
Ես որևէ քաղաքական, քաղաքացիական նախաձեռնություն չեմ ներկայացնում։
Ես՝ ես եմ, քաղաքացի Աշոտ Բլեյանը, հունիսի յոթի ԱԺ ընտրությունների ընտրող։
1990 թ., առաջին անգամ իմ կյանքում, եղել եմ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրող և պատգամավորի թեկնածու։
1998 թ. եղել եմ ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում թեկնածու և ընտրող։ Դրանից առաջ և հետո ընտրող՝ և՛ ՏԻՄ, և՛ ԱԺ ընտրություններում։
Ես միշտ մասնակցել եմ ընտրություններին, միշտ քվեարկել եմ ընդդիմության թեկնածունի օգտին։
Ես պնդում եմ, որ առկա են այսօր անհրաժեշտ հիմքերը, որ ՀՀ ընտրողը հունիսի 7-ի ընտրություններին ցուցաբերի քաղաքացու պատասխանատվությունը, օգտվի իր Սահմանադրական իրավունքից, ՀՀ օրենսդիր իշխանություն ընտրի, դրանով ձևավորի ՀՀ կառավարություն։
Ավելին, ես չեմ տեսնում իմ ու ձեր իշխանություն ձևավորելու իրավունքից հրաժարվելու, ընտրությանը չմասնակցելու հիմնավորում։ Թե կա, ասեք, հասկանանք։ Ահա՝ ինչու, եկեք, մեր ազատ կամքով, իրավագիտակցությամբ գնանք ընտրությունների։
Ես կուզենայի ունենալ ԱԺ-ն բազմակուսակցական, հրապարակի վրա գործող քաղաքական ուժերով իմ ընտրությամբ ձևավորելու երեք քվե, բայց…
Որքան էլ բողոքենք առաջադրված կուսակցությունների շատությունից, կա մի ճանապարհ՝ բոլորով, շատով գնալ ընտրության։ Այս դեպքում և՛ այսօր առաջատար համարվող քաղաքական ուժերը կկենդանանան, և՛ ԱԺ որակը կլավանա, կամբողջանա՝ որպես ներկայացուցչական մարմին։
Ես կուզեմ, որ և՛ Էդմոնդ Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը, և՛ Հայ ազգային կոնգրեսի Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, և՛ Արման Թաթոյանն ու Դավիթ Անանյանը ներկայացնեն ՀՀ ԱԺ-ն։
Ժամանակ տրամադրենք, ծանոթանանք ներկայացված քաղաքական ուժերին, ինչպես ես, անձերին ու ծրագրերին, ելույթներին, հայտարարություններին։ Ընտրողի աշխատանք է։