Իմ 98-րդ օրա-գրային բլոգապատումը ես սկսում եմ քննարկումով։ Գիշերվա 3.30-ն է, սրանից հարմար պա՞հ դրա համար: Առաջարկում եմ սեպտեմբերի 30-ին ակումբային հավաք կազմակերպել կրթահամալիրի Մեդիակենտրոնում (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց). առիթը 100-րդ հրապարակումն է իմ օրագրի: Կգա՞ն ընթերցողները, ժամը վեցը հարմա՞ր ժամ է այդպիսի մտերմիկ հավաքի համար: Ուզում ենք այդ օրը հավաքվածներին ներկայացնել իմ օրագրային ժողովածուները՝ կրթական-մանկավարժական, կրթահամալիր-դպրոցի, ինքնակենսագրական, Դավիթապատում, քաղաքական-հասարակական, հայրենագիտական… Գեղեցիկ սեղան-հյուրասիրություն խոստանո՞ւմ ենք որպես աչքալուսանք՝ սաղ-սալամաթ 100 գիր առանց մի կրակոցի ու արտառոց դեպքի, լավ երաժշտություն, օրագրի ընթերցումով մի փոքր ավելի կապված, հարազատացած մարդկանց մտերմիկ միջավայրում զրույց-քննարկում:
— Էլ ինչ կլինի՞,- հարցնում է Դավիթ Բլեյանը, ով լսում է ուշադիր իմ խոսակցությունն Արմինեի հետ:
— Դու կգա՞ս,- հարցնում եմ։
— Հա, ես կխաղամ Մեդիայում Սոնայի, Արևիկի հետ…,- իմ ծննդյան օրը Մեդիայում Սեյրան Ավագյանի «Սայաթ-Նովա» համերգ-նվերն այսպես է տպավորվել Դավթի մոտ:

Թող լինի: Առաջարկեք, պատրաստվեք. ժամն էլ՝ 18.00, որ յուրաքանչյուրին հարմար լինի, աշխատանքը չխանգարի, կամ աշխատանքին չխանգարի այսպիսի իրադարձային-բեկումնային հանդիպումը:

Դավթի ճգնաժամը հաղթահարված է։ Ի՜նչ բարձր տրամադրությամբ է պատմում իր պարտեզային առօրյայի, ընկեր Կարինեի ու Մելինեի (դիմելաձևն առանց քննարկելու-պարտադրելու մտա՞վ, գուցե կամային ջանքե՞ր են պետք, ինչպես ես եմ անում, «պապայից» «հայրիկին» անցնելու համար։
— «Պապա» փոքրերն են ասում, իրենք չեն կարող ասել «հայրիկ», ես մեծ եմ, ես «հայրիկ, մայրիկ, քույրիկ» եմ ասում: Ես կարողանում եմ:

Պատրաստվում է վաղվան.
— Գնում եմ շուտ քնելու, որ շուտ արթնանամ. կեղտոտ չեմ գնալու, լողանալու եմ, հայրիկ, չի կարելի փնթի գնալ մեծերի խումբ: Մեծերի խմբում բոլորն ուժեղ են ու մաքուր…

Իր դեղին նոր հեծանիվն էլ կամավոր թողել է պարտեզում
— Թող իմ կուկուները քշեն… Կապույտ-կանաչ հեծանիվն էլ իմ Նարեին եմ տալու…

Ահա այսպիսի բեկումով, իր սիրած-պարտադրած վարսակային շիլայի շուրջ ներկայացավ մեր արմանք-զարմանքը՝ բլոգապատման գլխավոր հերոսն ըստ հասարակական կարծիքի՝ և՛ ծավալով, և՛ գրավչությամբ…

Օրվա իմ գրերում կարևորված «Սեբաստիա» մարզադաշտը գործում է, ահա…

1999-ին, Նուբարաշենի կլոր բերդում, ես սկսեցի մի նախագիծ՝ վերապատմել-քննել 1985-2000 թթ. հասարակական-քաղաքական իրադարձությունները, որպես ականատես, մասնակից, գործիչ շարադրել մեր ընթացող պատմության (ոչ մի կերպ չի ավարտվում, նոր էջից սկսելու ուժ, թե բախտ, այդպես էլ չենք ունենում) անցքերը… Ձախողեցի: Երևի գործիչ լինելու հանգամանքը խանգարեց՝ ո՛չ պատմաբան եմ, ո՛չ քաղաքագետ՝ անկախ կալիբրից, մասնակից-գործիչ եմ, ու դա խանգարում է… Իմ մեծ նախագծից մնացին բերդային հոդվածներ՝ քաղաքական նամակներ «Ինչու՞ այսպես եղավ», «Տուն տունիկ, որ քանդում է մեր տունը», «Ո՞վ է մեղավոր»… Երկու տասնյակի չափ նամակներ, որ հետո իմ ընկերները հրատարակեցին՝ ինձ համար այնքան հուզիչ-սպասված «Նամակներ կալանատնից» կարմիր գրքույկի տեսքով։ Կարմիրկանաչդեղին գույնի գրքույկներ… կալանատնից… Հասարակական պատվերն էլ խանգարեց. ժամանակն ինձնից պահանջում էր ընդդեմ բռնության գործող իրավապաշտպանի ելույթներ՝ ատրակցիոնները դատարանի դահլիճում, իմ հրաշագործությունները բերդում…

Հիմա էլ նույնն է։ Իմ օրագիրը ես չեմ կարող զոհել, դարձնել «Նոր ուղու» քաղաքական ծրագիր։ Ընթերցողն էլ, կարծես (ես ուշադիր հետևում եմ բլոգի մուտքերին), այդպիսի պահանջ չի ներկայացնում, բայց… Երգից բառերը դուրս չես նետի… իմ կյանքն է, որ գալիս է օրագիր. ես չեմ կարող նրանից քաղաքական իրադարձությունները դուրս նետել: Եղել է 1990-1991-ը, երբ ես քիչ է՝ մեծացող, կայսրություն դարձող կրթահամալիրի տնօրեն էի, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ, Կտրիճ Սարդարյանի հետ «Նոր ուղու» ներկայացուցիչ հայ նոր քաղաքական կյանքում… Թեթև տարեք. պատմեմ, մի՛ նեղացեք ու մի՛ ընդհատեք ընթերցումը…

Շարժումը, ինչպես կինոյի ժապավենի արագացված պտույտ, խելակորույս դարձրեց բոլոր ապրողներիս անձնային ու հասարակական կյանքը… բեկելով, այլ դարձնելով առանձին անձանց, խմբերի ճակատագրերն անգամ։ Գորբաչովյան հրապարակայնությունը, վերակառուցումը և արագացումը սերնդափոխություն էին առաջացրել իշխանության նոմենկլատուրայում՝ Հայաստանի կոմկուսի, շրջկոմ-քաղկոմների պատասխանատու աշխատողներ, քաղխորհուրդ-շրջխորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներ… Գագիկ Հարությունյան, Արտաշես Գեղամյան, Վիգեն Խաչատրյան, Ռուբեն Թովմասյան, Արամ Սարգսյան, Խոսրով Հարությունյան, Հրանուշ Հակոբյան… Դժվար կլինի հիմա բոլորին հիշել։ 1985-90թթ. մարդիկ, ովքեր կուսակցական նոմենկլատուրայում դիրքավորվել էին, ունեին կարիերայի իրենց պլանները, հո չէի՞ն հրաժարվելու դրանցից՝ տեղի տալով Շարժմանը… Սկզբնական շրջանում դիմադրեցին, հետո տեղավորվեցին… Արտաշես Գեղամյանը՝ Մաշտոցի շրջկոմի եռանդուն 1-ին քարտուղարը, որ նույն եռանդով 1989-1990-ին Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահն էր, ստիպված էր հրաժարվել այդ պաշտոնից։ 1990-ի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցան քաղաքային խորհրդի ընտրություններ. 101 պատգամավոր, հավակնոտ գործիչներ, ովքեր 1990թ. Գերագույն խորհրդի ընտրություններին կա՛մ չէին մասնակցել (օգնել էին այլոց), կա՛մ պարտվել էին, մտան քաղխորհուրդ, դարձան քաղխորհրդի պատգամավորներ… ՀՀՇ վարչության որոշմամբ, վարչապետ Վազգեն Մանուկյանի առաջադրմամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանն ընտրվեց  քաղխորհրդի նախագահ (քաղաքապետ): ՀՀՇ վարչությունը որոշեց ուժեղացնել նոր, եռանդուն, տաքարյուն քաղաքագլխին՝ նոր տեղակալներով, մեկ-երկուսը՝ ՀՀՇ վարչության անդամներով… Համբարձումին տրված էր ընտրելու հնարավորություն, և մի օր կրթահամալիրի տնօրենի սենյակ մտավ իմ համալսարանական-կոմերիտական շրջանի հեղափոխական ընկերը, պատմաբան-ազգագրագետը, ում հետ աշխատել էինք թիվ 10 դպրոցում հայագիտական դասարանները բացելիս, թիվ 183 դպրոցում մեր խորհրդատու-ուսուցիչը… Իմ հարյուր տարվա ընկերը՝ մեր Համբոն, Երևանի քաղաքագլուխը: Համբոն որպես ընկեր՝ խնդրեց, հիմնավորեց, որ ես լինեմ իր հետ Երևանի, հանրապետության, շարժման համար այս բարդ շրջանում, և որպես քաղաքապետ՝  առաջարկեց ղեկավարել կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառները: Ես քաղաքականության մեջ էի։ 1991թ. հունվարին, ոչ հեշտությամբ, ինձ՝ Նոր ուղու հայտնի գործչին, կար լուրջ դիմադրություն և՛ ՀՀՇ-ի, և՛ հակաՀՀՇ-ի շրջապատում, ես ընտրվեցի Երևանի փոխքաղաքապետ: Ինչպես պայմանավորվել էինք նաև ՀՀՇ վարչությունում, ես ցանկացած պահի կարող էի թողնել իմ  պաշտոնը և վերադառնալ կրթահամալիր… Կրթահամալիրում ես տնօրենի պաշտոնն ի պահ հանձնեցի Գևորգ Հակոբյանին՝ իմ հարյուր տարվա հավատարիմ ընկերոջն ու սանիկին, կրթահամալիրի փոխտնօրենին, մեր վարժարանի այսօրվա ղեկավարին…

Այսօր մեր աշնանային ամենամյա 9-րդ հավաքի վերջին օրն էր։ Մեր այսօրվա հյուրերը Գեղարքունիքի մարզից էին և Արգենտինայից՝ Բուենոս-Այրեսի Մխիթարյան վարժարանից։

Սպասենք մայիսյան հոբելյանական 10-րդ հավաքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պայծառ ու արցունքի պես ջինջ ճամփորդական օրեր

Ամենևին մի՛ երդվիր. թող քո խոսքը լինի «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ: Մեր ընտանիքի՝ Շուշիի բարեկամներ Խաչատրյան-Նալբանդյաններին ասել էի՝ այո՛, 2014-ին Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ կլինենք Արցախում, կհյուրընկալվենք Շուշիի՝

Բասուտա-Խուստուփ-Ծավի՝ հավեսի աշխարհով

Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը)

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. միասի՞ն աշխատելու ժամանակը…

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի աշխատանքային խումբը Թբիլիսիում է: