Այս օրվա գիրը առավոտվան թողնելու չէ. թարմ-հավեսով պիտի ասվի, իսկ գիշերը օր կփոխի…  Կեսգիշեր է: Քիչ առաջ ես վերադարձա քաղաքն այս օրերին բռնած միտինգավորների բանակումից: Այնքա՜ն կյանք կար Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մինչև Սահմանադրական դատարանի մոտակա տարածքը, այնքան խնդություն-խաղաղություն-հաստատակամություն՝ շատացող, անընդհատ թարմացող երիտասարդությամբ…

Առաջին անգամ վերադարձա երեկոյան ժամը 8-ին  Ազատության հրապարակից:  Զարմացած եմ. մեկ` մարդաշատությունից, երկու՝ ինձ մեծապես անծանոթ երիտասարդական լսարանից (որքան էլ նկատելի շատ են սեբաստացի շրջանավարտները, ուսանողները, պատանիները հրապարակում), երեք՝ թեթևությունից, որ թևածում էր Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում… Ոչ մի լարում, դժգոհություն, անհանգստություն՝ մեգաֆոնով խոսքը ոչ էլ լսելի է… մարդիկ խոսքի կարիք չունեն… Ասված է. միասնական ու երկար ժամանակով…

Տանը նստեցի համակարգչի առաջ, mskh-ով անցնելուց զատ, ունեցա պահանջ իմ երեկվա օրվա «Մենք ենք երկրի տերը» վերնագրածս գիրը կարդալու… Քիչ է լինում, որ ասելիքս այդքան հավանեմ` իր տեղին ու ձևակերպված լինելու հատկանիշներով: Հավանեցի: Հետո 10-11-ի արանքում, նստեցի հեծանիվս ու, հայդե՛ Բաղրամյան… Իսկական հեծանվային օր է, ու բոլորն իրենց տեղում են… Այսպես մենք ապրում էինք 1988-ի շարժման օրերին… Հայաստանում երիտասարդական քաղաքացիական շարժում է սկսվել… որ գնալով ավելի է անկասելի դառնում, ինչպես 1988-ին… Գործի մեջ են մտնում պատանիները ևս… Թեժ, շատ թեժ ամառ ստացվեց… Ա՛յ քեզ շրջադարձ…

Կարելի է հեծանվային ակցիաներ կազմակերպել՝ հարյուրավոր հեծանիվներով երիտասարդներ նոր գույն ու շարժունություն կհաղորդեն շարժմանը… Կարելի է չծխել. շատ են ծխում անաստվածները… Կարելի է ռոք համերգների շարան սկսել… Հանդիպեցի մեր սիրելի բանաստեղծ Արամ Պաչյանին`  իր ընկերուհու հետ… կարելի է ընթերցանության ակցիաներ կազմակերպել հարակից այգիներում… Ծիծաղեցի. ուսումնական ամառը Բանգլադեշից տեղափոխենք Բաղրամյան, Օպերա… Հետաքրքիր ու ուսանելի լինի երիտասարդների համար… Ի՞նչ կա շտապելու… Ամառը հո հունիսով չի՞ ավարտվում… Հունիսով սկսվել է Շարժումը Հայաստանում. վերջապես Հրապարակում սովորող-չսովորող-աշխատող-չաշխատող երիտասարդություն է…

Երկար ենք սպասել սրան, ու նրանք խոսքը պատվով են վերցրել…  Շարժումը պիտի ինքնուրույն լինի, քանզի երիտասարդական է, խիզա՛խ երիտասարդական, ոչ ջրիկ-մակերեսային… Ուզում եմ հավատալ, որ խնդիրը ամենևին էլ էլեկտրաէներգիայի սակագնի 6 դրամը չէ. առիթ էր` եղավ… Առիթ միշտ էլ կառաջանա… Չեմ ուզում` լինի երթուղային տաքսիների սակագնի առիթով «Ոչ թանկացմանը» շարժման նման… Չթանկացավ. ի՞նչ փոխվեց մեր հասարակական տրանսպորտում, մեր հասարակական կյանքում… Հասարակական-անձնական-ընտանեկան-մասնագիտական կյանքն է, որ խոցված է Հայաստանում… Վերապահումով եմ մոտենում երիտասարդներին պաշտպանելու նախկին-ներկա պատգամավորների, իբր հայտնի գործիչների «հանկարծ» և ուշացած «շարժմանը»…
Պաշտպանվածները եկել են անպաշտպաներին պաշտպանելու… Միացե՛ք որպես շարքային, վերջից` լուսանցքում մնալով, ինչպես Գագիկ Գինոսյանը, Նազարեթ Կարոյանը, Գրիգոր Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը… Սրանք են ինձ համար հայտնիները և տասնյակ ու տասնյակ շարժման մասնակից արվեստագետներ…. հայտնիներ…. Այսպիսի շարժումն է, որ գալիս է մեզ միավորելու, միասնական դարձնելու, պաշտպանելու հայրենյացը, յուրաքանչյուրիս…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բոլորը թափվել են փողոց

Գագիկ Ծառուկյանը կարծես մոտեցնում, հնարավոր է դարձնում մինչ այս անհնարին թվացող հանգրվան՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. փետրվարի 20-ի հայտարարված-մերժված- չարտոնված-ինքնաբուխ հանրահավաք-ժողովին ինչո՞վ այլընտրանք չէ Հայաստանի Հանրապետության 1-ին,

Նոր ուղի քաղաքացիականի համար՝ հատուկ

«Ցտեսություն» ուսումնական նախագծով կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի 2021-ի շրջանավարտների հետ իմ հանդիպումները, սովորողի ընտրությամբ գործունեության խմբերով, Մարթա Ասատրյանի ու Լուսինե Սարգսյանի որոշած օրացույցով շարունակվում են։ Լավ է, որ միջոցառում չի դառնում՝ անջատ մեր

«Այո»-ն «այո»-ի և «ոչ»-ը «ոչ»-ի տեսքով…

Հայաստանի, կրկնում եմ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավանը, Դովեղը, Նոյեմբարյանը, Պառավաքարը… 2015թ. սեպտեմբերի 24-ին տևական ռմբակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից այնպես, որ Բերդավանում քաղաքացիական բնակչությունից՝ երկու, Պառավաքարում մեկ զոհ կա, վիրավորներ