Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լևոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է չքացել էին առանց հիշատակ… Կենդանանում է 1991թ. սեպտեմբերի Հայաստանը՝ ազատությամբ և անկախ պետականություն հռչակելու հաստատակամությամբ միասնականացած ժողովրդով… Սեպտեմբերի Ազատության հրապարակի մարդկային ծովը ծփում էր: Տոն էր, ու խնդում, ցնծում, պարում –պատմում էր Ազատության հրապարակը` կանխորոշելով սեպտեմբերի 21-ի քվեարկության արդյունքը: 2008թ. փետրվարի հարյուր հազարանոց Ազատության հրապարակում, ահա, զննում եմ իմ շուրջն անընդհատ սեղմվող-խտացող, ինձ հարազատ ու հետաքրքիր մարդկանց դեմքերը, համեմատում՝ 17 տարի բաժանող ժամանակները: Այս տարիները, տեսնում եմ, պարապ չեն անցել: Երիտասարդները շատանում են, նկատելի է նրանց ներկայությունը, որը մեր նոր շրջանի առանձնահատկությունն է, փոփոխությունների ուժանյութը: Անկախ պետական կյանքի դրամատիկական 17 տարիների բովում իմաստնացած Ազատության հրապարակի ժողովուրդը կիսատը, չարածը ամբողջացնելու վճռականություն  ունեցող Տեր-Պետրոսյանի պահանջ ուներ, և ահա նրանք նորից միասին են: Սա անկախ պետական կյանքի հաստատման ընդհատված գործի վերսկսումն է, յուրացված իշխանության վերադարձումը պետական իշխանության սուբյեկտին՝ ժողովրդին: 1991-ին մեզ թվացել էր, որ Ազատությունը, Արդարությունը, Ստեղծականությունը, Ազատության հրապարակում որպես  երկնատուր շնորհ, որպես Մանանա պիտի տրվեին Ազատ հռչակված Հայաստանի մարդուն: Սակայն  չգիտակցեցինք, որ այդ շնորհները կունենանք այն չափով, որքան կնվաճենք՝ անդադրում, հետևողական ու միասնական վճռական պայքարի արդյունքում: Ցավոք, մենք մնացինք լավ-վատ, բարի-չար, բայց մարդ: Մենք քաղաքացի չդարձանք, հանդես չեկանք հարկատուի, ընտրողի, զինապարտի, օրինապահի՝ հայրենաշեն մարդ-քաղաքացու իրավունքներով և պարտականություններով:

Ես ինձ եմ նայում՝ հոգուս ներսը. գիտեմ, որ չարը դրսում չէ, ինչ-որ մարդկանց տեսքով, ներսից ենք փչացած, ու ներսից է գալու մեր առողջությունը: Մեր  թույլտվությամբ կամ մեր մասնակցությամբ գլորվեցինք անօրինականության այս վիհը, որը, ահա, խնդիր ենք դրել հաղթահարելու:
Ամեն օր ՀՀ նախագահի թեկնածու վարչապետի ու նրա համախոհների, պետական բոլոր այրերի ու բոլոր թեկնածուների անունից հնչող ազատ-արդար ընտրության կոչերն ու երաշխիքներն այնքան են հիմարացնում-միամտացնում, անգամ ինձ, որ անելիք չես գտնում… Բայց այսպես եղել է՝ և´ 2007-ին, և´ 2003-ին, և´  1998-ին… Տեղամասեր դարձած իմ կրթահամալիրում հանդիպեցի տեղամասային հանծնաժողովի՝ կրկնվող ու անպատիժ մնացած անօրինականությունից  քաղաքացիական նկարագիրը կորցրած դեմքերի, որ «կարծես շինված են տապարով»: Ի՞նչը կկանգնեցնի սրանց ու սրանց պատվիրատուին, ընտրությամբ փող աշխատող ու շրջապատ մտնող խուժանին, հարցնում եմ: Ինչպե՞ս պիտի հաղթահարվի  հասարակությանը համակած գոյապահպանության վախն ու անօրինական վարքը, երբ ընտրակեղծիքը ոչ միայն որպես հանցագործություն չի դիտվում, այլ պարսավանքի չի արժանանում, իրավական այս նիհիլիզմի շրջանում ինչպե՞ս պիտի հաղթահարվի տարիներ շարունակ անհաղթահարելի համարվող այս խոչընդոտը:  Այս միտինգնե՞րը բազմամարդ… Եղել են՝ 2007-ին, 2003-ին, 1998-ին… Անբավարար են: Տեր-Պետրոսյանի անհողդողդ  հաստատակամությո՞ւնը՝ հիմնադիր ու առաջին իր  պատասխանատվությունն իրականացնելու… Իհարկե, բայց գլխավոր գործող անձը մարդն է՝ հայաստանցին, ընտրողը, և գլխավոր մարմինը՝ Ազատության հրապարակը, որովհետև անօրինականության ախտն այս համակել է յուրաքանչյուրիս:
«Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծողներ ունի, այսքա՜ն խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվել, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե՝ կուլտուրական ազգ եմ ես…
Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը» (Հ. Թումանյան «Անկեղծ չենք», 1907թ.):
Հարգելի ընտրող, եթե մեզ այսօր միավորել է անհատական ազատության, անհատական իրավունքների համար պայքարը, մեր ընտրական իրավունքի վերականգնումը, հանրապետության ընտրած նախագահ ունենալը՝ պատադրված ենք որդեգրել պայքարի համապատասխան ու միասնական մեթոդ՝ ընտրողների միացում՝ Հայաստանով մեկ, միացում՝ ընտրական իրավունքի վերականգնման համար պայքարում, միասնություն՝ միասնական թեկնածու դարձած Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Ահա ինչու հարգանքի է արժանի այն ընտրողը, ով քվեարկում է Լևոն Տեր- Պետրոսյանին՝ հանուն միասնականացման, հանուն մեր ընտրական  իրավունքի ճանապարհին անհաղթահարելի դարձած խոչընդոտի ու պետականորեն պաշտպանվող անօրինականության հաղթահարման: Որպես միասնական թեկնածու ընտրած հանրապետության նախագահը դառնում է ազատ ու արդար ընտրական համակարգի գործարկման երախտավորը: Իսկ մենք՝ 1991թ. միամիտ, հեշտ խաբվող, կներեք, ծույլ «խալխը» չենք, մեր անհատական իրավունքի համար պայքարում մենք  միասնական ու անհոգնել կլինենք ու ոչ մի օր չենք հանդուրժի մեր իրավունքի  երաշխավորի իր Սահմանադրական պարտականությունը խախտող նախագահ: Ե´վ Ազատության հրապարակի ժողովուրդն է այլ, քան 17 տարի առաջ, անպայման իմաստնացած, և´ իր ընտրյալ Լևոն Տեր-Պետրոսյանն է անհրաժեշտ չափով վճռական ու հետևողական:

Այս ոչ լեգիտիմ կյանքը, մեր ու իր անհաղթահարելի խոչընդոտը հոգեմաշ ու անարդյունավետ է դարձնում նաև հանրակրթությունը, անհավես՝ կյանքը. սկսում ես չհարգել ու օտարվել- թշնամանալ քո շրջապատի կեղծիքի, քո աշակերտի ծնողի, քո գործընկերոջ, քո հարազատի հանդեպ… Կյանքի «լազաթը» գնում է… Կամ պիտի հարմարվես կեղծիքին ու անէանաս անօրինականության այս ծովում… Երբե´ք: Կհանդիպենք Ազատության հրապարակում:

ՀՀ  ընտրող Աշոտ Բլեյան

Հարգելի Արամ, թվում է՝ նույն հայացքով ենք նայում այսօրվա իրադարձություններին: Արի թույլ չտանք, որ մեր հասարակությունը գլորվի մինչ անկախ պետականության շրջանը, այլ վերսկսի 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակած արժեքների  հաստատագրումը: Եթե տպելու ես այս խոսքը, խնդրում եմ՝ իմաց արա:

Ա. Բլեյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայ գրողների ընկերությունը

Ներածական խոսք առաջին երեկույթին Տիկիններ և պարոններ. Բաց ենք անում Հայոց գրական ընկերության առաջին երեկույթը: Հայոց Գրական ընկերության երեկույթները լինելու են էն ժամադրավայրը, ուր գալու, հավաքվելու են հայոց մեջ գրականության,

ՆՈՐ ԽՈՍՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

  Lragir.am, 17 Մարտի 2010, 15:00   Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ   — Պարոն Բլեյան, այս ի՞նչ փուլ է մեր պատմության մեջ:  Կարծես թե բնորոշում են որպես մտքերի ակտիվ փոխանակման շրջան,

Ինչպես Քրիստոսն անապատում

Երկրորդ գիրքը, որ իմ սեղանին է՝ «Երկիր դրախտավայր», մտահաղացել, առաջաբանը և նախաբանը գրել, հրատարակության է պատրաստել «Հայագիտակի» հիմնադիր ղեկավար Ալբերտ Իսոյանը: Գիրքը, որ լույս է տեսնում Կարեն և Սամվել Կարապետյանների