Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված լաբորատորիա-արվեստանոցները… Իմ օրագրի «քոմենթի» տարածքները տրամադրում եմ ձեզ։

Երեկ Սարգիս Արզումանյանի ու ընկերների, այդ թվում՝ նաև Հայկ Գրիգորյանի ջանքերով նոր՝ թատերական գործի լաբորատորիան բացեց իր… վարագույրները… Մարդիկ վարագուրել էին, որպեսզի ետևում կատարվեր «սև» աշխատանքը, ու մենք, որպես հանդիսատես, Հայկ Գրիգորյանի՝ ինքն իր նկատմամբհաղթանակի ծափահարողները լինեինք… Հալալ է քեզ, Հայկ, ու Գեղարվեստի-կրթահամալիրի բազում ուսուցիչներ, որ երեք տարի անընդհատ նախապատրաստեցիք այս ինքնահաղթանակը… Ավագ դպրոցն ինքը պատանու համար այսպիսի մի լաբորատորիա պիտի լինի մտքի, ոգու, մարմնի տքնաջան բանի-ջանքի համար… Այս անգամ՝ 12-րդ դասարանցի նկարող, քանդակող, երգող, ծեփող, անիմացիոն ֆիլմեր ստեղծող, տեքստեր-սցենարներ գրող, մոնոներկայացումներ բեմադրող ու խաղացող Հայկ Գրիգորյանի համար… 45 րոպե դահլիճը զարմացած-հիացած-շունչը պահած մասնակցում էր Հայկի ինքնախոստովանությանը… Այո, երեք տարի առաջ «անխոս» թվացող պատանու մեջ, տեսեք, ինչպիսի ուժ կա (արվեստագետ Արման Գրիգորյանն էր առաջինը նկատել), որ զորություն դարձավ, ու որքա՜ն մեզանում պակասող առնականություն… Ինչպես իրենից առաջ եկած-անցած, հիմա զինվորական ծառայության մեջ գտնվող շրջանավարտ Տիգրան Մանուկյանի…

Սարգիս Արզումանյանը ճշգրիտ ասաց՝ մեզ հասանելի է այս անհասկանալի՜ Հայկը։

Մութն էր երկինքը. ոչ ոք չտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։
Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՛նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան։
Հ. Թումանյան, 1892

Հունիսի 1-ին, 2-ին, 3-ին երգով, հակաբացիլ Կոմիտասով, որպես երգող դպրոց, կմեկնարկի ամենամյա ուսումնական բաց բանգլադեշյան ճամբարը… Երկու շաբաթ… «Անտիվիրուս Կոմիտաս»-ը  հայագետ-երաժիշտ Արթուր Շահնազարյանի հեղինակած գաղափարի իրագործումն է. եկեք միասին Մարմարյա սրահում երգենք, խոսենք, նվագենք, խաղանք, ճամբարի առօրյային կսազի՝ շրխկացնենք Կոմիտաս… Ինչպիսի՜ բարեխղճություն, հերթական՝ 5-րդ տարին մենք առաջ ենք տանում, հանրայնացնում այս եզակի հանրակրթական նախագիծը… Ո՞րն է զարգացումը… Փորձենք մայիսի 31-ին ընտանեկան ֆլեշմոբ կազմակերպենք բոլոր ընտանիքներում. հարմար մի ժամ ընտրեք, մտեք mskh.am, Մերի Առաքելյանի խմբագրած ձայնադարան, ընտրեք հունիսի 1-ի, 2-ի, 3-ի ծրագրերից մեկը, միացրեք համակարգիչն ու ընտանիքով, հրավիրելով հարազատներին, մեծ ընտանիքով երգեք Կոմիտաս… Հայտնի կոմիտասագետի առաջարկած առողջաբեր հաբերի ազդեցությունը ստուգենք միաժամանակ, ընտանիքներում. ձայնագրեք-տեսագրեք ձեր «հակաբացիլը», տարածեք ձեր mskh.am-ով, վարակեք-առողջացրեք մեզ… Հետո առավոտյան թող ձեր երեխան ընտանիքից գա դպրոց՝ այդ ճաշակով, այդ կենսազգացողությամբ Մարմարյա սրահում իր սեբաստացի ընկերների՝ հազարի հետ հնչեցնի Կոմիտաս… Հետո՝ պաղպաղակի ճաշակում սրահում, միասին… Հետո՝ ճամբարային լողափերի, հեծանվակայանատեղիների, ճամբարների առօրյա հունիսի 1-ին՝ ժամը 9-ին միաժամանակ մեկնարկած ութ ճամբարների առօրյա Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսերում, Գեղարվեստի ավագում, Արհեստագործականում, Նոր դպրոցում, Վարժարանում, Միջին դպրոցում, Հիմնականում…«Ուսումնական ամառ 2015», ողջո՜ւյն…

Երեկ ես Գեղարվեստի բակում, սպիտակ ավազի վրա հանդիպեցի Էլիզին ու նրա ընկերներ Արեգին, Նարեկին… Խաղում էին ինքնամոռաց մեր 2015-ի նշանավոր շրջանավարտն ու 5 տարեկան դարձող ոչ սովորականի աստղով մարդիկ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճանաչենք մեզ՝ ինքներս մեզ, մեր միջոցով այն, ինչ փոխանցվում է

Լուսանկարը` Արմինե Թոփչյանի: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հանդես է եկել իր բարեգործական նախաձեռնության պաշտպանությամբ… բացատրել է՝ ինչու իր նվիրաբերության նպատակներով տրամադրված միջոցների բաշխմամբ կզբաղվի բարեգործականի կարգավիճակ չունեցող, այլ սահմանափակ պատասխանատվությամբ

Քյավառցու հայտնի անեկդոտով, Վիլյամ Սարոյանով մինչև Ալբերտ Էյնշտեյն…

Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը

Այսպիսի շաբաթ

Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ…