմամբ խնամքը ուսումնական աշխատանք ու ցուցանիշ չէ Հայաստանով մեկ, և ինչո՞ւ չի կարող կրթության պետական տեսչությունը բնապահպանական լինել՝ դպրոց ՊՈԱԿ-ների խնամքին հանձնված հողամասերի նկատմամբ: Ես ինձ կարևորված եմ զգում փաստից, որ կրթահամալիրի ութ հողատարածքներից հինգը ոռոգման նոր ու ամբողջական ցանցեր ունի, կառուցեցինք, ապրենք մենք, և մնացած երեք բակերի՝ Մեդիակենտրոնի, Քոլեջ-արհեսների դպրոցի և ջերմոցային տնտեսության համակարգերը կկառուցենք 2014-15 ուստարում, բոլորն էլ մեր սեփական աշխատանքային միջոցներով… 2014-ի սեպտեմբերի 4-ին կրթական շքերթով կմեկնարկի նոր՝ աշնանային բանգլադեշյան «Ճեմուղի» պայմանական անունով նախագիծը. այն կկապի-կկարևորի կրթահամալիրի յոթ շենքերի միջև հետիոտն անցումները… Հա, ես իմ ծննդյան օրվա առիթով այսպիսի նվեր եմ ուզում՝ մարդավայել ուղիներ, որ կառուցում են սովորողներն ու մանկավարժական աշխատողները, որպես ուսումնական գործ:

Դավիթ Բլեյանը, նկատեցինք մայրիկի արած նոր լուսանկարներով, վերադարձել է օրորոց… Օրորոցը, որ մեկ տարուց ավելի դրված էր Դավթի խաղասենյակում, հավաքել էր իր մեջ, որպես դեկոր, խաղալիք բարձերը… Մեր ննջարանում Դավիթն ունի ցածր, անբազրիք մահճակալ, որ ինքնուրույն պառկի-վեր կենա, որ գիշերը, եթե դմփա էլ, ցածրից ու մարզական մատի վրա… Քանի՜ անգամ է ուրախ դմփացել Դավիթը… Երեկ Դավիթն իր քույր Մելինեի հետ ազատագրել է օրորոցն ու հարմար տեղավորվել, ճոճվել-քնել… Սա էլ ամառային տնային էկզոտիկայի ձևերից է՝ Դավիթ Բլեյանը զվարճանում է: Այսպես որ շարունակեց, ծիծիկ էլ, մայրիկին էլ կուտի:

— Հայրիկ, ես սրանք մոռացել եմ, գիտե՞ս, հիմա տեսել եմ…

Մենք գնում ենք պատշգամբ՝ ճոճվելու-հաշվելու… Դավիթն ինձ անակնկալ է պատրաստել. սկսում է հաշիվը 100-ից՝ 100, 101, 102… 110, 111…120…Մենք հաշվում ենք իմ մատները՝ 1, 2, 3, 4, 5… Ճչում է՝ հայրի՛կ, իմ աջ ձեռքին էլ է հինգ մատ՝ ցույց է տալիս բացած ափը։ Ես ափս դնում եմ ափին՝ հինգ ու հինգ՝ տասը մատ… Հիշեք, եթե հաշվելը ձեզ ու ձեր երեխային հաճույք չի պատճառում… մոռացել եք հաշվելը… Հավեսով, ծիծաղով, խաղալով հաշվեք ամեն ինչ. ոչ ոքի և ոչինչ մի խնայեք…

Հետո մենք գնում ենք լողանալու. առավոտյան ժամը 7.30-8.00 է, կամ իրիկունը՝ նույն ժամերին… Հանկարծ ջրում գժվում է, վայրենանում… «Հայրի՛կ, նայի՝ ես ոնց եմ չրմփում»… Լավ է, մայրը լողասենյակում չէ։ «Նայի տես, ես էլ ոնց չեմ լացում: Ես ընկա ու վեր կացա: Նայի, հայրի՛կ, չրըմփ»… Ես զգուշանում եմ, անուղղակի միջամտում, շեղում, զսպում… «Ես լացս, պապա, տես կտրեցի»: Քիչ հետո կպարզվի, որ մայրիկը լսել է լացի ձայնը ու չի շտապել՝ իր անհանգստությունը ցուցադրի, որ ինչքան էլ բնական է, ինձ մոտ այն ցասում է առաջացնում: Տղա՞ է, թե՞ աղջիկ, տղամարդ ենք կրթում. էպոսը հո երկնից չի ընկել՝ ստեղծել են մարդիկ: Ես մեծանում եմ, լողանում եմ, ուժեղանում եմ: «Ես ու հայրիկս տղա ենք, տղա»… Իմ գրկում իր «գող» սրբիչով փաթաթված՝ երախտագիտությունն այս ձևով է հայտնում Դավիթը. «Թող հայրիկը ինձ հյութ բերի. «սոկ» չեն ասում, հյութ են ասում… Մայրի՛կ, ինչի՞ հյութ ես պատրաստել… Համով ա»…

Այսպիսի «հմայիչ սրիկա է» մեծանում Բլեյանի ճուտը, — եզրափակում է Արմինեն: Այսպես ինձ ճանապարհում են գործի…

Մեր տիեզերագետ սեբաստացիներն էլ այնքան արագ տեղավորվեցին-բնավորվեցին իզմիրյան տիեզերագիտական ճամբարում, որ գոհունակությունից բացի ուշիշ բան չի առաջացնում։ Տեսեք այս շարքը.

«Յուրի Բախշյան» մանկական այգին Բ-4 թաղամասի բնակիչ Թոփչյան Արմինեի օբյեկտիվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայր ու տղա՝ Երևանի տիրոջ իրավունքներով…

«Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես»… Իմ կիրակնօրյա գիրը սկսում եմ միայն կնոջ ասված-ասվելիք արտահայտությամբ: Էն էլ ի˜նչ կնոջ` Սոֆի Լորենի, ումով մշտապես հիացել եմ: Սիրեցի Կարապի

Մեռած` մեղքի, բայց կենդանի Աստծո համար…

Ինչով է այս կիրակին կարմիր դառնալու` չգիտեմ. թող մնա-լինի պայծառ ապրիլյան կիրակի. բավ է… Որքան էլ ջանացի, ո՛չ Նունե Մովսիսյանը` իր բլոգով, ո՛չ էլ 1-ին am-ը` իր այս տեսանյութով, չհասցրին

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,